Մոտիվացիայի և նպատակադրման մասին խոսելիս հաճախ կենտրոնանում ենք միայն հարցի արտաքին կողմի վրա․ ի՞նչ եմ ուզում, ինչպե՞ս հասնել դրան, ինչպե՞ս չհրաժարվել ճանապարհի կեսից։ Սակայն ավելի խորքային մակարդակում մոտիվացիան կապված է ոչ միայն առանձին նպատակի, այլև այն կյանքի պատկերի, կենսակերպի հետ, որը մարդը ցանկանում է կառուցել։

Այս պատճառով առաջին և կարևոր հարցը ոչ թե պարզապես «ի՞նչ եմ ես ուզում»-ն է, այլ՝ «ինչո՞ւ է սա ինձ համար կարևոր»։

Կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք այս նպատակը իսկապես իմն է, և ինչպե՞ս է այն ինձ մոտեցնում այն կյանքին/կենսակերպին, որը ես ցանկանում եմ ունենալ։ Ի՞նչ կենսակերպ եմ ցանկանում կառուցել։ Ինչպիսի՞ օրեր, հարաբերություններ, աշխատանք, մարմին, հոգեվիճակ, ազատություն կամ պատասխանատվություն եմ ուզում ունենալ։ Եթե նպատակը չի կապվում կյանքի ավելի լայն պատկերի հետ, այն հաճախ կորցնում է իր մոտիվացիոն ուժը։

Մարդը ցանկանլի է հարցնի ինքն իրեն ոչ միայն «ո՞վ եմ ես», այլև՝ «ո՞վ եմ ուզում դառնալ»։ Ի՞նչ որակներ եմ ուզում զարգացնել իմ մեջ։ Ինչպիսի՞ մարդ եմ ցանկանում լինել իմ հարաբերություններում, աշխատանքում, դժվարությունների պահին, սեփական մարմնի, ժամանակի և ընտրությունների նկատմամբ վերաբերմունքում։

Այս մոտեցումը նպատակադրումը դարձնում է ոչ միայն արդյունքի ընտրություն, այլև ինքնության կառուցման գործընթաց։ Մենք պարզապես չենք հասնում նպատակներին․ նպատակների միջոցով աստիճանաբար կառուցում ենք մեր ապագա «ես»-ը։

Այստեղ կարևոր է տարբերել նպատակը և միջոցը։ Շատ հաճախ այն, ինչ սկզբում եղել է միջոց, ժամանակի ընթացքում կարող է աննկատ դառնալ վերջնական նպատակ։ Օրինակ՝ որոշակի պաշտոնը, կրթությունը, ֆինանսական կարգավիճակը կամ մասնագիտական դիրքը կարող են լինել կարևոր գործիքներ ցանկալի կյանքի կառուցման համար։ Բայց դրանք պարտադիր չէ, որ լինեն հենց այդ կյանքի իմաստը։

Եթե մարդը ցանկանում է ունենալ ավելի ազատ, ստեղծագործ, անվտանգ կամ արժեքային կյանք, ապա աշխատանքը, կրթությունը կամ գումարը կարող են լինել այդ կյանքի կառուցման միջոցներ։ Սակայն եթե միջոցը փոխարինում է նպատակին, մարդը կարող է երկար տարիներ շարժվել շատ ակտիվ, բայց ներքուստ չհասկանալ՝ ինչի համար է շարժվում։

Նույնը վերաբերում է նաև խոչընդոտներին։

Կյանքի ճանապարհին առաջացող խնդիրները՝ հիվանդություն, ֆինանսական դժվարություն, հարաբերությունների ճգնաժամ, մասնագիտական խոչընդոտ կամ հոգեբանական խնդիր, կարող են պահանջել մեծ ուշադրություն և ուժ։ Դրանք պետք է լուծել, դրանցից խուսափել պետք չէ։ Սակայն վտանգն այն է, որ խոչընդոտի վերացումը կարող է աստիճանաբար դառնալ կյանքի հիմնական նպատակը։

Մարդը կարող է այնքան կենտրոնանալ հիվանդության, պարտքի, կոնֆլիկտի, տագնապի կամ որևէ այլ խնդրի վրա, որ կորցնի մեծ պատկերը․ ինչի՞ համար եմ ես սա հաղթահարում, դեպի ո՞ր կյանքն եմ ուզում գնալ, ի՞նչն է այս խնդրից այն կողմ։

Խոչընդոտը ճանապարհի մաս է, բայց ոչ միշտ ճանապարհի վերջնական իմաստը։ Եթե մարդը մոռանում է իր հիմնական ուղղությունը, ապա խնդրի լուծումը կարող է վերածվել փակ շրջանի։ Նա այլևս չի շարժվում դեպի կյանք, այլ ամբողջ էներգիան ծախսում է միայն այն բանի վրա, որ հեռացնի այն, ինչը խանգարում է ապրել։

Այստեղ մոտիվացիայի հարցը դառնում է ավելի խորքային․ մոտիվացիան միայն ցանկություն չէ։ Այն նաև կարողություն է՝ տեսնելու, թե ինչի համար եմ անցնում դժվարության միջով։

Այս տեսանկյունից «լավը», «ճիշտը» կամ «օգտակարը» մարդու համար միշտ չէ, որ կարելի է հասկանալ վերացական, բոլորի համար նույն ձևով։ Մեզ համար լավ և ճիշտ է այն, ինչը համահունչ է մեր արժեքներին և օգնում է մոտենալ այն կյանքին, որը ցանկանում ենք կառուցել։

Եթե որոշումը մեզ մոտեցնում է մեր կարևոր նպատակներին, եթե այն համապատասխանում է մեր արժեքային պատկերացումներին, եթե այն երկարաժամկետ առումով նպաստում է ավելի իմաստալից և առողջ կյանքին, ապա այդ որոշումը կարող է լինել ճիշտ մեզ համար։

Բայց այստեղ կա ևս մեկ կարևոր պայման․ մեր արժեքներն ու նպատակները նույնպես քարացած չեն։ Դրանք կարող են փոխվել ժամանակի, փորձի, տարիքի, գիտելիքի, կորուստների, հաջողությունների և կյանքի նոր փուլերի հետ միասին։ Այն, ինչ մի փուլում եղել է կարևոր նպատակ, մեկ այլ փուլում կարող է դառնալ երկրորդական։ Այն, ինչ նախկինում մեզ թվում էր կենսական, հետագայում կարող է կորցնել իր նշանակությունը։

Սա չի նշանակում, որ մարդը պետք է անընդհատ փոխի նպատակները։ Բայց նշանակում է, որ հասուն նպատակադրումը պահանջում է պարբերական վերանայում․ արդյո՞ք այս նպատակը դեռ իմն է, արդյո՞ք այն դեռ համապատասխանում է այն կյանքին, որը ես ուզում եմ, արդյո՞ք այն շարունակում է ունենալ արժեք։

Կոգնիտիվ գիտության տեսանկյունից մարդը կարելի է դիտարկել որպես համակարգ, որը մշտապես կառուցում, ստուգում և թարմացնում է աշխարհի, իր անձի և ապագայի մասին իր մոդելները։ Մեր ուղեղը ոչ միայն արձագանքում է իրականությանը, այլև կանխատեսում է այն, փորձում է նվազեցնել անորոշությունը, պաշտպանել մեզ և գտնել ադապտացիայի հնարավոր ձևեր։

Այս պատճառով հոգեբանական կամ հոգեկան խնդիրը հաճախ կարելի է դիտարկել ոչ միայն որպես «խանգարում» կամ «սխալ», այլև որպես ադապտացիայի ձև։ Տագնապը, խուսափումը, վերահսկողության ձգտումը, հուզական սառեցումը, ագրեսիան, կախվածությունը կամ ինքնամեկուսացումը կարող են ժամանակին ծառայած լինել որպես պաշտպանական մեխանիզմներ։

Կոգնիտիվ համակարգը հաճախ չի ընտրում լավագույն լուծումը։ Այն ընտրում է այն լուծումը, որը տվյալ պահին, տվյալ պայմաններում, ընկալվում է որպես չարյաց փոքրագույնը։ Եթե իրականությունը վտանգավոր է, անկանխատեսելի, ցավոտ կամ անհասկանալի, ուղեղը կարող է ընտրել այնպիսի ռազմավարություն, որը կարճաժամկետ առումով նվազեցնում է ցավը կամ վտանգը, բայց երկարաժամկետ առումով սահմանափակում է կյանքը։

Այն, ինչ մի ժամանակ օգնել է գոյատևել, հետագայում կարող է խանգարել ապրել։

Այս իմաստով հոգեբանական խնդիրը պետք է հասկանալ ոչ միայն որպես մի բան, որից պետք է ազատվել, այլև որպես հարց․ ինչի՞ն է իմ համակարգը փորձել ադապտացվել։ Ի՞նչ վտանգից, ցավից, անորոշությունից կամ կորուստից է այն փորձել պաշտպանել ինձ։ Ինչո՞ւ է ուղեղը ընտրել հենց այս ռազմավարությունը։

Սակայն եթե ադապտացիոն հին մոդելը այլևս չի տանում դեպի այն կյանքը, որը ես ուզում եմ, ապա այն պետք է աստիճանաբար փոխարինել ավելի ճկուն, ավելի հասուն և արժեքային առումով ավելի համապատասխան մոդելով։

Այս մոտեցումը կարելի է տարածել ոչ միայն կլինիկական խնդիրների, այլև կյանքի գրեթե բոլոր նշանակալի դժվարությունների վրա։ Հարաբերությունների կրկնվող խնդիրները, աշխատանքի հետ կապված կոնֆլիկտները, ֆինանսական սխալ վարքագիծը, պրոկրաստինացիան, ինքնավնասող ընտրությունները կամ հոգեբանական խանգարումները կարելի է դիտարկել որպես գլոբալ ադապտացիայի խնդիրներ։

Հարցը միայն այն չէ՝ «ի՞նչն ինձ հետ այնպես չէ»։ Ավելի արդյունավետ հարցն է՝ «ինչի՞ն եմ ես այս ձևով ադապտացվել»։

Մարդը կարող է ադապտացվել մերժման վախին՝ դառնալով չափազանց հաճոյացող։ Կարող է ադապտացվել անորոշությանը՝ ամեն ինչ վերահսկելու փորձով։ Կարող է ադապտացվել ցավոտ հարաբերություններին՝ հուզականորեն փակվելով։ Կարող է ադապտացվել ձախողման վախին՝ ոչինչ չսկսելով։ Կարող է ադապտացվել ներքին դատարկությանը՝ մշտական զբաղվածությամբ, աշխատանքով կամ արտաքին նվաճումներով։

Սրանք բոլորը կարող են լինել ադապտացիաներ, ադապտացիայի մոդելներ։ Բայց ոչ ամեն ադապտացիա է տանում դեպի ցանկալի կյանք։ Որոշ ադապտացիաներ օգնում են պարզապես դիմանալ կյանքին, բայց չեն օգնում այն կառուցել։

Այստեղ է, որ նպատակադրումը, արժեքները և մոտիվացիան միավորվում են մեկ ընդհանուր համակարգի մեջ։

Եթե մարդը բախվում է խնդրի և ուզում է հասկանալ՝ ինչպես լուծել այն, ինչ ուղղությամբ շարժվել և որտեղ գտնել մոտիվացիա, անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն շրջանակում։

Ո՞րն է իմ ցանկալի կյանքի պատկերը։
Ինչպիսի՞ մարդ եմ ուզում դառնալ։
Ո՞ր արժեքներն են ինձ համար կարևոր այս փուլում։
Այս խնդիրը ինչի՞ն է խանգարում։
Ես ինչի՞ համար եմ ուզում հաղթահարել այն։
Սա նպատա՞կ է, միջոց՞, թե՞ ճանապարհի խոչընդոտ։
Իմ ներկա վարքը ինձ պաշտպանում է, թե՞ սահմանափակում։
Ի՞նչ նոր ադապտացիոն մոդել կարող է ավելի լավ համապատասխանել իմ իրականությանը և իմ նպատակներին։

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի և ռացիոնալ ինքնավերլուծության տեսանկյունից սա շատ կարևոր տարբերակում է։ Եթե խնդիրը դիտարկվում է միայն որպես ախտանիշ, մարդը կարող է պայքարել դրա դեմ՝ չհասկանալով դրա գործառույթը։ Բայց եթե խնդիրը դիտարկվում է որպես ադապտացիոն ռազմավարություն, ապա հնարավոր է հասկանալ դրա ներքին տրամաբանությունը և կառուցել ավելի արդյունավետ այլընտրանք։

Մոտիվացիան այդ դեպքում դառնում է ոչ թե պարզապես կամքի ուժ, այլ կողմնորոշում դեպի ավելի լավ ադապտացիա։ Մարդը սկսում է հասկանալ, որ ինքը ոչ միայն լուծում է խնդիր, այլև վերակառուցում է իր հարաբերությունը կյանքի, իր ապագայի և իր սեփական անձի հետ։

Այս իմաստով նպատակադրումը միայն ապագա արդյունքի ընտրություն չէ։ Դա կյանքի ուղղության ընտրություն է։ Իսկ մոտիվացիան առաջանում է այն ժամանակ, երբ մարդը տեսնում է, որ իր ջանքը, խնդրի հաղթահարումը և նոր վարքի զարգացումը կապված են ոչ թե պարզապես առանձին առաջադրանքի, այլ այն կյանքի հետ, որը նա իսկապես ցանկանում է կառուցել։

Նպատակը, արժեքները և մոտիվացիան՝ որպես ադապտացիոն վեկտոր
Tagged on: