Պատկերցրեք, որ դուք մարդ եք ով ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ (օրինակ՝ կպչուն մտքեր, խուճապային գրոհներ), կամ որոշ հուզական դժվարություններ (օրինակ՝ դյուրագրգիռ եք դարձել, տրամադրությունն է փոփոխական) կամ էլ, ասենք, պարզապես որոշ հարցեր այդ ոլորտից ունեք (օրինակ՝ հալյուցինացիաներ կարող են լինել օբսեսիվ-կոպուլսիվ խանգարման դեպքում թե ոչ, տագնապից ու վախերից «կխելագարվեք» թե ոչ, նյարդաբանն ասել է ձեզ մոտ «նևրոզ է»՝ դա ինչ է)։ Հետո, պատկերացրեք որ դուք որոշում եք այդ ամենի մասին լրացուցիչ տեղեկատվությունների կամ ձեր հարցերի պատասխաններն իմանալու համար դիմել որևէ մասնագետի, ասենք՝ հոգեբանի։ Բացում եք գուգլը ու հավաքում «հո-գե-բան»։ Հետո ընտրում եք մեկին ու գրում վերջինիս էլ․փոստի հասցեին կամ ֆեյսբուքյան էջին։ Գրում եք՝ «Բարև Ձեզ, հարգելի այսինչ այսինչյան․․․», կամ «Բարև բժիշկ ջան, մի հարց տամ․․․», կամ էլ ուրիշ այլ ձևով։ Պատասխանում է։ Մեկ-երկու հարցի պատասխանում է մասնագետը ու դուք մտածում եք՝ «վախ, ինչ լավ մասնագետ ա, միանգամից պատասխանեց», կամ էլ՝ «ինչ լավա որ գտա իրեն, ինչ գրագետ ա բացատրում, ինչ քաղաքավարի ա», կամ էլ բան չեք մտածում, այլ ուղղակի շարունակում եք գրել։ Մեկ էլ երրորդ-չորրորդ հարցից հետո մասնագետն ասում ա՝ «Ներեցեք, այս պահին այլևս շարունակել չեմ կարող։ Թե ցանկանում եք, կարող եմ Ձեզ գրանցել խորհրդատվության»։ Դուք նայում եք ժամացույցին՝ ընդամենը 5 րոպե է ինչ «գրվում եք»․ «միթե՞ այդքան դժվար է մի 10-20 րոպե հատկացնել և պատասխանել հարցերին», մտածում եք դուք։ «Չեմ հասկանում, էղածը մի երկու բան չի՞ որ պետք ա ասի, հո եսիմինչ չի անում, իրանից ինչ ա գնում որ՝ խոսում ա ուղղակի»։ Եվ դուք վրդովվում եք կամ նեղվում, որ այս հոգեբանն իրականում շատ անմարդկային դուրս եկավ, որ դուք այս նեղ վիճակում մի երկու բան եք ուզում ճշտել, իսկ ինքը միանգամից ուղղորդում ա խորհրդատվության։ Սրտնեղում եք և գրում՝ «Խնդրում եմ այս մեկ հարցին էլ պատասխանել․․․», կամ «Ինձ պարզապես վստահելի թվացիք ու բարի, իսկ դուք․․․», կամ էլ «Շատ գոռոզ մարդ դուրս եկաք՝ Ձեզնից ինչ ա գնում մի երկու հարցի պատասխանեք․․․», և այլն, և այլն։ Դուք շատ հուզված եք, ջղայնացած։ Գուցե նույնիսկ հանգստանալու համար կիսվում եք ֆեյբուքյան գրառման մեջ միջադեպի մասին, կամ էլ մամայի հետ հերթական անգամ խոսելիս պատմում թե ինչ «փողի մեռած ու սառը սիրտ հոգեբան դուրս էկավ էդ այսինչյանը», ու որ «հոգեբանը պետք է նախ բարի և մարդասեր լինի․․․», և նման այլ բաներ։ Այս կետից սկսած կարելի է շարունակել ու շարունակել և կարող են լինել հետագա զարգացումների ամենատարբեր սցենարներ, բայց այստեղ կանգ առնենք։

Հիմա, խնդրում եմ պատկերացրեք, որ դուք հոգեբան եք։ Դուք իսկապես ցանկանում եք մարդկանց օգնել (քանի որ հենց այդ նպատակով էլ ընտրել եք հոգեբանի մասնագիտությունը, և եթե ձեր առաջնային նպատակը լիներ շատ փող վաստակելը ապա դուք, այն էլ Հայաստանում, հաստատ այլ մասնագիտություն կընտրեիք), բայց սրտնեղում եք, որովհետև չեք կարողանում բավարար ժամանակ և այլ ռեսուրսներ տրամադրել աշխատանքի համար, և որ ստիպված եք հաճախ ձեզ հարցով դիմած մարդկանց առաջարկել վճարովի խորհրդատվություն, որն էլ իր հերթին ոչ բոլորի համար է մատչելի (չնայած, որ դա էլ իր հիմնավորված պատճառներն ունի)։ Okay, չանդրադառնալով ձեր անցած ողջ ուղուն (մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից այն մոտավորապես այս տեսքն ունի), նրան թե այդ ինչպես, որքան ժամանակում և ինչերի գնով եք հասել ձեր մասնագիտական կարիերայի ներկայիս կետին, պարզապես պատկերացրեք և կամ հիշեք որ․

  1. Մարդկանց թիվը, ովքեր ունեն խնդիրներ/հարցեր և փորձում են ստանալ պատասխաններ գրելով ձեզ կամ այլ մասնագետներին ընդհանրապես, բավականին մեծ է, քանի որ՝ ա) պատկերացրեք որքան հայախոս մարդ կա ամբողջ աշխարհում, բ) դրան գումարեք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ գործակալությունների վիճակագրությամբ, երկրագնդի բնակչության 4-10% ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, գ) Գումարեք նաև այն, որ հարցեր ունեցողների թիվն էլ ավելի շատ է, քան խնդիրներ ունեցողներինը, դ) Հետո ավելացրեք նաև այն, որ դուք ասենք աշխատում եք ավելի քան մեկ օտար լեզվով և որ իրենց հարցերով ձեզ դիմում են նաև, օրինակի համար, ռուսախոս և իսպանախոս մարդիկ։ Հիմա արդեն պարզ է թե ինչու եք ստանում այդքան շատ հաղորդագրություններ, նամակներ և զանգեր։ Այո, պարզ է, բայց դրա մասին գիտեք միայն դուք, ձեզ գործընկերները, ձեր պոտենցիալ այցելուների գուցե մեծ մասը, բայց ոչ բոլորը։
  2. Ձեր, և ցանկացած այլ հոգեբանի, օրը նույպես բաղկացած է ընդամենը 24 ժամից և բնականաբար աշխատանքին տրվող ձեր ժամանակը նույնպես սահմանափակ է։ Այդ իսկ պատճառով գործնականում (նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում) չեք կարող պատասխանել բոլոր հաղորդագրություններին և հարցերին մինչև վերջ, եթե նույնիսկ փակեք գրասենյակի դուռը, որոշեք այլևս գումար չվաստակել և աշխատել միմիայն հասարակական հիմունքներով, ապա միևնույն է չեք հասցնի։
  3. Ստացվող հարցերի ճնշող մեծամասնությանը (80-90%) կոմպետենտ և սպառիչ պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ/ճշգրտող շատ հարցեր տալ, իսկ դա արդեն դառնում է խորհրդատվություն։ Վերջինս էլ հենց ձեր «հացն է», ձեր հենց բուն աշխատանքը որով դուք գումար եք վաստակում՝ ձեր և ձեր հարազատների կարիքները հոգալու և արժանապատիվ կյանք ունենալու համար։
  4. Եվ որ ամենակարևորն է, ձեր, որպես հոգեբանի (ինչպես և օգնող մասնագիտությունների մեծ մասի դեպքում) ծառայությունների գնագոյացման հիմքում, բոլոր տեսակ բաղադրիչներից բացի (որոնց մասին էստեղ խոսել եմ մանրամասն), ընկած է ժամանակը։ Ձեզ վճարում են նաև ձեր ժամանակի համար։ Եվ եթե նույնիսկ կողքից կարող է թվալ, որ «պարզապես» հարցեր են տալիս և ձեզնից «շատ բան չի գնա դրանց պատասխանելիս», ապա մինչ այս պահը թվարկած կետերից բացի, հիշեք նաև որ как минимум ձեր կյանքից, ձեր ժամանակից է գնում, որը դուք կարող էիք ծախսել եթե ոչ ձեզ և ձեր հարազատների համար նյութական բարիքներ հայթայթելու և ինքնազարգացման վրա, ապա գոնե հանգստի և զվարճանքների։
Այժմ կրկին պատկերցրեք, որ դուք մարդ եք ով ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, կամ որոշ հուզական դժվարություններ կամ էլ, ասենք, պարզապես որոշ հարցեր այդ ոլորտից ունեք ․․․
“Միայն մեկ հարց ունեմ”, կամ երբ հոգեբանն առաջարկում է վճարովի խորհրդատվություն