Զայրույթի, որպես շատ ուժեղ հույզի և ագրեսիվ հակազդման, բնույթը հասկանալու և այն կառավարել կարողանալու համար չէր խանգարի, նախ, փորձել ծանոթանալ վերջինիս առաջացման մեխանիզմներին։ Այդ նպատակի համար, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայում, ընդունված է օգտագործել համապատասխան կոգնիտիվ մոդելը, որն էլ իր հերթին հիմնվում է [նաև] հույզերի կոգնիտիվ տեսության վրա։

Ստորև բերված պատկերից կարող ենք հասկանալ, որ զայրույթի առաջացումն իրականում այդքան էլ պարզ և միանշանակ պրոցես չէ, և որ այն մեծապես պայմանավորված է ազդակին կամ իրավիճակին “ռելեվանտ” (այսինքն համապատասխան կամ կապակցված) մեր խորքային համոզմունքներով, պատկերացումներով։ Բնականաբար, զայրույթի առաջացման և դրսևորման ձևի մեջ մեծ դերակատարում ունեն նաև այլ գործոններ, ինչպիսիք են անձի խառնվածքային առանձնահատկություններն ու անձին բնորոշ վարքային հակազդման մոդելները, սակայն հիշենք որ սա զայրույթի “կոգնիտիվ” մոդելն է։

Պատկերի բովանդակությունն այլ կերպ ասած՝ մեր հույզերը, ինչպես և մեր վարքային և ֆիզիոլոգիական/ֆիզիկական հակազդումները, հետևանք են նրա, թե ինչպես է մեր ուղեղը, որպես կոգնիտիվ համակարգ, գնահատում այս կամ այն իրավիճակը։ Ըստ այդմ մենք ունենում ենք այս կամ այն հույզը, իրացնում ենք այս կամ այն վարքատեսակը և ունենում ենք այս կամ այն ֆիզիոլոգիական հակազդումները։  Այդ գնահատականները  ծնվում են կրկին մեր ուղեղում, սակայն մեր ուղեղը տալիս է կամ գեներացնում է դրանք՝ հիմնվելով իրավիճակին կամ ազդակներին ռելեվանտ մեր ունեցած խորքային համոզմունքների վրա։

Այս ամենից կարելի է անել հետևություն, որ եթե ցանկանում ենք ինչ որ մի բան փոխել մեր հույզերում, հուզական հակազդումներում, ինչու չէ, նաև վարքային և ֆիզիոլոգիական հակազդումներում, ապա առաջին հերթին պետք կլինի այդ փոփոխություններն անել նախ գնահատականներում, այն գնահատման գործընթացում, որը պայմանավորում է մեր մոտեցումը այս կամ այն իրավիճակին։ Դա էլ իր հերթին ենթադրում է փոփոխություններ՝ այդ գնահատականների հիմքում ընկած խորքային համոզմունքներում։ Կփոխվեն համոզմունքները՝ կփոխվեն և գնահատականները, որոնք մեր ուղեղը տալիս է իրավիճակներին։ Կփոխվեն գնահատականները՝ կփոխվեն և հակազդումները, մասնավորապես մեր հույզերը։

Եթե ցանկանում եք իմանալ ավելին զայրույթի մեխանիզմների և դրա կառավարման մասին, ապա կարող եք աչքի անցկացնել Բարկության կառավարում տեսաշարը։ Իսկ թե ցանկանաք նաև անցնել այն որպես առցանց դասընթաց՝ սեղմեք այստեղ։

 

 

Զայրույթի կոգնիտիվ մոդելը