Ժամանակ առ ժամանակ գտնվում են մարդիկ (այցելուներ, ընկերներ․․․) ովքեր այս հարցն ինձ տալիս են․ “ինչու՞ են հոգեբանի ծառայություններն այդքան թանկ”։ Երբեմն հաջորդող հարցը լինում է՝ “մեկ ժամ զրույցի համար միքիչ շատ չէ՞”։ Սրանից միքանի տարի առաջ նույնիսկ մի այցելու անկեղծորեն հետաքրքրվեց թե մեկ սեսիայի/հանդիպման արժեքի գնագոյացման վրա ի՞նչ գործոններ են ազդում։ Եվ ես հասկանում եմ իրենց։ Հասկանում եմ, քանի որ առաջին հայացքից (հատկապես առաջին հանդիպման ժամանակ)  ամեն ինչ հենց այդպես էլ երևում է՝ դու գնում ես հոգեբանի մոտ, ողջ սեսիայի ընթացքում խոսում ես, ինքը լսում է, հարցեր է տալիս, հետո դուք պայմանավորվում եք հաջորդ սեսիայի համար կամ  խոստանում ես հետո զանգով պայմանավորվել, դու վճարում ես ու դուրս ես գալիս։ Եվ հոգեբանի մոտից դուրս գալով տունդարձի ողջ ճանապարհին փորձում ես մտքումդ հիմնավորել թե կոնկրետ ինչի դիմաց վճարեցիր այդ 10’000 դրամը (կամ ավելի քիչ, կամ ավելի շատ): Սա շատ կարևոր պահ է, քանի որ վաղուց կազմակերպչական և ինդուստրիալ հոգեբանության ոլորտում կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդիկ ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն փնտրում են ավելի շատ այն ձեռք բերելուց հետո այլ ոչ թե առաջ՝ սեփական ընտրությունը և կատարված ծախսերը արդարացնելու համար։ Այսպես ասած  փորձում են համոզվել, որ ծախսված  նյութական միջոցները արդարացված են, իսկ կատարված ընտրությունը՝ ամենաճիշտը։ Այդ պատճառով զանազան ապրանքներ արտադրողները միշտ փորձում են փաթեթավորման փուլում լուծել այդ խնդիրը՝ ապրանքի հետ տալով վերջինիս առավելությունների և ֆունկցիոնալության մասին ամենայն մանրամասնությամբ պատմող բրոշյուրներ, թերթիկներ և այլն։ Իսկ հոգեբանի աշխատանքի արդյունքները կամ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի արդյունքները, ինչպես բոլորս գիտենք, շոշափելի չեն (ինչպես օրինակ գրախանութից գնված գիրքը կամ սուրճը սրճարանում)  և երբեմն էլ նույնիսկ “տեսանելի” կամ զգալի չեն (հատկապես սկզբնական փուլում) այցելուի համար։

Եվ ուրեմն ինչու՞  են թանկ, կամ ինչու՞ արժեն այնքան, որքան որ արժեն։

Դա հասկանալու համար պետք է իմանալ թե ինչ ճանապարհ է անցնում մասնագետը գործնական հոգեբան դառնալու համար և ինչ ընթացիկ ծախսերի հետ է առնչվում։ Ստորև փորձենք միասին գլուխ հանել այս հարցից՝ դիտարկելով միայն ամենահիմնական կետերը՝ 1) ակադեմիական կրթությունը, 2) հետբուհակական կրթությունը կամ պատրաստումը հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում, 3) սուպերվիզիան, 4) շարունակական կրթությունը, 5) մասնակցությունը գիտաժողովներին, 6) անդամակցությունը մասնագիտական կառույցներում և 7) այլ ծախսեր։

Ակադեմիական կրթություն

Բնականաբար, ամեն ինչ սկսվում է բուհական կրթությունից։ Մեր երկրում հոգեբան կոչվելու համար անհրաժեշտ է ունենալ  առնվազն բակալավրի աստիճան, որը ենթադրում է 4 տարվա ուսումնառություն որևէ բուհի համապատասխան ֆակուլտետում (օրինակ՝ ՀՊՄՀ, ԵՊՀ)։ Այնուհետև ուսումը շարունակելու և հոգեբանության ոլորտում կոնկրետ մասնագիտացում (օրինակ՝ կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, դատական հոգեբանություն և այն) ստանալու համար անհրաժեշտ է սովորել մագիստրատուրայում (2 տարի): Հայկական բուհերում հոգեբանական մասնագիտություններով 6 տարի ուսումնառության դիմաց ապագա մասնագետը վճարում է մոտավորապես (կախված բուհից)՝ 2-3 մլն դրամ, այսինքն տարեկան՝ 333-500 հազ․ դրամ։

Հետբուհական կրթություն

Այնուհետև, արդեն իսկ դիպլոմավորված հոգեբանը, եթե չի որոշում շարունակել ուսումը ասպիրանտուրայում և դառնալ հետազոտող, շարունակում է այն հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում (իրականում հնարավոր է նաև համատեղել այս երկուսը)։ Դա տեղի է ունենում կամ որևէ հաստատությունում՝ 4-6 տարի տևողությամբ ծրագրերի շրջանակներում, կամ տարբեր տևողությամբ և ժամաքանակով թրեյնինգային ծրագրերի (օրինակ  այսպիսի) շրջանակներում։ Հայաստանում երկրորդ տարբերակն է միայն գործում, քանզի հոգեբանական կրթությամբ մասնագետների համար հոգեթերապիայի ոլորտում հետբուհական կրթություն կազմակերպող ակադեմիական կառույցներ չկան։

Եվրոպական ստանդարտներին համապատասխան հետբուհական պատրաստումը/վերապատրաստումը հոգեթերապիայի ոլորտում (նվազագույնը՝ ընդհանուր 3200 ժամ) մասնագետից խլում է մոտավորապես 3-5 տարի (Հոգեթերաևպտի եվրոպական վկայական ստանալու համար՝ 7 տարի նվազագույնը)  և 3-5 մլն դրամ, այսինքն տարեկան՝ 500 հազ․-1մլն․ դրամ։

Սուպերվիզիա և շարունակական կրթություն, մասնակցություն գիտաժողովներին և անդամակցություն մասնագիտական կառույցներին

Այն ամենը ինչի մասին խոսեցինք քիչ վերև՝ պրոֆեսիոնալ մասնագետի կայացման միայն սկզբնական պահանջներն էին, իսկ գործնական հոգեբանի որակավորման պահպանման և վերջինիս անընդհատ բարձրացման համար անհրաժեշտ են նաև այլ ուսումնա-մասնագիտական միջոցառումներ։ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնող հոգեբանի համար անհրաժեշտ պայման է ընթացիկ սուպերվիզիայի և շարունակական կրթության ապահովումը (օրինակ ՇԿ ծրագրերի կամ թրեյնինգների տեսքով), որը, համաձայն մասնագետի շարունակական զարգացման եվրոպական ստանդարտների, պետք է կազմի նվազագույնը տարեկան 50 ժամ։ Այս պահանջներին համապատասխանելը հոգեբանի համար կկազմի տարեկան ևս 100-350 հազ․ դրամ։

Մյուս կարևոր կետերից է մասնակցությունը գիտաժողովներին, որոնց ընթացքում մասնագետը ծանոթանում է ոլորտի նորամուծություններին, մասնակցում զանազան աշխատանոցների և ձեռք բերում նոր գիտելիքներ, մասնագիտական հմտություններ և այլն։ Այս բոլորը հնարավորություն են տալիս բարձրացնել սեփական մասնագիտական որակավորումը և չլճանալ։ Տարեկան 1-2 գիտաժողովի մասնակցելու պարագայում հոգեբանից կպահանջվի մոտ 20-150 հազ․ դրամ՝ կախված գիտաժողովի բնույթից (օրինակ՝ գիտական, գիտա-գործնական) և կարգավիճակից (միջազգային մասնակցությամբ թե միայն լոկալ)։ Դե իսկ որևէ այլ երկրում ընթացող գիտաժողովների դեպքում գումարվում են նաև ճանապարհածախսը և հյուրանոցը։

Մասնագիտական կառույցներին անդամակցությունը (օրինակ՝ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիա) ևս պարտադիր համարվող պայմաններից է, քանի որ այդ եղանակով մասնագետը մնում է տեղեկացված ոլորտի փոփոխություններից, զարգացումներից, հնարավորություն է ունենում մասնակցել ոլորտի մասսայականացմանը։ Բացի այդ միայն այս դեպքում է որ կարելի է վստահ ասել, որ մասնագետն իր աշխատանքում ղեկավարվում է կոնկրետ էթիկական կանոններով՝ կախված մասնագիտական կառույցից (օրինակ՝ ԱՀԱ-ի կողմից սահմանված Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերը, կամ Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից ընդունված Սթրասբուրգյան հայտարարագիրը և Էթիկական սկզբունքները): Մասնագիտական կառույցներին անդամակցությունը ևս ենթադրում է որոշակի ֆինանսական պարտավորություններ, որոնք, կախված կառույցից, կարող են կազմել տարեկան 15-25 հազ․ դրամ յուրաքանչյուրի համար։

Այլ ծախսեր, որոնց հետ առնչվում է հոգեբանը

Եվ այս ամենին գումարվում են իհարկե գրասենյակի վարձակալությունը (Երևան քաղաքում՝ ամսական 100 հազ․  և ավելի) և հարկերը (5% շրջ․հարկ), կամ տոկոսավճարը (30-60%)՝ հոգեբանական կենտրոնին, որի շրջանակներում մասնագետն աշխատում է։ Ինչպես նաև այն ժամաքանակը, որը մասնագետը, որպես սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացի, պետք է հատկացնի ProBono կամ կամավորական աշխատանքին, որի դիմաց բնականաբար չի վճարվելու։

Այսպիսով, փորձեցի գոնե մոտավորապես ներկայացնել թե ինչ ճանապարհ է անցնում մասնագետը գործնական հոգեբան դառնալու համար և ինչ ծավալի ֆինանսական սկզբնական և ընթացիկ ծախսեր է դա ենթադրում։ Եվ արդարության համար պետք է ասել, որ այստեղ նշել եմ միմիայն ամենահիմնական կետերը՝ բաց թողնելով օրինակ այնպիսիք, ինչպիսիք են՝ գրքեր ձեռք բերելը և մասնագիտական ամսագրերին բաժանորդագրվելը (դե ասենք մարդ է կարող է էլեկտրոնային գրքեր ու ամսագրեր է կարդում միայն, որոնք ազատ հասանելիությամբ են տեղակայված համացանցում)։ Այժմ, հիմնվելով այս ամենի վրա, կարող եք ինքներդ որոշել՝ արժե արդյոք վճարել հոգեբանին 10’000 դրամ (կամ ավելի քիչ, կամ ավելի շատ) մեկ ժամ (իրականում բարեխիղճ մասնագետը նախապես պատրաստվելով ամեն մի սեսիայի՝ կարող է ծախսել լրացուցիչ 30-60 րոպե վերջինիս վրա, որը բնականաբար ևս ներառված է այդ գումարի մեջ) հոգեբանական խորհրդատվության կամ հոգեթերապիայի դիմաց՝ ձեր հոգեկան առողջության պահպանման և/կամ վերականգնման համար։

Հ․Գ․ բնականաբար, կան հոգեբաններ ովքեր [դեռ] չեն անցել վերընկարագրված ճանապարհը և հետևաբար նման ֆինանսական պարտավորություններ [դեռ] չեն կրել, սակայն իրենց ծառայությունները նույնպես մատչելիներից չեն, բայց այս հարցում այցելուն կարող է ինքնուրույն կողմնորոշվել և որոշում կայացնել արժե դիմել այդ մասնագետին թե ոչ՝ ծանոթանալով հոգեբանի մասնագիտական կենսագրությունը։

Ինչու՞ են հոգեբանի ծառայությունները թանկ