Ուղեղը որպես բայեսյան մեքենա. հաշվողական կոգնիտիվ նեյրոգիտությունից մինչև հոգեթերապիա
1. Ուղեղը որպես «բայեսյան մեքենա». անորոշություն, կանխատեսում և վերահսկողության պատրանք
1.1. Բայեսյան մոտեցումը՝ կոգնիտիվ նեյրոգիտության, կլինիկական հոգեբանության և կոգնիտիվ–վարքաբանական թերապիայի խաչմերուկում
Մարդու ուղեղի ուսումնասիրության հիմնական խնդիրներից մեկը կարելի է ձևակերպել հետևյալ հարցի տեսքով՝ ինչպե՞ս հասկանալ աշխարհը, երբ մենք երբեք չունենք դրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
Մեր զգայական համակարգերը չեն տրամադրում իրականության ամբողջական և/կամ կատարյալ պատկերը։ Տեսողական, լսողական և մարմնական ազդակները հաճախ թերի են, բազմիմաստ և համատեքստից կախված։ Մենք չենք կարող ուղղակիորեն «տեսնել» ուրիշ մարդու մտադրությունները, կանխատեսել ապագան կամ լիարժեք վստահությամբ ասել, թե ինչ է նշանակում մարմնի այս կամ այն զգացողությունը։ Ուղեղը ստիպված է եզրակացություններ կատարել իրականության աներևույթ կամ թաքնված պատճառների, մարդկանց վարքի դրդապատճառների մասին՝ հիմնվելով սահմանափակ տվյալների վրա։
Այս խնդիրը Բայեսյան կոգնիտիվ նեյրոգիտության ելակետերից մեկն է։ Կենսաբանական կոգնիտիվ համակարգերը, ինչպիսին է ուղեղը, գործում են անորոշության պայմաններում, իսկ հավանականային մոդելները հնարավորություն են տալիս ֆորմալ կորպով նկարագրել, թե ինչպեսկարող է նախկինում ձեռք բերված գիտելիքը համադրվել/հակազդել նոր ստացվող տեղեկատվության հետ։ Այստեղից էլ առաջանում է այն ձևակերպումը, որ, հաշվի առնելով այդ ամենը, ուղեղը կարելի է դիտարկել որպես «Բայեսյան մեքենա» (Bayesian Machine)։
Սակայն հենց սկզբում կարևոր է կատարել մեկ գիտական ճշգրտում։ Այս պնդումը չպետք է հասկանալ բառացիորեն, կարծես նեյրոնները գիտակցաբար հաշվարկում են Բայեսի բանաձևը։ Ավելի ճիշտ է ասել, որ մարդու ընկալման, սովորելու և որոշումներ կայացնելու մի շարք օրինաչափություններ հնարավոր է արդյունավետ նկարագրել որպես Բայեսյան եզրահանգում (Bayesian Inference)։ Այն, թե որքանով է ուղեղն իրականում արտացոլում և իրացնում հենց այդ հաշվարկային ալգորիթմը նեյրոնային մակարդակում, շարունակում է մնալ էմպիրիկ հետազոտության առարկա։
1.2. Ի՞նչ է անում «Բայեսյան ուղեղը»
Բայեսյան մոտեցման հիմքում ընկած գաղափարը բավականին պարզ կոնցեպտ է։ Պատկերացնենք, որ կոնկրետ ուղեղ ունի կոնկրետ հիպոթեզ աշխարհի վերաբերյալ։ Օրինակ՝«Այս իրավիճակը վտանգավոր է»։
Մինչ նոր տեղեկատվություն ստանալը այդ հիպոթեզն արդեն ունի որոշակի հավանականություն։ Այն անվանում ենք ապրիոր/նախնական հավանականություն (Prior Probability)։ Հետո հայտնվում է նոր տեղեկատվություն՝ ապացույց (Evidence)։ Ուղեղը գնահատում է, թե որքանով էայդ տեղեկատվությունը համատեղելի տվյալ հիպոթեզի հետ՝ հավանականության ֆունկցիա (Likelihood)։ Արդյունքում ստացվում է վերանայված համոզմունք՝ ապոստերիոր/հետին հավանականություն (Posterior Probability)։
Բայեսի դասական թեորեմը հետևյալ տեսքն ունի․
P(H/D) = P(D/H) × P(H) / P(D)
որտեղ P-ն հավանականությունն է, H-ը հիպոթեզն է, իսկ D-ն՝ ստացված տվյալը։
Հոգեբանության կատեգորիալ ապարատով այն կարելի է շատ ավելի պարզ ներկայացնել.
Նախկին համոզմունք + նոր փորձ → վերանայված համոզմունք
Այս պարզ սխեման չափազանց կարևոր է հոգեբանության համար։ Մենք աշխարհը երբեք չենքսկսում ընկալել «զրոյից»։ Ներկա իրավիճակի մեկնաբանությունը միշտ ինչ-որ չափով պայմանավորված է նախկին փորձով, սովորած օրինաչափություններով, սպասումներով, հիշողությամբ, համոզմունքներով և տվյալ պահին առկա համատեքստով։
1.3. Ուղեղը ոչ միայն արձագանքում է աշխարհին, այլև կանխատեսում է այն
Բայեսյան ուղեղի գաղափարը սերտորեն առնչվում է պրեդիկտիվ/կանխատեսական մշակման (Predictive Processing) մոտեցմանը։ Ըստ պրեդիկտիվ/կանխատեսական կոդավորման (Predictive Coding) որոշ մոդելների՝ նյարդային համակարգը հիերարխիկորեն ձևավորում է կանխատեսումներ այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա հաջորդ պահին։ Ավելի բարձր մակարդակի համակարգերը փոխանցում են կանխատեսումները դեպի ստորին մակարդակներ, իսկ զգայական տեղեկատվության և կանխատեսման միջև տարբերությունը վերադառնում է վերև՝ որպես կանխատեսման սխալ (Prediction Error)։ Օրինակ, եթե գիշերը քայլում եք մութ միջանցքով և անկյունում տեսնում ինչ-որ երկարավուն օբյեկտ, բայց չեք կարողանում հստակ ձևակերպել թե ինչ է։ Տեսողական տեղեկատվությունը թերի է։ Եթե տվյալ միջավայրում օձի առկայությունը հավանական է թվում, ուղեղը կարող է արագ գեներացնել՝ «Հնարավոր է՝ օձ է»։ Մոտենում եք ևտեսնում, որ դա պարզապես գոտի է։ Նոր զգայական տվյալը չի համապատասխանում կանխատեսմանը։ Առաջանում է կանխատեսման սխալ։ Այդ սխալը հնարավորություն է տալիս թարմացնել ներքին մոդելը։
Այս իմաստով ընկալումը կամ պերցեպցիան կարող ենք հասկանալ ոչ միայն որպես արտաքինտեղեկատվության պասիվ ընդունում, այլև որպես աշխարհը բացատրող լավագույն հավանական հիպոթեզի անդադար կառուցում/վերակառուցում։ Սակայն ոչ բոլոր կանխատեսման սխալներն են, որ հավասար կերպով նպաստում են աշխարհը բացատրող հիպոթեզի բարելավմանը։ Այստեղ առանցքային է մեկ այլ հասկացություն՝ ճշգրտությունը (Precision)։
1.4. Որքանո՞վ ճշգրիտ են համոզմունքներս
Բայեսյան համակարգում կարևոր է ոչ միայն այն, թե ինչպիսին են մեր կանխատեսումները, այլայն՝ որքանով ենք վստահ դրանց ճշգրտության մեջ։ Ճշգրտությունը պայմանականորեն կարելի էհասկանալ որպես հավանականային բաշխման «վստահության աստիճան»։ Մաթեմատիկորեն Գաուսյան համակարգերում այն դիսպերսիայի հակադարձ մեծությունն է։
Ճշգրտություն = 1 / դիսպերսիա
Որքան բարձր է ճշգրտությունը, այնքան մեծ ազդեցություն կարող է ունենալ տվյալ համոզմունքը կամ կանխատեսման սխալը հետագա եզրահանգման վրա։ Եվ հենց այստեղ է, որ Բայեսյան կոգնիտիվ նեյրոգիտությունը հետաքրքիր կերպով կամրջվում է կլինիկական հոգեբանության հետ։
Պատկերացնենք մարդու, ով ունի շատ բարձր վստահությամբ ձևավորված համոզմունք. «Եթե եսսխալվեմ մարդկանց առաջ, նրանք ինձ բացասական կգնահատեն»։ Այստեղ խնդիրը կարող էլինել ոչ միայն համոզմունքի բովանդակությունը, այլ նաև դրա չափազանց բարձր ճշգրտությունը։ Ապա նոր տեղեկատվությունը՝ «Ես սխալվեցի, բայց ոչ ոք առանձնապես չարձագանքեց», կարող է քիչ ազդեցություն ունենալ, որովհետև նախկին նախնական կանխատեսումը չափազանց «ուժեղ» է։ Մարդը կարող է նույնիսկ բացատրություն գտնել՝ այն պահպանելու համար. «Նրանք պարզապես քաղաքավարությունից ելնելով ցույց չտվեցին, թե ինչ են մտածում իրականում»։ Այսպիսով, հոգեբանական խնդիրը կարելի է որոշ դեպքերում պատկերացնել նաև որպես համոզմունքի թարմացման դժվարություն։
1.5. Անորոշությունը՝ որպես հիմնարար կոգնիտիվ խնդիր
Այս ողջ համակարգի կենտրոնում գտնվում է անորոշությունը (Uncertainty)։ Ուղեղը պետք էանընդհատ գնահատի՝ ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ է հավանաբար տեղի ունենալու, ի՞նչ կարող եմանել, ի՞նչ կլինի, եթե սխալվեմ։, որքանո՞վ կարող եմ վստահել սեփական կանխատեսմանը։
Ժամանակակից հաշվողական հոգեբանությունն առաջարկում է նույնիսկ տարբերակել անորոշության տարբեր տեսակներ։ Առանձնապես կարևոր են դրանցից երկուսը։ Առաջինը՝ իմացական անորոշություն (Epistemic Uncertainty), որն առաջանում է մեր գիտելիքների պակասից։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ քննության արդյունքն ինչպիսին կլինի։ Այս պարագայում տեսականորեն հնարավոր է ստանալ նոր տեղեկատվություն և նվազեցնել այդ անորոշությունը։ Իսկ երկրորդը՝ ալեատորիկ անորոշություն [1] (Aleatoric Uncertainty), պայմանավորված է հենց աշխարհի փոփոխականությամբ կամ պատահականությամբ։ Օրինակ՝ նույնիսկ լավագույն տնտեսական մոդելը չի կարող բացարձակ ճշգրտությամբ կանխատեսել մեկ տարի անց շուկայի վիճակը։ Այս անորոշությունը հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել նույնիսկ մեծ քանակությամբ տեղեկատվություն հավաքելով։ Տագնապի Ժամանակակից բայեսյան մոդելն առաջարկում է այս տարբերակումը կիրառել նաև կլինիկական հոգեբանության մեջ։ Եվ այստեղ է, որ հարկ է ընդգծել, կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի համար, մի շատ կարևոր միտք՝ հոգեկան առողջությունը չի ենթադրում անորոշության վերացում։ Ավելի շուտ այն ենթադրում է սովորելտարբերակել, թե ի՞նչ անորոշություն կարող եմ նվազեցնել տեղեկատվություն հավաքելով, և ի՞նչ անորոշություն պետք է կարողանամ հանդուրժել։
1.6. Տագնապ և անորոշության նկատմամբ անհանդուրժողականություն
Կլինիկական հոգեբանության մեջ և կոգնիտիվ-վարքաբանական թերապիայում (այսուհետ՝ ԿՎԹ) այս երևույթն ուսումնասիրվում է անորոշության նկատմամբ անհանդուրժողականություն (Intolerance of Uncertainty, IU) հասկացության տեսքով։ Սկզբում այն առավելապես դիտարկվում էրորպես ընդհանրացված տագնապային խանգարման և ախտաբանական անհանգստության մեխանիզմ։ Այսօր այն դիտարկվում է որպես ավելի լայն՝ տրանսդիագնոստիկ գործոն, որը տարբեր աստիճաններով առնչվում է թե ընդհանրացված տագնապային խագարման, թե օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, և թե հետ-տրավմատիկ սթրեսային խանգարման և այլ, հիմնականում տագնապային սպեկտրի, խնդիրների հետ։ Այսօր այն դիտարկվում է, որպես ժամանակակից հոգեախտաբանության կենտրոնական կոնցեպտներից մեկը։
Անորոշության նկատմամբ անհանդուրժողականությունը պարզապես «անորոշություն չսիրելը» չէ։Այն կարող է ներառել այնպիսի համոզմունքներ, ինչպիսիք են՝ «Ես պետք է հաստատ իմանամ թեինչ է լինելու», «Եթե ես հաստատ չիմանամ, ապա հավանաբար ինչ-որ վատ բան է տեղիունենալու», «Ես չեմ կարող հանգստանալ, մինչև լիովին համոզված չլինեմ», «Եթե հնարավոր է վատ ելք, պետք է անպայման կանխեմ այն»։ Այս վիճակում անորոշությունը ինքնին սկսում է ընկալվել որպես վտանգի ազդանշան։
Տարաբնույթ նեյրոկոգնիտիվ հետազոտություններում բազմիցս արձանագրվել է դրական կորելյացիա անորոշության նկատմամբ անհանդուրժողականության բարձր աստիճանի և անորոշության նկատմամբ ուժգին հուզական արձագանքի, առաջնային կղզյակային կեղևի (Anterior Insula) և ամիգդալայի, նույն ինքը նշաձև մարմինը (Amygdala), ակտիվության աճի միջև։ Սակայն այստեղ սխալ կլիներ խոսել «անորոշության գլխուղեղային կենտրոնի» մասին, քանի որտվյալները նկարագրում են փոխկապակցված նեյրոնային ցանցերի աշխատանքը, իսկ արդյունքները տարբեր հետազոտություններում ամբողջությամբ միանշանակ չեն։
1.7. Անորոշություն և վերահսկման պահանջ
Այստեղ Բայեսյան մոտեցումը բնական կերպով կապվում է մեկ այլ, հիմնականում տագնապային խանգարումների համատեքստում դրսևորվող, հոգեբանական երևույթի՝ վերահսկողության անհրաժեշտության (Need For Control) հետ։
Վերահսկողության անհրաժեշտությունն ինքնին պաթոլոգիա չէ։ Ընդհակառակը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունենալու և սեփական գործողությունների ու արդյունքների միջևկապը հասկանալու կարողությունը կենսաբանական տեսանկյունից չափազանց ադապտիվ է։ Վերահսկելիությունը կարող է նվազեցնել սթրեսային իրավիճակների և սպառնալիքներինկատմամբ արձագանքը, իսկ ընտրության հնարավորությունն ինքնին դրական երևույթ է։
Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ. «Լավ է վերահսկել այն, ինչ կարող եմ»-ը վերածվում է՝ «Եսպետք է վերահսկեմ այն ամենը, ինչը կարող է վտանգ պարունակել»-ի։ Անորոշության նկատմամբ հանդուրժողականության ցածր մակարդակ ունեցող մարդը կարող է փորձել անընդհատ նվազեցնել անորոշության աստիճանը՝ ստուգելով, վերահաստատելով, հարցնելով, կանխատեսելով, պլանավորելով կամ խուսափելով։ Կարճաժամկետ հեռանկարում դա իսկապես աշխատում է և տագնապը նվազում է։ Եվ հենց այդ պատճառով էլ նման վարքային մոդելները ամրապնդվում են։
1.8. Անվտանգության պատրանք
Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչ դերակատարում ունեն անվտանգության վարքատեսակները / պաշտպանիչ գործողությունները (Safety Behaviors)։
Օրինակ՝ սոցիալական տագնապային խանգարմամբ մարդը կարող է հանդիպումից առաջ նախապես անգիր անել յուրաքանչյուր նախադասություն։ Խուճապային խանգարում ունեցողմարդը երբեք տանից դուրս չի գա առանց «շտապ օգնության» դեղորայքի։ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ անձը հնարավոր է դռան փակ լինելը բազմակի անգամ կստուգի։ Առողջությանտագնապայի խանգարումով մարդը հավանաբար պարբերաբար կչափի ճնշումը։ Նման գործողություններից հետո մարդն իրեն ավելի ապահով է զգում։ Սակայն այստեղ մի կարևոր իռացիոնալ տեղաշարժ է տեղի ունենում։ Եթե բացասական իրադարձությունը տեղի չի ունենում, մարդը ոչ թե կմտածի, որ իր կանխատեսումը սխալ էր, այլ կեզրակացնի, որ՝ «Վատ բան տեղի չունեցավ, որովհետև ես ինձ ապահովագրեցի»։
Արդյունքում նախնական կանխատեսումը (Prior Probability) չի թարմացվում։ Այս երևույթը կարելիէ պայմանականորեն անվանել անվտանգության պատրանք։ Հարկ է նշել, որ այս եզրույթը ոչ թե ախտորոշիչ կոնստրուկտ է, այլ կլինիկական նկարագրություն այն իրավիճակի, երբ մարդու անվտանգության զգացումը ձևավորվում է անվտանգության վարքատեսակի դրսևորման փաստի, այլ ոչ թե անվտանգության իրական երաշխիքների/փաստերի վրա։ Այս պատճառով անվտանգության վարքատեսակները կարող են ոչ միայն նվազեցնել անհանգստությունն այդ պահին, այլև երկարաժամկետ հեռանկարում պահպանել սպառնալիքի վերաբերյալ իռացիոնալ համոզմունքը։
1.9. Վերահսկողության պատրանք
Դրան հարակից հաջորդ կարևոր երևույթը է illusion of control՝ վերահսկողության պատրանքն է (Illusion of Control)։ Այն առաջանում է, երբ մարդը գերագնահատում է սեփական գործողության և արդյունքի միջև իրական պատճառահետևանքային կապը։ Դրա օրինակ է այն, երբ մարդը մտածում է, որ իր բնակարանը գողերից պաշտպանում է այն, որ ինքն ամեն անգամ տանից դուրս գալիս երեք անգամ ստուգում է դռան փակ լինելը [2]։ Սակայն փաստը, որ երկու երևույթ հաջորդում են միմյանց, դեռ չի նշանակում, որ մեկը մյուսի պատճառն է։ Կլինիկական առումով սակարող է ստեղծել փակ շղթա՝ անորոշություն → տագնապ → վերահսկող գործողություն/վարքատեսակ → տագնապի նվազում → վարքատեսակի ամրապնդում → ավելի ուժեղհամոզմունք, որ վերահսկողությունն անհրաժեշտ է։
Մարդն աստիճանաբար սովորում է ոչ ապրել անորոշության պայմաններում, այլ հակառակը՝ ձգտել անվտանգության պատրանքային զգացումին՝ փորձելով վերահսկել և վերահսկելի դարձնել ամեն անորոշություն։
1.10. Ինչպե՞ս կարելի է հասկանալ ԿՎԹ–ն՝ բայեսյան մոտեցման տեսանկյունից
Այստեղ բայեսյան մոտեցումն առանձնապես հետաքրքիր է դառնում։ ԿՎԹ-ի մի շարք մեթոդներհնարավոր է վերաձևակերպել հաշվողական լեզվով։ Սա դեռ չի նշանակում, որ մենք արդենապացուցել ենք դրանց կոնկրետ նեյրոնային մեխանիզմները։ Բայց այն ստեղծում է չափազանցօգտակար հետազոտական և կոնցեպտուալ շրջանակ (Framework)։
| ԿՎԹ հասկացություն | Բայեսյան/հաշվողական մեկնաբանություն |
| Դիսֆունկցիոնալ համոզմունք | բարձր նախնական հավանականություն կամ չափազանց բարձր ճշգրտություն ունեցող համոզմունք |
| Կոգնիտիվ վերակառուցում | համոզմունքի/մոդելի վերանայում |
| Վարքային փորձ | ակտիվ տեղեկատվության հավաքում՝ մրցակցող վարկածները տարբերակելու համար |
| Էքսպոզիցիա | կանխատեսման փորձարկում և կանխատեսման սխալի վրա հիմնված ուսուցում |
| Խուսափողականություն | Անորոշությունը կամ սպասվող վտանգը կարճ ժամանակով նվազեցնող վարքային ռազմավարություն |
| Անվտանգության վարքատեսակ / պաշտպանիչ գործողություն | գործողություն, որը կարճ ժամանակով նվազեցնում է անորոշությունը, բայց կարող է խանգարել համոզմունքի թարմացմանը |
| Թերապևտիկ տնային աշխատանք | իրական պայմաններում նոր ապացույցների հավաքագրում |
| Ռեցիդիվ | հին նախնական հավանականության / վարքային ռազմավարության վերաակտիվացում որոշակի համատեքստում |
Այս տեսանկյունից ԿՎԹ-ն կարելի է հասկանալ ոչ թե որպես «բացասական մտքերը դրականովփոխարինելու» մեթոդ, այլ սեփական կանխատեսումները գիտականորեն ստուգելու գործընթաց։
Օրինակ, պատկերացնենք այցելուի, ով ունի համոզմունք, որ «Եթե զրույցի ընթացքում մի պահ չիմանամ ինչ ասել, մյուսները կհասկանան, որ ես անինքնավստահ և ոչ կոմպետենտ եմ»։ Սա նախնական հավանականությունն է։ Այցելուն հանդիպումներից առաջ երկար պատրաստվում է, մտքում կրկնում նախադասությունները, խուսափում աչքերի կոնտակտից և խոսում հնարավորինսքիչ։ Դրանք էլ անվտանգության վարքատեսակներն են։ Հանդիպումն ավարտվում է առանցակնհայտ վատ իրադարձության և նա եզրակացնում է՝ «Ամեն ինչ լավ անցավ, որովհետև ես շատ լավ պատրաստվել էի և զգույշ էի»։ Այսպիսով ապացույցը չի հակասում նախնական հավանականությանը։
Իսկ ԿՎԹ վարքային գիտափորձի միջոցով կարելի է աստիճանաբար քչացնել անվտանգության վարքատեսակները։ Օրինակ՝ զրույցից առաջ չպատրաստել բոլոր պատասխանները։ Միայն այդ դեպքում այցելուի կանխատեսումը կդառնա ստուգելի։ Այսինքն, հնարավոր կլինի ստուգել արդյոք ճշգրիտ է «Եթե ես չվերահսկեմ խոսակցությունը, մարդիկ ինձ կգնահատեն բացասաբար» նախնական հավանականությունը։ Իսկ հետո հնարավոր կլինի համեմատել՝ թե Ի՞նչ էրկանխատեսվել և ի՞նչ տեղի ունեցավ իրականում։
Սա, ըստ էության, բայեսյան թարմացման (Bayesian Updating) տրամաբանությունն է։
Համենայն դեպս ԿՎԹ–ի նպատակը 100% [անվտանգության և որոշակիության] համոզվածություն ստեղծելը չէ։ Այստեղից բխում է թերապևտիկ աշխատանքի կարևորագույն հատկանիշներից մեկը։ Եթե տագնապով այցելուն հարցնում է՝ «Իսկ ինչպե՞ս համոզվեմ, որ դահաստատ չի պատահի», ապա թերապևտի նպատակը չպետք է լինի տալ 100% երաշխիք։ Այդպիսի երաշխիք իրական աշխարհում գրեթե երբեք գոյություն չունի։ Եթե մենք անընդհատ տրամադրում ենք որոշակիություն, ապա ակամայից կարող ենք ամրապնդել հենց այնհամոզմունքը, որ՝ «Հանգիստ լինելու համար ինձ անհրաժեշտ է 100% համոզվածություն [ր ոչ մի վատ բան չի պատահի]»։ Առավել ռացիոնալ կարող է լինել հարցնելը, թե՝ «Ի՞նչ հավանականություն ունի այդ իրադարձության տեղի ունենալը, ի՞նչ տվյալների վրա էհիմնված այդ գնահատականը, և կարո՞ղ եմ արդյոք գործել նույնիսկ այն դեպքում, երբ որոշանորոշություն համենայն դեպս պահպանվում է»։ Սա արդեն ոչ թե միանշանակ որոշակիության ձգտում է (Certainty Seeking), այլ հավանականային մտածողություն է (Probabilistic Thinking)։
1.11. Անորոշության նկատմամբ հանդուրժողականության մարզումը
Բայեսյան տեսանկյունից հոգեթերապիայի նպատակը կարելի է ձևակերպել ոչ որպես «անորոշության նվազեցում», այլ որպես անորոշության ավելի ճշգրիտ գնահատում և ավելի ճկուն վարք անորոշության պայմաններում։ Երբ անորոշությունը հնարավոր է նվազեցնել, ապա մենք սկսում ենք տեղեկատվություն հավաքել։ իսկ երբ այն մեր ազդեցության դաշտից դուրս է և հնարավոր չէ նվազեցնել, ապա անհրաժեշտ է սովորել ապրել դրա պայմաններում։ Այս իմաստով անորոշության հետ առերեսվելը, դրան ընդառաջ գնալը (Uncertainty Exposure) կարևոր թերապևտիկ մեթոդ և գործընթաց է։
Մարդն աստիճանաբար հրաժարվում է անընդհատ հանգստացնող հավաստիացումների որոնումներից (Reassurance Seeking), ստուգումներից, խուսափողականություններից կամ գերվերահսկողությունից և հնարավորություն է ստանում սեփական փորձով սովորելու. «Ես կարողեմ չիմանալ և, միևնույն է, շարունակել գործել»։ Բնականաբար, սա զուտ «հանգստանալու» հմտություն չէ, այլ միջավայրային ադապտացիայի մոդելի փոփոխություն։
1.12. Ուղեղը որպես բայեսյան մեքենա՝ օգտակար մոդել, թե նոր դոգմա
Բայեսյան ուղեղի գաղափարը կարող է չափազանց գրավիչ լինել։ Այն միավորում է ընկալումը, ուսուցումը, կանխատեսումը, որոշումների կայացման գործընթացները, անորոշությունը և որոշ մոդելներում նույնիսկ գործողությունը։
Ակտիվ եզրահանգման (Active Inference) շրջանակներում օրգանիզմը ոչ միայն փոխում է իր համոզմունքները՝ համապատասխանեցնելով դրանք աշխարհին, այլև գործողությունների միջոցով փոխում է ստացվող տեղեկատվությունը։ Այդ մոդելներում գործողությունները կարող են ունենալ ինչպես պրագմատիկ արժեք՝ ցանկալի արդյունք ստանալու, այնպես էլ էմիստեմիկ արժեք՝անորոշությունը նվազեցնելու և նոր տեղեկատվություն ձեռք բերելու համար։ Սա իհարկե հրաշալի լեզու է նաև հոգեթերապիան նկարագրելու համար։ Սակայն այստեղ խիստ կարևոր է խուսափել նոր նեյրոգիտական դոգմա ստեղծելուց։ Կանխատեսողական մշակումը, կանխատեսողական կոդավորումը, Բայեսյան եզրահանգումը, ազատ էներգիայի սկզբունքը [3] և ակտիվ եզրահանգումը նույն հասկացությունները չեն։ Այն փաստը, որ ինչ-որ վարք կարելի է նկարագրել բայեսյան մոդելով, դեռ չի նշանակում, որ նեյրոնային համակարգը ռեալիզացնում և մարմնավորում է հենցայդ ալգորիթմը։
Այսպիսով, գիտականորեն ավելի ճշգրիտ է ասել ոչ թե, ապացուցված է, որ ուղեղը բայեսյան մեքենա է, այլ, որ մարդու ուղեղը լուծում է անորոշության պայմաններում եզրահանգման հիմնարար խնդիրներ, և բայեսյան ու կանխատեսողական մոդելները դրանցից շատերը նկարագրելու ամենահզոր ժամանակակից հաշվողական հայեցակարգային շրջանակներից են։
Ամփոփում
- Մարդու կյանքը կարելի է որոշ առումներով հասկանալ որպես անընդհատ հավանականային կանխատեսումների շարք։
- Մենք կանխատեսում ենք՝ ինչ կմտածեն մարդիկ մեր մասին։
- Կանխատեսում ենք՝ անվտանգ է արդյոք մեր մարմնական զգացողությունը։
- Կանխատեսում ենք՝ հարաբերությունները կշարունակվեն, թե ոչ։
- Կանխատեսում ենք՝ աշխատանքը կստացվի, թե ոչ։
- Եվ երբ աշխարհը հրաժարվում է մեզ 100% երաշխիքներ տրամադրել, մենք երբեմն փորձումենք ստեղծել այն ինքներս՝ ստուգումների, խուսափման, հանգստացնող վերահաստատումների, գերվերահսկողության կամ անվտանգության վարքատեսակների միջոցով։
- Սակայն ամբողջական վերահսկողությունը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն անհնարէ, այլև ցանկալի չէ։
- Հոգեբանական ճկունությունն ավելի շուտ ենթադրում է կարողություն՝ կառավարել կառավարելին և հանդուրժել այն անորոշությունը, որը հնարավոր չէ վերացնել։
- Այս իմաստով բայեսյան կոգնիտիվ նեյրոգիտությունը և կոգնիտիվ-վարքաբանական թերապիան խաչվում են նույն կետում։
- ԿՎԹ-ի նպատակը մարդուն անորոշությունից պաշտպանելը չէ։
- Այն օգնում է վերանայել աշխարհի վերաբերյալ չափազանց կարծրացած և իռացիոնալ կանխատեսումները, ստուգել դրանք իրական փորձով, քչացնել անվտանգության պատրանք ստեղծող վարքատեսակները և սովորել ապրել մի աշխարհում, որտեղ անորոշությունը ոչ թե վտանգի ապացույց է, այլ իրականության անխուսափելի հատկություն։
- Եվ թերևս հենց այստեղ է բայեսյան մոտեցման ամենակարևոր կլինիկական նշանակությունը՝ առողջ մտածողությունը պահանջում է ոչ թե բացարձակ համոզվածություն / երաշխիքներ, այլ սեփական համոզմունքները նոր տվյալների ազդեցության տակ վերանայելու պատրաստակամություն։
Գրականություն
Blakey, S. M., & Abramowitz, J. S. (2016). The effects of safety behaviors during exposure therapy for anxiety: Critical analysis from an inhibitory learning perspective. Clinical Psychology Review, 49, 1–15.
Dugas, M. J., Koerner, N., & Freeston, M. H. (2026). State of the science: Intolerance of uncertainty. Behavior Therapy, 57(1), 17–36.
Friston, K. (2010). The free-energy principle: A unified brain theory? Nature Reviews Neuroscience, 11, 127–138.
Hedley, F. E., Larsen, E., Mohanty, A., Liu, J. Z., & Jin, J. (2026). Understanding anxiety through uncertainty quantification. British Journal of Psychology, 117(3), 795–808.
Knill, D. C., & Pouget, A. (2004). The Bayesian brain: The role of uncertainty in neural coding and computation. Trends in Neurosciences, 27, 712–719.
Leotti, L. A., Iyengar, S. S., & Ochsner, K. N. (2010). Born to choose: The origins and value of the need for control. Trends in Cognitive Sciences, 14(10), 457–463.
Ma, W. J., Beck, J. M., Latham, P. E., & Pouget, A. (2006). Bayesian inference with probabilistic population codes. Nature Neuroscience, 9, 1432–1438.
Sandhu, T. R., Xiao, B., & Lawson, R. P. (2023). Transdiagnostic computations of uncertainty: Towards a new lens on intolerance of uncertainty. Neuroscience & Biobehavioral Reviews, 148, 105123.
Wilson, E. J., Abbott, M. J., & Norton, A. R. (2023). The impact of psychological treatment on intolerance of uncertainty in generalized anxiety disorder: A systematic review and meta-analysis. Journal of Anxiety Disorders, 97, 102729.
[1] Անորոշություն, որը բխում է հենց համակարգի կամ տվյալների ներքին պատահականությունից/աղմուկից և սովորաբար չի վերանում պարզապես ավելի շատ տվյալներ հավաքելով։
[2] Սա իհարկե օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներով անձանց բնորոշ մտածելակերպ է, սակայն վերջինիս տարատեսակն երբ առկա են նաև այլ տագնապային խանգարումների պարագայում։
[3] Ազատ էներգիայի սկզբունք – գաղափար, ըստ որի կենսաբանական համակարգերը ձգտում են նվազեցնել իրենց կանխատեսումների և ստացվող տվյալների միջև անհամապատասխանությունն ու անորոշությունը՝ փոխելով կամ իրենց ներքին մոդելը, կամ իրենց գործողությունները։ Կարլ Ֆրիսթոնի (ծնվ. 1959թ., բրիտանացի նեյրոգիտնական և տեսական նեյրոկենսաբան) առաջարկած տեսական շրջանակ է, որը փորձում էբացատրել, թե ինչպես են կենսաբանական համակարգերը, այդ թվում՝ ուղեղը, պահպանում իրենց կայունությունը անորոշ և փոփոխվող միջավայրում։ Պարզեցված՝ գաղափարը սա է. ուղեղը մշտապես կանխատեսում է, թե ինչ է տեղի ունենալու, համեմատում է կանխատեսումը ստացվող զգայական տվյալների հետ և փորձում նվազեցնել դրանց անհամապատասխանությունը։
