Մոտիվացիան հաճախ ընկալվում է որպես «կամքի ուժ», որը մարդը կամ ունի, կամ չունի։ Այդ պատճառով նպատակին չհասնելը առավել հաճախ բացատրվում է «կամքի պակասով», «ծուլությամբ» կամ «ոչ բավարար ցանկությամբ»։

Սակայն կոգնիտիվ գիտության և նեյրոգիտության տեսանկյունից մոտիվացիան ավելի ճիշտ է դիտարկել ոչ թե որպես մեկ առանձին հատկություն կամ ուղեղի մեկ «կենտրոնի» աշխատանքի արդյունք, այլ որպես մի քանի փոխկապակցված գործընթացների արդյունք։ Կոգնիտիվ համակարգը պետք է կառուցի ցանկալի ապագայի պատկերը, գնահատի դրա արժեքը, ձևավորի գործողությունների մոդելը, համադրի սպասվող օգուտներն ու ծախսերը և գնահատի՝ որքանով են այդ գործողություններն իրագործելի ու շահավետ։

Ստորև ներկայացված հինգ բաղադրիչները գիտության մեջ արդեն իսկ հաստատված մեկ միասնական «հինգ գործոնների տեսություն» չեն. սրանք հիմնականում իմ հետազոտական և կլինիկական փորձի կոնցեպտուալիզացիայի արդյունքն են։ Սա ինտեգրատիվ աշխատանքային մոդել է, որի առանձին օղակները հիմնվում են նպատակների ներկայացման, սուբյեկտիվ արժեքի, պլանավորման, ջանքերի հաշվարկման, ինքնարդյունավետության և գործողություն-արդյունք մոտեցման վերաբերյալ հետազոտությունների վրա։

Այս իմաստով մոտիվացիան կարելի է ներկայացնել հինգ հարցից կազմված շղթայի միջոցով․

  1. Ի՞նչ եմ ես ուզում։
  2. Ի՞նչ է դա ինձ տալու։
  3. Ի՞նչ պետք է անեմ դրան հասնելու համար։
  4. Արդյո՞ք արդյունքն արժե պահանջվող ծախսերը։
  5. Ինչո՞ւ եմ կարծում, որ կատարելով անհրաժեշտ քայլերը ի վերջո կհասնեմ ցանկալի արյունքին։

Եթե այս օղակներից որևէ մեկը բացակայում է կամ չափազանց թույլ է, ընդհանուր մոտիվացիան նույնպես թուլանում է։

1. Նպատակի հստակ ռեպրեզենտացիա․ ի՞նչ եմ ես ուզում

Մարդը դժվարությամբ է շարժվում դեպի մի արդյունք, որը նրա կոգնիտիվ համակարգում հստակ ներկայացված չէ։ «Ուզում եմ ազատվել ավելորդ քաշից», «ուզում եմ հաջողակ լինել» կամ «ուզում եմ փոխել կյանքս» ձևակերպումները ուղղություն են ցույց տալիս, բայց դեռևս չեն ստեղծում բավարար չափով որոշակի նպատակ։

Անհրաժեշտ է հասկանալ՝ կոնկրետ ի՞նչ պիտի փոխվի, ինչպե՞ս է երևալու արդյունքը, ինչպե՞ս ենք հասկանալու, որ այն ձեռք է բերվել, և ի՞նչ ժամանակահատվածում ենք ակնկալում այդ փոփոխությունը։

Օրինակ՝ «Ուզում եմ ազատվել ավելորդ քաշից» ընդհանուր ցանկությունը կարող է վերածվել ավելի հստակ նպատակի․ «Ես ցանկանում եմ հինգ ամսվա ընթացքում, առողջությանս համապատասխան եղանակով, նվազեցնել քաշս ութ կիլոգրամով, փոքրացնել գոտկատեղիս շրջագիծը, ավելի ազատ շարժվել և առանց արտահայտված հոգնածության բարձրանալ աստիճաններով»։

Թվերը տվյալ դեպքում միայն չափելիության օրինակ են․ առողջությանը վերաբերող նպատակը պետք է համապատասխանեցնել անհատի վիճակին և, անհրաժեշտության դեպքում, մասնագետի խորհրդին։

Նպատակի մտապատկերումը (վիզուալիզացիան) նույնպես կարող է օգտակար լինել։ Ապագա անձնական իրադարձությունները պատկերացնելիս ներգրավվում են ինքն իրեն և անձնական նշանակությանը վերաբերող մշակման հետ կապված նեյրոցանցերը, այդ թվում՝ վենտրոմեդիալ պրեֆրոնտալ և հետին ցինգուլյար կեղևները։ Հետազոտություններում մտապատկերային ապագա սցենարները կարողացել են ուժեղացնել սպասվող հաճույքն ու մոտիվացիան։

Սակայն այստեղ կա սկզբունքային սահմանափակում․ միայն իդեալական արդյունքի մասին հաճելի երևակայությունը կարող է նույնիսկ նվազեցնել ջանք գործադրելու պատրաստակամությունը, եթե մարդը մտովի արդեն «վայելում է» արդյունքը, բայց չի իրագործում անհրաժեշտ քայլերը։

Հետևաբար արդյունավետ մտապատկերումը պետք է ընդգրկի ոչ միայն վերջնական պատկերը, այլև ընթացքը՝ գործողությունները, դժվարությունները, գայթակղությունները, հավանական խոչընդոտներն ու դրանց հաղթահարման եղանակները։ Ցանկալի ապագայի և ներկա խոչընդոտների մտային հակադրումը, այնուհետև «եթե-ապա» պլանների ձևավորումը հետազոտություններում կապվում են նպատակին հասնելու փոքրից միջին չափի դրական ազդեցության հետ։

2. Արդյունքի սուբյեկտիվ արժեքը․ ի՞նչ է դա ինձ տալու

Նույն արդյունքը տարբեր մարդկանց համար կարող է ունենալ բոլորովին տարբեր արժեք։ Քաշի նվազեցումը մեկի համար կարող է նշանակել առողջական ցուցանիշների բարելավում, մյուսի համար՝ շարժունակություն և էներգիա, երրորդի համար՝ արտաքին տեսքի փոփոխություն, իսկ մեկ ուրիշի համար՝ վերահսկողության ու ինքնարդյունավետության զգացում։

Ուստի կարևոր է ոչ միայն հստակեցնել նպատակը, այլև պարզել՝ ո՞ր պահանջմունքներն է այն բավարարելու և ինչո՞ւ է այդ արդյունքը հենց կարևոր։

Ուղեղը չի արձագանքում նպատակի «օբյեկտիվ կարևորությանը» վերացական իմաստով․ այն գնահատում է ակնկալվող արդյունքի սուբյեկտիվ արժեքը։ Վենտրոմեդիալ պրեֆրոնտալ և օրբիտոֆրոնտալ կեղևները, այլ ցանցերի հետ միասին, մասնակցում են տարբեր արդյունքների արժեքային ներկայացմանն ու համեմատմանը։

Սա չի նշանակում, որ այդ շրջաններից որևէ մեկը «մոտիվացիայի կենտրոնն» է։ Մոտիվացիան առաջանում է նեյրոցանցային փոխազդեցությունից, իսկ նեյրոպատկերավորման տվյալները պետք է մեկնաբանել զգուշորեն։ Բայց դրանք ցույց են տալիս, որ ընտրություն կատարելու համար կոգնիտիվ համակարգը տարբեր բնույթի արդյունքները վերածում է համադրելի սուբյեկտիվ արժեքների։

Ինքնորոշման տեսության շրջանակում Ռիչարդ Ռայանն ու Էդվարդ Դեսին առանձնացնում են ինքնավարության, կարողունակության և կապակցվածության հիմնական հոգեբանական պահանջմունքները։ Նպատակը սովորաբար ավելի կայուն մոտիվացիոն ուժ է ստանում, երբ մարդն այն ընկալում է որպես սեփական ընտրություն, այն զարգացնում է իր կարողունակությունը կամ կապված է իր համար նշանակալի հարաբերությունների ու արժեքների հետ։

Արտաքին ճնշմամբ կամ համեմատությամբ փոխառված նպատակը կարող է լինել հստակ, բայց ունենալ թույլ ներքին արժեք։

Այստեղ օգտակար են հետևյալ հարցերը․

  • Եթե հասնեմ այս նպատակին, իմ կյանքում կոնկրետ ի՞նչ կփոխվի։
  • Ո՞ր պահանջմունքն է այն բավարարելու։
  • Եթե ոչ ոք չտեսնի և չգնահատի արդյունքը, ես դեռ կցանկանա՞մ այն։
  • Սա իսկապե՞ս իմ նպատակն է, թե՞ ուրիշների սպասումների կատարումը։

3. Գործողությունների քարտեզը․ ի՞նչ պետք է անել

Ցանկալի արդյունքը դեռևս գործողություն չէ։ «Ազատվել ավելորդ քաշից» նպատակը չի ասում՝ մարդն այսօր երեկոյան, վաղը առավոտյան կամ դժվար իրավիճակում կոնկրետ ի՞նչ պետք է անի։

Նպատակն իրագործելի է դառնում միայն այն ժամանակ, երբ այն վերածվում է լուծվող խնդիրների, հաջորդական առաջադրանքների և դիտարկելի վարքային դրսևորումների։

Քաշի նվազեցման դեպքում գործողությունների քարտեզը կարող է ներառել սննդային սովորությունների գնահատում, մասնագետի հետ իրատեսական սննդակարգի կազմում, շաբաթական շարժողական ակտիվության պլան, քնի կարգավորում, առաջընթացի գնահատում և բարձր ռիսկայնությամբ իրավիճակների վերհանում։ Յուրաքանչյուր մեծ խնդիր պետք է բաժանել այնքան փոքր քայլերի, որ մարդը հստակ իմանա իր հաջորդ գործողությունը։

Հատկապես արդյունավետ գործիք են իրագործման մտադրությունները՝ «եթե-ապա» ձևաչափով պլանները։

Օրինակ՝ «Եթե աշխատանքից ուշ վերադառնամ և մարզվելու ցանկություն չունենամ, ապա առնվազն տասը րոպե կքայլեմ»։ Կամ՝ «Եթե սթրեսի պահին քաղցր ուտելու մղում առաջանա, ապա նախ տասը րոպե կսպասեմ, ջուր կխմեմ և կգնահատեմ՝ ֆիզիկական քա՞ղց է, թե՞ հուզական արձագանք»։

Այս ձևաչափը իրավիճակային թրիգեռը նախապես կապում է որոշված վարքի հետ և նվազեցնում տվյալ պահին նորից որոշում ընդունելու բեռը։

Միաժամանակ պլանը հրաշագործ միջոց չէ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «եթե-ապա» պլաններն ավելի լավ են աշխատում, երբ հիմքում առկա է բավական ուժեղ նպատակային մտադրություն։ Դրանք կարող են նաև պակաս արդյունավետ լինել շատ կարծրացած սովորությունների դեպքում, երբ անհրաժեշտ է ոչ միայն պլանավորում, այլև միջավայրի փոփոխություն, թրիգեռների վերահսկում և նոր վարքի երկարատև ամրապնդում։

4. Օգուտ-վնասի վերլուծությունը․ արդյո՞ք նպատակն արժե ներդրումը

Օրգանիզմի ռեսուրսները սահմանափակ են։ Ցանկացած նպատակ պահանջում է ժամանակ, ուշադրություն, էներգիա, երբեմն՝ գումար, անհարմարության հանդուրժում և այլ հնարավորություններից հրաժարում։

Հետևաբար կոգնիտիվ համակարգը, հաճախ առանց գիտակցված հաշվարկներ կազմելու, համադրում է սպասվող պարգևն ու պահանջվող ջանքերի արժեքը։ Եթե նպատակը կարևոր է թվում, բայց դրա իրականացման ճանապարհն ընկալվում է որպես չափազանց թանկ, երկար, ռիսկային կամ քիչ հավանական, մոտիվացիան կարող է նվազել։

Դա միշտ չէ, որ ծուլության նշան է։ Երբեմն դա բացասական սպասվող արժեքի հետևանք է։

Որպես աշխատանքային, ոչ թե բառացի նեյրոկենսաբանական բանաձև՝ այս գնահատումը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․

Սպասվող զուտ արժեք ≈ արդյունքի սուբյեկտիվ արժեք × հաջողության գնահատված հավանականություն − ջանք, ժամանակ, ռիսկ, ֆինանսական ծախս և այլընտրանքային արժեք։

Այս հաշվարկում կարևոր է ոչ միայն օգուտների և վնասների/ծախսերի ծավալը, այլև դրանց ժամանակը։ Անմիջական անհարմարությունը հաճախ հոգեբանորեն ավելի ծանր է կշռում, քան ուշացած օգուտը։

Օրինակ՝ խիստ սննդային սահմանափակման անհարմարությունը զգացվում է այսօր, իսկ առողջական օգուտը սպասվում է ամիսներ անց։ Այդ դեպքում արդյունավետ լուծումը կարող է լինել ոչ թե ինքն իրեն ավելի կոշտ ստիպելը, այլ նպատակի երթուղին վերանախագծելը՝ ընտրել ավելի դանդաղ, բայց տանելի ընթացք, նվազեցնել ավելորդ որոշումները, պատրաստել միջավայրը և ստեղծել մոտակա միջանկյալ պարգևատրումների համակարգ։

Նեյրոգիտական ուսումնասիրություններում վենտրոմեդիալ պրեֆրոնտալ կեղևն ու վենտրալ ստրիատումը մասնակցել են ինչպես պարգևատրման օգուտների, այնպես էլ կոգնիտիվ ջանքի ծախսերի կոդավորմանը։ Վերահսկողության սպասվող արժեքի մոդելներում ներդրվող կոգնիտիվ վերահսկողության չափը կախված է ոչ միայն պարգևատրման մեծությունից, այլև այն համոզմունքից, թե տվյալ ջանքն իրականում որքանով է ազդելու արդյունքի վրա։

5. Ինքնարդյունավետությունն ու գործողության արդյունավետությունը․ ինչո՞ւ պետք է այս քայլերն աշխատեն

Հինգերորդ բաղադրիչը հաճախ ձևակերպվում է այսպես․ «Պետք է համոզված լինեմ, որ անպայման կստացվի»։ Սակայն բացարձակ վստահությունը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ միշտ ռացիոնալ։

Իրական աշխարհում գրեթե ցանկացած նշանակալի նպատակ պարունակում է անորոշություն, իսկ չափազանցված վստահությունը կարող է վերածվել վերահսկողության պատրանքի և խանգարել սխալներից սովորելուն։ Անհրաժեշտ է ոչ թե հաջողության մոգական երաշխիք, այլ երկու տարբեր, փաստերով հիմնավորվող համոզմունք։

Առաջինը ինքնարդյունավետությունն է՝ «Ես կարող եմ կատարել պահանջվող գործողությունները կամ սովորել դրանք կատարել»։

Երկրորդը գործողության արդյունավորության սպասումն է՝ «Այս գործողությունները պատճառաբանված կերպով մեծացնում են ցանկալի արդյունքի հավանականությունը»։

Մարդը կարող է հավատալ իր աշխատասիրությանը, բայց չհավատալ ընտրված մեթոդին։ Կամ կարող է համոզված լինել, որ մեթոդն աշխատում է, սակայն չհավատալ, որ ինքը կարող է այն իրականացնել։ Երկու դեպքերում էլ մոտիվացիոն շղթան թուլանում է։

Քաշի նվազեցման օրինակում գիտականորեն ավելի հիմնավորված միտքը ոչ թե «Ես հաստատ կհասնեմ իմ ուզած թվին» է, այլ՝ «Եթե հետևողականորեն կատարեմ իմ առողջությանը համապատասխան սննդային, շարժողական և քնի քայլերը, չափեմ արդյունքները և տվյալների հիման վրա ճշգրտեմ ծրագիրը, ապա էականորեն կմեծացնեմ նպատակի հասնելու հավանականությունը»։

Այս ձևակերպումը միաժամանակ պահպանում է աշխատունակությունը և ընդունում իրականության անորոշությունը։

Ինքնարդյունավետությունը կառուցվում է ոչ թե պարզապես ինքն իրեն համոզելով, այլ աստիճանական հաջողված փորձով, իրատեսական ենթանպատակներով, հմտությունների զարգացմամբ, համապատասխան օրինակների դիտարկմամբ, օգտակար հետադարձ կապով և հուզական լարվածությունը կարգավորելով։

Ուղեղը յուրացնում է գործողություն-արդյունք կապերը՝ համադրելով սպասումը և ստացված հետադարձ կապը։ Հետևաբար ձախողված փորձը պարտադիր չէ մեկնաբանել որպես «Ես անկարող եմ»։ Այն կարող է դիտարկվել որպես կանխատեսման սխալ՝ տեղեկություն այն մասին, թե ծրագրի, միջավայրի կամ հմտության ո՞ր մասը պետք է վերանայել։

Հինգ բաղադրիչները՝ որպես մեկ համակարգ

Այս մոտեցումը կարելի է ամփոփել աշխատանքային՝ ոչ բառացի մաթեմատիկական մոդելով․

Կայուն մոտիվացիա ≈ նպատակի հստակություն × արդյունքի սուբյեկտիվ արժեք × գործողությունների քարտեզ × դրական սպասվող զուտ արժեք × իրագործելիության ու արդյունավորության համոզմունք։

Բազմապատկման նշանն այստեղ կարևոր գաղափար է փոխանցում․ բարձր ցուցանիշը մի բաղադրիչում միշտ չէ, որ կարող է փոխհատուցել մյուսի գրեթե լիակատար բացակայությունը։

Մարդը կարող է շատ ցանկալի և վառ նպատակ ունենալ, բայց չիմանալ՝ ինչ անել։ Կարող է ունենալ հիանալի պլան, բայց չտեսնել դրա անձնական իմաստը։ Կարող է գիտակցել բոլոր օգուտները, սակայն ծախսերն ընկալել որպես անհաղթահարելի։ Կամ կարող է ունենալ իրատեսական ծրագիր, բայց համոզված լինել, որ իր գործողությունները ոչինչ չեն փոխի։

Այդ պատճառով «մոտիվացիա չունեմ» արտահայտությունը վերջնական բացատրություն չէ, այլ ուսումնասիրության հիմք։ Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի և ռացիոնալ ինքնավերլուծության շրջանակում ավելի օգտակար է հարցնել՝ մոտիվացիոն շղթայի ո՞ր օղակն է հիմա թուլացած։

  • Նպատակն անորո՞շ է։
  • Արդյունքը բավարար անձնական արժեք չունի՞։
  • Չկա՞ հստակ գործողությունների հաջորդականություն։
  • Ծախսերը գերազանցո՞ւմ են սպասվող օգուտը, թե՞ ճանապարհն է անարդյունավետ կառուցված։
  • Թո՞ւյլ է ինքնարդյունավետությունը, թե՞ կասկածելի է գործողություն-արդյունք կապը։

Այս հարցերը մոտիվացիայի խնդիրը բարոյական գնահատականից վերածում են վերլուծելի և փոփոխելի համակարգի։

Մարդուն պետք չէ պարզապես հրամայել «ավելի շատ ցանկանալ»։ Անհրաժեշտ է կառուցել այնպիսի կոգնիտիվ մոդել, որտեղ պարզ է ցանկալի ապագան, այդ ապագան իսկապես արժեքավոր է, ճանապարհը բաժանված է իրագործելի քայլերի, ներդրումն արդարացված է, իսկ վստահությունը սնվում է փորձով, տվյալներով և շարունակական ճշգրտմամբ։

 

Գրականություն

Bandura, A., & Locke, E. A. (2003). Negative self-efficacy and goal effects revisited. Journal of Applied Psychology, 88(1), 87–99. https://doi.org/10.1037/0021-9010.88.1.87

D’Argembeau, A., Stawarczyk, D., Majerus, S., Collette, F., Van der Linden, M., Feyers, D., Maquet, P., & Salmon, E. (2010). The neural basis of personal goal processing when envisioning future events. Journal of Cognitive Neuroscience, 22(8), 1701–1713. https://doi.org/10.1162/jocn.2009.21314

Economides, M., Guitart-Masip, M., Kurth-Nelson, Z., & Dolan, R. J. (2014). Anterior cingulate cortex instigates adaptive switches in choice by integrating immediate and delayed components of value in ventromedial prefrontal cortex. Journal of Neuroscience, 34(9), 3340–3349. https://doi.org/10.1523/JNEUROSCI.4313-13.2014

Frömer, R., Lin, H., Dean Wolf, C. K., Inzlicht, M., & Shenhav, A. (2021). Expectations of reward and efficacy guide cognitive control allocation. Nature Communications, 12, Article 1030. https://doi.org/10.1038/s41467-021-21315-z

Huang, X., Mayer, R. E., & Usher, E. L. (2020). Better together: Effects of four self-efficacy-building strategies on online statistical learning. Contemporary Educational Psychology, 63, Article 101924. https://doi.org/10.1016/j.cedpsych.2020.101924

Ji, J. L., Geiles, D., & Saulsman, L. M. (2021). Mental imagery-based episodic simulation amplifies motivation and behavioural engagement in planned reward activities. Behaviour Research and Therapy, 145, Article 103947. https://doi.org/10.1016/j.brat.2021.103947

Kappes, H. B., & Oettingen, G. (2011). Positive fantasies about idealized futures sap energy. Journal of Experimental Social Psychology, 47(4), 719–729. https://doi.org/10.1016/j.jesp.2011.02.003

Keramati, M., Smittenaar, P., Dolan, R. J., & Dayan, P. (2016). Adaptive integration of habits into depth-limited planning defines a habitual-goal-directed spectrum. Proceedings of the National Academy of Sciences, 113(45), 12868–12873. https://doi.org/10.1073/pnas.1609094113

McNamee, D., Rangel, A., & O’Doherty, J. P. (2013). Category-dependent and category-independent goal-value codes in human ventromedial prefrontal cortex. Nature Neuroscience, 16(4), 479–485. https://doi.org/10.1038/nn.3337

O’Callaghan, C., Vaghi, M. M., Brummerloh, B., Cardinal, R. N., & Robbins, T. W. (2019). Impaired awareness of action-outcome contingency and causality during healthy ageing and following ventromedial prefrontal cortex lesions. Neuropsychologia, 128, 282–289. https://doi.org/10.1016/j.neuropsychologia.2018.01.021

Rolls, E. T., & Grabenhorst, F. (2008). The orbitofrontal cortex and beyond: From affect to decision-making. Progress in Neurobiology, 86(3), 216–244. https://doi.org/10.1016/j.pneurobio.2008.09.001

Ryan, R. M., & Deci, E. L. (2017). Self-determination theory: Basic psychological needs in motivation, development, and wellness. Guilford Press.

Sheeran, P., Webb, T. L., & Gollwitzer, P. M. (2005). The interplay between goal intentions and implementation intentions. Personality and Social Psychology Bulletin, 31(1), 87–98. https://doi.org/10.1177/0146167204271308

Toli, A., Webb, T. L., & Hardy, G. E. (2016). Does forming implementation intentions help people with mental health problems to achieve goals? A meta-analysis of experimental studies with clinical and analogue samples. British Journal of Clinical Psychology, 55(1), 69–90. https://doi.org/10.1111/bjc.12086

Wang, G., Wang, Y., & Gai, X. (2021). A meta-analysis of the effects of mental contrasting with implementation intentions on goal attainment. Frontiers in Psychology, 12, Article 565202. https://doi.org/10.3389/fpsyg.2021.565202

Westbrook, A., van den Bosch, R., Määttä, J. I., Hofmans, L., Papadopetraki, D., Cools, R., & Frank, M. J. (2020). Dopamine promotes cognitive effort by biasing the benefits versus costs of cognitive work. Science, 367(6484), 1362–1366. https://doi.org/10.1126/science.aaz5891

Yang, Y.-Y., & Delgado, M. R. (2025). The integration of self-efficacy and response-efficacy in decision making. Scientific Reports, 15, Article 1789. https://doi.org/10.1038/s41598-025-85577-z

Մոտիվացիայի հինգ անհրաժեշտ բաղադրիչները
Tagged on: