Դուռը թակում են, իսկ մենք տանը մենակ ենք և ժամացույցը ցույց է տալիս գիշերվա ժամը 2-ը։ Ոչ ոքի չենք սպասում, իսկ մուտքի լույսն էլ հակառակի պես փչացել է։ Տեսնես ով է։ Ահա, նորից թակեց։ Ականջ ենք դնում. ծանր շնչառության ձայն է լսվում։ Դռան անցքից միայն աչք բթացնող խավար է։ Հանկարծ լռության մեջ մի պահ զգում ենք, թե ինչպես է մեր սիրտը բախում։ Նույնիսկ ավելի ուժեղ, քան հետևի շենքի Գուրգեն պապու շան հաչոցը։ Մի պահ նույնիսկ քրտինք պատեց մեր ճակատը… Լավ, բավական է. այստեղ կանգ առնենք։ Կարդալիս դու՞ք էլ զգացիք նկարագրածը. հնարավոր է։ Ինչևէ, սա վախ կոչեցյալն է, որը մենք կարող ենք ապրել այս կամ այն հաճախականությամբ, այս կամ այն իրավիճակներում, երբ կա գիտակցված իրական օբյեկտ՝ հնարավոր վտանգի աղբյուր։ Իրավիճակը հասկանալի է, իսկ դրսևորված վախը՝ համարժեք և արդարացված։ Սակայն այլ է իրավիճակը ֆոբիաների դեպքում։ Այստեղ վախի դրսևորումը կամ վերջինիս ինտենսիվությունը համարժեք չէ իրավիճակին կամ օբյեկտին։ Ֆոբիան որևէ երևույթի կամ օբյեկտի նկատմամբ ունեցած կայուն վախն է, որը դրդում է վերջինիս խուսափել այդ երևույթի կամ օբյեկտի հետ առերեսումից, որի ընթացում վախի ինտենսիվությունը չի նվազում նույնիսկ այն դեպքում, երբ մարդ հասկանում է այդ ամենի անհեթեթությունը։

 

Հիմնական ախտանշանները

  • Ակնհայտ վախ կամ տագնապ կոնկրետ օբյեկտից կամ իրավիճակից։
  • Այդ օբյեկտը կամ իրավիճակը միշտ են առաջացնում անհապաղ վախ և տագնապ։
  • Անձը խուսափում է այդ օբյեկտի կամ իրավիճակի հետ առերեսվելուց։
  • Վախը կամ տագնապը անհամարժեք են օբյեկտի կամ իրավիճակի վտանգավորության իրական աստիճանին։
  • Վախը, տագնապը կամ խուսափումը առկա է 6 և ավելի ամիս։
  • Վախը, տագնապը կամ խուսափումը պատճառ են դառնում նշանակալի դիսթրեսի կամ դժվարությունների՝ սոցիալական, աշխատանքային կամ այլ կարևոր ոլորտներում։

 

 

Աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. #Տագնապ_հաջող / Ա.Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2017. – 212 էջ։

Սպեցիֆիկ ֆոբիաներ | Տագնապային խանգարումներ