Տագնապային խանգարումների ժամանակ մարդկանց մոտ կարող են դրսևորվել ամենատարբեր տեսակի մտավախություններ՝ սկսած առողջության հետ կապված մտքերից և վերջացրած ուշաթափվելու վախով։ Վերջիններս հաճախ հանդես են գալիս ավտոմատ մտքերի տեսքով, որի համար էլ շատերը դրանք բնորոշում են որպես «կպչուն մտքեր»։ Դրանցից հիմնականները ստորև.

  • «Բա որ խելագարվեմ / կարող ա խելագարվում եմ»։ Ամենատարածված մտավախություններից է, որի պատճառը սովորաբար մինչ այդ մարդուն անծանոթ ախտանշաններն/դրսևորումներն են, ինչպիսիք են օրինակ՝ դեռեալիզացիան և դեպերսոնալիզացիան, ինչպես նաև տագնապին բնորոշ մտածողության յուրահատուկ սխալները։ Սակայն, ինչպես սիրում եմ կրկնել՝ խելագարվելն այդքան էլ հեշտ չէ։
  • «Բա որ / կարող ա մահանամ»։ Այս մտավախության հիմքերը կարող են տարբեր լինել, սակայն հիմնական պատճառներից մեկը վատթարացած ինքնազգացողությունն է և իրավիճակի նկատմամբ անզորության զգացումը։ Բնականաբար, երբևէ ոչ ոք տագնապից չի մահացել։
  • «Բա որ / կարող ա / հաստատ սա երբեք չանցի ու էսպես էլ մնա»։ Մեծամասամաբ (շա՜տ մեծամասամբ) տագնապային խանգարումները հաղթահարվում են, այդ են վկայում վերջին տասնամյակների կլինիկական հետազոտությունների մեծ մասը։ Այնպես որ այս մի դրամատիզացիայի կետն էլ է դուրս գալիս ցուցակից։
  • «Բա որ / կարող ա / հաստատ սա կրկնվի»։ Չի բացառվում, բայց ոչ թե կրկնվի, այլ նորից լինի/առաջանա։ Համենայն դեպս եթե տագնապային խանգարումը իսկապես հաղթահավել է հոգեթերապիայի օգնությամբ, ապա հավանականությունը որ կարող է նորից լինել շատ ավելի քիչ է։ Բացի այդ, նորից առաջանալու դեպքում դուք ավելի պատրաստված կլինեք և ամենայն հավանականությամբ կկարողանաք ինքնուրույն այն հաղթահարել։
  • «Բա որ / կարող ա / հաստատ [կ]ուշաթափվեմ»։ Որպես կանոն, նման մտավախություն ունեցողների 90 և ավելի տոկոսը երբևէ ուշաթափության փորձ չի ունեցել, առավել ևս տագնապի ախտանշանների արդյունքում։ Իսկ մտավախության պատճառը, թերևս, գլխապտույտը, թուլությունը, դեռեալիզացիան և դեպերսոնալիզացիան են, իսկ երբեմն էլ ցածր անոթային ճնշումով պայմանավորված սոմատիկ զգացողությունները։ Հաճախ նման մտավախությամբ անձանց թվում է թե իրենք որոշակի վարքի կամ մտավոր ջանքերի միջոցով կարողանում են կանխել ուշաթափվելը, սակայն վերջիններս ոչ այլ ինչ են քան տագնապային անձանց և խանգարումներին այդքան բնորոշ վերահսկողության  (Need For Control) իրագործում։
  • «Բա որ / կարող ա / հաստատ [կ]վատանամ»։ «Վատանալ» ասլեվ սովորաբար նկատի ենք ունենում տագնապին բնորոշ դրսևորումները, կամ հենց ինքը տագնապը, խուճապը և հարակից հույզերն ու զգացողությունները։ Այս մտավախությունը մասամբ հիմնավորված է, քանի որ, այո, եթե մարդու մոտ տագնապային խանգարում է, ապա գնալով սեփական խուսափողականություններին ընդառաջ, կամ հայտնվելով տագնապածին իրավիճակում, «կվատանա», բայց խնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է հենց էդպես էլ անել։

 

Նյութի աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց / Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։

Տագնապային խանգարումների ժամանակ դրսևորվող հիմնական «բա որ»-ները