Իմ առաջին առցանց խորհրդատվական սեսիան իրականացրել եմ դեռ հեռավոր 2006 թ-ի փետրվարին։ Եվ քանի որ այն ժամանակ գերակշռող կապի տեսակը դեռ dial-up-ն էր, առցանց սեսիաները բացառապես տեքստային էին՝ Skype և/կամ ICQ, իսկ երբեմն էլ էլ․փոստի միջոցով։ Մոտավորապես 2008-2009 թվականներից, կապի տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, առցանց սեսիաները սկսեցի իրականացնել նաև աուդիո-վիդեո կապով՝ դեռևս միայն Skype-ի միջոցով։ Դե, իսկ հետագայում արդեն Viber, WhatsApp և Messenger հավելվածների ի հայտ գալուն և կատարելագործվելուն զուգահեռ լայնացավ նաև կոմունիկացիոն միջոցների ցանկը, որոնցով իրականացնում էի/եմ առցանց խորհրդատվությունն ու հոգեթերապիան։ Եվ այսօր արդեն այցելուներիս մոտ 40-45% -ը առցանց են՝ ամենատարբեր երկրներից և լեզվական խմբերից (գերակշռող մասը արտերիկրի մեր հայրենակիցներն են)։
Բայց, բնականաբար, այսօր առցանց հոգեբանական ծառայություններով ոչ մեկի չես զարմացնի և առավել ևս, մնացած բոլոր տեխնիկական նորամուծությունների հետ մեկտեղ, այն ևս մեծամասնության կողմից ընկալվում է որպես սովորական երևույթ։ Սակայն ամենասկզբում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէր։ Ինչպես արդեն նշեցի, 2006 թ-ին, երբ նոր էի սկսում իմ անհատական պրակտիկան, որպես գործնական հոգեբան, գրեթե զուգահեռ սկսեցի իրականացնել նաև առցանց խորհրդատվություն։ Վերջինիս նկատմամբ (կատարման տեխնիկայի և արդյունավետության), մեղմ ասած, սկեպտիկական վերաբերմունք կար ավագ սերնդի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ, իսկ երիտասարդների մեծ մասը շատ մոտավոր պատկերացում ունեին դրա մասին և/կամ համարում էին դա հեռավոր ապագայի համար նախատեսված գործիք/միջոց։ Չնայած այն փաստին, որ հենց այդ ժամանակ երկրագնդի մյուս հատվածում, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում, առցանց ծառայությունները ոչ միայն արդեն իսկ մաս էին կազմում առողջապահական համակարգի, այլև բազմաթիվ հետազոտությունների միջոցով հիմնավորվել էր վերջիններիս արդյունավետությունը, ինչպես նաև շուկա էին մտնում արդեն VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաների վրա հիմնված նոր թերապևտիկ գործիքներ։ Ինչևէ, ես համոզված էի, որ ժամանակի ընթացքում այդ ամենը ակտուալ կդառնա նաև մեր տարածաշրջանի համար։ Եվ դրա ժամանակն իհարկե եկավ՝ նույիսկ ավելի շուտ քան սպասում էի։
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև հիմնվելով զարգացած երկրների, հոգեբանական ծառայությունների իրականացման, փորձի վրա, ունեմ ձևակերպած որոշ կանխատեսումներ (չնայած որ ասում են կանխատեսումներ անելն ամենաանշնորհակալ գործն է), որոնցով էլ և կցանկայի կիսվել․
- Հոգեբանական ծառայությունները ժամանակի ընթացքում էլ ավելի «կգնան» դեպի ՏՏ տեխնոլոգիաներ, իսկ առցանց իրականացվող ծառայությունները կդառնան գերակշռող։ Սրան կնպաստեն ոչ միայն ՏՏ ոլորտի հետագա սրնթաց զարգացումներն, այլև գլոբալիզացիան և միջազգային աշխատաշուկայի մեջ մեր տարածաշրջանի առավել ակտիվ ներգրավվումն ու մարդկանց տեղաշարժման ավելի մեծ ճկունությունը։
- Ընդ որում, ոչ շատ հեռու ապագայում, առցանց իրականացվող ծառայությունների գործիքակազմում հետզհետե ավելի ու ավելի շատ դերակատարում կունենան VR/AR/MR* տեխնոլոգիաները։
- Կմեծանա նաև վճարման առցանց համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, որոնցից ամենահարմարը, պրակտիկն ու ունիվերսալը դեռևս շարունակում է մնալ vPOS-ը (Virtual POS Terminal)։ Վերջինս հնարավորություն է տալիս ընդունել ակնթարթային առցանց վճարումներ՝ աշխարհի ցանկացած կետից և ցանկացած արտարժույթով․ միակ պայմանը, որ վճարողը պետք է ունենալ Visa կամ MasterCard վճարային համակարգերի պլաստիկ քարտ**։
- Հոգեբանական ծառայությունների շուկայում վերջիններիս զարգացումը և ակտիվ ներդրումը էլ ավելի կարագացնի ոլորտի freelance-ացումը․ ավելի ու ավելի մեծ թվով մասնագետներ կնախընտրեն և հնարավորություն կստանան աշխատել freelance՝ այսինքն ունենալ իրենց ամբողջովին անկախ անհատական պրակտիկան։
- Սա էլ իր հերթին կբերի նրան, որ իրենց արդիականությունը կկորցնեն դասական իմաստով հոգեբանական կենտրոնները, որոնք ունեն կոնկրետ ֆիզիկական տարածք, հասցե և որտեղ ֆիզիկապես ներկա են և այցելուներ են ընդունում տարբեր մասնագետներ։ Կամաց-կամաց նման ձևաչափի կենտրոններն իրենց տեղը կզիջեն կամ կվերափոխվեն «մասնագետների ցանցերի», ինչպիսին է օրինակ այժմ «Հիլֆմանն հոգեբանական ծառայությունները»։ Վերջիններս այդժամ կկրեն զուտ կազմակերպչական, իրավական և ներկայացուցչական գործառույթներ, բայց մասնագետները de facto կլինեն ամբողջովին անկախ և մոբիլ։
Լավ, իսկ ի՞նչ կարելի է ձեռնարկել արդեն այսօր, եթե դուք հոգեբանական ծառայություններ իրականացնող մասնագետ եք։ Կարծում եմ հիմնվելով վերընշվածի վրա կարելի է նախանշել հետևյալը․
- Ցանկալի է, որ գոնե դիտարկեք մոտ ապագայում ձեզ որպես իրավաբանական անձ (ԱՁ, ՍՊԸ) ձևակերպելու/գրանցելու տարբերակը՝ հետագայում դա իրագործելու նպատակով։
- Անկախ նրանից աշխատում եք որևէ հոգեբանական կենտրոնում կամ կլինիկայում թե ոչ, արդեն այսօրվանից մտածեք ձեր մասնագիտական ծառայությունների առաջխաղացման և գովազդի մասին (SMM*** вам в помощь) ։
- Փնտրեք «մասնագիտական ցանցեր», որոնց կարող եք թեկուզ հետագայում միանալ, կամ ստեղծեք ձերը։
Բնականաբար, վերընշվածը զուտ իմ մոտավոր կանխատեսումներն են, որոնք չեն կարող հանդիսանալ բացարձակ ճշգրիտ ուղեցույց ոլորտի ապագա տրանսֆորմացիաներում, սակայն, կարծում եմ, հետագա զարգացումների վեկտորից չեն կարող մեծապես շեղվել։ Դե, նվազագույնը գոնե կարող են ինսայթի աղբյուր լինել ոլորտի մասնագետների համար։
Հ․Գ․ mobile app-երի վրա հիմնված անմասնագետ թերապիան էլ լրիվ այլ թեմա է․ դրան էլ կանդրադառնամ մեկ ուրիշ անգամ 🙂
* VR/AR/MR – Virtual Reality / Augmented Reality / Mixed Reality
** որպես vPOS-ի կիրառության օրինակ կարող եք ծանոթանալ «Հիլֆմանն հոգեբանական ծառայությունների» առցանց վճարման էջին
*** SMM – Social Media Marketing
Օգտակար հղումներ
- Monitor on Psychology (2011). A new emphasis on telehealth. June, Vol 42, No. 6.
- Monitor on Psychology (2017). Trends report: Technology is revolutionizing practice. November, Vol 48, No. 10.
- Առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա [տեսանյութ]