Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, որ մասնագիտական ձևավորման և զարգացման ճանապարհը երբեք մենակով չեն անցնում։ Թեև յուրաքանչյուր մասնագետ վերջիվերջո ինքն է ընտրում իր շարժման վեկտորը, ինքն է կարդում, ուսումնասիրում, վիճարկում և գտնում իր հարցերի պատասխանները, համենայն դեպս այդ ճանապարհին միշտ լինում են մարդիկ, ովքեր նպաստում են ոչ միայն մեր գիտելիքների այլև գիտական մտածելակերպի ձևավորմանը։

Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ իմ մասնագիտական աշխարհայացքի ձևավորման վրա առանձնահատուկ ազդեցություն են ունեցել մի քանի ուսուցիչներ և գործընկերներ։

Խստապահանջ պրոֆեսոր Սերգեյ Արզումանյանի շնորհիվ սկսեցի խորությամբ հետաքրքրվել գիտական հոգեբանությամբ, հատկապես նյարդային համակարգի և հոգեկանի էվոլյուցիայով, լեոնտևյան Գործունեության հոգեբանությամբ և Դմիտրի Ուզնաձեի դիրքորոշումների տեսությամբ (հիշում եմ մի քանի տասնյակ must read մենագրություններից բաղկացած ցանկը, որը կազմել էի իր խորհրդով և մի քանի տարի պահում էի դրամապանակիս մեջ)։ Նրա դասախոսություններն ու գիտական մոտեցումը սովորեցրին ինձ մտածել հոգեբանության մասին որպես գիտության (թերևս իրենից է նաև փոխանցվել անհանդուրժողականությունը ցանկացած ապացուցողականությունից զուրկ, կեղծ-գիտական համակարգերի նկատմամբ), իսկ հոգեկան գործընթացները դիտարկել նաև դրանց ֆիզիոլոգիական հիմքերի տեսանկյունից։ Այս ամենն ի վերջո ինձ ուղղորդեց դեպի Գորդոն Օլփորտի և Հանս Այզենկի անձնային գծերի տեսություններ, Ջորջ Քելիի կոգնիտիվ կոնստրուկտների տեսություն և դեպի ձերդ մեծություն հոգեֆիզիոլոգիա, իսկ հետագայում նաև կոգնիտիվ գիտություն և կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա։ Պրոֆեսոր Արզումանյանը մանկավարժականում ուսանելու տարիներիս հանդիպածս, թերևս, ամենախարիզմատիկ դասախոսներից մեկն էր։

Պրոֆեսոր Կոնստանտին Դանիելյանի ազդեցությամբ հոգեկան առողջության խնդիրներին սկսեցի ավելի մեծ ուշադրությամբ դիտարկել կենսաբանական և հոգեբուժական տեսանկյուններից (երբեք չեմ մոռանա՝ փսիխոտիկ խանգարումների կենսաբանական և սոցիալական դետերմինանտների մասին մեր քննարկումները՝ Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի իր կաբինետում)։ Կրեպելինից և Յասպերսից սկսված հետաքրքրությունը հետագայում վերաճեց նեյրոկենսաբանության, հոգեկան գործընթացների և հոգեթերապիայի նեյրոկենսաբանական հիմքերի նկատմամբ իմ երկարամյա հետաքրքրության։
Հիշողությանս մեջ միշտ վառ կմնան պրոֆեսոր Դանիելյանի (ով նաև դասական գեղարվեստական գրականության մեծ գիտակ էր) դասախոսությունները համեմված Դոստոևսկու և Տուրգենևի հերոսների օրինակներով, և իր հիասքանչ կաշվե պորտֆելն ու բրոգերով կոկիկ օքսֆորդները:

Իմ մասնագիտական կայացման կարևոր փուլերից մեկը կապված է նաև Ռուբեն Պողոսյանի անվան հետ, ով հայաստանյան հոգեթերապիայի պիոներներից էր։ 2008 թվականին նա էր ով ինձ աշխատանքի ընդունեց «Այգ» հոգեբանական կենտրոնում, որտեղ աշխատեցի մինչև 2010 թվականը։ Նա դարձավ իմ առաջին ղեկավարը և առաջին սուպերվայզերը։ Թեև նրա մեթոդական ուղղվածությունը հոգեվերլուծությունն էր, սակայն հենց դա էլ ինձ օգնեց դիրքավորվել գիտական հակադիր ճամբարում, որտեղ օպերանտային պայմանավորման հայր Բուրհուս Սկիներն էր և սոցիալական բիհեվիորիզմի կարկառուն դեմքերից Ալբերտ Բանդուրան, կոգնիտիվ թերապիայի հիմնադիրներ Ալբերթ Էլիսն ու Աարոն Բեքը։
Թեկուզև ժամանակի ընթացքում իմ մասնագիտական ճանապարհն ինձ տարավ այլ հոգեթերապևտիկ ուղղությամբ, նրա փորձառությունը, մասնագիտական վերաբերմունքը և թերապևտիկ մտածողությունը կարևոր դեր ունեցան իմ՝ որպես հոգեթերապևտի ձևավորման գործում։ Յուրահատուկ ջերմությամբ եմ միշտ հիշում իր խաղաղ խոսքն ու շարժուձևը, և նկատողություն անելու իր նրբանկատ ոճը, երբ երբեմն նկատում էր, որ իր դասաժամին աչքերս փակվում են (ուսանող ժամանակ ամենատարբեր տեղերում էի աշխատում՝ մատուցողից մինչ սուպերմարկետի մենեջեր, բայց դա այն փուլն էր երբ ինտերնետային ակումբում գիշերային հերթափոխ էի լինում, և չքնած առավոտյան միանգամից գնում էի դասի):

Ավելի ուշ, Լեհաստանում՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի համալսարանում սովորելու տարիներին, մեծ ազդեցություն ունեցավ իմ գիտական ղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Պուպելը։ Նրա գիտական ուղղորդումն ինձ օգնեց ավելի խորանալ հոգելեզվաբանության, կոգնիտիվ լեզվաբանության, սեմանտիկայի և սեմիոտիկայի մեջ։ Ծանոթանալ խոսքի, հաղորդակցման և հոգեկանի էվոլյուցիայի պրագմատիկ տեսություններին, ինչպես նաև բացահայտել ինձ համար հումանիստական հոգեբուժության լավագույն ներկայացուցիչներից Անտոնի Կեմպինսկու աշխատանքները, Աարոն Անտոնովսկու, Ալֆրեդ Կոժիբսկու և Նոամ Չոմսկու աշխատանքները (որոնց մասամբ արդեն ծանոթ էի համալսարանական տարիներից), ինչպես նաև անձամբ ծանոթանալ համաշխարհային հոգեբանության լեգենդներից Յան Ստրելաուին։
Այդ ուսումնասիրություններն ինձ համար նոր լույսի ներքո բացահայտեցին խոսքի, իմաստի և ճանաչողական գործընթացների դերը հոգեթերապիայում՝ օգնելով ավելի ամբողջական կերպով հասկանալ և կապել իրար կոգնիտիվ և վարքաբանական գիտությունները։
Անգլերնում մի բայ կա՝ to champion: Եթե այն մարդ լիներ, ապա վստահաբար այն Պրոֆեաոր Պուպելն էր լինելու։

Ժամանակի ընթացքում այս բոլոր ազդեցությունները դարձան այն հիմքը, որի վրա արդեն ինքնուրույն շարունակեցի իմ որոնումները՝ նեյրոկենսաբանության, հոգեկան գործընթացների և հոգեթերապիայի նեյրոկենսաբանական հիմքերի ուղղությամբ։ Այդ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, և վստահ եմ՝ դեռ շատ նոր հարցեր ու բացահայտումներ կան առջևում։

Միևնույն ժամանակ, իմ մասնագիտական ձևավորման մեջ հսկայական դեր են ունեցել և ունենում նաև իմ բազմաթիվ գործընկերներն ու ընկերները։ Մեր քննարկումները, համագործակցությունները, երբեմն նաև տարաձայնությունները միշտ եղել են աճի և վերաիմաստավորման կարևոր աղբյուր։

Եվ, իհարկե, առանձնահատուկ երախտագիտություն եմ զգում իմ բոլոր այցելուների նկատմամբ։ Հենց նրանք են, ովքեր տարիներ շարունակ, հաճախ նույնիսկ չգիտակցելով, շարունակում են ինձ սովորեցնել, դրդում են ինքնակրթության։ Յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր փոքր հաղթանակ նոր հնարավորություն է՝ ավելի խորությամբ հասկանալու մարդուն, վերանայելու սեփական պատկերացումները և շարունակելու սովորել։

Եթե այսօր ինձ հարցնեն, թե ովքեր են եղել իմ ուսուցիչները, դժվար թե կարողանամ սահմանափակվել միայն համալսարանական իմ դասախոսներով և գիտական ղեկավարներով։ Իմ ուսուցիչները եղել են նաև անցյալի և ներկայի ծանոթ և անծանոթ գիտնականներ և կլինիցիստներ (առանձին մեռսիներ Օլիվեր Սաքսին, Իրվին Յալոմին և Ռոբերթ Սապոլսկուն), ովքեր սովորեցրել են մտածել, նրանք, ովքեր վստահել են, նրանք, ովքեր ուղղորդել են, և նրանք, ովքեր մինչ օրս իրենց գործունեությամբ օգնում են ինձ որպես մասնագետ, գուցե նաև որպես մարդ, լինել փոքր ինչ ավելին քան երեկ և առաջի օրը։

Շնորհակալ եմ նաև այն մարդկանցից ովքեր միտումնավոր կամ միամտաբար խանգարում էին՝ դրանով իսկ ստեղծելով ինձ համար պրոբլեմային իրավիճակներ, որոնք ինձ օգնեցին մնալ լավ մարզավիճակում։

Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին։

 

Ուսուցիչներիս մասին