Խուճապային խանգարումը տագնապային բնույթի խանգարում է, որին հիմնականում բնորոշ են խուճապային գրոհները, ինչպես նաև այս խնդիրն ունեցող մարդկանց կողմից այդ գրոհներից խուսափելու ռազմավարության դրսևորումը։ Ինչ վերաբերում է խուճապային գրոհին, ապա պետք է նշել, որ այն կարող է տևել միքանի վայրկյանից մինչև միքանի ժամ։ Ինչ վերաբերում է վերջինիս դրսևորման առանձնահատկություններին, ապա պետք է նշել, որ սրանք այն նույն դրսևորումներն են, որոնք մարդ կարող է ունենալ ցանկացած հիմնավորված անհանգստության կամ վախի ապրման ժամանակ։ Մասնավորապես, ամենատարածվածներից են՝ գլխապտույտը, սրտխփոցը, սրտխառնոցը, որովայնի ցավերն ու դիսկոմֆորտի զգացողությունը, օդի պակասի զգացողությունը, դերեալիզացիան (երբ շրջապատն անիրական է թվում), դեպերսոնալիզացիան (սեփական անձից օտարացման զգացումը), խելագարվելու վախը, վերահսկողությունը կորցնելու վախը, և վերջապես մահանալու վախը։ Սակայն պետք է նշել, որ խուճապային խանգարումը չի սահմանափակվում միայն խուճապային գրոհի դրվագներով։ Վերջինիս բնորոշ են նաև որոշակի վարքային առանձնահատկություններ։ Միքանի անգամ ապրելով, ունենալով խուճապային գրոհներ, անձը ժամանակի ընթացքում այնպես է փոփոխում իր կենսակերպը, սովորությունները, վարքը, որպեսզի խուսափի խուճապային գրոհներից։
Հիմնական ախտանշանները
- Խուճապի կրկնվող անսպասելի գրոհներ, որոնք կարող են ուղեկցվել՝ հաճախասրտությամբ, սրտխփոցով, առատ քրտնարտադրությամբ, դողով, շնչառության դժվարացմամբ, կրծքավանդակի սեղմոցով կամ ցավով, սրտխառնոցով, որովայնային դիսթրեսով, գլխապտույտով, թուլությամբ, սարսուռով, ջերմության զգացումով, մոտալուտ ուշաթափության զգացումով, թմրածությամբ կամ ծակծկոցներով, դերեալիզացիայի կամ դեպերսոնալիզացիայի զգացումով, վերահսկողությունը կորցնելու վախով, խելագարվելու վախով, մահանալու վախով։
- Վախ՝ խուճապային գրոհի կրկնվելուց։
- Բացասական փոփոխություններ վարքում և սովորություններում՝ խուճապային գրոհներից խուսափելու նպատակով։
Աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. #Տագնապ_հաջող / Ա.Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2017. – 212 էջ։