«Ուղեղը որպես բայեսյան մեքենա. հաշվողական կոգնիտիվ նեյրոգիտությունից մինչև հոգեթերապիա»
Կարդալ Հոդված 3. Էքսպոզիցիայի անտեսանելի խոչընդոտները․ ուշադրություն, թաքնված պաշտպանիչ գործողություններ և հավաստիացումների որոնում
4. Տագնապը՝ որպես կանխատեսման մեխանիզմների խանգարում․ կանխատեսական մշակումը և վտանգի սպասումը
4.1. Վտանգի կանխատեսումը, որպես տագնապի պատճառ
Ինչպե՞ս է ստացվում, որ ոչ մի վտանգ կարծես թե մեզ չի սպառնում, բայց մեր ուղեղն արդեն արձագանքում է ասես դա այդպես է։ Պատկերացնենք, որ վաղը կարևոր բժշկական հետազոտության պատասխան պետք է ստանանք։ Այս պահին որևէ վատ բան տեղի չի ունենում։ Մենք նստած եք տանը, ֆիզիկապես անվտանգ է, սակայն արդեն մտածում ենք՝ «Իսկ ինչ եթե պատասխանը վատ լինի՞»։ Մի փոքր անց կարող ենք նկատել, որ մեր սիրտն ավելի արագ է բաբախում, մարմինը լարված է, ուշադրությունը դժվար է կենտրոնացնել այլ բանի վրա։ Սկսում ենք մտքում կրկին ու կրկին պատկերացնել հնարավոր վատ ելքերը։ Նկատենք՝ վտանգ որպես այդպիսին չկա կամ դեռևս գոյություն չունի որպես փաստ. այն պարզապես ինչ-որ չափով հավանական է, այսինքն գոյություն ունի միայն դրա հնարավորությունը/հավանականությունը։ Եվ, նույնիսկ ավելին, գոյություն ունի այդ հնարավորության մասին ուղեղի ստեղծած կանխատեսումը։ Հենց այստեղ է տագնապի բնույթի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ տագնապելու համար պարտադիր չէ, որ վտանգը ներկայումս առկա լինի. երբեմն բավական է, որ ուղեղն այն կանխատեսի։
Ժամանակակից կոգնիտիվ նեյրոգիտության և հաշվողական հոգեբանության մի շարք ուղղություններ առաջարկում են տագնապը դիտարկել հենց այս տեսանկյունից՝ որպես ապագա հնարավոր վտանգի մասին կանխատեսումների, դրանց անորոշության և դրանց նկատմամբ մեր արձագանքի յուրահատուկ համակարգ։ Այս գաղափարը սերտորեն կապված է կանխատեսական մշակման (Predictive Processing) հետ։
4.2. Ուղեղը և գեներատիվ մոդելները
Մեզ երբեմն թվում է, որ ընկալման գործընթացը մոտավորապես այսպիսի տեսք ունի՝
աշխարհում ինչ–որ բան է տեղի ունենում → մենք դա ընկալում ենք → արձագանքում ենք
Սակայն կանխատեսող մշակման շրջանակներում առաջարկվող պատկերը մի փոքր ավելի բարդէ։ Ուղեղը ոչ միայն ընդունում է արտաքին և ներքին աշխարհից եկող ազդակները, այլև անընդհատփորձում է կանխատեսել, թե ինչ են այդ ազդակները նշանակում և ինչ է հավանաբար տեղիունենալու հաջորդ պահին։ Այն ստեղծում է այսպես կոչված գեներատիվ մոդելներ (Generative Models)։
Գեներատիվ մոդելներ ասելով նկատի ունենք մոդելներ այն մասին, թե՝
- ինչպիսին է աշխարհը,
- ինչ է նշանակում այս կամ այն իրավիճակը,
- ինչ է տեղի ունենալու հետո,
- ինչ է նշանակում մարմնի տվյալ զգացողությունը,
- ինչպես են հավանաբար վարվելու ուրիշ մարդիկ,
- և ինչ պետք է անել որոշակի արդյունք ստանալու կամ վտանգից խուսափելու համար։
Երբ իրականությունից ստացվող նոր տեղեկատվությունը համապատասխանում է կանխատեսմանը, ներքին մոդելը համեմատաբար կայուն է մնում։ Երբ չի համապատասխանում՝ տեղի է ունենում կանխատեսման սխալ։ Այդ նոր տեղեկատվությունը կարող է փոխել հաջորդ կանխատեսումը։ Սակայն, ինչպես արդեն քննարկել ենք, փոփոխության ծավալը կախված է ոչ միայն կանխատեսման սխալի առկայությունից, այլ նաև նրանից, թե որքանով է ուղեղը վստահում իր նախնական կանխատեսմանը և որքան տեղեկատվական արժեք է տալիս նոր փաստերին։
4.3. Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը տագնապի հետ
Սկսենք շատ պարզ օրինակից։ Դուք քայլում եք մութ փողոցով և հետևից քայլերի ձայն եք լսում։ Տարբեր մարդկանց ուղեղները նույն ձայնից կարող են տարբեր կանխատեսումներ ստեղծել։ Մեկը կարող է մտածել՝ «Հավանաբար ինչ-որ մեկն ուղղակի գնում է իր ճանապարհով»։ Մյուսը՝ «Գուցե ինձ հետևում են»։ Երկու մարդիկ էլ ստացել են գրեթե նույն զգայական մուտքային տեղեկատվությունը (Sensory Input)։ Տարբերությունն այն է, թե ինչ պատճառ է ուղեղը տեսնում այդ ազդակի հետևում։ Այստեղ նախնական կանխատեսումները, նախկին փորձը, իրավիճակի համատեքստը, անորոշությունը և ուշադրությունը միասին մասնակցում են եզրահանգմանը։ Տագնապի դեպքում այդ համակարգը կարող է ավելի հաճախ ընտրել այնպիսի մեկնաբանություն, որի կենտրոնում հնարավոր վտանգն է։
Սա բավական մոտ է նաև տագնապային խանգարումների դասական կոգնիտիվ մոդելին․տագնապած մարդու մտածողությունը հակված է կենտրոնանալու հնարավոր վտանգի նշանների վրա, և նույն իրավիճակը կարող է ստանալ ավելի կատաստրոֆիկ մեկնաբանություն։
Կանխատեսող մշակման լեզվով կարելի է ասել, որ մարդն ավելի հաճախ կանխատեսում էվտանգը, քան բախվում է վերջինիս։
4.4. Վախ և տագնապ․ որո՞նք են տարբերությունները
Հոգեբանության մեջ հույզերի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր և երբեմն էլ նույնիսկ հակասական պատկերացումներ, սակայն հույզերի հոգեբանության բոլոր այն տեսաբանները, ովքեր ընդունում են բազային հույզերի գոյությունը, այնուամենայնիվ, վախը համարում են դրանցից մեկը։ Որպես մեր հուզական բնույթի մի մաս՝ վախը դրսևորվում է որպես հակազդում մեր կյանքին կամ առողջությանը սպառնացող ցանկացած վտանգի։ Այն զգուշացնում է մեզ վտանգի և դրանից պաշտպանվելու անհրաժեշտության մասին։ Փաստացի, կենդանի օրգանիզմների, մասնավորապես մարդու համար, վախը պաշտպանական, ադապտիվ (հարմարողական) գործառույթ ունի։ Վերջինս կարող է կրել նաև ոչ ադապտիվ բնույթ, երբ դրսևորվում է այն ժամանակ, երբ չկա անհատին սպառնացող իրական վտանգ, կամ էլ երբ այն շատ չնչին է։ Սա էլ հենց ցանկացած տագնապի տեսության ամենակարևոր հարցերից մեկն է՝ ինչպես տարանջատել միմյանցից վախն ու տագնապը, ևինչպես սահմանել, թե որտեղ են վերջանում վախի նորմալ դրսևորումները, հակազդումները և սկսվում ոչ նորմալները կամ ախտաբանականները։
Տագնապի սուբյեկտիվ փորձը նկարագրելու համար հայերենում շատ բառեր կան, ինչպիսիք են, օրինակ՝ «ահ», «երկյուղ», «սարսափ», «զարհուրանք», «երկյուղ», «անհանգստություն»: Սովորաբարարդի հայերենում «վախ» և «տագնապ» հասկացություններն օգտագործվում են որպես միմյանց իմաստային փոխարինող բառեր և հոմանիշներ, սակայն վերջիններիս հստակ սահմանազատումնու ձևակերպումը ոչ միայն զուտ տեսական, այլև գործնական խնդիր է՝ բխող ժամանակակից նեյրոկենսաբանության և կոգնիտիվ գիտության հետազոտական ձեռքբերումներից։
Տագնապային խանգարումներին նվիրված իր աշխատանքներից մեկում Դեյվիդ Բարլոուն սահմանում է վախը՝ որպես «պարզունակ ահազանգ ի հակազդում առկա վտանգի, որը բնորոշվում է ուժեղ գրգռվածությամբ և գործողությունների միտվածությամբ»։ Իսկ տագնապն էլ մյուս կողմիցսահմանում է որպես «ապագայակենտրոն հույզ, որը բնութագրվում է՝ պոտենցիալ անհանգստություն պատճառող իրադարձությունների անվերահսկվողականության ու անկանխատեսելիությանընկալումներով/զգացողություններով, և պոտենցիալ վտանգավոր իրադարձություն, կամ այդ իսկ իրադարձությանը տրված սեփական աֆեկտիվ հակազդումների վրա ուշադրության կտրուկ տեղափոխմամբ»։
Աարոն Բեքը, Հարի Էմերին ու Հռութ Գրինբերգն իրենց հերթին առաջարկում են վախի և տագնապիինչ-որ չափով տարբերվող դասակարգում։ Նրանք սահմանում են վախը՝ որպես «տրված իրավիճակում առկա կամ պոտենցիալ վտանգի գնահատական» ներառող կոգնիտիվ (իմացական, ճանաչողական) գործընթաց։ Իսկ տագնապը վախով խթանված հուզական հակազդում է։ Հետևաբար վախը «վտանգի գնահատականն է, իսկ տագնապը՝ վախի ակտիվացման արդյունքում առաջացած տհաճ զգացումն է»։ Ե՛վ Բարլոուն, և՛ Բեքը դիտարկում են վախը որպես դիսկրետ (ընդհատուն), հիմքային կառույց, մինչդեռ տագնապը՝ որպես ավելի ընդհանրացված սուբյեկտիվ հակազդում։ Եթե Բեքը շեշտադրում է կատարում վախի կոգնիտիվ բնույթի վրա, ապա Բարլոուն կենտրոնանում է ավելի շատ կառույցի նեյրոկենսաբանական և վարքային առանձնահատկություններիվրա։
Հետևաբար, կարելի է ասել, որ վախը ազդանշանային տարրական, ավտոմատ նեյրոֆիզիոլոգիական վիճակ է, որը ներառում է անմիջական իրավիճակի վտանգավորության կամ վնասակարության կոգնիտիվ գնահատական, իսկ տագնապը՝ համալիր կոգնիտիվ, աֆեկտիվ (հուզական), ֆիզիոլոգիական և վարքային հակազդման համակարգ է, որն ակտիվանում է այն ժամանակ, երբսպասվելիք իրադրությունները, իրավիճակները կամ հանգամանքները թվում կամ գնահատվում ենորպես ծայրահեղ անընդունելի կամ անտանելի, քանի որ ընկալվում են որպես անկանխատեսելի, անվերահսկելի և/հետևաբար կարող են մեծ վտանգ ներկայացնել անհատի կենսական շահերի, կյանքի և առողջության համար։
Վախը, որպես վտանգի հիմնական ավտոմատ գնահատական, բոլոր տագնապային խանգարումների կարևորագույն և հիմնարար բաղադրիչն է։ Դա բավականին լավ տեսանելի է խուճապայինգրոհների և սուր տագնապայնության դեպքերում։ Մյուս կողմից էլ տագնապը կարելի է նկարագրել, որպես վտանգի առավել կայուն վիճակ կամ տագնապային մտահոգվածություն/ մտավախություն, որն էլ իր հերթին ներառում է իր մեջ վախը լրացնող այլ կոգնիտիվ գործոններ, ինչպիսիք են, օրինակ՝ անհեդոնիան, անվերահսկելիությունը, անորոշությունը, անօգնականությունը, անկարողությունը և ցանկալի արդյունքներին հասնելու անկարողությունը։ Ինչպես արդեն խոսվել է ամենասկզբում, թե՛ վախը և թե՛ տագնապը ներառում են ապագայակենտրոնություն, որն էլ արտահայտվում է«բա որ» հարցադրումով («իսկ ի՞նչ, եթե․․․», «կարո՞ղ ա․․․»), օրինակ՝ «բա որ հյուրերի ներկայությամբ վատանամ», «իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ սիրտս սկսի արագ աշխատել», «կարո՞ղ ա նստեմ ավտոբուս, ու օդը չհերիքի, ուշագնաց լինեմ» և այլն։
Վախի և տագնապի միջև եղած տարբերությունը կարելի է նկարագրել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ մարդու օրինակով (ում պայմանականորեն կանվանենք Աննա), ով աղտոտվելու վախիցդրդված՝ կպչուն կերպով, հաճախակի և երկար, ձեռքերն է լվանում։ Աննան գերզգոն է հնարավոր«վտանգավոր» աղտոտող նյութերի և իրերի նկատմամբ, այդ իսկ պատճառով ամեն կերպ խուսափում է վերջիններից։ Աննան մշտապես գերգրգռվածության մեջ է և սուբյեկտիվ նյարդայնությանզգացում ունի՝ աղտոտվելու վերաբերյալ շարունակական մտավախություններ ունենալու պատճառով (օրինակ՝ «բա որ աղտոտվե՞մ», «բա որ ինչ-որ բան անցնի՞ ինձ»)։ Հենց այս կոգնիտիվ-վարքային-ֆիզիոլոգիական վիճակն էլ անվանում ենք տագնապ։ Եթե, օրինակ, Աննան դիպչում է կեղտոտ իրի (օրինակ՝ հանրային վայրի դռան բռնակի), ապա միանգամից նրա մեջ վախ է առաջանում, որն էլ ինքնին անխուսափելի վտանգի ընկալումն է (օր․՝ «Ես դիպա այս կեղտոտ բռնակին։Քաղցկեղով հիվանդ ինչ-որ մեկն ինձնից առաջ նույնպես կարող էր այս բռնակին դիպած լինել։ Ուրեմն ես կարող եմ քաղցկեղ ձեռք բերել ու մահանալ»)։ Բռնակին դիպչելու հետ կապված՝ Աննայիայս անհապաղ հակազդումն անվանում ենք վախ, իսկ դրանով պայմանավորված ու դրան հաջորդող շարունակական բացասական հուզական վիճակը՝ տագնապ։
4.5. Վտանգի կանխատեսում․ երբ ուղեղը պատրաստվում է մի բանի, որըդեռ տեղի չի ունեցել և հնարավոր է տեղի էլ չունենա
Վախի կանխատեսումը, կամ ավելի ճիշտ է ասել անտիցիպացիան, կարելի է մեկնաբանել որպես հնարավոր վտանգի կանխասպասում կամ վտանգի կանխատեսող սպասում։ Դա ինքնինախտաբանական գործընթաց չէ, այլ ընդհակառակը։ Եթե մեր ուղեղը կարողանար արձագանքելվտանգին միայն այն բանից հետո, երբ այն արդեն տեղի է ունեցել, մենք բավականանարդյունավետ կենդանիներ կլինեինք։ Պատկերացրեք, որ ճանապարհին մեքենա տեսնելիս ձեր ուղեղը սկսեր պաշտպանական արձագանքը միայն բախումից հետո։ Կենսաբանական համակարգի համար շատ ավելի արդյունավետ է կանխատեսել հնարավոր սպառնալիքը ևնախապես պատրաստել գործողությունը։ Այս իմաստով տագնապն ունի հստակ ադապտիվ նշանակություն։
Այն օգնում է.
- ավելի արագ նկատել հնարավոր վտանգը,
- գնահատել դրա հավանականությունը,
- պատրաստվել և կազմակերպել պաշտպանական վարք,
- պլանավորել հնարավոր ելքերը,
- խուսափել ավելորդ ռիսկերից։
Խնդիրը տագնապի առկայությունը չէ։ Իրավիճակը խնդրի է վերածվում այն ժամանակ, երբ վտանգի կանխատեսման համակարգը չափազանց հաճախ, չափազանց ուժեղ կամչափազանց քիչ ապացույցների պայմաններում է եզրակացնում, որ վտանգը հավանական է։
4.6. «Բա որ»․ տագնապի ամենաբնորոշ հարցերից մեկը
Տագնապային մտածողության ամենատարածված կառուցվածքներից մեկը սկսվում է երկու բառով՝«Բա որ…»։ Օրինակ՝ «բա որ ուշագնաց լինե՞մ», «բա որ աշխատանքս կորցնե՞մ», «բա որ ինձ վատ գնահատե՞ն», «բա որ հիվանդ լինե՞մ», «բա որ երեխայիս ինչ-որ բան պատահի՞», «բա որի նքնաթիռը վթարվի՞»։ Այս հարցերն իրենք իրենցով տրամաբանական սխալ չեն։ Բոլոր այդ իրադարձությունները/ելքերը տեսականորեն հնարավոր են։
Տագնապային խանգարումների պարագայում խնդիրը հաճախ ոչ թե այն է, որ ուղեղը, որպես կոգնիտիվ համակարգ, պատկերացնում է ինչ-որ անհնարին իրադարձություն, այլ որ ավելի հաճախ այն պարզապես սխալ է գնահատում՝
- այդ իրադարձության հավանականությունը,
- դրա արժեքը կամ ծանրության աստիճանը,
- սեփական ներուժը և հաղթահարելու հնարավորությունը,
- և այն անորոշության չափը, որը տվյալ իրավիճակում ընդունելի է։
Grupe և Nitschke-ի հայտնի Uncertainty and Anticipation Model of Anxiety-ն տագնապի հետ կապված առանձնացնում է հենց մի քանի նման գործընթացներ՝ վտանգի հավանականության և արժեքի գերագնահատում, գերզգոնություն, անվտանգության ուսուցման (Safety Learning) դժվարություններ, կոգնիտիվ և վարքաբանական խուսափողականություն, և անորոշության նկատմամբ անհանդուրժողականության բարձր մակարդակ։
4.7. Տագնապը որպես «սխալ կանխատեսո՞ւմ»
Այստեղ պետք է շատ զգույշ լինել, որովհետև շատ գայթակղիչ է մտածելը, որ «տագնապային խանգարումների պարագայում ուղեղը պարզապես սխալ կանխատեսումներ է անում»։ Բայց, իհարկե, խնդիրը դրանով չի սահմանափակվի։ Երբեմն մարդը կարող է բավական ճիշտ գնահատել վտանգի առկայությունը, բայց չափազանց բարձր գնահատել դրա հավանականությունը։ Կամ բավական ճշգրիտ գնահատել հավանականությունը, սակայն հետևանքը, ելքը՝ ուղղակի կատաստրոֆիկ։ Կամ կարող է ճիշտ կանխատեսել թե՛ հավանականությունը, թե՛ հետևանքը, բայցչ կարողանալ հանդուրժել այն փաստը, որ անվտանգության 100% առհավատչյա գոյություն չունի։
Տագնապի ժամանակակից հաշվողական ուսումնասիրություններում, հենց այդ պատճառով էլ,ավելի ու ավելի հաճախ է խոսվում ոչ միայն վտանգի, սպառնալիքի սպասման մեխանիզմների, այլև անորոշությանը սովորելու մասին։ Brown, Price և Dombrovski-ն առաջարկել են, որ դեզադապտիվ տագնապը որոշ դեպքերում ավելի ճշգրիտ կարելի է հասկանալ որպես անորոշությանը սովորելու, հանդուրժող լինելու խանգարում, քան պարզապես մշտական վտանգի գերագնահատում (Brown et al., 2023):
Այսինքն՝ խնդիրը կարող է լինել ոչ միայն` «Ես կարծում եմ, որ վատ բան կպատահի», այլ նաև՝«Ես չեմ հասկանում, թե որքան արագ պետք է փոխեմ իմ կանխատեսումը, երբ աշխարհը փոխվում է»։
4.8. Սպառնալիքի վերաբերյալ նախնական համոզմունքը․ երբ վտանգը կանխատեսման մեկնարկային կետն է
Բայեսյան մոտեցման լեզվով ասած վտանգի մասին նախնական համոզմունքը՝ նախնական հավանականությունն է, որը կոգնիտիվ համակարգը տալիս է որևէ հիպոթեզի մինչև տվյալ պահի նոր ապացույցը գնահատելը։
Տագնապային մարդու դեպքում հնարավոր սպառնալիքի վերաբերյալ նախնական համոզմունքի օրինակ կարող է լինել՝ «Անծանոթ մարմնական զգացողությունը հավանաբար վտանգավոր է», կամ «Եթե մարդը լուռ է, հավանաբար բացասական է վերաբերվում ինձ», կամ՝ «Եթե իրավիճակը լիովին չեմ վերահսկում, հավանական է՝ վատ բան տեղի ունենա»։ Այս նախնական համոզմունքները կարող են ձևավորվել տարբեր ճանապարհներով՝ նախկին փորձից, տրավմատիկ իրադարձություններից, դիտման միջոցով իրականացած ուսուցումից, ընտանեկան միջավայրից, սեփական մարմնական փորձից, և հազարավոր փոքր ուսուցման էպիզոդներից։ Սակայն կանխատեսական մշակման հիմնական հարցը միայն այն չէ, թե ինչ նախնական համոզմունք ունի մարդը, այլև, թե որքանո՞վ է նա վստահ այդ դրանում։ Այստեղ կրկին գալիս ենք ճշգրտության հասկացությանը։
4.9. Երբ վտանգի կանխատեսումը ստանում է չափազանց մեծ «քաշ»
Պատկերացնենք, որ մարդն ունի հետևյալ միտքը՝ «Եթե սիրտս արագ է խփում, ապա հնարավոր է, որ ինչ–որ վտանգավոր բան է տեղի ունենում»։ Մեկի մոտ սա կարող է լինել թույլենթադրություն, և նա կմտածի՝ «Հնարավոր է, բայց երևի սուրճից կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից է»։ Մեկ ուրիշի մոտ նույն միտքը կարող է ընկալվել գրեթե որպես փաստ՝ «Սիրտս արագ է աշխատում, ուրեմն ինձ ինչ-որ վտանգ է սպառնում»։ Կանխատեսական մշակման որոշ մոդելներում նման տարբերությունը նկարագրվում է ճշգրտության քաշով։
Չափազանց բարձր ճշգրտություն ունեցող վտանգի կանխատեսումն ավելի դժվար է փոխվում դրան հակասող ապացույցների ազդեցության տակ։ Սակայն այստեղ անհրաժեշտ է գիտական սահմանազատում։ «Տագնապը = գերճշգրիտ նախնական համոզմունք» ձևակերպումն առայժմ հաստատված համընդհանուր նեյրոկենսաբանական փաստ չէ։ Տարբեր փորձարարական պարադիգմաներում ստացված արդյունքները միշտ չէ, որ համընկնում են։
2026թ-ին իրականացված կանխատեսական կոդավորման տեսանկյունից հոգեախտաբանության ուսումնասիրություններից մեկը նույնպես շեշտում է հենց այս խնդիրը․ նախնական համոզմունքների ճշգրտության, կանխատեսման սխալի ազդանշանման և դրանց անուղղակի նեյրոնային ցուցիչների վերաբերյալ վարկածները խոստումնալից են, սակայն հաճախ դեռևս մոդելային մեկնաբանություններ են և չեն ձևավորել մեկ միասնական մեխանիստական բացատրություն (Alotaibi, 2026)։
4.10. Տագնապն ու բազմիմաստությունը
Տագնապի համար հատկապես «հարմար» են ոչ թե ակնհայտորեն անվտանգ կամ ակնհայտորեն վտանգավոր իրավիճակները, այլ երկիմաստ և/կամ բազմիմաստ իրավիճակները։
Պատկերացրեք՝ գրում եք ձեզ համար շատ կարևոր անձի, իսկ վերջինս մի քանի ժամ չի պատասխանում։ Ի՞նչ է նշանակում այդ լռությունը։ Իրականում դուք դեռ չգիտեք։ Հնարավոր տարբերակներ շատ կան՝ նա զբաղված է, չի տեսել հաղորդագրությունը, հեռախոսը մոտը չէ, չգիտի՝ ինչ պատասխանել, նեղացած է, կամ ընդհանրապես որևէ հատուկ պատճառ չկա։ Այսինքն՝ զգայական և սոցիալական տվյալները բավարար չեն միանշանակ եզրակացության հանգելու համար, և ուղեղը պետք է ընտրի հնարավոր բացատրություններից միայն մեկը։ Իսկ տագնապայինմշակման պարագայում բացասական մեկնաբանությունը կարող է ավելի արագ ստանալ առաջնահերթություն։
2025թ-ին, լոնգիթյուդինալ հետազոտությունների, իրականացված մետավերլուծություններից մեկի ակնհայտ է դարձել, որ մեկնաբանություններն ու հիշողության աղճատումները/կողմնակալությունները (Memory Biases) փոքր, բայց նշանակալի չափով կապված են հետագայում տագնապի և դեպրեսիայի ախտանշանների հետ, մինչդեռ ուշադրության ընտրողականության/կողմնակալությունների պրոսպեկտիվ էֆֆեկտը նույնքան հստակ չէր։ Սա ևս մեզ հուշում է, որ«տագնապը ուշադրության սևեռումն է վտանգի նշանների վրա» բացատրությունը բավականին նեղ է (Vos et al., 2025)։
4.11. Գերզգոնություն․ երբ ուղեղը փնտրում է իր իսկ կանխատեսումների ապացույցները
Երբ վտանգի զգացողություն ենք ունենում, սկսում ենք ավելի ուշադիր փնտրել դրա նշանները։ Եթե կարծում եք, որ հանդիսատեսը ձեզ բացասական է գնահատելու, ապա ավելի ուշադիր եք հետևում մարդկանց դեմքերին՝ դժգոհության կամ անհետաքրքրության նշաններ փնտրելով։ Եթե վախենում եք սիրտ-անոթային համակարգի խնդիրներից, ապա ավելի հաճախ ենք նկատում սրտխփոցն ու սրտի ռիթմի փոփոխությունները։ Իսկ եթե վախենում ենք, որ մեր զուգընկերը կարող է մեզ թողնել, ապա ձայնի տոնը, կարճ հաղորդագրությունը կամ ուշացած պատասխանը կարող են առանձնահատուկ նշանակություն ստանալ։ Այսպես կարող է ձևավորվել ինքն իրեն ամրապնդող շրջան՝
Վտանգի կանխատեսում → ուշադրության կենտրոնացում վտանգի նշանների վրա → վտանգը հաստատող թվացող ավելի շատ տվյալներ → «Տեսա՞ր՝ ես ճիշտ էի» → վտանգի մասին կանխատեսման ամրապնդում
Սակայն այստեղ կարևոր է հասկանալ՝ վտանգը հաստատող տվյալներն իսկապե՞ս շատացան, թե՞ մենք սկսեցինք հիմնականում հենց դրանք նկատել՝ մյուս տեղեկությունները թողնելով հետին պլանում։ Ավելին՝ ուշադրությունը կարող է ազդել ոչ միայն այն բանի վրա, թե ինչ ենք նկատում, այլև՝ որքանով ենք վստահում նկատածին։ Կանխատեսական մշակման որոշ մոդելներում սա նկարագրվում է որպես տվյալ ազդակին վերագրվող ճշգրտության, այսինքն՝ դրա գնահատվող հուսալիության փոփոխություն։ Որքան հուսալի ենք համարում ազդակը, այնքան մեծ կշիռ կարող ենք տալ դրան հաջորդ եզրահանգման ժամանակ։ Օրինակ՝ զուգընկերոջ մեկ ուշացած պատասխանը կարող է մեզ համար ավելի համոզիչ թվալ, քան նույն օրվա ընթացքում նրա ցուցաբերած ուշադրությունն ու ջերմությունը։
4.12. Իսկ ի՞նչ է կատարվում ուղեղում տագնապային սպասման ժամանակ
Տագնապի մասին խոսելիս երբեմն ամբողջ բացատրությունը հանգեցվում է ամիգդալայի․ «Ամիգդալան վախի կենտրոնն է»։ Այս ձևակերպումը չափազանց պարզեցված է։ Սպառնալիքի սպասումը (Threat Anticipation) ներգրավում է ավելի լայն և դինամիկ նեյրոնային ցանց։
Հետազոտություններում հաճախ առանձնացվում են հետևյալ կառույցներն ու համակարգերը․
- Ամիգդալան և ընդլայնված ամիգդալայի համալիրը (extended amygdala)՝ սպառնալիքի նշանակալիության գնահատման և պաշտպանական արձագանքների հետ կապված գործընթացներում։
- Սահմանային զոլի կորիզը (Bed Nucleus Of The Stria Terminalis, BNST)՝ հատկապես երկարատև, ժամանակային առումով հեռավոր կամ բազմիմաստ վտանգի սպասման որոշ բաղադրիչներում։
- Առաջային կղզյակային կեղևը (Anterior Insula)՝ մարմնական և հուզական վիճակների ներկայացման (ռեպրեզենտացիայի), անորոշության և նշանակալիության մշակման գործընթացներում։
- Միջին և առաջային գոտկային կեղևային համակարգերը (Midcingulate/Anterior Cingulate Systems)՝ գործողության նախապատրաստման, հակասության և սպառնալիքին առնչվող տեղեկատվության մշակման գործընթացներում։
- Վենտրոմեդիալ առաջճակատային կեղևը (Ventromedial Prefrontal Cortex, vmPFC) և ակնակապճաճակատային կեղևը (Orbitofrontal Cortex, OFC)՝ արժեքի գնահատման, անվտանգության և համատեքստով պայմանավորված կարգավորման գործընթացներում։
- Հիպոկամպը (Hippocampus)՝ համատեքստային հիշողության և սպառնալիքն անվտանգությունից տարբերակելու գործընթացներում։
- Ուղեղի ջրածորանի շուրջ գտնվող գորշ նյութը (Periaqueductal Gray, PAG)՝ պաշտպանական արձագանքների կազմակերպման գործընթացներում։
2025 թ. Cornwell-ի և գործընկերների ուսումնասիրությունում թե՛ ժամանակային առումով անորոշ, թե՛ որոշակի վտանգի սպասումը ներգրավում էր ընդհանուր նեյրոնային համակարգ՝ ընդլայնված նշաձև մարմնի համալիրի, ջրածորանի շուրջ գորշ նյութի, միջին գոտկային կեղևի և առաջային կղզյակային կեղևի մասնակցությամբ։ Սակայն անորոշ սպառնալիքի սպասման ժամանակ այդ համակարգի մի շարք հատվածներում ակտիվությունն ավելի կայուն ու երկարատև էր (Cornwell et al., 2025)։
Այսինքն՝ ավելի ճիշտ է խոսել սպառնալիքի սպասման և պաշտպանական արձագանքների կարգավորման փոխկապակցված նեյրոնային ցանցերի մասին։
4.13. Ինչո՞ւ է անորոշ վտանգն ավելի դժվար տանելի
Եթե մենք հաստատ գիտենք, որ ինչ-որ բան տեղի է ունենալու, թեկուզև այն տհաճ է, մեր ուղեղըկարող է որոշակիորեն պատրաստվել դրան։ Բայց երբ չգիտենք՝ կլինի՞, թե ոչ, երբ կլինի, որքանվատ կլինի, կկարողանա՞նք արդյոք վերահսկել այն, մեր կոգնիտիվ համակարգը ստիպված է շարունակաբար վերագնահատել իրավիճակը։ Ու հենց այստեղ է որ անորոշությունը դառնում է կենտրոնական դերակատար։
Hedley և գործընկերների հեղինակությամբ, 2026թ-ին British Journal of Psychology-ում լույս տեսած,հոդվածում առաջարկվում է տագնապի ուսումնասիրություններում անորոշությունը բաժանել Որոշումների կայացման բայեսման տեսությունից բխող ավելի հստակ տեսակների՝տարբերակելով, օրինակ, մեր գիտելիքների պակասից առաջացող և միջավայրի բնույթով պայմանավորված անորոշությունները։ Սա կարևոր է, քանի որ «uncertainty» բառի տակ իրականում կարող են թաքնված լինել տարբեր հաշվողական խնդիրներ (Hedley et al., 2026)։
Երբեմն պետք է ավելի շատ տեղեկատվություն հավաքել։ Իսկ երբեմն էլ նոր տեղեկատվության և ոչ մի ծավալ մեզ չի կարող տալ 100% որոշակիություն։ Տագնապային խանգարումների պարագայումայս երկուսը հաճախ միախառնվում են։
4.14. Անհանգստությունը որպես ապագան կանխատեսելու փորձ
Ընդհանրացված տագնապային խանգարման դեպքում շատ բնորոշ է անհանգստությունը՝ անընդհատ կրկնվող և դիսկոմֆորտ և դիսթրես պատճառող մտածողությունը։ Մարդը կարողէ ժամերով վերլուծել՝ «Ի՞նչ կլինի, եթե այսինչ բանը պատահի», «Այդ դեպքում ի՞նչ կանեմ», «Իսկ եթե դա էլ չաշխատի», «Իսկ հետո՞»։
Առաջին հայացքից անհանգստությունը լուծումակենտրոն մոտեցմումն է (Problem Solving) հիշեցնում։ Եվ երբեմն, իհարկե, իրական լուծումակենտրոն մոտեցմում էլ կարող է լինել։ Բայց ախտաբանական անհանգստության պարագայում հաճախ խթանվում է մի մեխանիզմ, որինպատակը դառնում է բոլոր հնարավոր ապագաները նախապես հաշվարկելն ու անորոշությունը վերացնելը։ Միայն թե այդ խնդիրը սկզբունքորեն անլուծելի է։ Ապագայի բոլոր հնարավոր սցենարները հնարավոր չէ նախապես հաշվարկել։ Այդ պատճառով էլ անհանգստությունը հաճախ ավարտվում է ոչ թե որոշակիության ձեռքբերումով, այլ նոր, ավելի մեծ թվով երևակայական վտանգներ ավելացնելով։ Այսինքն՝ կոգնիտիվ համակարգը այդ կերպ փորձում է նվազեցնել անորոշությունը, բայց փոխարենն արդյունքում գեներացնում է վտանգի ավելի շատ հիպոթեզներ։
4.15. Խուճապային խանգարում․ երբ վտանգի կանխատեսումն ուղղված է դեպի ներս
Կանխատեսական մշակումը հատկապես հետաքրքիր է խուճապային խանգարման պարագայում։ Պատկերացնենք՝ սիրտը մի փոքր արագ է աշխատում։ Սա չմշակված/չմեկնաբանված մարմնական ազդանշան է (raw bodily signal)։ Բայց ինչի՞ հետևանք է այն, գուցե սուրճի՞, կամ սթրեսի՞, ֆիզիկական շարժմա՞ն, սիրտ-անոթային հիվանդությա՞ն, թե խուճապի՞։ Ուղեղը, դրա ամենահավանական պատճառի մասով, պետք է անպայման որևէ եզրահանգման գա։
Եթե նախնական կանխատեսումը այն է, որ «Սրտխփոցը վտանգի նշան է», ապա նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական տատանումը կարող է դառնալ վտանգի ապացույց։
Մարդը տագնապում է՝ սիմպաթիկ համակարգի ակտիվությունն աճում է, արդյունքում՝ սրտխփոցն ավելի է ուժեղանում։ Այժմ ուղեղը ստանում է նոր զգայական ապացույց՝ «Տեսա՞ր, իսկապես վատանում է», և առաջանում է փակ շրջան՝
մարմնական զգացողություն → կատաստրոֆիկ կանխատեսում → տագնապ → ավելի ուժեղ մարմնական զգացողություն → վտանգի կանխատեսման հաստատում
2025–2026 թթ. իրականացված հաշվողական ինտերոցեպտիվ ուսումնասիրություններում հենց նման փոխազդեցություններ են քննարկվում՝ մարմնական վիճակների վերաբերյալ նախնական համոզմունքների (Bodily Priors), կանխատեսման սխալի (Prediction Error), համատեքստային ոչ ճկունության (Context Rigidity) և ինտերոցեպտիվ եզրահանգման (Interoceptive Inference) տեսանկյունից։ Միաժամանակ այս ոլորտում դեռևս կարևոր բացեր կան։ Օրինակ՝ տագնապի դեպքում սրտի զարկերի ընկալման (Heartbeat Perception) օբյեկտիվ ճշգրտության խանգարման վերաբերյալ տվյալները միանշանակ չեն (Lin et al., 2025)։
4.16. Անվտանգության ուսուցում (Safety Learning)․ սովորու՞մ է արդյոք տագնապային ուղեղը դրական փորձից
Թվում է՝ եթե մարդը բազմաթիվ անգամներ հայտնվում է կոնկրետ իրավիճակում, և վատ բան չի պատահում, ուղեղը պետք է այդ փորձից սովորի՝ «Այստեղ անվտանգ է»։ Սակայն իրական պատկերն ավելի բարդ է։
2025 թ. հրապարակված՝ 77 ուսումնասիրություն ընդգրկող մետավերլուծությունը, որը ներառել էր տագնապային խանգարումներով, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ և հետտրավմատիկսթրեսային խանգարմամբ 2052 պացիենտի և 3258 առողջ մասնակցի տվյալներ, ցույց էր տվել, որ կլինիկական խմբերում անվտանգության հետ զուգորդված ազդակները (Safety-Associated Cues) նույնպես կարող էին առաջացնել ավելի արտահայտված արձագանքներ։ Վախի ձևավորման փուլում (Acquisition) նկատվել էին ավելի բարձր ֆիզիոլոգիական և վարքային արձագանքներ, իսկմարման (Extinction) և մարման հիշողության վերականգնման (Extinction Recall) փուլերում՝ վտանգի, սպառնալիքի ավելի բարձր սպասում (Threat Expectancy) և բացասական հուզական արձագանքներ՝առողջ մասնակիցների համեմատ (Kausche et al., 2025)։
Իսկ 2026թ. վախի պայմանավորման հաշվողական մոդելավորման հետազոտությունում (Computational Modelling Of Fear Conditioning), որն իրականացվել էր ոչ կլինիկական ընտրանքում, տագնապի ավելի բարձր արտահայտվածությունը փոքր, բայց վիճակագրորեն նշանակալի կապ էր բացահայտել անվտանգության ավելի դանդաղ ուսուցման և սպառնալիքի նկատմամբ սովորած արձագանքի ավելի դանդաղ մարման հետ։ Միաժամանակ վտանգի ուսուցման արագության (Threat Learning Rate) և տագնապի արտահայտվածության միջև կապ չէր հայտնաբերվել (Kerr et al., 2026)։
Այս տվյալները լրացնում են կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի կլինիկական դիտարկումները․ խնդիրը կարող է լինել ոչ միայն վտանգի չափազանց արագ ձևավորումը, այլև դրական (անվտանգության) փորձից դանդաղ սովորելը։
4.17. Խուսափողականություն․ երբ կանխատեսումը չի ստուգվում
Ենթադրենք մարդը կանխատեսում է՝ «Եթե ելույթ ունենամ ու մի սխալ թույլ տամ, ապա բոլորի առջև կխայտառակվեմ»։ Ի՞նչ կլինի, եթե նա միշտ հրաժարվի ելույթներից։ Կարճաժամկետ հեռանկարում տագնապը կնվազի, բայց վտանգի կանխատեսումը չի ստուգվի՝ ճշգրիտ էր, թե ոչ։ Արդյունքում ուղեղը չի ստանա ապացուցահեն տեղեկություն նրա մասին, թե իրականում ինչ կլիներ։ Այդ պատճառով խուսափողականությունն ինքնին կարող է էլ ավելի ամրապնդել կանխատեսումը, նախնական համոզմունքը։
Հաշվողական գիտության լեզվով խուսափողականությունը կարող ենք դիտարկել որպես ռազմավարություն, որը կարճաժամկետ նվազեցնում է սպասվող վնասը և անորոշությունը, բայց միաժամանակ սահմանափակում է տեղեկատվական շահույթը, որը կարող էր նպաստել անորոշության նվազմանը՝ նոր էմպիրիկ տվյալների ձեռքբերման շնորհիվ։ Մարդը բառացիորեն չի ստանում այն տվյալները, որոնց միջոցով իր վտանգի մոդելը կարող էր փոփոխվել։ Եվ սա արդեն մեզ անմիջականորեն մոտեցնում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի մատույցներին։
4.18. Ի՞նչ է անում ԿՎԹ–ն կանխատեսական մշակման տեսանկյունից
ԿՎԹ-ն հաշվողական գիտության լեզվով կարելի է դիտարկել որպես միջամտությունների ամբողջություն, որոնք տարբեր եղանակներով աշխատում են կանխատեսումների, փաստացի տվյալների և համոզմունքների թարմացման հետ։ Սա ԿՎԹ-ի մեխանիզմները հասկանալու և հետազոտելու հարմար հայեցակարգային մոդել է (Berwian et al., 2025)։
Կոգնիտիվ վերակառուցում (Cognitive Restructuring)
Այս մեթոդի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք կանխատեսումը, թե «Որքա՞ն հավանականէ այն, ինչ կանխատեսում եք», «Ի՞նչ տվյալներ ունեք դրա օգտին», «Ի՞նչ տվյալներ են դրանհակասում», «Գոյություն ունե՞ն արդյոք այլ հավանական բացատրություններ»։ Այս ամենի հիմքում ընկած են սոկրատեսյան հարցադրումները (Բեգոյան, 2020): Այս եղանակով, ավտոմատ մտքերը աստիճանաբար դադարում են ընկալվել որպես անվիճելի փաստեր և սկսում են դիտարկվել որպես ստուգման ենթակա հիպոթեզներ (Berwian et al., 2025)։
Վարքային գիտափորձ (Behavioral Experiment)
Վարքային գիտափորձի դեպքում մենք կանխատեսումը քննարկելուց անցնում ենք դրա էմպիրիկ ստուգմանը՝ տեղեկատվություն հավաքելով իրական աշխարհից․ «Դուք կարծում եք, որ եթե այս գործողությունը կատարեք, որոշակի բան տեղի կունենա։ Եկեք ստուգենք»։ Սա հենց գիտափորձի տրամաբանությունն է՝ ձևակերպել հիպոթեզը, այնուհետև ստուգել այն, և ապա, ստացված արդյունքների հիման վրա վերանայել այն (hիպոթեզը՝ նույն ինքը համոզմունքը) (Berwian et al., 2025)։
Էքսպոզիցիա (Exposure)
Էքսպոզիցիայի ընթացքում մարդը հնարավորություն է ստանում առերեսվել վտանգի, սպառնալիքի ազդակի հետ այնպիսի պայմաններում և այնքան ժամանակ, որ հնարավոր լինի իրական արդյունքը (Actual Outcome) համեմատել կանխատեսված արդյունքի (Predicted Outcome) հետ։ Դրանց անհամապատասխանությունը կարող է առաջացնել կանխատեսման սխալ և նպաստել հաջորդ իրավիճակում վտանգի սպասման փոփոխությանը։ Սակայն նոր փորձը ինքնաբերաբար չի երաշխավորում համոզմունքի թարմացում․ կարևոր է նաև, թե մարդն ինչպես է մեկնաբանում ստացված արդյունքը (Berwian et al., 2025; Brown et al., 2023)։
Պաշտպանիչ գործողությունների նվազեցում (Reduction Of Safety Behaviors)
Եթե անվտանգ արդյունքը մարդն ամեն անգամ բացատրում է՝ «Վատ բան չեղավ, որովհետև ես ինձ պաշտպանեցի», վտանգի կանխատեսումը կարող է և ընդհանրապես չփոխվել։ Պաշտպանիչ գործողությունների նպատակային նվազեցումը հնարավորություն է տալիս ստանալ ավելի միանշանակ տվյալներ, ապացույցներ՝ ստուգելու, թե արդյոք տվյալ գործողությունն իսկապես անհրաժեշտ էր աղետը, վատ սցենարը կանխելու համար (Blakey & Abramowitz, 2016)։
Անորոշության հետ առերեսում (Uncertainty Exposure)
Երբ խնդիրը միայն կոնկրետ վտանգի հավանականությունը չէ, այլ նաև լիարժեք համոզվածության, անվտանգության 100% առհավատչյայի պահանջը (Need For Certainty), թերապևտիկ աշխատանքը կարող է ներառել կրկնվող ստուգումներից հրաժարվելը, հանգստացնող հավաստիացումներ (Reassurance Seeking) չորոնելը, հարցն անվերջ չվերլուծելը և գործողությունը շարունակելը նույնիսկ այն դեպքում, երբ որոշ ծավալի անորոշություն դեռ պահպանվում է։ Այս մոտեցումըհամահունչ է այն հայեցակարգին, որը տագնապի ամրապնդման մեջ կարևոր դերակատարում ունեն անորոշության պայմաններում ուսուցումն ու խուսափողական որոշումները (Brown et al., 2023)։
Այս դեպքում թերապիան չի խոստանում՝ «Հաստատ ամեն ինչ լավ է լինելու», այլ այն օգնում է սովորել՝ «Ես կարող եմ գործել նաև այն դեպքում, երբ հաստատ չգիտեմ, թե ինչ է լինելու»։
4.19. ԿՎԹ–ն փոխում է ոչ միայն «մտքերը», այլ նաև կանխատեսման համակարգը
Եթե ԿՎԹ-ն ներկայացնենք պարզապես որպես «բացասական միտքը դրականով փոխարինելու» մեթոդ, ապա դա շատ մակերեսային մեկնաբանություն կլինի, և բաց կթողնենք թերապիայի ընթացքում տեղի ունեցող կարևոր գործընթացներից մեկը՝ կանխատեսման համակարգի փոփոխման գործընթացը՝ էմպիրիկ ուսուցման միջոցով։
Թերապիայի ընթացքում մարդը կարող է սովորել՝
- ավելի իրատեսորեն գնահատել վտանգի, սպառնալիքի հավանականությունը,
- վերանայել հնարավոր վտանգի հետևանքների ծանրության աստիճանի գնահատականը,
- ավելի շատ վստահել անվտանգության մասին վկայող տվյալներին,
- նոր տվյալների հիման վրա իրականացնել համոզմունքների ավելի ճկուն թարմացում,
- տարբերակել նշանակալի ազդակը (Signal) պատահական աղմուկից (Noise),
- հանդուրժել այն անորոշությունը, որը հնարավոր չէ վերացնել,
- ընտրել այնպիսի վարք, որը հնարավորություն կտա ավելի շատ սովորել իրական, էմպիրիկ փորձից։
Այս գործընթացները նկարագրելու համար կանխատեսական մշակման մոտեցումը առաջարկումէ հաշվողական մեկնաբանության լրացուցիչ լեզու։ Դրա միջոցով կարելի է ուսումնասիրել և մոդելավորել կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մի շարք արդեն հայտնի մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ դրանց ոչ բոլոր հաշվողական կամ նեյրոնային բացատրություններն են որ վերջնականապես տրված և հաստատված են (Berwian et al., 2025)։
4.20. Բայց արդյո՞ք տագնապային խանգարումը կանխատեսական մշակման խանգարում է
Այս հարցին ներկայումս ամենաճիշտ պատասխանը, թերևս, կլինի՝ հնարավոր է, որ որոշ դեպքերում տագնապային խանգարումը նման կերպ ընկալելը կարող է նպատակահարմար լինել հետազոտական և կլինիկական տեսանկյուններից, սակայն դեռևս չկան բավարար հիմքեր այն որպես վերջնական միասնական մոդել ընդունելու համար։
Կանխատեսական մշակումը (Predictive Processing) տեսական մոտեցումների լայն ընտանիք է։ Կանխատեսման սխալը (Prediction Error), կանխատեսական կոդավորումը (Predictive Coding), բայեսյան եզրահանգումը (Bayesian Inference), ճշգրտությամբ կշռումը (Precision Weighting) և ակտիվ եզրահանգումը (Active Inference) փոխկապակցված, բայց տարբեր հասկացություններ են։
Այն փաստը, որ տագնապին առնչվող վարքը հնարավոր է նկարագրել բայեսյան կամ կանխատեսական մոդելով, դեռ չի ապացուցում, որ ուղեղում առկա նեյրոնային մեխանիզմները ամբողջությամբ հենց այդ մոդելին համապատասխան են իրացվում։
Alotaibi իր, 2026 թ. Հրապարակված, քննադատական ակնարկում նույնպես շեշտում է այս խնդիրը․ կոգնիտիվ և նեյրոնային մեխանիզմների հաշվողական առումով գրավիչ վերանկարագրումըկարող է շփոթվել իրական մեխանիստական բացատրության հետ, եթե մոդելը չի առաջարկում այնպիսի ստուգելի կանխատեսումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի այն տարբերակել մրցակից մոդելներից (Alotaibi, 2026)։ Ուստի գիտականորեն ավելի հիմնավորված է խուսափել «Տագնապային խանգարման դեպքում ուղեղի կանխատեսական կոդավորումը խաթարված է» ընդհանրացնող պնդումից և ձևակերպել այսպես՝ «Կանխատեսական մշակման և բայեսյան մոդելները առաջարկում են փորձարկելի վարկածներ այն մասին, թե ինչպես կարող են վտանգի կանխատեսման, անորոշության գնահատման, ճշգրտության վերագրման (Precision Attribution) և ուսուցման առանձնահատկությունները նպաստել տագնապային ախտանշանների ձևավորմանն ու ամրապնդմանը»։
Ամփոփում
Տագնապը հաճախ ակտիվանում է այն ժամանակ, երբ որևէ վատ բան դեռ տեղի չի ունեցել։ Այնսկսվում է այն պահին, երբ ուղեղը կարծես հարցնում է՝ «Ի՞նչ կլինի հետո», և պատասխանում՝ «հնարավոր է՝ որևէ վտանգավոր մի բան»։
Այս կանխատեսումն ինքնին կենսաբանական սխալ չէ։ Վտանգի սպասումը մեզ անհրաժեշտ է գոյատևելու, պլանավորելու և իրական վտանգներից խուսափելու համար։ Խնդիրը կարող էառաջանալ, երբ կանխատեսման համակարգը չափազանց հաճախ վտանգն է ընտրում որպես ամենահավանական մեկնաբանություն, քիչ է վստահում անվտանգության մասին վկայող տվյալներին, անորոշությունն ինքնին ընկալում է որպես վտանգի նշան կամ խուսափողականությունների միջոցով սահմանափակում՝ սեփական կանխատեսումը ստուգելու հնարավորությունը։ Նման պարագայում կարող է ձևավորվել ինքն իրեն ամրապնդող շրջան՝
անորոշություն → վտանգի կանխատեսում → գերզգոնություն → վտանգի նշանների ընտրողական/սելեկտիվ որոնում և նկատում → տագնապ → խուսափողականություն կամ պաշտպանիչ գործողություն → կանխատեսումը չի ստուգվում → վտանգի վերաբերյալ նախնական համոզմունքի ամրապնդում
Այստեղ ԿՎԹ-ի աշխատանքի իմաստը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հոգեթերապիան չի կարող ապագան լիովին կանխատեսելի դարձնել կամ երաշխավորել, որ վատ բան երբեք տեղի չի ունենա, բայց այն կարող է օգնել մարդուն սովորել, որ կանխատեսումը փաստ չէ․ այն հիպոթեզ է, որը հնարավոր է ստուգել և վերանայել միայն նոր, փաստացի, այսինքն էմպիրիկ ճանապարհով ձեռքբերված, տվյալների հիման վրա։
Այս տեսանկյունից տագնապի հաղթահարումը միշտ չէ, որ նշանակում է այլևս վտանգ չկանխատեսել։ Ավելի ճկուն դիրքորոշումը կարող է լինել հետևյալը՝ «Ես նկատում եմ հնարավոր վտանգը, գնահատում եմ դրա հավանականությունը, հաշվի եմ առնում նաև այլընտրանքային մեկնաբանությունները և պատրաստ եմ վերանայել կանխատեսումս, երբ նոր տեղեկատվություն ստանամ»։
Թերևս հենց այս ճկունությունն է առողջ գործող կանխատեսման համակարգի կարևորագույն հատկություններից մեկը։
Գրականություն
Աղայան, Է. Բ. (1976). Արդի հայերենի բացատրական բառարան։ Հայաստան։
Բեգոյան, Ա. Ն. (2020). Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարմանուղեցույց։ Հիլֆմանն Պրեսս։
Կռանեան, Ա. Վրդ. (1998). Բառգիրք հայերէն լեզուի։ Պէյրութ։
Սուքիասյան, Ա. Մ. (2009). Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան։ Երևանիպետական համալսարան։
Alotaibi, A. S. (2026). Predictive coding in psychopathology: Mechanistic model or metaphorical re-description? Frontiers in Human Neuroscience, 19, Article 1743028.
Barlow, D. H. (2002). Anxiety and its disorders: The nature and treatment of anxiety and panic (2nd ed.). Guilford Press.
Beck, A. T., Emery, G., & Greenberg, R. L. (1985). Anxiety disorders and phobias: A cognitive perspective. Basic Books.
Beck, A. T., & Greenberg, R. L. (1988). Cognitive therapy of panic disorder. In R. E. Hales & A. J. Frances (Eds.), Review of psychiatry (Vol. 7, pp. 571–583).
Brown, V. M., Price, R., & Dombrovski, A. Y. (2023). Anxiety as a disorder of uncertainty: Implications for understanding maladaptive anxiety, anxious avoidance, and exposure therapy. Cognitive, Affective, & Behavioral Neuroscience, 23, 844–868.
Cornwell, B. R., Didier, P. R., Grogans, S. E., et al. (2025). A shared threat-anticipation circuit is dynamically engaged at different moments by certain and uncertain threat. Journal of Neuroscience, 45(16), e2113242025.
Grupe, D. W., & Nitschke, J. B. (2013). Uncertainty and anticipation in anxiety: An integrated neurobiological and psychological perspective. Nature Reviews Neuroscience, 14, 488–501.
Hedley, F. E., Larsen, E., Mohanty, A., & Liu, J. Z. (2026). Understanding anxiety through uncertainty quantification. British Journal of Psychology, 117(3), 795–808.
Kausche, F. M., Carsten, H. P., Sobania, K. M., & Riesel, A. (2025). Fear and safety learning in anxiety- and stress-related disorders: An updated meta-analysis. Neuroscience & Biobehavioral Reviews, 169, Article 105983.
Kerr, T., Purves, K., McGregor, T., Craske, M. G., et al. (2026). Computational modelling reveals slower safety learning and threat extinction are associated with higher anxiety severity in remote fear conditioning. Computational Psychiatry, 10(1), 18–35.
Öhman, A., & Wiens, S. (2004). The concept of an evolved fear module and cognitive theories of anxiety. In A. S. R. Manstead, N. Frijda, & A. Fischer (Eds.), Feelings and emotions: The Amsterdam symposium (pp. 58–80). Cambridge University Press.
Yamamori, Y., & Robinson, O. J. (2023). Computational perspectives on human fear and anxiety. Neuroscience & Biobehavioral Reviews, 144, Article 104959.
