«Տագնապամարիչ․ տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց»-ը, որը 2017թ-ին լույս տեսած #Տագնապ_հաջող գրքի մեծապես լրամշակված տարբերակն է, արդեն հասանելի է ընթերցողների համար։ Այն կարելի է ձեռք բերել թե՛ «Հիլֆմանն Պրեսս»-ի գրասենյակից, և թե՛ Երևան քաղաքի գրախանութներից։

Ի համեմատություն իր նախորդի գրքի բովանդակությունը համալրվել է 3 անգամ ավելի շատ գործնական նյութով (մասնավորապես կոգնիտիվ և վարքաբանական տեխնիկաներով) և գրեթե 2 անգամ մեծացել է ծավալով։ Ներառվել են նաև #Տագնապ_հաջող գրքում տեղ չգտած տագնապային և հարակից մյուս խանգարումները (օրինակ՝ սելեկտիվ մուտիզմ, հիպոքոնդրիա), առանձին գլխով անդրադարձ է արվել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը, ներառվել են թերապևտիկ սեսիաների արձանագրություններ, ինչպես նաև լրացվել են մյուս տեսական բաժինները։

Գրքում մանրամասն ներկայացված են տագնապի և խուճապի, անհանգստության և վախի, կպչուն մտքերի առանձնահատկությունները և հիմնական դրսևորումները, ինչպես նաև, տագնապային և հարակից խանգարումների հիմնական տեսակները, դրանց պատճառականության, զարգացման և հաղթահարման ժամանակակից պատկերացումները։ Քննարկվում են տագնապի հաշվողական մոդելը, վերջինիս նեյրոկենսաբանական մեխանիզմներն ու ոչ-դեղորայքային հաղթահարման մեթոդները, ինչպես նաև ներկայացված են տագնապայնության և տագնապային խանգարումների հաղթահարման կոնկրետ տեխնիկաներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում։ Գիրքը նախատեսված է տագնապային խանգարումների և դրանց հոգեթերապիայի խնդիրներով զբաղվող հետազոտողների, սեփական տագնապայնությունը կամ տագնապային խանգարումը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, ինչպես նաև իրենց այցելուներին/պացիենտներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։

«Տագնապամարիչ»-ն արդեն հասանելի է ընթերցողների համար