Մարդու ադապտացիայի կարևոր պայմաններից մեկն այն է, թե որքանով են աշխարհի մասին նրա պատկերացումները համապատասխանում իրականությանը։ Իհարկե, իրականության հետ մեր պատկերացումների հարյուր տոկոսանոց համապատասխանություն հնարավոր չէ։ Մենք միշտ աշխարհը տեսնում ենք որոշակի մոդելների, համոզմունքների, նախկին փորձի և կանխատեսումների միջոցով։ Բայց որքան այդ ներքին «քարտեզը» մոտ է իրական աշխարհին, այնքան ավելի արդյունավետ ենք կարողանում կողմնորոշվել, կանխատեսել, որոշումներ կայացնել և հարմարվել փոփոխություններին։

Ի վերջո, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ կարելի է դիտարկել հենց ադապտացիայի տեսանկյունից․ մարդու ներքին մոդելը ինչ-որ կետում այլևս այնքան էլ լավ չի աշխատում այն միջավայրում, որտեղ նա ապրում է։ Նա կանխատեսում է վտանգ այնտեղ, որտեղ այն չկա, չի նկատում այն, ինչ իրականում կարևոր է, կամ շարունակում է կիրառել ռազմավարություններ, որոնք ժամանակին գուցե օգտակար էին, բայց հիմա այլևս չեն աշխատում։ Այդ պատճառով ինձ համար հոգեկան առողջության կարևոր չափանիշներից մեկը ոչ թե պարզապես «լավ զգալն» է, այլ իրականության հետ հնարավորինս արդյունավետ փոխազդելու կարողությունը։

Այստեղ, սակայն, հետաքրքիր հարց է առաջանում։ Իսկ եթե մարդու աշխարհայացքը գիտական չէ, օրինակ՝ կրոնական կամ էզոթերիկ է, բայց նա իրեն լավ է զգում, իր կյանքում ամեն ինչ կարծես աշխատում է. ինչո՞ւ այն փոխել կամ կասկածի տակ դնել։

Տեսականորեն կարելի է պատկերացնել մի ամբողջական համոզմունքային համակարգ, որը ներքին հակասություններ չունի, չի խանգարում մարդու կյանքին, բավական ճկուն է և կարողանում է հարմարվել արտաքին աշխարհի փոփոխություններին։ Այդ դեպքում այն իսկապես կարող է երկար ժամանակ որևէ ակնհայտ խնդիր չստեղծել։ Բայց գործնականում նման համակարգերի հիմնական դժվարությունն այն է, թե ինչ է տեղի ունենում, երբ իրականությունը սկսում է հակասել դրանց։

Հենց այդ սահմանային իրավիճակներում ռացիոնալությունը դառնում է ոչ միայն գիտելիքների հավաքածու, այլ որոշակի ընտրություն՝ աշխարհի մասին դատելու մեթոդ։

Ռացիոնալ լինելը չի նշանակում ամեն ինչի պատասխանը գիտենալ։ Ընդհակառակը։ Երբեմն ամենառացիոնալ պատասխանը պարզապես սա է․ «Ես չգիտեմ, թե ինչպես է սա աշխատում»։

Բայց այստեղ մի կարևոր պահ կա. «Ես չգիտեմ, թե ինչպես է սա աշխատում» դեռ չի նշանակում՝ «ուրեմն դա գերբնական է»։

Սա, իմ կարծիքով, գիտական մտածողության կարևորագույն տարբերություններից մեկն է։ Անհասկանալի երևույթը բացատրության կարիք ունի, ոչ թե բացատրության բացակայությունը լրացնող պատմության։

Բոլեսլավ Պրուսի «Փարավոնում», օրինակ, արևի խավարումը ժողովրդի կողմից ընկալվեց որպես աստվածային իրադարձություն որովհետև չգիտեին ոչինչ արևային համակարգի, մոլորակների և դրանց փոխազդեցությունների մեխանիզմների մասին։ Բայց մեխանիզմը չիմանալը դեռ չի նշանակում, որ արևի հետ իսկապես ինչ-որ գերբնական բան է տեղի ունեցել։

Նույն տրամաբանությունը շատ գեղեցիկ երևում է նաև Քոնան Դոյլի «Բասկերվիլների շունը» պատմվածքում։ Ամեն ինչ կառուցված է այնպես, որ գերբնական բացատրությունը շատ գայթակղիչ է թվում։ Բայց Շերլոկ Հոլմսի առավելությունը հենց այն է, որ նա չի ընդունում այդ բացատրությունը միայն այն պատճառով, որ տվյալ պահին ավելի լավ տարբերակ չունի։ Նա շարունակում է փնտրել մեխանիզմը, փնտրել ռացիոնալ բացատրություն նույնիսկ այն դեպքում երբ ինքն անձամբ էր տեսել «ուրվական» շանը։

Ինձ համար սա ռացիոնալության առանցքային գաղափարներից մեկն է՝ փնտրել մեխանիզմները։

Ոչ թե պարզապես ասել՝ «ես դա տեսել եմ», «ես դա զգացել եմ», «դա համընկավ», «ուրեմն ինչ-որ ուժ կա», այլ հարցնել՝ իսկ ինչպե՞ս։ Ի՞նչ շղթայով։ Ի՞նչ գործընթացի միջոցով։ Ո՞ր պայմաններում։ Կարելի՞ է դա ստուգել։ Կարելի՞ է կանխատեսել՝ երբ այն տեղի կունենա, իսկ երբ՝ ոչ։

Այս մտածողությունը շատ կարևոր է նաև հոգեթերապիայում։ Հատկապես՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման որոշ դրսևորումների դեպքում։

ՕԿԽ-ում հաճախ հանդիպում ենք համոզմունքների, որոնցում պատճառահետևանքային մեխանիզմը պարզապես բացակայում է կամ անտեսվում է։ Օրինակ՝ «եթե այս միտքը եկավ, կարող է ինչ-որ վատ բան պատահել», «եթե ես այս գործողությունը չանեմ, ինչ-որ մեկի հետ դժբախտություն կլինի», «եթե այս նշանը տեսա, դա ինչ-որ բան է նշանակում»։

Երբ հարցնում ենք՝ «իսկ կոնկրետ ի՞նչ մեխանիզմով քո միտքը պետք է առաջացնի արտաքին իրադարձություն», հաճախ պարզվում է, որ այդ կապի մեջ որևէ մեխանիզմ ընդհանրապես չկա։ Կա միայն զգացողություն, համընկնում, վախ կամ «իսկ եթե»։

Եվ այստեղ ռացիոնալ մտածողությունը չի պահանջում, որ մարդը ամեն ինչ իմանա։ Այն պահանջում է ավելի համեստ բան՝ չլցնել չիմացածի տեղը այնպիսի բացատրությամբ, որի համար հիմք չունենք։

Երբեմն ամենագիտական և ամենառացիոնալ նախադասությունը հենց սա է. «Ես դեռ չգիտեմ»։ Եվ դա շատ ավելի ուժեղ դիրք է, քան՝ «Ես չգիտեմ, հետևաբար սա գերբնական է»։

Ռացիոնալություն, իրականություն և մեխանիզմների որոնում