Խուճապային խանգարումը տագնապային բնույթի խանգարում է, որի դեպքում կրկնվում են խուճապային գրոհները։ Խուճապային գրոհը հանկարծակի առաջացող ուժեղ ահի կամ սարսափի ինտենսիվ զգացողություն է, որն ուղեկցվում է տարբեր հոգեկան և մարմնական ախտանշաններով՝ սրտխփոցով, շնչառության դժվարացմամբ, դողով, գլխապտույտով, կրծքավանդակի ցավով կամ անհարմարությամբ, անիրականության զգացումով, վերահսկողությունը կորցնելու կամ մահանալու վախով։
Սակայն խուճապային խանգարումը միայն գրոհներով չի սահմանափակվում։ Ժամանակի ընթացքում մարդը սկսում է վախենալ նաև հաջորդ գրոհից, ավելի ուշադիր հետևել իր մարմնական զգացողություններին և դրանք մեկնաբանել որպես մոտալուտ վտանգի նշան։ Այսպես ձևավորվում է երկրորդային վախը՝ վախը նորից խուճապ ապրելուց, որը կարող է հանգեցնել տարբեր իրավիճակներից և գործողություններից խուսափելուն ու աստիճանաբար սահմանափակել մարդու կյանքը (Բեգոյան, 2020)։
Կենտրոնական հարցը
Խուճապային խանգարման դեպքում հիմնական խնդիրը մարմնական ազդակներն ավելի ճշգրիտ զգա՞լն է, դրանք կատաստրոֆիկ կերպով մեկնաբանե՞լը, թե՞ վտանգի մասին կանխատեսումները նոր փորձի հիման վրա դժվարությամբ թարմացնելը։
Այս տարբերակումը կլինիկորեն կարևոր է, քանի որ յուրաքանչյուր բացատրություն ենթադրում է ինտերոցեպտիվ էքսպոզիցիայի տարբեր նպատակ.
- եթե խնդիրը բարձր զգայական ճշգրտությունն է, թերապիան պետք է նվազեցնի մարմնական ազդակների նկատմամբ չափազանց մեծ զգայունությունը,
- եթե խնդիրը կատաստրոֆիզացիան է, այսինքն կատաստրոֆիկ մեկնաբանությունն է, անհրաժեշտ է ստուգել «սրտխփոցը նշանակում է սրտի կաթված» տիպի համոզմունքները,
- եթե խնդիրը կանխատեսումների թարմացումն է, էքսպոզիցիան պետք է ստեղծի վտանգի ակնկալիքը փոխող փորձ,
- եթե հիմնական մեխանիզմը խուսափումն է, թերապիան պետք է բարձրացնի մարմնական դիսկոմֆորտի նկատմամբ տոլեռանտությունը և վարքային ճկունությունը։
Վերջին հետազոտական տվյալները ավելի շատ աջակցում են ուշադրության, գնահատման և սովորելու խանգարումներին, քան մարմնական ազդակների համընդհանուր բարձր պերցեպտիվ (ընկալողական) ճշգրտությանը։ Սակայն տարբեր մեխանիզմներ կարող են համատեղ գործել տարբեր այցելուների մոտ։
Մրցակցող տեսական մոդելները
1. Կատաստրոֆիկ մեկնաբանության մոդելը (Catastrophic-misinterpretation model)
Մարմնական սովորական զգացողությունները՝ սրտի արագ աշխատանքը, շնչառության դժվարացումը կամ գլխապտույտը, մարդը մեկնաբանում է որպես լուրջ վտանգի նշան։ Օրինակ՝ սրտխփոցը կարող է ընկալվել որպես սրտի կաթվածի, շնչառության դժվարացումը՝ շնչահեղձ լինելու, իսկ գլխապտույտը՝ գիտակցությունը կամ վերահսկողությունը կորցնելու նշան (Clark, 1986)։
Հետևաբար խուճապի ուժգնությունը պետք է ավելի շատ կապված լինի մարմնական զգացողությունների վերաբերյալ մարդու համոզմունքների և մեկնաբանությունների, քան այդ ազդակները օբյեկտիվորեն ճիշտ ընկալելու կարողության հետ։ Կատաստրոֆիկ սպասումների փոփոխությունը պետք է նպաստի խուճապային ախտանշանների նվազմանը (Clark, 1986; Zbozinek et al., 2026)։
2. Բարձր ինտերոցեպտիվ ճշգրտության մոդելը (Enhanced-interoceptive-accuracy model)
Այս մոդելի համաձայն՝ խուճապային խանգարում ունեցող մարդիկ սովորականից ավելի արագ և ճշգրիտ են նկատում իրենց մարմնում տեղի ունեցող նույնիսկ փոքր փոփոխությունները։ Արդյունքում նրանք ավելի շատ ներքին ազդակներ են նկատում, որոնք կարող են գործարկել վախը և խուճապային գրոհը (Van der Does et al., 2000; Khalsa et al., 2018)։
Հետևաբար խուճապային խանգարում ունեցող մարդիկ պետք է առողջ մարդկանցից ավելի լավ կատարեն սրտի աշխատանքի կամ շնչառության փոփոխությունների օբյեկտիվ հայտնաբերման առաջադրանքները՝ նույնիսկ այն դեպքում, երբ հաշվի են առնվում սրտի հաճախության մասին նրանց գիտելիքները, նախնական սպասումները և պատասխանելու ռազմավարությունները (Adams et al., 2022; Prentice et al., 2026)։
3. Ինտերոցեպտիվ կանխատեսող մշակման մոդելը (Interoceptive predictive-processing model)
Մեր մարմնական զգացողությունները ձևավորվում են ոչ միայն մարմնից ուղեղ հասնող ազդակների, այլև այդ ազդակների վերաբերյալ արդեն գոյություն ունեցող սպասումների և կանխատեսումների հիման վրա։ Ուղեղը համադրում է մարմնից ստացվող ոչ միշտ հստակ տեղեկությունը իր նախնական պատկերացումների հետ և որոշում, թե ինչ է կատարվում։
Խուճապային խանգարման դեպքում վտանգի մասին կանխատեսումները կարող են չափազանց ուժեղ և համոզիչ լինել։ Մարդը կարող է չափազանց մեծ ուշադրություն դարձնել մարմնական փոքր փոփոխություններին և դժվարությամբ հանդուրժել սպասվածի ու իրականում տեղի ունեցողի միջև անհամապատասխանությունը՝ կանխատեսման սխալը (Paulus & Stein, 2010; Khalsa et al., 2018)։
Հետևաբար մարդը կարող է ունենալ շատ ուժեղ և համոզիչ մարմնական զգացողություններ՝ առանց դրանք օբյեկտիվորեն ավելի ճշգրիտ ընկալելու։ Բուժումը պետք է կրկնվող անվտանգ փորձի միջոցով թուլացնի աղետալի կանխատեսումները և օգնի ուղեղին սովորել, որ սրտխփոցը, գլխապտույտը կամ շնչառության փոփոխությունը պարտադիր չեն նշանակում իրական վտանգ (Craske et al., 2014; Adams et al., 2022; Zbozinek et al., 2026)։
4. Շնչահեղձության տագնապի և շնչառական մոդելը (Suffocation-alarm and respiratory model)
Այս մոդելի համաձայն՝ որոշ մարդկանց շնչառական տագնապի համակարգը չափազանց զգայուն է։ Արյան մեջ ածխաթթու գազի՝ CO₂-ի բարձրացումը, թթվայնության փոփոխությունը կամ շնչառության սահմանափակման զգացումը կարող են արագ գործարկել վտանգի արձագանքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ իրական սպառնալիք չկա (Klein, 1993)։
Հետևաբար խուճապային գրոհների նկատմամբ հակված մարդիկ պետք է ավելի ուժեղ արձագանքեն CO₂-ի ներշնչմանը կամ շնչառությունը փոխող այլ փորձարարական միջամտություններին։ Խուճապային ախտանշանները նվազեցնող արդյունավետ դեղամիջոցները պետք է թուլացնեն նաև փորձարարական ճանապարհով առաջացվող խուճապային արձագանքը (Klein, 1993; de Vos et al., 2025)։
5. Էքսպոզիցիայի ընթացքում հաբիտուացիայի (ընտելացման) և սպասումների թարմացման մոդելները (Habituation versus expectancy-updating models of exposure)
Հաբիտուացիայի մոդելի համաձայն՝ էքսպոզիցիան արդյունավետ է, երբ վախն աստիճանաբար նվազում է նույն վարժության ընթացքում կամ մի քանի հաջորդական վարժություններից հետո։ Այս մոտեցման մեջ վախի նվազումը դիտվում է որպես բուժական փոփոխության կարևոր ցուցանիշ։
Սպասումների թարմացման մոդելի համաձայն՝ առավել կարևոր է ոչ այնքան վախի նվազումը, որքան վտանգի վերաբերյալ կանխատեսման փոփոխությունը։ Մարդը կարող է դեռևս վախ զգալ, բայց միաժամանակ սովորել, որ իր կանխատեսած աղետը տեղի չի ունենում (Craske et al., 2014; Zbozinek et al., 2026)։
Հետևաբար հաբիտուացիայի մոդելը ենթադրում է, որ թերապիայի արդյունքը պետք է կանխատեսվի էքսպոզիցիայի ընթացքում կամ սեսիաների միջև վախի նվազումով։ Սպասումների թարմացման մոդելը ենթադրում է, որ ավելի կարևոր է աղետի հավանականության վերաբերյալ համոզմունքի փոփոխությունը, նույնիսկ եթե սուբյեկտիվ վախը դեռ ամբողջությամբ չի նվազել (Craske et al., 2014)։
Մոդելների վերլուծությունը
Ինտերոցեպտիվ էքսպոզիցիան արդյունավետ է, սակայն մաքսիմալ ինտենսիվությամբ տագնապ առաջացնելը պարտադիր չէ
Ինտերոցեպտիվ էքսպոզիցիա ներառող ինտերնետային ACT-ն և ֆիզիկական վարժության վրա հիմնված էքսպոզիցիան հանգեցրել են նշանակալի բարելավման։ Միաժամանակ արդեն գոյություն ունեցող էքսպոզիցիոն արձանագրությանը լրացուցիչ տագնապի ակտիվացում ավելացնելը չի բարելավել երկարաժամկետ արդյունքները և բուժման ավարտին որոշ ցուցանիշներով նույնիսկ վատացրել է դրանք։ (Richter et al., 2026; Muotri et al., 2026; Bäckman et al., 2025) Այսինքն՝ ինտերոցեպտիվ էքսպոզիցիայի նպատակը չպետք է լինի հնարավորինս ուժեղ տագնապ առաջացնելը (Craske et al., 2014; Richter et al., 2026)։
Սպասումների փոփոխությունն ավելի հետևողականորեն է կանխատեսում արդյունքը, քան վախի նվազումը
Հաշվողական վերլուծությունը ցույց տվեց, որ բուժման ավելի լավ արդյունք էին կանխատեսում երկու գործոն՝ էքսպոզիցիայի ընթացքում տագնապ հարուցող հետևանքի սպասման նվազումը և նոր փորձի հիման վրա այդ սպասումը փոխելու արագությունը։ Այս կապը պահպանվում էր նույնիսկ այն դեպքում, երբ հաշվի էր առնվում էքսպոզիցիայի ընթացքում վախի նվազումը (Zbozinek et al., 2026)։ Մեկ այլ՝ 268 պացիենտի մասնակցությամբ հետազոտությունում բուժման ավելի լավ արդյունք էր կանխատեսում այն, թե կրկնվող էքսպոզիցիաների ընթացքում որքանով էր աստիճանաբար նվազում այցելուի՝ տագնապ ապրելու սպասումը։ Սակայն սպասվող և էքսպոզիցիայի ընթացքում իրականում ապրած վախի միջև տարբերությունն ինքնին բուժման արդյունքը չէր կանխատեսում (Hilleke et al., 2025)։
Խուճապային խանգարումը կապված է մարմնական զգացողությունների նկատմամբ ոչ հարմարվողական ուշադրության և համոզմունքների հետ
Հետազոտությունները հստակ չեն հաստատում, որ խուճապային խանգարում ունեցող մարդիկ իրականում ավելի ճշգրիտ են զգում և տարբերակում իրենց մարմնում տեղի ունեցող փոփոխությունները։ Այսինքն՝ նրանք կարող են շատ ուժեղ զգալ սրտի զարկերը, շնչառության փոփոխությունը կամ գլխապտույտը, բայց դա դեռ չի նշանակում, որ մարմնական ազդակներն օբյեկտիվորեն ավելի ճշգրիտ են ընկալում։
Փոխարենը հետազոտություններում ավելի հետևողականորեն նկատվում է, որ նրանք՝ (Adams et al., 2022; Prentice et al., 2026; Snell et al., 2026)՝
- չափազանց ուշադիր հետևում և մշտապես վերահսկում են իրենց մարմնի աշխատանքը,
- ավելի հաճախ են անհանգստանում մարմնական զգացողություններից,
- հակված են այդ զգացողությունները մեկնաբանելու որպես վտանգավոր կամ վերահաս աղետի նշան,
- քիչ են վստահում սեփական մարմնին և նրա բնականոն աշխատանքին։
Այսպիսով, խնդիրը, հավանաբար, ոչ այնքան մարմնական ազդակների ավելի ճշգրիտ ընկալումն է, որքան դրանց նկատմամբ չափազանց կենտրոնացած ուշադրությունը, վտանգավոր մեկնաբանությունը և մարմնի բնականոն արձագանքների նկատմամբ անվստահությունը։
CO₂-ի նկատմամբ զգայունությունը խուճապի ուսումնասիրության օգտակար փորձարարական մոդել է, բայց խուճապային խանգարման ամբողջական բացատրությունը չէ
Դեղորայքային միջամտությունները կարող են նվազեցնել CO₂-ով առաջացված տագնապն ու խուճապային ախտանշանները։ Սակայն արդյունքների լայն տատանումները և տարբեր դեղաբանական համակարգերի միջև հստակ տարբերության բացակայությունը չեն աջակցում մեկ միասնական կենսաքիմիական «խուճապի համակարգի» գաղափարին (de Vos et al., 2025)։
Կիրառական հետևություններ ԿՎԹ-ի համար
Ինտերոցեպտիվ էքսպոզիցիան պետք է ուղղված լինի կանխատեսված վտանգավոր հետևանքների ստուգմանը և խուսափման նվազեցմանը։ Անհրաժեշտ չէ ստիպողաբար առավելագույն վախ առաջացնել կամ սպասել, մինչև տագնապը լիովին նվազի (Craske et al., 2014; Richter et al., 2026; Zbozinek et al., 2026)։ Ֆիզիկական վարժությունը բժշկական հակացուցումների բացակայության դեպքում կարող է ծառայել որպես ինտերոցեպտիվ զգացողությունների օգտակար աղբյուր։ Սակայն այն պետք է ձևակերպվի որպես մարմնական զգացողությունների և դրանց հետևանքների փորձարկում, այլ ոչ պարզապես որպես «տագնապն այրելու» միջոց (Muotri et al., 2026)։
Գրականության ցանկ
- Բեգոյան, Ա. Ն. (2020). Տագնապամարիչ․ տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց. Հիլֆմանն Պրեսս։
- Adams, K. L., Edwards, A., Peart, C., Ellett, L., Mendes, I., Bird, G., & Murphy, J. (2022). The association between anxiety and cardiac interoceptive accuracy: A systematic review and meta-analysis. Neuroscience & Biobehavioral Reviews, 140, 104754.
- Bäckman, L., Weineland, S., Vernmark, K., Radvogin, E., Bjälkebring, P., Enbuske, E., Hermansson, I., Johansson, N., Petersen, N., & Hursti, T. (2025). Internet-based Acceptance and Commitment Therapy with interoceptive exposure for panic disorder: A randomized controlled trial and working alliance analysis. Scandinavian Journal of Psychology, 67(2), 605–619.
- Clark, D. M. (1986). A cognitive approach to panic. Behaviour Research and Therapy, 24(4), 461–470.
- Craske, M. G., Treanor, M., Conway, C. C., Zbozinek, T., & Vervliet, B. (2014). Maximizing exposure therapy: An inhibitory learning approach. Behaviour Research and Therapy, 58, 10–23.
- de Vos, J. H., Haj Yahya, A., Viechtbauer, W., Linden, D. E. J., Schruers, K. R. J., & Leibold, N. K. (2025). Pharmacological effects on 35% CO₂ panic induction: A meta-analysis. Journal of Psychopharmacology, 39(12), 1397–1408.
- Hilleke, M., Lang, T., Helbig-Lang, S., Alpers, G. W., Arolt, V., Deckert, J., Fydrich, T., Hamm, A. O., Kircher, T., Richter, J., Ströhle, A., Wittchen, H.-U., & Gerlach, A. L. (2025). How do patients’ fear prediction and fear experience impact exposure-based therapy for panic disorder with agoraphobia? A comprehensive analysis of fear prediction. Depression and Anxiety, 2025, 6963860.
- Khalsa, S. S., Adolphs, R., Cameron, O. G., Critchley, H. D., Davenport, P. W., Feinstein, J. S., et al. (2018). Interoception and mental health: A roadmap. Biological Psychiatry: Cognitive Neuroscience and Neuroimaging, 3(6), 501–513.
- Klein, D. F. (1993). False suffocation alarms, spontaneous panics, and related conditions: An integrative hypothesis. Archives of General Psychiatry, 50(4), 306–317.
- Muotri, R. W., Luciano, A. C., Garrudo Guirado, A., Lotufo Neto, F., & Bernik, M. (2026). Brief intermittent intense exercise as interoceptive exposure for panic disorder: A randomized controlled clinical trial. Frontiers in Psychiatry, 16, 1739639.
- Paulus, M. P., & Stein, M. B. (2010). Interoception in anxiety and depression. Brain Structure and Function, 214, 451–463.
- Prentice, F., Brewer, R., & Murphy, J. (2026). From accuracy to expectation: A reframed view of heartbeat counting and panic disorder. Neuroscience & Biobehavioral Reviews, 189, 106887.
- Richter, J., Hamm, A. O., Lang, T., Gerlach, A. L., Melzig, C. A., Helms, A., et al. (2026). Instructed increase in fear activation during exposure exercises does not enhance treatment effects of cognitive behavioral therapy for panic disorder and agoraphobia. Behaviour Research and Therapy, 197, 104946.
- Snell, L., Garner, M., Pfeifer, G., & Morriss, J. (2026). The relationship between interoception and anxiety, stress and obsessive-compulsive disorders in adult clinical populations: A systematic review and narrative synthesis. Journal of Affective Disorders, 410, 121961.
- Van der Does, A. J. W., Antony, M. M., Ehlers, A., & Barsky, A. J. (2000). Heartbeat perception in panic disorder: A reanalysis. Behaviour Research and Therapy, 38(1), 47–62.
- Zbozinek, T. D., Rosenberg, B. M., Treanor, M., & Craske, M. G. (2026). Expectancy updating predicts anxiety symptom reduction from exposure therapy: Predictive analyses from a randomized clinical trial. Behaviour Research and Therapy, 202, 105040.
