«PsyGuard»-ի գաղափարը հոգեբանների համար վստահելի առցանց միջավայրի ստեղծումն է, որը հնարավորություն կտա վերջիններիս աշխատել իրենց այցելուների հետ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից՝ օգտագործելով պարզ, ամբողջական, հուսալի և անվտանգ գործիքակազմ։ «PsyGuard»-ը հանդես է գալիս որպես հոգեկան առողջության մասնագետների վստահելի բազա, որտեղ այցելուները հնարավորություն ունեն փնտրել և գտնել իրենց կարիքներին համապատասխան մասնագետ։

«PsyGuard» առցանց հարթակի օգտատեր հոգեկան առողջության մասնագետները կարող են ներկայանալ իրենց անձնական էջով, ընդունել առցանց ամրագրումներ, իրականացնել սեսիաններ տեսազանգի, զանգի  և հաղորդագրության միջոցով, ստանալ ակնթարթային վճարումներ։ «PsyGuard» առցանց հարթակի օգտատեր այցելուները կարող են մասնակցել առցանց սեսիաների՝ իրենց նախընտրած մասնագետի մոտ նախապես համաձայնեցված ժամին։

Ընդհանուր առմամբ «PsyGuard»-ի ստեղծումը նպատակ ունի արդիականացնել առցանց հոգեբանական ծառայությունների գործիքակազմը, հոգեբանական ծառայությունները դարձնել հասանելի և ստեղծել ազատ մրցակցային միջավայր մասնագետների համար։

«PsyGuard» հարթակի մշակումն ու  ծրագրային ապահովումն իրականացվում է «Evndev» ընկերության կողմից «Հիլֆմանն» հոգեբանական ծառայություններ մատուցող ընկերության հետ սերտ համագործակցությամբ։

Որպես սոցիալական պատասխանատվության բաղադրիչ հարթակը անվճար հասանելի կլինի նաև հասարակական այն կազմակերպություններին, որոնք անվճար հոգեբանական ծառայություններ են տրամադրումխոցելի խմբերին՝ պատերազմից տուժած անձանց, երեխաներին, կանանց, հաշմանդամներին և այլոց։

Հոգեբանական ծառայություններ ընդունված է իրականացնել դեմ առ դեմ հանդիպումներով՝ մասնագետի աշխատավայրում։ Սակայն հարկ է նշել, որ դեռևս 2008-2009 թվականներից սկսած՝ կապի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մասնագետների կողմից սեսիաները սկսեցին իրականացվել առցանց աուդիո-վիդեո կապով՝ Skype, Viber, WhatsApp, Messenger ու այլ հավելվածների միջոցով և առավել արդիական են COVID-19 համաճարակի պայմաններում։

Հոգեկան առողջության խթանումը և հոգեկան խանգարումների կանխարգելումն ու բուժումը հիմնարար նշանակություն ունեն անհատների, ընտանիքների և համայնքների կյանքի որակի, բարեկեցության և արտադրողականության ապահովման և բարձրացման հարցում։

Ներկայումս հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց թիվը զգալի աճել է աշխարհում՝ պայմանավորված COVID-19-ով,իսկ Հայաստանում և Արցախում՝ նաև պատերազմով։ Այս մասին են վկայում մասնագետների ծառայություններից օգտվողների քանակի կտրուկ աճը։ ՀՀ-ում պատերազմի առաջին օրերից մինչ օրս գերծանրաբեռնված աշխատում են հոգեկան առողջության հայ մասնագետները։

Ընդհանուր առմամբ նախագիծը դարձել է առավել արդիական՝ մասնավորապես այսօր ՀՀ-ում կան 30 հազարից ավել պատերազմից տուժած անձինք (գերեվարված անձինք, գերեվարված և/կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներ,զոհվածների ընտանիքի անդամներ,ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կամավորներ և պահեստազորայիններ և իրենց ընտանիքի անդամներ, բնակավայր կորցրած ԱՀ քաղաքացիներ), ովքեր ունեն հրատապ աջակցության կարիք։ Տվյալ խմբերի հետ անվճար աշխատանքներ տանող բոլոր մասնագետները հարթակից անվճար օգտվելու հնարավորություն են ունենալու։

Ներկայումս նախագծի գործընկեր «Հիլֆմանն» հոգեբանական ծառայությունը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, տրամադրում է  անվճար հոգեբանական աջակցություն (առկա և առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա) պատերազմից տուժած անձանց շրջանում՝ ՀՀ և ԱՀ ողջ տարածքում։ Ընկերությունը այդ ծրագրի շրջանակում առցանց ծառայություններ է տրամադրում՝ օգտագործելով «PsyGuard» հարթակի արդեն իսկ մշակված որոշ բաղադրիչներ։

PsyGuard․ հավելված հոգեբանների և իրենց այցելուների համար