Մտերիմ հարաբերությունները կարող են լինել անվտանգության, մտերմության և հոգեբանական բարեկեցության կարևոր աղբյուր։ Միաժամանակ հարաբերությունները կարող են դառնալ շարունակական կոնֆլիկտների, տագնապի, հուզական հեռավորության, խանդի, վիրավորվածության կամ անորոշության պատճառ։
Երևանյան իմ գրասենյակում իրականացնում եմ հարաբերությունների խնդիրների հոգեթերապիա՝ ինչպես անհատների, այնպես էլ զույգերի հետ։
Աշխատանքի նպատակը որոշելը չէ, թե զուգընկերներից ով է «ճիշտ», իսկ ով՝ «սխալ»։ Ավելի կարևոր է հասկանալ այն հոգեբանական մեխանիզմները, որոնք ձևավորում են փախադարձ ընկալումը, հաղորդակցումը, հուզական արձագանքներն ու վարքը հարաբերություններում։
Աշխատանքը կառուցվածքային է և ապացուցահեն՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի (ԿՎԹ) սկզբունքների և մոտեցումների կիրառմամբ։
Հարաբերությունների ինչպիսի՞ խնդիրների հետ եմ աշխատում
Հոգեթերապիան կարող է օգտակար լինել հետևյալ դժվարությունների դեպքում՝
- կրկնվող կոնֆլիկտներ և վեճեր,
- հուզական հեռավորություն կամ մտերմության նվազում,
- հաղորդակցության դժվարություններ,
- խանդ և անապահովություն,
- լքված կամ մերժված լինելու վախ,
- վստահության դժվարություններ,
- զուգընկերոջից հավատարմության շարունակական հավաստիացում պահանջելը,
- վերահսկող կամ ստուգող վարք,
- սեփական կարիքներն ու սահմաններն արտահայտելու դժվարություն,
- հուզական կախվածություն,
- մտերմությունից կամ պատասխանատվությունից խուսափում,
- կրկնվող պրոբպեմային թեմաներ և իրավիճակներ,
- դավաճանությունից կամ անվստահությունից առաջացած դժվարություններ,
- հարաբերությունները շարունակել-չշարունակելու անորոշություն,
- բաժանման կամ հարաբերությունների ավարտի հետ կապված դժվարություններ,
- պարտականությունների, ֆինանսների, ընտանիքի կամ կենսակերպի շուրջ կրկնվող տարաձայնություններ,
- հարաբերությունների վերաբերյալ տագնապ և զուգընկերոջ վարքի չափազանց մտավերլուծություն։
Երբեմն խնդիրը հիմնականում կապված է կոնկրետ հարաբերության հետ։ Այլ դեպքերում նույն դժվարությունները տարբեր հարաբերություններում կրկնվում են։
Այս տարբերությունը հասկանալը հոգեթերապիայի կարևոր մասերից է։
Հարաբերությունների խնդիրը հաճախ օրինաչափություն է, ոչ թե մեկ առանձին իրադարձություն
Շատ կոնֆլիկտներ առաջին հայացքից կապված են կոնկրետ դեպքի հետ՝ չպատասխանած հաղորդագրության, քննադատական արտահայտության, տնային պարտականությունների, գումարի, սեռական կյանքի, միասին անցկացվող ժամանակի, աշխատանքի կամ հարազատների հետ։ Սակայն կոնկրետ տարաձայնության տակ հաճախ գործում է կրկնվող հոգեբանական շղթա․
իրավիճակ → մեկնաբանություն → հուզական արձագանք → վարք → զուգընկերոջ արձագանք → սկզբնական մեկնաբանության ամրապնդում
Օրինակ՝ զուգընկերներից մեկը հեռավորությունը կարող է ընկալել որպես մերժում և սկսել ավելի ակտիվորեն հավաստիացում կամ ուշադրություն պահանջել։ Մյուսը դա կարող է ընկալել որպես ճնշում կամ վերահսկողություն և ավելի հեռանալ։ Այդ հեռավորությունը, իր հերթին, հաստատում է առաջինի այն համոզմունքը, որ իրեն մերժում են։ Այսպիսով, ձևավորվում է ինքնաամրապնդվող շրջան, որը կարող է պահպանվել նույնիսկ այն դեպքում, երբ զուգընկերներից ոչ մեկը գիտակցաբար չի ցանկանում այն։
Թերապիայի կարևոր նպատակներից մեկը հենց այդ ցիկլը տեսնելն է՝ զուգընկերոջը որպես «խնդիր» ընկալելու փոխարեն։
Ինչպե՞ս են մեր մեկնաբանություններն ազդում հարաբերությունների վրա
Մենք արձագանքում ենք ոչ նրան, թե ինչ է անում մյուս մարդը, այլև նրան, թե ինչպես ենք գնահատում նրա վարքը և ինխ նշանակություն ենք տալիս դրան։
Նույն իրավիճակը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել․
- «Նրան պարզապես մի քիչ մենակ մնալու ժամանակ է պետք»։
- «Նա այլևս ինձնով հետաքրքրված չէ»։
- «Նա ինձ չի հարգում»։
- «Ես ինչ-որ բան սխալ եմ արել»։
- «Նա փորձում է ինձ վերահսկել»։
- «Եթե հիմա չարձագանքեմ, հարաբերությունները կքանդվեն»։
Այս մեկնաբանությունները ձևավորում են հույզերն ու հետագա վարքը։
ԿՎԹ-ի վրա հիմնված աշխատանքի կարևոր մաս է այն համոզմունքների, սպասումների և ենթադրությունների ուսումնասիրությունը, որոնց միջոցով մենք հասկանում ենք մեր զուգընկերոջ վարքը, դրա ետևում եղած դրդապատճառները։
Նպատակը հույզերն անտեսելը չէ, այլ փաստերը, մեկնաբանությունները, կանխատեսումներն ու վախերը միմյանցից ավելի ճշգրիտ տարբերելը։
Կապվածություն, մտերմություն և անապահովություն
Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում մտերմությանը, կախվածությանը, անորոշությանը և մերժման հնարավորությանը։ Ոմանց մոտ հեռավորության փոքր նշաններն անգամ կարող են արագ ակտիվացնել լքված լինելու վախն ու հավաստիացման պահանջը։ Մյուսները հարաբերությունների լարվածության դեպքում հակված են հեռանալ, նվազեցնել հուզական հասանելիությունը կամ ավելի ընդգծված պաշտպանել իրենց ինքնուրույնությունը։
Այս երկու միտումները կարող են ստեղծել այնպիսի շրջան, որտեղ՝ որքան մեկը փորձում է մոտենալ, այնքան մյուսը հեռանում է, իսկ որքան մյուսը հեռանում է, այնքան առաջինն ավելի ակտիվորեն փորձում է մոտենալ։
Հոգեթերապիան օգնում է ճանաչել նման ավտոմատ օրինաչափությունները և զարգացնել մտերմության, կարիքների արտահայտման ու անորոշությանը արձագանքելու ավելի ճկուն ձևեր։
Խանդ և վստահություն
Խանդը միշտ չէ, որ անհիմն է։ Երբեմն հարաբերություններում իսկապես տեղի են ունենում վստահության խախտումներ։ Հետևաբար հոգեթերապևտիկ հարցը պարզապես՝ «Ինչպե՞ս դադարեմ խանդել» չէ։
Ավելի օգտակար հարցերն են՝
- Կա՞ վստահության խախտման օբյեկտիվ հիմք։
- Ո՞ր եզրակացություններն են փաստերի, իսկ որոնք՝ ենթադրությունների վրա հիմնված։
- Ի՞նչ է տեղի ունենում, երբ առաջանում է անորոշություն։
- Ստուգումները իրականում մեծացնո՞ւմ են անվտանգությունը, թե՞ ստեղծում նոր ստուգումների կարիք։
- Որո՞նք են ողջամիտ սահմանները։
- Հնարավո՞ր է վերականգնել վստահությունը։
- Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ յուրաքանչյուր զուգընկերոջից։
Եթե խանդը պահպանվում է շարունակական ստուգումների, հավաստիացման որոնման, աղետայնացված մեկնաբանությունների կամ անորոշությունը չհանդուրժելու միջոցով, այդ մեխանիզմները կարող են դառնալ հոգեթերապիայի առանձին թիրախներ։
Հաղորդակցությունը միայն ճիշտ բառեր ընտրելը չէ
Հարաբերությունների խնդիրները հաճախ անվանում են «հաղորդակցության խնդիր»։ Հաղորդակցությունը կարևոր է, սակայն միայն ավելի ճիշտ կամ քաղաքավարի արտահայտություններ սովորելը միշտ չէ, որ բավարար է։
Զրույցի վրա ազդում են՝
- զուգընկերոջ մտադրությունների վերաբերյալ ենթադրությունները,
- հուզական լարվածությունը,
- նախկին չլուծված կոնֆլիկտները,
- պաշտպանական վարքը,
- մյուսի «պետք է» վարքի վերաբերյալ սպասումները,
- քննադատությունը կամ անհամաձայնությունը հանդուրժելու դժվարությունը,
- մերժման վախը,
- խոցելի թեմաներից խուսափումը։
Այդ պատճառով հոգեթերապիան կարող է միաժամանակ անդրադառնալ և հաղորդակցությանը, և այն հոգեբանական մեխանիզմներին, որոնք դժվարացնում են արդյունավետ հաղորդակցությունը։
Կոնֆլիկտ և հուզական ինքնակարգավորում
Երբ հույզերը շատ ինտենսիվ են, նվազում է լսելու, իրավիճակը ճշգրիտ մեկնաբանելու և խնդիր լուծելու կարողությունը։
Վեճն այդ դեպքում կարող է արագ փոխակերպվել սկզբնական խնդիրը լուծելու փորձից դեպի ինքնապաշտպանություն, հարձակում, հեռացում կամ «հաղթելու» փորձ։
Թերապիայի ընթացքում հնարավոր է աշխատել՝
- էսկալացիան ավելի վաղ նկատելու,
- ներկա խնդիրը հին վիրավորանքներից տարբերելու,
- կարիքներն առանց ավտոմատ մեղադրանքի արտահայտելու,
- անհամաձայնությունը որպես մերժում չընկալելու,
- իմպուլսիվ արձագանքները նվազեցնելու,
- հուզական լարվածության նվազումից հետո բարդ զրույցին վերադառնալու վրա։
Նպատակը բոլոր տարաձայնությունները վերացնելը չէ։ Առողջ հարաբերություններում նույնպես կարող են լինել լուրջ անհամաձայնություններ։ Կարևոր է, թե ինչպես են դրանք մշակվում։
Անհատական հոգեթերապիա հարաբերությունների խնդիրների դեպքում
Հարաբերությունների խնդիրների հետ աշխատանքը պարտադիր չի պահանջում երկու զուգընկերների մասնակցությունը։
Անհատական հոգեթերապիան կարող է օգտակար լինել, եթե մարդը ցանկանում է հասկանալ՝
- ինչու են իր կյանքում կրկնվում նմանատիպ հարաբերությունները,
- ինչու է դժվար դուրս գալ մշտապես տառապանք պատճառող հարաբերությունից,
- ինչու է մտերմությունը տագնապ առաջացնում,
- ինչու է անընդհատ առաջանում լքված լինելու վախ,
- ինչու է խանդը դժվարանում վերահսկել,
- ինչու է դժվար սահմաններ դնել,
- ինչու է սեփական ինքնագնահատականը չափազանց կախված զուգընկերոջ արձագանքից,
- ինչու է խուսափում մտերմությունից կամ պարտավորությունից,
- ինչպես են նախկին հարաբերությունները ազդում ներկայիս սպասումների վրա,
- ինչպես կայացնել հարաբերությունների վերաբերյալ բարդ որոշում։
Մեկ մարդու մտածողության և արձագանքների փոփոխությունը երբեմն կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ամբողջ հարաբերությունների համակարգի վրա։
Զույգերի հոգեթերապիա
Երբ հոգեթերապիային մասնակցում են երկու զուգընկերները, աշխատանքի կենտրոնում հարաբերությունների համակարգն է, ոչ թե զուգընկերներից մեկի «խնդրահարույց» լինելը։
Կարող ենք ուսումնասիրել՝
- կրկնվող կոնֆլիկտային շրջանները,
- յուրաքանչյուրի մեկնաբանություններն ու սպասումները,
- հաղորդակցության ձևերը,
- հուզական կարիքները,
- սահմանները,
- վստահությունը,
- խուսափող և հավաստիացում պահանջող վարքերը,
- համատեղ որոշումների կայացումը,
- չլուծված կոնֆլիկտները,
- երկուսի կողմից անհրաժեշտ վարքային փոփոխությունները։
Զույգերի հոգեթերապիան դատարան չէ։ Հոգեթերապևտի գործառույթը որոշելը չէ, թե վեճում ով է հաղթել կամ ով է մեղավոր։ Նպատակն է հասկանալ, թե ինչն է պահպանում չհարմարվողական փոխազդեցությունը և ինչ է անհրաժեշտ այն փոխելու համար։
Արդյո՞ք զույգերի թերապիայի նպատակը միշտ հարաբերությունները պահպանելն է
Ոչ։
Հոգեթերապիան չպետք է սկսվի այն նախապայմանով, որ հարաբերությունների պահպանումը միշտ միակ ճիշտ արդյունքն է։ Երբեմն աշխատանքը օգնում է վերականգնել մտերմությունն ու փոխել վնասող օրինաչափությունները։ Այլ դեպքերում այն օգնում է հասկանալ՝ արդյոք հարաբերությունները շարունակում են համապատասխանել երկու մարդկանց արժեքներին, կարիքներին և սահմաններին։
Իսկ երբեմն աշխատանքի նպատակը բաժանման գործընթացն ավելի գիտակցված և հոգեբանորեն կառուցողական անցնելն է։ Նպատակը ավելի մեծ հստակությունն ու առողջ հաղորդակցությունն է, այլ ոչ հարաբերությունների պահպանումը ցանկացած գնով։
Ինչպե՞ս եմ աշխատում հարաբերությունների խնդիրների հետ
Իմ աշխատանքի հիմնական հոգեթերապևտիկ շրջանակը կոգնիտիվ-վարքաբանական թերապիան է՝ միջանձնային հարաբերությունների, հույզերի և վարքային օրինաչափությունների գիտական ուսումնասիրության ինտեգրմամբ։
Աշխատանքը կարող է ներառել՝
Գնահատում և կոնցեպտուալիզացիա
Ուսումնասիրում ենք խնդիրը, դրա պատմությունը, կրկնվող թրիգերները, մեկնաբանությունները, հույզերն ու վարքը։
Կրկնվող շրջանների բացահայտում
Յուրաքանչյուր վեճ առանձին դիտարկելու փոխարեն փնտրում ենք տարբեր իրավիճակներում կրկնվող օրինաչափությունները։
Կոգնիտիվ աշխատանք
Ուսումնասիրում ենք սեփական անձի, զուգընկերոջ և հարաբերությունների վերաբերյալ համոզմունքները՝ կապված վստահության, լքման, վերահսկողության, մտերմության, պատասխանատվության և մերժման հետ։
Վարքային փոփոխություն
Հարաբերությունները փոխվում են ոչ միայն հասկանալու, այլև նոր վարքի միջոցով։
Աշխատում ենք կոնկրետ արձագանքների, հաղորդակցության, սահմանների, բարդ զրույցների, ստուգող վարքի և հավաստիացման պահանջի նվազեցման վրա։
Հուզական ինքնակարգավորում
Եթե տագնապը, զայրույթը, խանդը կամ վախը խանգարում են կառուցողական հաղորդակցությանը, հուզական ինքնակարգավորումը նույնպես դառնում է աշխատանքի մաս։
Ի՞նչ է տեղի ունենում առաջին սեսիայի ժամանակ
Առաջին հանդիպումը հիմնականում գնահատման սեսիա է։
Կախված նրանից՝ աշխատանքը անհատական է, թե զույգի հետ, քննարկում ենք՝
- հիմնական դժվարությունը,
- խնդրի տևողությունը,
- այն իրավիճակները, որտեղ խնդիրը սովորաբար առաջանում է,
- յուրաքանչյուրի մտքերն ու հույզերը,
- յուրաքանչյուրի արձագանքները,
- այդ արձագանքների հետևանքները,
- խնդիրը լուծելու նախկին փորձերը,
- հարաբերությունների պատմության կարևոր իրադարձությունները,
- հոգեթերապիայից ակնկալիքներն ու նպատակները։
Նպատակն է ձևավորել խնդրի նախնական կոնցեպտուալիզացիա և որոշել աշխատանքի համապատասխան ձևը։
Իմ մասնագիտական մոտեցման մասին
Հոգեբան եմ և հոգեթերապևտ՝ Հոգեթերապիայի եվրոպական վկայականով (ECP)։
Իմ կլինիկական աշխատանքի հիմնական շրջանակը կոգնիտիվ-վարքաբանական թերապիան է։ Մասնագիտական հետաքրքրություններս ներառում են նաև կոգնիտիվ գիտությունը, հուզական ինքնակարգավորումը, միջանձնային գործընթացները և հոգեբանական ու նեյրոկենսաբանական մեխանիզմների փոխազդեցությունը։
Հոգեթերապիա Երևանում և առցանց
Իրականացնում եմ՝ անհատական հոգեթերապիա · զույգերի հոգեթերապիա · ընտանեկան հոգեթերապիա
Հանդիպումները հասանելի են՝ առկա՝ Երևանում և առցանց։
Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն · անգլերեն · ռուսերեն · լեհերեն
Գրանցվել հանդիպման
Եթե կրկնվող կոնֆլիկտները, խանդը, անվստահությունը, հուզական հեռավորությունը կամ հարաբերությունների այլ դժվարությունները էականորեն ազդում են Ձեր հոգեբանական բարեկեցության կամ հարաբերությունների վրա, կարող եք գրանցվել նախնական հանդիպման՝ խնդիրը հասկանալու և համապատասխան հոգեթերապևտիկ աշխատանքի ձևը որոշելու համար։
