Տագնապի էությունն ամբողջությամբ հասկանալու և մեխանիզմները պատկերացնելու համար, անհրաժեշտ է իմանալ վախի և տագնապի նեյրոկենսաբանական մեխանիզմները։ Այս առումով, վերջին տասնամյակների ընթացքում  նեյրոգիտության սրընթաց զարգացման և գլխուղեղի ուսումնասիրության, նեյրովիզուալիզացիայի նորագույն մեթոդների ի հայտ գալու արդյունքում (օրինակ` պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան) ավելի պարզ դարձան գլխուղեղի թե՛ կեղևային, և թե՛ ենթակեղևային բաժինների դերակատարումը՝ տագնապի առաջացման մեջ։

Նեյրոգիտությունը կամ նեյրոկենսաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է նյարդային համակարգը։ Այն  կենսաբանության միջառարկայական բաժին է, որը միավորում է ֆիզիոլոգիան, անատոմիան, մոլեկուլյար կենսաբանությունը զարգացման կենսաբանությունը, ցիտոլոգիան, մաթեմատիկական մոդելավորումը և հոգեբանությունը՝ նեյրոնների և նեյրոնային շղթաների առանձնահատկությունները հասկանալու համար։

Ժամանակակից հետազոտահեն պատկերացումների համաձայն՝ վախի, տագնապի և հարակից մյուս հույզերի հիմքում ընկած են գլխուղեղի՝ էվոլյուցիայի ընթացքում ամենավաղը ձևավորված, լիմբիական համակարգի, հատկապես վերջինիս մաս կազմող՝ ամիգդալայի (նշաձև մարմին), ինչպես նաև որոշ կեղևային բաժինների [գեր]ակտիվացումը (Պատկեր 1)։։ Վերջիններիս գերակտիվացումը կարող է պայմանավորված լինել ինչպես օրգանական պատճառներով (օրինակ՝ հիպերտերիոզ, հիպոգլիկեմիա, հիպերվենտիլյացիա), այնպես էլ՝ անձի հոգեբանական առանձնահատկություններով (օրինակ՝ խորքային համոզմունքներ, մտածողության ոճ) և միջավայրային ազդեցություններով (օրինակ՝ անորոշություն, անհատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող զանազան իրավիճակներ)։ Որպես կանոն, այդ բոլոր պատճառները միավորում է այն, որ վերջիններիս մեջ մեր ուղեղը «տեսնում» է վտանգ և գործի է դնում համապատասխան մեխանիզմները՝ առաջացած սպառնալիքը չեզոքացնելու կամ սպասվելիք/ հնարավոր սպառնալիքին դիմագրավելու համար։

Այս կամ այն իրավիճակը կամ ազդեցությունը կարող է մեր գլխուղեղի կողմից գնահատվել որպես վտանգավոր և՛ գիտակցական մակարդակում (ներգրավված են հիմնականում գլխուղեղի կեղևային բաժինները, ինչպես օրինակ՝ առաջճակատային կեղևը, հետնային պարիետալ կեղևը), և ավտոմատ կերպով, այսինքն մեր գիտակցությունից դուրս ընթացող գործընթացների միջոցով (ներգրավված են հիմնականում գլխուղեղի ենթակեղևային բաժինները, ինչպես օրինակ՝ նշաձև մարմինը և սահմանային զոլի հիմնային կորիզը)։

Համաձայն ներկայումս նեյրոգիտության մեջ գերիշխող տեսության՝ հույզերը լիմբիական համակարգի ֆունկցիան են, իսկ գլխուղեղում «վախի կենտրոնը» (“Fear Center”), կամ ժամանակակից տերմինաբանությամբ ասած՝ «վախի շղթայի» հանգույցը (The Hub of a “Fear Circuit”)՝ ամիգդալան է (Amygdala

Պատկեր 1․ Ամիգդալայի,  սահմանային զոլի հիմնային կորիզի և առաջճակատային կեղևի տեղակայումը գլխուղեղում

 

Այս մոտեցման շրջանակներում վտանգին տրվող մեր օրգանիզմի հակազդումները մեկնաբանվում են հետևյալ կերպ։ Երբ մեր օրգանիզմի սենսորային համակարգը (այսինքն զգայարանները և դրանց միջոցով ստացված տեղեկատվության մշակման գլխուղեղային կենտրոնները) բացահայտում է իրենից վտանգ ներկայացնող որևէ ազդակ/ազդեցություն՝ ակտիվանում է «վախի կենտրոնը», որն էլ իր հերթին դրդում է մեր օրգան-համակարգերին ձեռնարկել անհրաժեշտ պաշտպանական միջոցներ (Պատկեր 2)։

Պատկեր 2․ «Վախի կենտրոնի» մոտեցման տագնապի մոդելը

Սակայն, վերջին տարիներին իրականացվող հետազոտությունները բացահայտել են սահմանային զոլի հիմնային կորիզի (The bed nucleus of the stria terminalis – BNST)  ներգրավվածությունը՝ սթրեսի և ռիսկի գնահատման գործընթացներում, երբ վտանգն ինքնին անորոշ է։ Առողջ և տագնապային խանգարումներով անձանց մասնակցությամբ, նեյրովիզուալիզացիայի մեթոդներով իրականացրած, հետազոտությունները փաստել են, որ սահմանային զոլի հիմնային կորիզը չափազանց մեծ ներդրում ունի անորոշության ընկալման և տեղեկատվության մշակման մեջ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ եթե մեր գլխուղեղում «վախի կենտրոնը» ամիգդալան է, ապա  «տագնապի կենտրոնը» սահմանային զոլի հիմնային կորիզն է։

Պատկեր 3․ «Երկհամակարգային» մոտեցման տագնապի մոդելը

Սահմանային զոլի հիմնային կորիզին առնչվող վերջին տարիների բացահայտումների հիման վրա նաև առաջ է քաշվել վախի և տագնապի նեյրոկենսաբանության «երկհամակարգային» մոտեցումը (A Two-System Framework): Վերջինիս համաձայն, երբ մեր օրգանիզմի սենսորային համակարգը բացահայտում է՝ մեզ համար իրենից վտանգ ներկայացնող որևէ ազդակ/ ազդեցություն, ապա այն նախ զուգահեռաբար մշակվում է «կոգնիտիվ կենտրոնի» և «պաշտպանական-գոյատևման կենտրոնի» միջոցով, որից հետո միայն ունենում ենք վախի զգացողություն/հույզ և դրսևորում պաշտպանական հակազդումներ (Պատկեր 3). այս մոտեցումը հնարավորինս համահունչ է թե՛ հույզերի կոգնիտիվ տեսություններին, և թե՛ տագնապի մեկնաբանության և հաղթահարման/թերապիայի կոգնիտիվ-վարքաբանական մոտեցմանը։

Այսպիսով,  ամիգդալայի և սահմանային զոլի հիմնային կորիզի գերակտիվացումը համարվում են տագնապի և հարակից հույզերի առաջացման հիմնական նեյրոկենսաբանական հիմքը: Ընդ որում վերջիններս ոչ միայն տագնապային դրսևորումներին են ընթացք տալիս, այլև բացասաբար են ազդում քննադատական մտածողության վրա, քանի որ իրենց գերակտիվությամբ (հատկապես ամիգդալան)  ճնշում են գլխուղեղի առաջճակատային կեղևի (Prefrontal Cortex) այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են քննադատական մտածողության համար։

Բացի այդ,  «ամիգդալայի գերակտիվանալուց հետո պահանջվում է որոշակի ժամանակ, որպեսզի այն հանդարտվի և վերադարձնի վերահսկողությունը դեպի գլխուղեղի ավելի ռացիոնալ, քննադատական մտածողության կենտրոններ»: Այս ամենի արդյունքում դժվարանում և մեծապես  տուժում է  քննադատական մտածողությունը, որն էլ կարող է իր դրսևորումներն ունենալ մտածողության զանազան սխալների՝ կոգնիտիվ աղճատումների տեսքով։ Վերջիններս տարաբնույթ տագնապային խանգարումների (օրինակ՝ ընդհանրացված տագնապային խանգարում, խուճապային խանգարում և այլն) բաղկացուցիչ մասն են կազմում։

***

Աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց / Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։

Տագնապի նեյրոկենսաբանական մեխանիզմները