Մեր երկրում, հոգեբանի մասնագիտության գրավչության և հոգեբանական ծառայությունների նկատմամբ հետաքրքրության աստիճանաբար բարձրացման հետ մեկտեղ, վերջին տարիներին շատացավ այն մարդկանց թիվը, ովքեր չունենալով համապատասխան բուհական/ակադեմիական կրթություն սկսեցին հանդես գալ որպես հոգեբան և “մատուցել” հոգեբանական ծառայություններ։ Սակայն, սա խնդրի միայն մի կողմն է։ Մյուս կողմն այն է, որ գտնվեցին որոշ “կոլեգաներ” ովքեր որոշակի վարձատրության դիմաց հոժարությամբ սկսեցին “վերապատրաստել” այդպիսի մարդկանց մասնավոր հոգեբանական պրակտիկային/գործին։ Խնդրի երրորդ կողմն էլ նա է, որ մեր երկրում մինչ այժմ չկան համապատասխան օրենքներ և օրենսդրական ակտեր, որոնք այս կամ այն կերպ կկարգավորեին հոգեբանական ծառայությունների ոլորտը։ Այսպիսով, ներկայումս այս խնդրի լուծումը “վերևից” անհնար է։ Մնում է ինքնակոչության դեմ պայքարել միայն բարձրացնելով ազգաբնակչության տեղեկացվածության մակարդակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․

Սույն հոդվածում «պրոֆեսիոնալ հոգեբան» ասելով նկատի եմ ունենալու միայն այն հոգեբաններին, ովքեր զբաղվում են հոգեբանական խորհրդատվությամբ և հոգեթերապիայով։ Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ  այլ ոլորտներում ներգրավված և/կամ այլ բնույթի աշխատանքներ (գիտա-հետազոտական, մանկավարժական և այլն) իրականացնող հոգեբանները նույնպես կոչվում են պրոֆեսիոնալ հոգեբաններ։

Այդ նպատակով, կարծում եմ, նախևառաջ անհրաժեշտ է առանձնացնել պրոֆեսիոնալ հոգեբանի և ինքնակոչի միջև եղած հիմնական տարբերությունները։ Ես կարևոր համարեցի նշել հետևյալ 5-ը․

1. Պրոֆեսիոնալ հոգեբանն ունի բարձրագույն, բուհական/ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում. նվազագույնը բակալավրի աստիճան: Պրոֆեսիոնալ հոգեբանը կարող է ունենալ նաև մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի (նախկին` специалист), գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան: Ինքնակոչ հոգեբանը ինքնուս է, կարդացել է մասնագիտական գրականություն, լավագույն դեպքում, հաճախել է զանազան թրեյնինգների և կուրսերի, “սովորել” է անհատների մոտ, սակայն որպես այդպիսին բուհական, բարձրագույն հոգեբանական կրթություն չունի:

2. Պրոֆեսիոնալ հոգեբանը, որպես կանոն, ունենում է կոնկրետ մասնագիտություն/որակավորում (կլինիկական հոգեբան, դատական հոգեբան, մանկական հոգեբան և այլն), որը նա ձեռք է բերել մագիստարտուրայում կամ 5-ամյա կրթության ընթացում: Ինքնակոչ հոգեբանը, չունենալով բուհական, բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում չի կարող ունենալ նաև մասնագիտություն/որակավորում:

3. Պրոֆեսիոնալ հոգեբանը բուհական կրթություն ստանալուց հետո շարունակում է զբաղվել իր մասնագիտական կատարելագործմամբ և պարբերաբար մասնակցում է մասնագիտական ուսումնական և թրեյնինգային ծրագրերի, գիտաժողովների, հրապարակում է գիտական հոդվածներ, որոնց արդյունքում, ինչպես նաև գործնական աշխատանքի արդյունքում ձեռք է բերում կոնկրետ հոգեբանական խնդիրների (սթրես, ֆոբիաներ և այլն), հոգեկան առողջության կոնկրետ խանգարումների (տագնապային խանգարումներ, դեպրեսիվ խանգարում, կախվածություններ և այլն) հետ աշխատելու հմտություններ: Որոշ ինքնակոչ հոգեբաններ նույնպես պարբերաբար հաճախում են զանազան թրեյնինգների, սակայն չունենալով ակադեմիական կրթություն, չստանալով հիմնարար գիտելիքներ հոգեբանությունից և հարակից գիտություններից ի վիճակի չեն կոնցեպտուալիզացնել նոր գիտելիքները և ինտեգրել դրանք ներքին փորձ:

4. Պրոֆեսիոնալ հոգեբանն աշխատում է որևէ մեկ տեսամեթոդաբանական ուղղվածության (հոգեվերլուծական, էկզիստենցիալ, հումանիստական, կոգնիտիվ-վարքաբանական, ինտեգրատիվ-էկլեկտիկ և այլն) շրջանակներում: Որոշ ինքնակոչ հոգեբաններ նույնիսկ պատկերացում չունեն տեսամեթոդաբանական տարբերությունների մասին, քանզի չունեն ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում, սակայն կգտնվեն նաև այնպիսիք ովքեր կներկայանան որպես այս կամ այն ուղղության ներկայացուցիչ:

5. Պրոֆեսիոնալ հոգեբանը, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ հաճախում է այլ հոգեբանի (սուպերվիզորի կամ պարզապես հոգեբանի) մոտ` անձնային և մասնագիտական խնդիրներով: Ինքնակոչ հոգեբանը չի կարող ունենալ սուպերվիզոր, քանի որ մասնագիտական էթիկայի պատկերացումներից ելնելով ոչ մի պրոֆեսիոնալ հոգեբան չի համաձայնվի լինել սուպերվիզոր որևէ ինքնակոչ հոգեբանի:

Պետք է հիշել նաև, որ՝

  • տվյալ հոդվածում պարզապես փորձ է արվում նախանշել գոնե ինչ-որ կողմնորոշիչներ՝ այցելուների համար, և բնականաբար, այն (հոդվածը) չի հավակնում բացարձակ ճշմարիտ լինելուն, քանի որ կարող  են լինել և բացառություններ,
  • վերընշված չափորոշիչներն անհրաժեշտ են, բայց ոչ սպառիչ,
  • երբեմն ոչ բարձրագույն կրթությունը ու դիպլոմները, և ոչ էլ գիտաստիճաններն ու գիտական կոչումները չեն կարող երաշխավորել հոգեբանի կոմպետենտությունը, սակայն դա չի կարող հիմք և պատճառ լինել բարձրագույն մասնագիտական կրթությունը արժեզրկելու և տվյալ չափորոշիչից հրաժարվելու համար,
  • [առողջության] կլինիկական հոգեբանությունը, խորհրդատվական հոգեբանությունն ու հոգեթերապիան առողջապահության բնագավառի գիտական և պրակտիկ գործունեության ոլորտներ են և պետք է կարգավորվեն օրենքով։ Հետևաբար մասնագիտական կրթության որոշակի չափանիշների և կոմպետենտության չափորոշիչների առկայությունը պարտադիր է։
Ինչով է տարբերվում պրոֆեսիոնալ հոգեբանն ինքնակոչից