Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան հաճախ պատկերացնում են որպես մտքերի և պատկերացումների ճշմարտացիության ստուգում, կոգնիտիվ սխալների բացահայտում և իռացիոնալ համոզմունքների ռացիոնալ վիճարկում։ Սակայն հոգեբանական խնդիրները միշտ չէ, որ իրականության սխալ ընկալման արդյունք են։
Երբեմն մարդը լիովին ճիշտ է ընկալում կատարվածը, սակայն չի կարողանում այն ընդունել, քանի որ այդ իրականությունը չափազանց ցավոտ է։ Դա կարող է վերաբերել մահվանը, հիվանդությանը, ծերանալուն, անդառնալի կորստին, սեփական անկարողությանը, անցյալը փոխելու անհնարինությանը, ուրիշի ազատությանը կամ ապագայի անորոշությանը։
Այս դեպքերում «ես գիտեմ» և «ես ընդունում եմ» արտահայտությունները չեն արտացոլում միևնույն հոգեկան գործընթացը։ Մարդը կարող է մտավոր մակարդակում գիտակցել որևէ փաստ, բայց հուզական և էքզիստենցիալ մակարդակներում շարունակել պայքարել դրա գոյության դեմ։
Հենց այստեղ է որ կոգնիտիվ-վարքաբանական թերապիային երբեմն անհրաժեշտ է փիլիսոփայական վերլուծություն։
Ընդունումը չի նշանակում հավանել կատարվածը, այն արդարացնել, հանձնվել կամ հրաժարվել փոփոխություններից։ Ընդունել նշանակում է ճանաչել իրականության տվյալ հատվածի գոյությունը՝ առանց պահանջելու, որ այն գոյություն չունենա կամ փոխվի։ Այն, ինչը հնարավոր է փոխել, մենք փորձում ենք փոխել։ Այն, ինչը փոխել հնարավոր չէ, պետք է կարողանանք ներառել աշխարհի և սեփական կյանքի մասին մեր պատկերացումների մեջ, աշխարհի մեր պատկերի մեջ։
Իմանուել Կանտի փիլիսոփայության մեջ ճանաչող սուբյեկտն աշխարհին չի մոտենում որպես պասիվ սուբյեկտ։ Բայց նա չի ծնվում նաև աշխարհի մասին պատրաստի բովանդակային գիտելիքներով։ Մարդն ունի ապրիորի ճանաչողական ձևեր ու միջոցներ, որոնց օգնությամբ կազմակերպում, սահմանում և ճանաչելի է դարձնում իր փորձը։
Կանտյան ապրիորի ձևերը, իհարկե, նույնը չեն, ինչ կոգնիտիվ հոգեբանության մեջ ընդունված սխեմաների մասին պատկերացումները։ Առաջինները գիտելիքի հնարավորության փիլիսոփայական պայմաններ են, իսկ երկրորդները՝ կյանքի ընթացքում ձևավորվող կոգնիտիվ կառույցներ։ Սակայն այստեղ կա կարևոր ընդհանրություն․ մենք երբեք իրականությանը չենք ընկալում առանց կոգնիտիվ պրոցեսների միջնորդության։ Մենք աշխարհն ընկալում ենք մեր ճանաչողական համակարգի միջոցով։
Սա նշանակում է, որ մեր միտքը և իրականությունը նույնը չեն։ Մենք գործ ունենք ոչ միայն արտաքին իրադարձության, այլև այդ իրադարձության՝ մեր ճանաչողական համակարգում կառուցված ռեպրեզենտացիայի հետ։ Հետևաբար նույնիսկ խորապես համոզիչ միտքը դեռևս կարող է լինել իրականության մասին մեր մոդելը, այլ ոչ թե իրականությունն ինքնին։
Կանտը նկարագրում էր նաև մաքուր բանականության երեք տեսակի դիալեկտիկական եզրահանգումներ՝ տրանսցենդենտալ պարալոգիզմը, մաքուր բանականության անտինոմիան և մաքուր բանականության իդեալը։ Դրանց միջոցով նա ցույց էր տալիս, թե ինչպես է բանականությունը ձգտում պայմանավորվածից հասնել անվերապահին և փորձի հնարավոր սահմաններից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ ստանալ բացարձակ պատասխաններ։
Մարդկային բանականությունը դժվարությամբ է համակերպվում այն մտքի հետ, որ որոշ հարցեր կարող են չունենալ վերջնական, փորձով ստուգելի պատասխաններ։ Ի՞նչ է լինում մահից հետո։ Ի՞նչ է չգոյությունը։ Ունի՞ կյանքը բացարձակ իմաստ թե ոչ։ Կարո՞ղ է մարդը երբևէ լիովին պաշտպանված լինել։ Ինչո՞ւ գոյություն ունի տառապանքը։
Այս հարցերին վերջնական պատասխաններ ստանալու պահանջը կարող է վերածվել անվերջ ռումինացիայի։ Մարդը շարունակում է մտածել ոչ թե այն պատճառով, որ խնդիրը տրամաբանորեն լուծելի է, այլ որովհետև չի ընդունում իր ճանաչողության սահմանափակությունը։ Այդպիսի դեպքերում անորոշության ընդունումը բանականության պարտություն չէ։ Ընդհակառակը՝ դա բանականության սահմանների ռացիոնալ գիտակցումն է։
Յոհան Գոթլիբ Ֆիխտեն ինքնագիտակցության ակտը բնութագրում էր որպես գործողություն, ակտ և միաժամանակ այդ գործողության արդյունք՝ Tathandlung։ Ինքնագիտակցության մեջ ճանաչող սուբյեկտը և ճանաչվող օբյեկտը համընկնում են․ «Ես»-ը ոչ միայն դիտարկում է իրեն, այլև այդ գործողությամբ հաստատում ու ձևավորում է ինքն իրեն։
Ֆիխտեի տեսությունը չի կարելի ուղղակիորեն վերածել հոգեթերապևտիկ տեխնիկայի, սակայն այստեղ նույնպես կա կարևոր զուգահեռ։ Մարդն իր հետ և իր շուրջը տեղի ունեցողի համատեքստում պասիվ սուբյեկտ չէ։ Նա այն սուբյեկտն է, որը կարող է վերլուծել իր փորձը, վերանայել իր վերաբերմունքը և ընտրել իր հետագա գործողությունները։
Ընդունումն այդ իմաստով պասիվ վիճակ չէ։ Այն ակտիվ ինքնագիտակցության ակտ է։ Մարդն ընդունում է, որ չի կարող վերացնել կամ վերափոխել կոնկրետ իրողությունը, բայց կարող է վերանայել և փոխել իր վերաբերմունքն այդ իրողության նկատմամբ։
Հեգելը տարբերակում էր մտքի՝ օբյեկտիվության նկատմամբ մի քանի հարաբերություններ։ Առաջինը նաիվ-դոգմատիկ մտածողությունն է, որը ենթադրում է, թե միտքն անմիջապես և ամբողջությամբ արտահայտում է իրականությունը։ Երկրորդը էմպիրիզմն ու քննադատական փիլիսոփայությունն են, որոնք գիտելիքի հիմքը փնտրում են փորձի և ճանաչողության սահմանների քննության մեջ։ Երրորդը անմիջական կամ ինտուիտիվ գիտելիքի տարբեր ձևերն են։ Այս տարբերակումը կարևոր է նաև հոգեբանության համար։ Նաիվ-դոգմատիկ մտածողության դեպքում մարդն իր միտքը նույնացնում է փաստի հետ․ «Եթե ես այսպես եմ մտածում, ուրեմն իրականությունը հենց այդպիսին է»։ Զգացմունքային կամ ինտուիտիվ համոզվածության դեպքում մարդն իր զգացողությունը վերածում է ապացույցի․ «Եթե ես ինձ անօգնական եմ զգում, նշանակում է՝ իսկապես անօգնական եմ», «Եթե ապագան վտանգավոր է թվում, ուրեմն վտանգն անխուսափելի է»։ Միայն առանձին փորձի վրա հիմնվելու դեպքում էլ մարդը կարող է մասնավոր իրադարձությունից համընդհանուր եզրակացություն անել․ «Մի անգամ ձախողվել եմ, հետևաբար միշտ ձախողվելու եմ»։
Ռացիոնալ մտածողությունը պահանջում է ուսումնասիրել, թե մեր միտքն ինչ հարաբերության մեջ է օբյեկտիվ իրականության հետ։ Այն չի ընդունում ոչ միտքը, ոչ զգացողությունը և ոչ էլ առանձին փորձը որպես ինքնաբերաբար վերջնական ճշմարտություն։
Նիկոլայ Կուզանցու պատկերացմամբ՝ մարդը տրամաբանական գոյությունների և արհեստական ձևերի ստեղծողն է։ Մարդը ստեղծում է հասկացություններ, դասակարգումներ, տեսություններ, խորհրդանիշներ և իմաստային համակարգեր, որոնց օգնությամբ կազմակերպում է իրականությունը։ Սակայն այստեղ անհրաժեշտ է տարբերակել այն, ինչ ստեղծում է մեր միտքը, և այն, ինչը մեզ տրված է որպես իրականության փաստ։ Մենք չենք ստեղծում մահկանացու լինելու փաստը, բայց ստեղծում ենք այն իմաստը, որը տալիս ենք մեր վերջավորությանը։ Մենք չենք կարող վերացնել անցյալը, բայց կարող ենք վերակառուցել դրա տեղը մեր կյանքի պատմության մեջ։ Մենք չենք ընտրում բոլոր կորուստները, բայց կարող ենք ընտրել, թե ինչպիսի մարդ ենք դառնում դրանցից հետո։ Հենց այս տարբերակումը կարևոր է կոգնիտիվ վարքաբանական թերապիայի համար։
Որոշ համոզմունքներ իրականության սխալ կամ խեղաթյուրված մեկնաբանություններ են․ «բոլորը մերժում են ինձ», «մեկ սխալը ապացուցում է, որ ես անարժեք եմ», «տագնապը նշանակում է, որ անպայման վտանգ կա»։ Այդպիսի համոզմունքների դեպքում անհրաժեշտ են ռացիոնալ վիճարկումը, ապացույցների հավաքագրումը, այլընտրանքային մեկնաբանությունների ձևավորումը, վարքային գիտափորձը և իրականության միջոցով կանխատեսումների ստուգումը։
Սակայն կան նաև ցավոտ, բայց իրականությանը համապատասխանող դրույթներ․ մարդը մահկանացու է, որոշ կորուստներ անդառնալի են, անցյալը հնարավոր չէ փոխել, ուրիշներին ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ, իսկ ապագայի վերաբերյալ բացարձակ երաշխիքներ գոյություն չունեն։ Այս փաստերը ռացիոնալ կերպով հերքելու փորձն ինքնին իռացիոնալ կլիներ։ Այստեղ պետք է տարբերակել երեք մակարդակ։ Փաստը՝ «կորուստն անդառնալի է»։ Մեկնաբանությունը՝ «հետևաբար իմ կյանքն այլևս որևէ արժեք չունի»։ Կոշտ պահանջը՝ «սա չպետք է տեղի ունեցած լիներ, և քանի դեռ իրականությունն այլ չէ, ես չեմ կարող ապրել»։
Ընդունումը վերաբերում է փաստին։ Կոգնիտիվ աշխատանքը վերաբերում է փաստին ավելացված մեկնաբանություններին ու կոշտ պահանջներին։ Իսկ վարքային աշխատանքը մարդուն օգնում է նորից գործել իր արժեքներին համապատասխան։
Խորքային համոզմունքներն ու սխեմաները պարզապես բառերով ձևակերպված մտքեր չեն։ Դրանք հիշողության, հույզերի, մարմնական արձագանքների, կանխատեսումների և վարքային մոդելների ամբողջական համակարգեր են։ Այդ պատճառով մարդը կարող է տրամաբանորեն հասկանալ, որ իր համոզմունքը բացարձակ ճշմարտություն չէ, սակայն շարունակել զգալ այն որպես ճշմարտություն։
Ռացիոնալ վիճարկումը կարող է փոխել համոզմունքի կոգնիտիվ մասը, բայց երբեմն չի հասնում դրա զգացմունքային և էքզիստենցիալ հիմքին։ Այսպիսի դեպքերում ընդունումը պետք է տեղի ունենա մի քանի մակարդակով։
- Ճանաչողական մակարդակում մարդը տարբերակում է փաստը մեկնաբանությունից և հասկանում, թե իրականության որ մասն է հնարավոր փոխել։
- Զգացմունքային մակարդակում նա թույլ է տալիս իրեն զգալ վիշտը, վախը, զայրույթը կամ անօգնականությունը՝ առանց այդ հույզերը իրականության դեմ ապացույցի վերածելու։
- Էքզիստենցիալ մակարդակում նա ցավոտ փաստը ներառում է կյանքի, մահվան, ազատության, պատասխանատվության և իմաստի մասին իր ընդհանուր պատկերացման մեջ։
- Վարքային մակարդակում նա վերադառնում է գործողությանը և ընտրում է, թե ինչպես ապրել արդեն ընդունված իրականության պայմաններում։
Ուղեղի՝ որպես կանխատեսող կոգնիտիվ համակարգի մասին ժամանակակից պատկերացումները ևս օգնում են հասկանալ այս գործընթացը։ Երբ իրականությունը փոխվել է, բայց մարդու խորքային մոդելը շարունակում է պնդել՝ «սա չի կարող լինել», «սա չպետք է տեղի ունենար» կամ «ես պարտավոր եմ ամբողջությամբ վերահսկել ապագան», առաջանում է մշտական անհամապատասխանություն կանխատեսման և իրականության միջև։ Մարդը կարող է փորձել այդ անհամապատասխանությունը նվազեցնել ռումինացիայի, խուսափման, ժխտման կամ անարդյունավետ վերահսկողության միջոցով։ Բայց եթե փաստը փոխել հնարավոր չէ, պայքարը միայն երկարացնում է տառապանքը։
Այս տեսանկյունից ընդունումը կարելի է հասկանալ որպես բարձր մակարդակի մոդելի վերանայում․ «Ես չէի ցանկանում, որ սա տեղի ունենար, բայց ընդունում եմ, որ այն տեղի է ունեցել», «Ես չեմ ցանկանում մահանալ, բայց ընդունում եմ իմ վերջավորությունը», «Ես նախընտրում եմ որոշակիություն, բայց ընդունում եմ, որ բացարձակ երաշխիք գոյություն չունի»։
Ընդունումը նաև չի նշանակում բարոյապես համաձայնել կատարվածի հետ։ Մարդը կարող է ընդունել, որ իր նկատմամբ անարդար են վարվել՝ միաժամանակ այդ վարքը չարդարացնելով և պաշտպանելով իր սահմանները։ Կարելի է ընդունել հիվանդության գոյությունը և շարունակել բուժվել։ Կարելի է ընդունել հասարակական խնդրի իրական լինելը և ակտիվորեն պայքարել դրա փոփոխության համար։ Փաստի գոյության ընդունումը և դրա փոփոխությանն ուղղված գործողությունը միմյանց չեն հակասում։ Հաճախ հենց իրականության հստակ ընդունումն է արդյունավետ գործողության առաջին պայմանը։ Միաժամանակ փիլիսոփայական վերլուծությունն ինքնին կարող է վերածվել ցավից խուսափելու ձևի։ Մարդը կարող է երկար խոսել մահվան, կորստի կամ գոյության մասին՝ չհանդիպելով սեփական վախին ու վշտին։ Այդ պատճառով փիլիսոփայական ըմբռնումը պետք է զուգակցվի զգացմունքային վերամշակման, իրական փորձի, վարքային փոփոխության և սեփական արժեքներին համապատասխան կյանքի հետ։
Փիլիսոփայությունը չի փոխարինում հոգեթերապիային։ Սակայն այն ընդլայնում է այն հարցերի շրջանակը, որոնց հետ թերապիան կարող է աշխատել։ Այն օգնում է տարբերակել՝ ի՞նչ կարող ենք իմանալ, ի՞նչ չենք կարող իմանալ, ի՞նչն է տրված մեզ որպես փաստ, ի՞նչն ենք կառուցում մենք, ի՞նչը կարող ենք փոխել և ի՞նչը պետք է սովորենք ներառել մեր գոյության մեջ։
Որոշ դեպքերում մարդուն անհրաժեշտ է ոչ թե ևս մեկ ապացույց իր մտքի դեմ, այլ կյանքի, մահվան, սահմանափակության, ազատության և իմաստի մասին ավելի ամբողջական պատկերացում։ Փիլիսոփայական ընդունումը մտքի պարտությունը չէ։ Դա այն պահն է, երբ միտքը դադարում է պահանջել իրականությունից՝ չլինել այնպիսին, ինչպիսին այն կա, և սկսում է պատասխանատվությամբ ընտրել՝ ինչպես ապրել այդ իրականության մեջ։
