Ընդհանուր առմամբ կա պատկերացում, որ գլխուղեղում նոր գիտելիքի ձևավորումը ենթադրում է նոր սինապտիկ կապերի ստեղծում։ Դա անշուշտ տեղի ունենում է, բայց ոչ միշտ է, որ նոր գիտելիքի յուրացումը պարտադիր կերպով նշանակում է նոր սինապսների ձևավորում։ Հաճախ ուսուցումը սկսվում է արդեն գոյություն ունեցող սինապսային կապերի ուժեղացմամբ։ Երբ նույն նեյրոնային կապը բազմիցս ակտիվանում է, գլուտամատային փոխանցումը և հատկապես NMDA (N-methyl-D-aspartate՝ N-մեթիլ-D-ասպարտատ) ընկալիչների մասնակցությամբ ընթացող մեխանիզմները կարող են բերել սինապսային փոխանցման երկարատև ուժեղացման։ Այս երևույթը կոչվում է LTP (long-term potentiation՝ երկարատև պոտենցիացիա) և համարվում է ուսուցման ու հիշողության սինապսային հիմքերի կարևոր մեխանիզմներից մեկը։
Պարզ ասած՝ այն կապերը, որոնք կրկին ու կրկին ակտիվացվում են, հետագայում կարող են ավելի հեշտ և արդյունավետ վերաակտիվացվել։ Այդ պատճառով կարևոր տեղեկատվությունը հաճախ օգտակար է կրկնել ոչ միայն նույն բառերով, այլև տարբեր ձևակերպումներով, օրինակներով և տարբեր համատեքստերում։ Սա հատկապես կարևոր է հոգեթերապիայի հոգեկրթական հատվածում․ մեկ անգամ ինչ-որ բան բացատրելը դեռ չի նշանակում, որ այն դարձել է այցելուի կայուն գիտելիքի և վարքային արձագանքի մաս։
Նույն սկզբունքն եմ կիրառում նաև գրքերում։ Հիմնարար գաղափարներից որոշներին միտումնավոր վերադառնում եմ տարբեր ձևակերպումներով և տարբեր համատեքստերում։ Այդ կրկնությունը պարզապես գրական կամ ոճական կրկնություն չէ․ դրա նպատակը նույն գաղափարի բազմակի ակտիվացումն ու այլ գիտելիքների և փորձառությունների հետ կապելն է։ Սապոլսկին հենց այս համատեքստում քննարկում է Հեբբյան ուսուցումը, սինապսների ուժեղացումը, գլուտամատը և NMDA-կախյալ գործընթացները։ Նրա գրքի անգլերեն բնագիրը հրատարակվել է 2017-ին Penguin Press-ի կողմից։
Գրականություն
Bliss, T. V. P., & Collingridge, G. L. (1993). A synaptic model of memory: Long-term potentiation in the hippocampus. Nature, 361(6407), 31–39.
Malenka, R. C., & Bear, M. F. (2004). LTP and LTD: An embarrassment of riches. Neuron, 44(1), 5–21.
Sapolsky, R. M. (2017). Behave: The biology of humans at our best and worst. Penguin Press.
