Երևանյան իմ գրասենյակում իրականացնում եմ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (ԿՎԹ) տագնապի, խաղամոլության, հարաբերությունների, հուզական, վարքային և հոգեբանական այլ խնդիրների դեպքում։
ԿՎԹ-ն իմ կլինիկական աշխատանքի հիմնական հոգեթերապևտիկ շրջանակն է։ Այն ստրուկտուրավորված, համագործակցային և ապացուցահեն մոտեցում է, որը կենտրոնանում է մտածողության, հույզերի, վարքի, մարմնական արձագանքների և իրավիճակային գործոնների փոխազդեցության վրա։
Հոգեթերապիայի նպատակը միայն տհաճ ախտանշանների նվազեցումը չէ։ Կարևոր է հասկանալ խնդիրն ամրապնդող մեխանիզմները և աստիճանաբար զարգացնել մտածելու, արձագանքելու և գործելու ավելի ադապտիվ եղանակներ։
Ի՞նչ է կոգնիտիվ-վարքաբանական թերապիան
ԿՎԹ-ի հիմքում այն գաղափարն է, որ մեր հոգեբանական արձագանքները պայմանավորված են ոչ միայն մեզ հետ տեղի ունեցող իրադարձություններով, այլև դրանց մեր մեկնաբանությամբ, սպասումներով, հուզական և մարմնական արձագանքներով ու հետագա վարքով։
Այս բաղադրիչները շարունակաբար ազդում են միմյանց վրա։
Պարզեցված ձևով այն կարելի է պատկերել այսպես․
իրավիճակ → մեկնաբանություն → հուզական և մարմնական արձագանք → վարք → հետևանք → առկա համոզմունքների ամրապնդում
Ժամանակի ընթացքում որոշ օրինաչափություններ կարող են դառնալ ավտոմատ։
Օրինակ՝ մարդը կարող է անորոշությունը պարբերաբար մեկնաբանել որպես վտանգ, քննադատությունը՝ որպես մերժում, մարմնական զգացողությունները՝ որպես աղետի նշան, սխալը՝ որպես սեփական անարժեքության ապացույց։
Այնուհետև խուսափումը, մշտական ստուգումները, ուրիշներից հավաստիացումներ պահանջելը, հետաձգումները կամ այլ պաշտպանական վարքերը կարող են ավելի ամրապնդել այդ համոզմունքները։
ԿՎԹ-ն օգնում է բացահայտել և փոփոխել այս փոխկապակցված օրինաչափությունները։
ԿՎԹ-ն պարզապես «պոզիտիվ մտածողություն» չէ
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան երբեմն սխալմամբ ընկալվում է որպես «բացասական մտքերը դրական մտքերով փոխարինելու» մեթոդ։
ԿՎԹ-ի նպատակը դա չէ։
Նպատակը ավելի ճշգրիտ, ճկուն և ռացիոնալ մտածողության զարգացումն է։
Երբեմն մտահոգությունը չափազանցված է և անհրաժեշտ է վերագնահատել այն։ Այլ դեպքերում խնդիրը կամ վտանգն իրական է, և աշխատանքը վերաբերում է դրա հաղթահարմանը, խնդրի լուծմանը, որոշումների կայացմանը կամ այն իրողության ընդունմանը, որը մենք չենք կարող վերահսկել։
Ի՞նչ խնդիրների դեպքում կարող է կիրառվել ԿՎԹ-ն
Կախված անհատական դեպքից՝ ԿՎԹ-ի վրա հիմնված միջամտություններ եմ կիրառում հետևյալ խնդիրների դեպքում․
- տագնապ և անհանգստություն,
- խուճապային գրոհներ,
- սոցիալական տագնապայնություն,
- վախեր, ֆոբիաներ և ագորաֆոբիա,
- օբսեսիվ-կոմպուլսիվ ախտանշաններ,
- շարունակական մտավերլուծություն,
- առողջության հետ կապված տագնապայնություն,
- դեպրեսիայի դրսևորումներ,
- զայրույթ և հուզական ինքնակարգավորման դժվարություններ,
- խաղամոլության խանգարում,
- խուսափողականություն և պրոկրաստինացիա,
- պերֆեկցիոնիզմ,
- հարաբերությունների հետ կապված ոչ ադապտիվ համոզմունքներ,
- անորոշության նկատմամբ անհանդուրժողականություն,
- հոգեբանական ճնշման պայմաններում որոշումների կայացման խնդիրներ։
Նման ախտանշանների առկայությունը դեռ չի նշանակում, որ տարբեր մարդկանց մոտ խնդրի մեխանիզմը նույնն է։
Այդ պատճառով աշխատանքը կառուցվում է ոչ միայն ախտորոշիչ անվանման, այլև անհատական կոնցեպտուալիզացիայի հիման վրա։
Ինչպե՞ս եմ աշխատում ԿՎԹ շրջանակներում
Գնահատում և խնդրի կոնցեպտուալիզացիա
Առաջին հերթին փորձում ենք հասկանալ խնդիրը։
Ուսումնասիրում ենք՝
- երբ և ինչպես է այն սկսվել,
- ինչ իրավիճակներում է ակտիվանում,
- ինչ մտքեր և մեկնաբանություններ են կրկնվում,
- ինչ հույզեր և մարմնական արձագանքներ են առաջանում,
- ինչպիսի վարքային օրինաչափություններ կան,
- ինչից է մարդը խուսափում,
- ինչ համոզմունքներ և ենթադրություններ կարող են ներգրավված լինել,
- ինչն է նպաստում խնդրի պահպանմանը։
Դրա հիման վրա ձևավորում ենք խնդրի աշխատանքային հոգեբանական մոդելը՝ կոնցեպտուալիզացիան։
ԿՎԹ-ին վերաբերվող հեղինակածս գրքերին կարող եք ծանոթանալ այստեղ>>>
Կոգնիտիվ աշխատանք
Կոգնիտիվ աշխատանքի ընթացքում բացահայտում և ուսումնասիրում ենք ավտոմատ մեկնաբանությունները, կանխատեսումները և համոզմունքները։
Օրինակ՝
Ի՞նչ եմ ես կանխատեսում։
Ի՞նչ փաստեր ունեմ դրա օգտին կամ դեմ։
Հնարավորությունը շփոթո՞ւմ եմ հավանականության հետ։
Արդյո՞ք փորձում եմ լիակատար վստահություն ստանալ այնտեղ, որտեղ այն հնարավոր չէ։
Ինչպե՞ս կարող եմ ստուգել այս ենթադրությունը։
Թերապևտի գործառույթը մարդուն ասելը չէ, թե նա ինչ պետք է մտածի։ Նպատակը սեփական մտածողությունը ինքնուրույն վերլուծելու և գնահատելու հմտության զարգացումն է։
Վարքային աշխատանք
ԿՎԹ-ում վարքային փոփոխությունը նույնքան կարևոր է, որքան մտածողության հետ աշխատանքը։
Խուսափումը, անվերջ ստուգումները, պաշտպանական վարքը կամ գործողությունների հետաձգումը կարող են կարճաժամկետ թեթևացում բերել, սակայն երկարաժամկետ առումով պահպանել խնդիրը։
Հետևաբար աշխատանքը կարող է ներառել՝
վարքային գիտափորձ, էքսպոզիցիա, վարքային մոդելավորում, նոր հմտությունների փորձարկում և հակազդումների փոփոխություն։
Փոփոխությունը տեղի է ունենում ոչ միայն քննարկման, այլև նոր փորձի միջոցով։
ԿՎԹ-ն, ուսուցումը և ուղեղը
Իմ մասնագիտական և հետազոտական հետաքրքրությունների կարևոր ուղղություններից է կոգնիցիայի, վարքի, հոգեթերապիայի և նեյրոկենսաբանության փոխկապակցվածությունը։
Այս տեսանկյունից հոգեթերապիան կարելի է դիտարկել նաև որպես ուսուցման գործընթաց։
Կրկնվող մտածողական և վարքային օրինաչափությունները ժամանակի ընթացքում ավտոմատանում են։ Միաժամանակ նոր կոգնիտիվ և վարքային փորձառությունները կարող են աստիճանաբար փոխել վտանգի կանխատեսումը, անորոշության նկատմամբ արձագանքը և հուզական ինքնակարգավորումը։
Երբ դա օգտակար է, ԿՎԹ աշխատանքը համադրում եմ կոգնիտիվ գիտության և նեյրոգիտության համապատասխան մեխանիզմների հասկանալի բացատրությունների հետ։
Համագործակցային և ստրուկտուրավորված աշխատանք
ԿՎԹ-ն ակտիվ և համագործակցային հոգեթերապիայի ձև է։
Թերապևտն ու հաճախորդը միասին սահմանում են նպատակները, ուսումնասիրում խնդիրն ամրապնդող մեխանիզմները և գնահատում կատարվելիք փոփոխությունները։
Սեսիաներից դուրս աշխատանքը կարող է ներառել դիտարկումներ, գրանցումներ, վարքային փորձարկումներ, էքսպոզիցիոն առաջադրանքներ կամ այլ գործնական աշխատանք։
Դրանց նպատակը թերապևտիկ փոփոխությունը առօրյա կյանք տեղափոխելն է։
Արդյո՞ք ԿՎԹ-ն միշտ լավագույն ընտրությունն է
Ոչ պարտադիր։
Չկա հոգեթերապիայի մեկ մեթոդ, որը նույն կերպ արդյունավետ կամ նպատակահարմար լինի բոլոր մարդկանց և բոլոր խնդիրների համար։
Իմ կլինիկական աշխատանքի հիմնական շրջանակը ԿՎԹ-ն է, սակայն այն կառուցվում է գիտական տվյալների վրա հիմնված և ինտեգրատիվ մոտեցմամբ։ Կլինիկական անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև այլ մեթոդներ, այդ թվում՝ EMDR-ը։
Առաջնային գնահատման նպատակներից մեկն էլ որոշելն է, թե տվյալ խնդրի դեպքում ինչպիսի աշխատանքն է առավել նպատակահարմար։
Ի՞նչ է տեղի ունենում առաջին սեսիայի ժամանակ
Առաջին հանդիպումը հիմնականում նվիրված է գնահատմանը և խնդրի նախնական կոնցեպտուալիզացիային։
Քննարկում ենք խնդիրը, դրա զարգացման պատմությունը, ակտիվացնող իրավիճակները, մտածողությունը, հույզերը, վարքը, նախկինում կիրառված հաղթահարման միջոցներն ու ցանկալի փոփոխությունները։
Արդյունքում փորձում ենք պատասխանել երեք հիմնական հարցի․
Ի՞նչ է տեղի ունենում։
Ի՞նչն է ամրապնդում խնդիրը։
Ի՞նչ կարելի է փոխել։
Իմ մասնագիտական գործունեության մասին
Հոգեբան եմ, հոգեթերապևտ՝ Հոգեթերապիայի եվրոպական վկայականով (ECP)։
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան իմ կլինիկական աշխատանքի հիմնական ուղղությունն է և մասնագիտական, հետազոտական ու դասավանդման հիմնական հետաքրքրություններից մեկը։
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի գիտակրթական հայկական ասոցիացիայի (ArSEA CBT) փոխնախագահն ու համահիմնադիրն եմ։ Հեղինակ և համահեղինակ եմ ավելի քան 50 գիտական հոդվածների և 11 գրքերի։
ԿՎԹ սեսիաներ Երևանում և առցանց
Սեսիաները հասանելի են՝ առկա՝ Երևանում և առցանց։
Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն · անգլերեն · ռուսերեն · լեհերեն
Գրանցվել Հանդիպման
Եթե ցանկանում եք հասկանալ՝ արդյոք կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է համապատասխան լինել ձեր խնդրին, կարող եք գրանցվել նախնական հանդիպման։
