Որտե՞ղ է ավարտվում գիտությունը և սկսվում Self-Help-ը (ինքնօգնությունը)

Ջո Դիսպենզայի գրքերը վերջին տարիներին մեծ տարածում են ստացել ամբողջ աշխարհում։ Դրանց հիմնական ուղերձներից մեկը բավական գրավիչ է․ մարդը կարող է փոխել իր մտածողությունը, ազատվել տարիներով կրկնվող հուզական և վարքային օրինաչափություններից և, այդպիսով, փոխել սեփական կյանքը։

Որպես հոգեբան և հոգեթերապևտ՝ ինձ այստեղ հատկապես հետաքրքրում է մեկ հարց․ Դիսպենզայի ներկայացրած գաղափարներից որո՞նք են համապատասխանում ժամանակակից կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի (ԿՎԹ) և նեյրոգիտության տվյալներին, իսկ որտե՞ղ ենք արդեն անցնում գիտականորեն հաստատված գիտելիքի սահմանը։

Այս տարբերակումը կարևոր է, որովհետև Դիսպենզայի մոտ իրական գիտական հասկացությունները՝ նեյրոպլաստիկությունը, մեդիտացիան, էպիգենետիկան, սովորությունների ձևավորումը կամ պլացեբո-էֆֆեկտը, երբեմն միավորվում են շատ ավելի լայն պնդումների հետ՝ «քվանտային դաշտի», գիտակցության միջոցով ապագան ստեղծելու կամ էպիֆիզի միջոցով արտասովոր իրականությունների հասանելիության մասին։

Ուստի խնդիրը Դիսպենզային պարզապես «գիտական» կամ «հակագիտական» անվանելը չէ։ Ավելի ցանկալի է տարբերակել՝ ինչն է հաստատված, ինչն է հավանական, իսկ ինչը՝ հետաքրքիր, բայց դեռևս չհաստատված հիպոթեզ կամ փոխաբերություն։

Կարո՞ղ է մտածողության փոփոխությունը փոխել մարդու կյանքը

Այս հարցի կարճ պատասխանը՝ այո, կարող է։

Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի հիմնական գաղափարներից մեկն այն է, որ մենք արձագանքում ենք ոչ թե իրադարձություններին, այլև դրանց վերաբերյալ մեր մեկնաբանություններին և գնահատականներին։ Նույն իրավիճակը տարբեր մարդկանց մոտ կարող է առաջացնել տարբեր հույզեր և վարքային արձագանքներ՝ կախված նրանից, թե ինչպես են նրանք հասկանում այդ իրավիճակը։

Եթե մարդը փոխում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, կարող են փոխվել նաև նրա հուզական արձագանքն ու վարքը։

Սակայն այստեղ կա մի կարևոր տարբերություն պարզունակ «պոզիտիվ մտածողության» և ժամանակակից ԿՎԹ-ի միջև։

Փոփոխությունը տեղի չի ունենում միայն այս ուղղությամբ՝ միտք → հույզ → վարք։

Գործում է նաև հակառակ ուղղությունը՝ վարք → նոր փորձ → նոր մտածողություն։

Հենց այդ պատճառով ԿՎԹ-ում այդքան կարևոր են վարքային փորձերը, էքսպոզիցիան, վարքային մոդելավորումը և իրական կյանքում նոր վարքային ռազմավարությունների փորձարկումը։ Մարդը կարող է տարիներով իրեն համոզել, որ ինչ-որ իրավիճակ անվտանգ է, բայց երբեմն մեկ հաջող վարքային փորձը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ նրա համոզմունքների վրա, քան տասնյակ մտավոր վերլուծությունները։

Հետևաբար ավելի ճշգրիտ կլինի ասել՝ միտքը կարող է փոխել մարդու կյանքը այնքանով, որքանով այն փոխում է նրա ուշադրությունը, որոշումները, գործողությունները և այն փորձը, որը նա ստանում է այդ գործողությունների արդյունքում։

Սովորությունները և «հին ես»-ը

Դիսպենզայի գրքերում հաճախ հանդիպում է այն գաղափարը, որ մարդը կարող է տարիներով ապրել նույն մտքերի, նույն զգացմունքների և նույն վարքային հակազդումների շրջանակում։ Այս դիտարկումն ինքնին բավական լավ համապատասխանում է սովորությունների ժամանակակից հոգեբանությանը։ Սովորությունները ձևավորվում են, երբ որոշակի համատեքստում մենք բազմիցս կրկնում ենք նույն արձագանքը։ Ժամանակի ընթացքում այդ վարքն ավելի ավտոմատ է դառնում և ավելի քիչ է կախված գիտակցված որոշումից (Wood & Rünger, 2016)։ Սա նշանակում է, որ երբեմն մարդը կարող է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է ուզում փոխել, բայց շարունակել գործել հին ձևով։

Այսպիսով, Դիսպենզայի «ինք քեզ նման լինելու սովորությունից ազատվելու» գաղափարի հոգեբանական մասը կարելի է բավական լավ մեկնաբանել գիտական լեզվով՝ որպես կայուն կոգնիտիվ, հուզական և վարքային սովորությունների փոփոխություն։

Այստեղ որևէ «գաղտնի» մեխանիզմ չկա։

Ինչո՞ւ ենք հասկանում, թե ինչ պետք է փոխել, բայց ոչինչ չենք փոխում

Սա հոգեթերապիայի ամենակարևոր հարցերից մեկն է։ Մարդը կարող է շատ լավ հասկանալ, որ պետք է մարզվի, դադարի խուսափել սոցիալական իրավիճակներից, սահմաններ դնի հարաբերություններում կամ փոխի աշխատանքի հետ կապված որևէ սովորություն։

Բայց գիտելիքը դեռևս վարք չէ։ Վարքի վրա ազդում են ոչ միայն գիտակցված մտադրությունները, այլև սովորությունները, կոնտեքստային ազդակները, անհապաղ պարգևատրումը, անհանգստությունից խուսափելը, հոգնածությունը, ջանքերի ծախսատար լինելը և նախկինում ամրապնդված վարքային օրինաչափությունները։ Այդ պատճառով հոգեթերապիայում ինսայթը սովորաբար դիտարկվում է ոչ թե որպես վերջնական արդյունք, այլ որպես փոփոխության բաղադրիչներից մեկը։ Շատ դեպքերում մարդուն անհրաժեշտ չէ ևս մեկ անգամ հասկանալ՝ «ինչու եմ ես այսպիսին»։ Անհրաժեշտ է ստեղծել մի իրավիճակ, որտեղ նա կարող է այլ կերպ գործել և ստանալ այլ արդյունք։

Այսինքն՝ հստակ ազդակ → հստակ գործողություն → կրկնություն → feedback → նոր ուսուցում։

Թեմայի վերաբերյալ խորհուրդ կտամ ծանոթանալ նաև «Մոտիվացիայի հինգ անհրաժեշտ բաղադրիչները» և «Նպատակը, արժեքները և մոտիվացիան՝ որպես ադապտացիոն վեկտոր» հոդվածներիս։

Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում, երբ մենք փոխում ենք մեր վարքը

Նյարդային համակարգի կարևոր հատկություններից մեկը նեյրոպլաստիկությունն է։

Նեյրոպլաստիկությունը ուղեղի և ընդհանրապես նյարդային համակարգի՝ փորձի, ուսուցման և միջավայրի ազդեցությամբ իր գործառնական և երբեմն կառուցվածքային կազմակերպումը փոխելու ունակությունն է։ Այս իմաստով Դիսպենզայի այն գաղափարը, որ փորձի և կրկնության միջոցով հնարավոր է փոխել ուղեղի աշխատանքը, ունի իրական գիտական հիմք։ Սակայն «ուղեղի վերածրագրավորում» արտահայտությունը ճիշտ է միայն որպես փոխաբերություն։ Ուղեղը համակարգիչ չէ, որտեղ պարզապես ջնջում ենք մի ծրագիր և գրում նորը։ Նոր փորձի ուսուցման ժամանակ փոխվում են բազմաթիվ նեյրոնային համակարգերի միջև հարաբերությունները։ Հոգեթերապիայի վերաբերյալ նեյրովիզուալիզացիայի մեթոդներով ուսումնասիրություններում արձանագրվել են փոփոխություններ, այդ թվում՝ գլխուղեղի կեղևի առաջճակատային հատվածի (Prefrontal Cortex), առաջգոտկային կեղևի (Anterior Cingulate Cortex), կղզյակային կեղևի (Insula) և այլ ցանցերի գործունեության մեջ։ Սակայն ավելի ճիշտ է ասել՝ ուղեղը սովորող և կանխատեսող համակարգ է։ Երբ մենք սովորական իրավիճակում նոր վարք ենք փորձարկում և ստանում ենք սպասվածից տարբեր արդյունք, այդ տարբերությունը կարող է ծառայել որպես կանխատեսման սխալ և ստիպել նյարդային համակարգին վերանայել նախկին կանխատեսումները։ Էքսպոզիցիոն թերապիան դրա լավ օրինակ է։ Մարդը աստիճանաբար սովորում է ոչ թե պարզապես «չվախենալ», այլ ձեռք է բերում նախկին վախեցնող իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկատվություն և նոր վարքային մոդելներ։

Մեդիտացիան իսկապե՞ս փոխում է ուղեղը

Այո։ Այստեղ Դիսպենզայի գաղափարների մի մասը նույնպես համահունչ է գիտական տվյալներին։ Մեդիտացիան կարող է ազդել ուշադրության, ինքնակարգավորման, հուզական արձագանքի և ուղեղային ակտիվության վրա։ Տարբեր EEG և fMRI հետազոտություններում նկարագրվել են մեդիտացիայի ընթացքում և երկարատև պրակտիկայի հետ կապված նյարդաֆիզիոլոգիական փոփոխություններ։ Հետաքրքիր է, որ կան նաև հենց Դիսպենզայի ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ։

2020 թվականին հրապարակված ուսումնասիրությունում երեքօրյա մեդիտացիոն ծրագրի մասնակիցների մոտ արձանագրվել են EEG սպեկտրի փոփոխություններ (Stapleton et al., 2020)։ Սա ցույց է տալիս, որ կարճատև ինտենսիվ մեդիտացիոն միջամտությունը կարող է կապված լինել չափելի ուղեղային փոփոխությունների հետ։ Սակայն դրանից չի հետևում, որ հաստատվել են Դիսպենզայի կողմից առաջարկվող «քվանտային» մեխանիզմները։

2025 թվականին Communications Biology-ում հրապարակվեց ևս մեկ աշխատանք, որտեղ ուսումնասիրվել էին Դիսպենզայի հետ կապված յոթօրյա միտք-մարմին ինտենսիվի մասնակիցները։ Հեղինակները նկարագրել էին նյարդային և մոլեկուլային տարբեր փոփոխություններ։ Սակայն ուսումնասիրությունը օբսերվացիոն էր (այսինքն՝ դիտման մեթոդով միայն իրականացված), ուներ ընդամենը 20 մասնակից (այսինքն՝ հետազոտության ընտրանքը ռեպրեզենտատիվ չէր) և չուներ համապատասխան վերահսկիչ (Control Group) խումբ (այսինքն՝ պլացեբոյի էֆֆեկտն էլ բացառել հնարավոր չէ)։ Ուստի տվյալները հետաքրքիր են, բայց թույլ չեն տալիս եզրակացնել, որ հաստատվել է հենց Դիսպենզայի առաջարկած պատճառական մեխանիզմը (Jinich-Diamant et al., 2025)։

Սա գիտական մտածողության կարևոր սկզբունքներից մեկն է՝ ազդեցության առկայությունը դեռևս չի ապացուցում այդ ազդեցությունը բացատրելու համար առաջարկվող մեխանիզմը։

Էպիգենետիկա․ կարո՞ղ ենք «մտքով կառավարել մեր գեները»

Էպիգենետիկան ուսումնասիրում է գեների արտահայտման կարգավորման մեխանիզմները՝ առանց ԴՆԹ-ի հիմնական հաջորդականության փոփոխության։ Գեների ակտիվության վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ՝ միջավայրը, սնունդը, քունը, սթրեսը, ֆիզիկական ակտիվությունը և այլ կենսաբանական ու վարքային պայմաններ։

Միտք-մարմին կապով միջամտությունների վերաբերյալ համակարգային վերլուծություններում նույնպես նկարագրվել են գեների էքսպրեսիայի հետ կապված որոշ փոփոխություններ, այդ թվում՝ բորբոքային ուղիների մակարդակում (Buric et al., 2017)։ Բայց այստեղ շատ հեշտ է գիտական փաստից անցնել չափազանցված եզրակացության։ Էպիգենետիկան ցույց է տալիս, որ գենային արտահայտումը զգայուն է օրգանիզմի և միջավայրի վիճակի նկատմամբ։ Այն չի ցույց տալիս, որ մարդը կարող է պարզապես մտադրությամբ ընտրել և «միացնել» կամ «անջատել» ցանկալի գեները։

Ի՞նչ է էպիֆիզը և ինչու է այն հայտնվում Դիսպենզայի տեսության մեջ

Էպիֆիզը կամ կոնաձև գեղձը (Pineal Gland) փոքր նյարդաներզատական գեղձ է, որը գտնվում է գլխուղեղի խորքային հատվածում՝ երրորդ փորոքի հարևանությամբ։ Դրա առավել հայտնի կենսաբանական գործառույթը մելատոնինի արտադրությունն ու արտազատումն է։

Մելատոնինի մակարդակը սովորաբար բարձրանում է մթության պայմաններում և նվազում լույսի ազդեցությամբ։ Այս համակարգը մասնակցում է մեր ցիրկադային կամ շուրջօրյա կենսաբանական ռիթմերի կարգավորմանը։

Ցիրկադային ռիթմերը օրգանիզմում մոտ 24-ժամյա պարբերականությամբ փոփոխվող գործընթացներն են։ Դրանցից են՝

  • քունը և արթունությունը,
  • մարմնի ջերմաստիճանը,
  • հորմոնների սեկրեցիան,
  • ուշադրությունն ու զգոնությունը,
  • նյութափոխանակության տարբեր գործընթացները։

Կարևոր է նաև մեկ տարածված սխալ պատկերացում ուղղել։ Մեր հիմնական «կենսաբանական ժամացույցը» հենց էպիֆիզը չէ։ Այն գտնվում է հիպոթալամուսի սուպրախիազմատիկ կորիզում՝ SCN-ում։ Էպիֆիզի արտադրած մելատոնինը այդ համակարգի կարևոր ժամանակային ազդանշաններից մեկն է։

Դիսպենզան էպիֆիզին վերագրում է նաև շատ ավելի լայն նշանակություն՝ կապված արտասովոր կամ միստիկական փորձառությունների հետ։ Սակայն ժամանակակից նեյրոգիտության տվյալներով դրա միջոցով «այլ իրականությունների» կամ հատուկ քվանտային մակարդակների հասանելիություն ապահովող հաստատված նյարդակենսաբանական մեխանիզմ հայտնի չէ։

Այսինքն՝ էպիֆիզը իրական և կարևոր կենսաբանական կառուցվածք է, բայց դրա իրական կենսաբանությունը պետք չէ շփոթել դրա շուրջ ձևավորված մետաֆիզիկական մեկնաբանությունների հետ։

Իսկ ի՞նչ է «քվանտային դաշտը»

Այստեղ, թերևս, Դիսպենզայի գիտական լեզվի և գիտության միջև ամենակարևոր սահմաններից մեկն է։

Քվանտային դաշտը իրական ֆիզիկական հասկացություն է։

Քվանտային դաշտերի տեսության մեջ հիմնարար ֆիզիկական համակարգերը նկարագրվում են դաշտերով, իսկ այն, ինչ մենք անվանում ենք մասնիկ, կարելի է նկարագրել որպես համապատասխան դաշտի քվանտացված գրգռում։ Օրինակ՝ ֆոտոնը էլեկտրամագնիսական դաշտի քվանտային գրգռում է։ Բայց այստեղից չի հետևում, որ գոյություն ունի այնպիսի «քվանտային դաշտ», որտեղ պահվում են մարդու բոլոր հնարավոր ապագաները և որտեղից գիտակցությունը կարող է ընտրել ցանկալի իրականությունը։ Նույն կերպ քվանտային ֆիզիկան չի ցույց տալիս, որ մարդու ցանկությունը կամ վիզուալիզացիան կարող է ուղղակիորեն նյութականացնել արտաքին իրադարձությունները։

Քվանտային մեխանիկայում «դիտորդ»-ը պարտադիր գիտակցությունը չէ. որոշ հիմնական մեկնաբանություններում դիտորդի դերը կարող է կատարել ցանկացած ֆիզիկական համակարգ։ Քվանտային ֆիզիկան ինքնին չի տալիս մեխանիզմ, որով մարդու ցանկությունը ընտրում է մակրոսկոպիկ կյանքի իրադարձությունները։

Այստեղ տեղի է ունենում բավական տարածված սխալ․ գիտական եզրույթը վերցվում է իր մասնագիտական կոնտեքստից և օգտագործվում բոլորովին այլ իմաստով։

Քվանտային մեխանիկան ինքնին չափազանց հետաքրքիր և հակաինտուիտիվ ֆիզիկա է։ Այն ավելի հետաքրքիր դարձնելու համար անհրաժեշտ չէ դրան վերագրել այն, ինչ այն չի ասում։

Որտե՞ղ է ավարտվում հոգեբանությունը և սկսվում Self-Help-ը

Self-Help-ն ինքնին հակագիտական ժանր չէ։ Գոյություն ունեն ԿՎԹ-ի վրա հիմնված ինքնօգնության ծրագրեր, ուղղորդվող ինքնօգնություն և բիբլիոթերապիա, որոնց արդյունավետությունը ուսումնասիրվել է պատահականացված վերահսկվող հետազոտություններով (Randomized Controlled Trials)։ Այն հետազոտության ձևաչափ է, որտեղ մասնակիցներին պատահականորեն բաժանում են խմբերի․ օրինակ՝ մի խումբը ստանում է բուժում կամ միջամտություն, իսկ մյուսը՝ վերահսկիչ պայման, պլացեբո կամ սովորական բուժում։ Հետո համեմատում են արդյունքները։

Հետևաբար գիտության և Self-Help-ի սահմանը գրքի ժանրը չէ։ Սահմանը պնդման ապացուցողական կարգավիճակն է։

Գիտական մոտեցումը պահանջում է տարբերակել առնվազն երեք մակարդակ.

  1. Մենք դա բավական վստահ գիտենք։
  2. Դրա օգտին կան նախնական կամ սահմանափակ տվյալներ։
  3. Դա հետաքրքիր հիպոթեզ է, բայց դեռևս ապացուցված չէ։

Խնդիրը սկսվում է այն պահին, երբ երրորդ կատեգորիայի պնդումը ներկայացվում է որպես առաջին կատեգորիայի փաստ։

Այս իմաստով Դիսպենզայի գրքերում գիտականորեն բավական հիմնավորված են՝ նեյրոպլաստիկության գաղափարը, սովորությունների ավտոմատացումը, մեդիտացիայի ազդեցությունը, մտածողության և վարքի փոխազդեցությունը, placebo/expectancy մեխանիզմները և այն փաստը, որ հոգեբանական վիճակները կարող են ազդեցություն ունենալ մարմնի տարբեր համակարգերի վրա։

Շատ ավելի խնդրահարույց են այն եզրակացությունները, թե մարդու գիտակցությունը քվանտային դաշտի միջոցով կարող է ընտրել ապագան կամ ստեղծել արտաքին իրականությունը, կամ որ էպիֆիզը հատուկ մեխանիզմ է նման իրականությունների հասանելիության համար։

Գիտահեն՝ ԿՎԹ և նեյրոկենսաբանության ապացուցահեն տվյալների վրա հիմնված, Self-Help գրքեր/ուղեցույցների օրինակ են նաև իմ հեղինակած «Տագնապամարիչ․ տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց», «Զայրույթի կառավարում» և «Հաղթիր առանց խաղալու. պրոբլեմային խաղամոլության հաղթահարման ուղեցույց» աշխատանքները։

Կարո՞ղ է գիրքն ինքնին փոխել մարդուն

Այո, որոշ չափով։ Գիրքը կարող է փոխել մարդու՝ սեփական խնդիրը հասկանալու ձևը, տալ նոր լեզու, փոխել ուշադրության ուղղությունը, ստեղծել նոր հարցեր և բարձրացնել փոփոխության մոտիվացիան։ Գոյություն ունի նաևբիբլիոթերապիայի  վերաբերյալ գիտական գրականություն, այսինքն՝ հոգեբանական խնդիրների համար կառուցվածքային ընթերցանության օգտագործման վերաբերյալ հետազոտություններ։ Սակայն երկարաժամկետ փոփոխության համար միայն հասկանալը հաճախ բավարար չէ։ Կարդացածը պետք է ինչ-որ ձևով վերածվի փորձի՝ դիտարկման, վարքային փորձի, պրակտիկայի, էքսպոզիցիայի, նոր սովորության կամ իրական գործողության։ Այդ պատճառով ես այս տարբերակումը ձևակերպում եմ այսպես՝ գիրքը կարող է փոխել մարդու քարտեզը, բայց ճանապարհը փոխվում է այն ժամանակ, երբ մարդը սկսում է այլ կերպ շարժվել։

Ի՞նչն է Non-Fiction գիրքը դարձնում իսկապես ազդեցիկ

Իմ կարծիքով՝ լավ Non-Fiction գիրքը պետք է ունենա առնվազն երեք հատկություն։

Առաջինը՝ հասկանալի բացատրական ապարատ/մոդել։ Գիրքը պետք է օգնի ընթերցողին նախկինում դժվար հասկանալի որևէ երևույթ տեսնել նոր և ավելի հստակ ձևով։

Երկրորդը՝ կիրառելիություն։ Լավ գաղափարը պետք է հնարավոր լինի վերածել հարցի, դիտարկման, փորձի կամ գործողության։ Հակառակ դեպքում ընթերցողը պարզապես կուտակում է ևս մեկ հետաքրքիր տեսություն։

Երրորդը՝ ինտելեկտուալ և գիտական ազնվություն։ Հեղինակը պետք է հնարավորինս հստակ ցույց տա, թե որտեղ է փաստը, որտեղ՝ իր մեկնաբանությունը, իսկ որտեղ՝ ենթադրությունը կամ մետաֆորը։

Գիտության հեղինակությունը չպետք է օգտագործվի չստուգված գաղափարին վստահելիության տեսք տալու համար։ Ինձ համար ազդեցիկ Non-Fiction-ի լավագույն արդյունքն այն չէ, երբ ընթերցողը պարզապես հավատում է հեղինակին։ Լավ Non-Fiction-ը ընթերցողին դարձնում է սեփականմտքերի և փորձի հետազոտող։

Վերջաբանի փոխարեն

Ջո Դիսպենզայի գրքերի ուժը թերևս այն է, որ նա շատ գրավիչ ձևով ներկայացնում է մի շարք իրական և կարևոր գաղափարներ՝ նեյրոպլաստիկություն, սովորությունների փոփոխություն, մեդիտացիա, մտքի և մարմնի փոխազդեցություն և նպատակային պրակտիկա։ Դրանցից շատերը համահունչ են ժամանակակից հոգեբանության և նյարդագիտության որոշ տվյալների հետ։ Սակայն հենց այստեղ էլ անհրաժեշտ է գիտական մտածողությունը։

Այն փաստից, որ մտածողությունը կարող է փոխել ուղեղն ու վարքը, չի հետևում, որ մտածողությունը կարող է ցանկացած ձևով փոխել արտաքին ֆիզիկական իրականությունը։

Այն փաստից, որ մեդիտացիան կարող է ունենալ չափելի նյարդակենսաբանական ազդեցություն, չի հետևում, որ դրա բացատրությունը պետք է փնտրել քվանտային դաշտում։

Այն փաստից, որ էպիգենետիկ գործընթացները զգայուն են միջավայրի նկատմամբ, չի հետևում, որ մենք գիտակցաբար կառավարում ենք մեր գեները։

Եվ այն փաստից, որ էպիֆիզը կարևոր նյարդաներզատական գեղձ է, չի հետևում, որ այն «դարպաս» է դեպի այլ իրականություններ։

Գիտական քննադատական մտածողության նպատակը հետաքրքիր գաղափարներից հրաժարվելը չէ։ Հակառակը՝ այն օգնում է հասկանալ, թե տվյալ գաղափարի որ մասն է արդեն գիտություն, որը՝ խոստումնալից հիպոթեզ, իսկ որը՝ պարզապես գեղեցիկ փոխաբերություն։

 


Օգտագործված գրականություն

Beck, J. S. (2020). Cognitive behavior therapy: Basics and beyond (3rd ed.). Guilford Press.

Borjigin, J., Zhang, L. S., & Calinescu, A.-A. (2012). Circadian regulation of pineal gland rhythmicity. Molecular and Cellular Endocrinology, 349(1), 13–19. https://doi.org/10.1016/j.mce.2011.07.009

Buric, I., Farias, M., Jong, J., Mee, C., & Brazil, I. A. (2017). What is the molecular signature of mind–body interventions? A systematic review of gene expression changes induced by meditation and related practices. Frontiers in Immunology, 8, 670. https://doi.org/10.3389/fimmu.2017.00670

Craske, M. G., Treanor, M., Conway, C. C., Zbozinek, T., & Vervliet, B. (2014). Maximizing exposure therapy: An inhibitory learning approach. Behaviour Research and Therapy, 58, 10–23. https://doi.org/10.1016/j.brat.2014.04.006

Dispenza, J. (2012). Breaking the habit of being yourself: How to lose your mind and create a new one. Hay House.

Dispenza, J. (2017). Becoming supernatural: How common people are doing the uncommon. Hay House.

Gualano, M. R., Bert, F., Martorana, M., et al. (2017). The long-term effects of bibliotherapy in depression treatment: Systematic review of randomized clinical trials. Clinical Psychology Review, 58, 49–58. https://doi.org/10.1016/j.cpr.2017.09.006

Hofmann, S. G., Asnaani, A., Vonk, I. J. J., Sawyer, A. T., & Fang, A. (2012). The efficacy of cognitive behavioral therapy: A review of meta-analyses. Cognitive Therapy and Research, 36(5), 427–440. https://doi.org/10.1007/s10608-012-9476-1

Jinich-Diamant, A., Simpson, S., Zuniga-Hertz, J. P., et al. (2025). Neural and molecular changes during a mind-body reconceptualization, meditation, and open label placebo healing retreat: An observational study. Communications Biology, 8, 1525. https://doi.org/10.1038/s42003-025-09088-3

Schrammen, E., Roesmann, K., Rosenbaum, D., et al. (2022). Functional neural changes associated with psychotherapy in anxiety disorders—A meta-analysis of longitudinal fMRI studies. Neuroscience & Biobehavioral Reviews, 142, 104895. https://doi.org/10.1016/j.neubiorev.2022.104895

Stapleton, P., Dispenza, J., McGill, S., Sabot, D., Peach, M., & Raynor, D. (2020). Large effects of brief meditation intervention on EEG spectra in meditation novices. IBRO Reports, 9, 290–301. https://doi.org/10.1016/j.ibror.2020.10.006

Wood, W., & Rünger, D. (2016). Psychology of habit. Annual Review of Psychology, 67, 289–314. https://doi.org/10.1146/annurev-psych-122414-033417

Որքանո՞վ են Ջո Դիսպենզայի գաղափարները գիտահեն
Tagged on: