Գրքում ներկայացված են տագնապի և տագնապային խանգարումների հիմնական տեսակները, ինչպես նաև դրանց պատճառականության, զարգացման և հաղթահարման ժամանակակից պատկերացումները։ Քննարկվում են վերջիններիս նեյրոկոգնիտիվ մոդելը, նեյրոկենսաբանական մեխանիզմներն ու ոչ-դեղորայքային հաղթահարման մեթոդները, ինչպես նաև ներկայացված են տագնապի և տագնապային խանգարումների հաղաթահարման կոնկրետ տեխնիկաներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում։ Գիրքը նախատեսված է ինչպես սեփական տագնապը կամ տագնապային խանգարումը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, այնպես էլ իրենց այցելուներին/պացիենտներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։ Գիրքը հիմնված է հեղինակի ոչ միայն մասնագիտական այլև անձնական փորձի վրա։
Գիրքը տագնապի և դրա հետ առնչություն ունեցող երևույթների, ինչպես նաև այդ ամենի, այսպես ասած, հաղթահարման կամ բուժման մասին է։ Ինչու՞ այսպես ասած, որովհետև «հաղթահարել» կամ, ասենք, «բուժել» բառերն ավելի գործածելի են հիվանդությունների կամ հակառակորդի մասին խոսելիս, բայց ոչ տագնապի, կամ թեկուզ վախերի և ֆոբիաների։ Զարմացա՞ք։ Բնական հարց կառաջանա ձեզ մոտ. այդ դեպքում ի՞նչ է տագնապը՝ եթե ոչ հիվանդություն, կամ, ասենք, հակառակորդ, թշնամի, որին միանշանակ պետք է բուժել, հաղթել, հաղթահարել, և այլն, և այլն։ Ձեր միջի մասնագետն էլ կառարկի՝ մի րոպե, բա էլ ինչո՞ւ են հոգեկան առողջության ուղեցույցներում և դասագրքերում այդ ամենը ներկայացված որպես խանգարումներ, բա էլ ինչու են այդ ամենի համար հոգեբույժներն ու նյարդաբանները նույնիսկ դեղորայք նշանակում։ Սակայն, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտի իմ համեստ փորձն ինձ անընդհատ ուժգնացող ձայնով այլ բան էլ է հուշում (գուցե և մոլորեցնում է. ով իմանա)։ Այո, այդ բոլոր դրսևորումները, որոնք ընդունված է անվանել տագնապային խանգարումներ, իհարկե խնդիր են և կլինիկական տեսանկյունից արդարացված է դրանք «խանգարում» անվանելը (սակայն ոչ մի դեպքում՝ հիվանդություն)։ Բայց պատճառականության, դրանք հասկանալու և կարգավորելու տեսանկյունից վերջիններս ոչ այլ ինչ են, քան անձնային առանձնահատկությունների (նյարդային համակարգի տիպ, օրգանիզմի հորմոնալ փոփոխություններ, ֆիզիոլոգիական վիճակ, արժեքային համակարգ, ապագայի սցենար և այլն) և տարաբնույթ արտաքին, միջավայրային գործոնների (սթրես, կորուստ և այն) փոխազդեցության արդյունքում՝ նորմալ հոգեկան գործընթացների օրինաչափ շեշտադրում կամ շեշտադրվածություն։ Այդ փոխազդեցությունը կարող է լինել նաև տագնապածին։ Եվ այդ տագնապածին փոխազդեցության արդյունքում մարդու գլխուղեղն ասես նորմալ ռեժիմից (normal mode) անցում է կատարում տագնապային ռեժիմի (anxiety mode) ։ Դե իսկ տագնապային ռեժիմում գործող գլխուղեղն ավելի զգայուն է արտաքին ազդակների, միջավայրային և սեփական մարմնական փոփոխությունների, ցանկացած նոր բանի և նույնիսկ չնչին վտանգի նկատմամբ։ Դա բացատրվում է նրանով, որ մեր գխուղեղը ցանկանում է մեզ պաշտպանել. անհանգստության և վախի, երբեմն էլ տագնապի միջոցով փորձում է մեզ հետ պահել հնարավոր վտանգից։
- Խմբագիր՝ Սյունե Սևադա
- Գրախոս՝ Ani Kalayjian, Ed.D., Adjunct Professor of Psychology at Teachers College, Columbia University
- Շապիկի գրաֆիկական ձևավորում՝ Մարիամ Գրիգորյան
ISBN 978-9939-9116-2-5
Անգլերեն էլեկտրոնային տարբերակը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ