Նորմալ և ոչ նորմալ օբսեսիաներ
Արմատավորված օբսեսիաների, կպչուն մտքերի և զառանցանքների միջև սահմանը նուրբ է: Անձը կարող է հավատալ կամ պարզապես հակված լինել այն մտքին, որ մարդիկ խոսում են իր մասին, կամ որ յուրահատուկ ծիսակարգի (խոսքը, բնականաբար, ծիսակարգային կպչուն վարքատեսակների մասին է) միջոցով հնարավոր է կանխել աղետ, կամ որ ամուսինը խաբում է: Վերոնշյալներից յուրաքանչյուրի դեպքում խնդրահարույց մտքի հանդեպ ունեցած հավատի աստիճանը տարբեր է: Այցելուները հեշտությամբ կարող են թերահավատությունը փոխարինել համոզմամբ, և հակառակը. «Ես չգիտեմ՝ արդյոք դա ճիշտ է, բայց կարող է ճշմարտություն լինել: Եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ է դա տեղի ունենում: Ես չեմ կարող բացարձակ համոզված լինել, թե ինչ է կատարվում: Համոզվելու համար, որ դա ճշմարտությանը չի համապատասխանում, ինձ անհրաժեշտ է որևէ ապացույց կամ նշան: Բայց ես դեռ վստահ չեմ և ինձ անօգնական եմ զգում` որևէ բան փոխելու հարցում: Թվում է, թե սա անհավանական է, բայց, մյուս կողմից, իրական է թվում»:
Յուրաքանչյուր սեսիայից հետո այցելուն կարող է ավելի շատ գիտակցել, որ իր կպչուն մտքերը չափազանցված են կամ անհիմն: Կլինիկական տեսանկյունից կպչուն մտքերի հետ աշխատելիս կարելի է առանձնացնել երկու տարբերություն․ ա) այցելուների լարվածությունն ու դիսթրեսը օբսեսիաներ ունենալու կապակցությամբ, և բ) այն, թե ինչպես են նրանք փորձում ազատվել այդ լարվածությունից և դիսթրեսից:
Ախ, այդ բառերը
Նույնիսկ «սովորական» մարդկանց մոտ ժամանակ առ ժամանակ կարող են առաջանալ չափազանցված, անհիմն, օբսեսիվ (և նույնիսկ կարծես թե բռնության դրդող) մտքեր: Եթե մենք այդ հետապնդող մտքերը համարում ենք անցողիկ, զվարճալի կամ անվնաս, դրանք արագ անհետանում են և անհանգստության առիթ չեն դառնում: Սակայն երբ մեզ մոտ վախ է առաջանում այդ մտքերի հանդեպ, ապա դրանք հաճախ վերածվում են օբսեսիայի, քանի որ մեզ մոտ ձևավորվում են դրանց վերաբերյալ իռացիոնալ պատկերացումներ և խորքային համոզմունքներ, և մենք մտավոր կամ վարքային ծիսակարգեր կամ այլ կպչուն վարքատեսակներ ենք մշակում՝ դրանց հակազդելու կամ դրանք չեզոքացնելու համար:
Կպչուն մտքերի վերաբերյալ իռացիոնալ պատկերացումների տեսակներից մեկը վախն է ներքին գործընթացների հանդեպ. «Եթե ես չվերահսկեմ այս միտքը, ես կկորցնեմ վերահսկողությունը, բա որ համապատասխան գործողություններ ձեռնարկեմ, ես թույլ եմ, ես վերահսկողությունից դուրս եմ, ես վատն եմ»: Իռացիոնալ պատկերացումների երկրորդ տարատեսակը ներառում է վախ արտաքին իրադարձությունների հանդեպ. «Եթե ես չվերահսկեմ այս միտքը, այն կարող է իրականություն դառանալ, այն կարող է նախանշան լինել, ինչ-որ վատ բան կարող է պատահել, մարդիկ կվնասվեն»: Երրորդը ենթադրում է որևէ սարսափելի հետևանքի համար պատասխանատվություն կրելու վախ. «Ես չեմ կարող ռիսկի դիմել, նույնիսկ ամենափոքր հնարավորությունը չափազանց մեծ բեռ է, ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի որևէ վատ բան չպատահի»:
Արթուրի (բնականաբար, անունը փոխված է) համար անսովոր է, որ նրա ծիսակարգերն օրեցօր, նույնիսկ ժամ առ ժամ փոխվում են: «Հպվի՛ր սրան, դրան ձեռք չտա՛ս, մտածի՛ր միայն լավի մասին»: Անփոփոխ է միայն նրա այն համոզմունքը, որ եթե նա չհետևի այս կանոններին, ապա ինչ-որ սարսափելի բան տեղի կունենա: Նա գիտի, որ եթե որոշի չհնազանդվել օբսեսիային, չդրսևորի պահանջվող կոմպուլսիան, ապա ցանկացած պահի, ցանկացած վայրում պատահած որևէ վատ բանի մեջ կապ կտեսնի և ճնշող և անասելի ցավոտ մեղքի զգացում կունենա:
Սեսիաների ընթացքում իրականացված ռացիոնալ վիճարկման արդյունքում նա սկսեց հինգ րոպեով հետաձգել ծիսակարգերի և մյուս կպչուն վարքատեսակների իրագործումը՝ չնայած զուգահեռ եղած պատկերացումներին, որ իր վախերը կիրականանան, որ այդ ամենը շատ անհարմար է, և որ իսկապես ինչ-որ սարսափելի բան կարող է պատահել, և դա կլինի իր մեղքով:
Այս մտքերն արտացոլում են ներքին գործողությունների հանդեպ վախը (ճնշված, վերահսկողությունից դուրս լինելու զգացողություն), արտաքին իրադարձությունների հանդեպ վախը (վախն իրականություն է դառնում) և պատասխանատվության հանդեպ վախը («մեծ իշխանությունը մեծ պատասխանատվություն է ենթադրում»):
Հոգեթերապիայի ընթացքում մենք ուսումնասիրեցինք այս մտքերի հիմքում ընկած համոզմունքները և վիճարկեցինք դրանք հետևյալ կերպ․ «Ի՞նչ ապացույցներ կան, որ իմ օբսեսիաների վերաբերյալ իմ պատկերացումները ճշգրիտ են: Ո՞րն է իմ օբսեսիաները հասկանալու այլընտրանքային տարբերակը: Որո՞նք են սրան շարունակաբար հավատալու առավելությունները: Որո՞նք են սրան հավատալու թերությունները: Որո՞նք են փոփոխության առավելությունները»: Համադրելով կրթական բաղադրիչը (Psychoeducation), վիճարկման և ընդունման տեխնիկաները՝ մենք կարևորագույն նպատակ ենք հետապնդում` մեկընդմիշտ ազատվել այս մտքերի հանդեպ ունեցած վախից:
Հոգեթերապիայի նկատմամբ դրական դիրքորոշման
կարևորությունը
Ինչպես արդեն խոսվել է, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման լավագույն մոտեցումը կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակում կիրառվող «էքսպոզիցիա և պատասխնի կանխարգելում» ռազմավարությունն է: Պատասխանի կանխարգելմամբ էքսպոզիցիայի միջոցով հոգեթերապիայի դեպքում այցելուներն արձանագրում են օբսեսիաների հաճախականության նվազում և ուժգնության թուլացում, կոմպուլսիվ էպիզոդների նկատմամբ ավելի մեծ դիմադրողականություն և կոմպուլսիաների ու այլ չեզոքացնող ռազմավարությունների հաճախականության քչացում:
Չնայած կլինիկական բաղադրիչի գլխավոր նպատակը ախտանիշների նվազումն է, այցելուն հոգեթերապիայի ընթացքում զարգացնում և փորձարկում է դրանց նկատմամբ նոր դիրքորոշում, վերաբերմունք՝ վախերին առերեսվելու ցանկություն, ինչպես նաև պատրաստակամություն դիմանալու, այլ ոչ թե խուսափելու դիսկոմֆորտ պատճառող երևույթներից:
Այս դիրքորոշումը հոգեթերապիայի արդյունավետության գրավականներից է, սակայն ոչ պակաս կարևոր է այցելուի ձեռքբերումների պահպանումը և ժամանակի ընթացքում նրա կողմից այս խնդրի կառավարման կարողությունը: Հոգեթերապիայի ընթացքում և հատկապես արդյունքների ամրագրման փուլում հոգեբանը կամ հոգեթերապևտը, որպես կանոն, աշխատում է վերականգնմանը միտված դիրքորոշման մի քանի կարևոր հատկանիշների ամրապնդման վրա:
Հանդուրժել անորոշությունը
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մարդիկ ատում են անորոշությունը: Նրանք ստուգում են՝ արդյոք փակել են դուռը, չնայած դա արել են մի րոպե առաջ: Նրանք լվանում են ձեռքերը, քանի որ վստահ չեն, որ մինչև վերջին կեղտաբիծը կամ բակտերիան չեն վերացրել: Նրանք խուսափում են ինչ-որ բան սկսել, մինչև վստահ չլինեն, որ կունենան այն ավարտին հասցնելու կամ ճիշտ անելու ժամանակը:
Որոշակիությունը, սակայն, միֆ է: Շատ հանգստացնող, բայց, այնուամենայնիվ, միֆ է: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, ինչպես և գրեթե բոլոր տագնապային խանգարումների, հաղթահարման բաղադրիչներից մեկն անորոշության նկատմամբ հանդուրժողականության զարգացումն է, որին նվիրված բաժիններն արդեն ընթերցել եք 1-ին և 4-րդ գլուխներում: Անորոշության ընդունումը կամ դրա նկատմամբ հանդուրժողականությունը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հաղթահարման ծրագրի առանցքում պետք է լինի:
Ընդունել ոչ կատարյալ հնարավորությունները
Կատարելությունը ևս մեկ հանգստացնող միֆ է, որին օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մարդիկ ձգտում են հասնել: Նրանք շատ մեծ դժվարությամբ են ընդունում ոչ կատարյալ հնարավորությունները, աշխատում են առաջադրանքի վրա, հետո վերանայում են այն, քանի որ վստահ են, որ այն կատարելության կհասցնեն՝ խուսափելու սխալներից և իրենց լավ զգալու համար: Նրանք ծանրութեթև են անում ցանկացած որոշում և վստահ են՝ մանրակրկիտ վերլուծության արդյունքում կգտնեն կատարյալ լուծումը և կատարյալ հնարավորությունը: Հոգեթերապիայի ընթացքում այցելուները հասկանում են, որ ոչ կատարյալ հնարավորությունները բավականաչափ լավը կարող են լինել, և որ դրանք այդքան էլ վատը չեն, և որ պերֆեկցիոնիզմը, այսինքն՝ ամեն ինչում կատարելության ձգտումը, երբեմն կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ: Ոչ կատարյալ հնարավորություններն ընդունելով՝ այցելուն ավելի արդյունավետ է դարձնում իր առօրյան, աշխատանքային և/կամ ուսումնական գործունեությունը, շփումներն ու հարաբերությունները, և կյանքն ընդհանրապես։ Սա էլ հենց բուժման կամ հոգեթերապիայի հիմնական նպատակն է:
Ընդունել ոչ կատարյալ գիտելիքը
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող անձինք երբեմն կարծում են, որ ինչ-որ գիտելիքի կամ թեկուզ իրենց մասնագիտությանը վերաբերող ամեն ինչին, պետք է տիրապետեն կատարյալ և ամբողջովին: Նրանք կարող են ժամեր ծախսել՝ ուսումնասիրելով ինչ-որ առարկա կամ մտորելով կյանքի իմաստի կամ կյանքի բարդությունների մասին: Նրանք սովորաբար դժվարությամբ են ընդունում, որ ինչ-որ բանի մասին ամբողջական կամ կատարյալ գիտելիք ունենալը կամ տեղեկացված լինելը ոչ հնարավոր է, ոչ էլ անհրաժեշտ: Շատ անգամ կատարյալ գիտելիքի կամ ընկալման նկատմամբ կարիքն է, որ առաջնային խոչընդոտ է հանդիսանում որոշ մարդկանց համար՝ դիմելու հոգեկան առողջության ոլորտի մասնագետի՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հաղթահարման համար: Նրանք օրերով կարող են ուսումնասիրել գրքեր, հոդվածներ, վեբկայքեր՝ այդ խնդրի և ախտանշանների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու և գիտելիք ձևավորելու համար: Նրանք կարող են զանգահարել հոգեբանի, հետո՝ հոգեբույժի, հետո մեկ այլ հոգեբանի և հեղեղել հարցերով՝ հույս ունենալով, որ նրանք ամբողջական պատկերացում կտան և հաղթահարման ուղիներ, մեթոդներ կնշեն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման համար: Հոգեթերապիայի արդյունքում այցելուները նաև կսովորեն ընդունել այն դիսկոմֆորտը, որը գալիս է ինչ-որ բան թերի կամ ոչ կատարյալ իմանալու գիտակցումից: Դա հասկանալը կօգնի դադարեցնել ամենաարդյունավետ մեթոդի և ամենալավ մասնագետի անվերջ փնտրտուքները և սկսել խնդրի լուծման համար աջակցություն ընդունելը:
Հրաժարվել ներքին բանավեճերից
Կոմպուլսիաները այս խնդրի հետ առնչվող անձանց՝ դիսկոմֆորտից ազատվելու միակ միջոցը չեն: Նրանք երբեմն փորձում են դրանից ազատվել կամ կանխարգելել վատ իրադարձություններն անդադար և անվերջ ներքին բանավեճի միջոցով: Բանավեճից ազատվել նշանակում է՝ ակտիվորեն դիմադրել վերլուծելու, հավաստիանալու կամ ինքդ քեզ համոզելու մոլուցքից: Այդ պարագայում մեկ անգամ վերլուծելուց հետո ցանկալի չէ նորից վերանայել սեփական մտքերն ու գործողությունները: Այլ կերպ ասած՝ հոգեթերապիայի ընթացքում և արդյունքում այցելուն սովորում է հրաժարվել իր՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ կապված ներքին անվերջ ու անդադար բանավեճերից, որովհետև նա գիտի, որ ցանկացած նմանատիպ բանավեճ հենց օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման նշան և դրսևորում է:
Փնտրել աջակցություն, ոչ թե սփոփանք
Հոգեթերապիայի միջոցով այցելուն սովորում է տարբերակել աջակցությունը և սփոփանքը, ինչպես դա անում են իր մասին հոգ տանողները կամ աջակցություն ցուցաբերողները: Աջակցություն փնտրելը նշանակում է խնդրել այլոց՝ նպաստել սեփական խնդրի կամ խնդիրների հաղթահարմանը և դրանց նկատմամբ դիրքորոշման, վերաբերմունքի փոփոխմանը: Իսկ սփոփանք փնտրելը նշանակում է խնդրել ուրիշներին, որ քեզ օգնեն խուսափել տագնապից կամ դիսկոմֆորտից: Սփոփանք փնտրելը կարող է արագ թեթևացման զգացում տալ, բայց դա երկար չի տևի: Մի քանի ժամից կամ օրից նորից կարիք կլինի սփոփանքի: Այսպիսով, աջակցությունը բերում է խնդրի հաղթահարման, իսկ սփոփանքը, խոշոր հաշվով, ավելի է խորացնում խնդիրը։
Անհարմարություն զգալու համար հնարավորություններ փնտրել
Անհարմարությանն առերեսվելը շատ կարևոր է ցանկացած տեսակի տագնապային և հարակից խանգարման բուժման, հաղթահարման համար: Հենց այցելուն գիտակցում է այս դիրքորոշման նշանակությունը, նրա ախտանիշները սկսում են թուլանալ: Այնուամենայնիվ, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման պարագայում անհրաժեշտ է մշտապես պահպանել այս սկզբունքը՝ խուսափողականությանն ու կոմպուլսիաներին չվերադառնալու համար։ Եթե ամեն հնարավորության դեպքում գնալ ընդառաջ անհարմարությանը, ապա կամաց-կամաց դիսկոմֆորտի աստիճանը կպակասի, և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կընկրկի: Արդյունքում այլևս կարիք չի լինի անհարմարությունից խուսափելու այլ՝ արագ ճանապարհներ փնտրել: Փոխարենը կսկսենք փնտրել դիսկոմֆորտը թեթևացնելու կարճ ուղիներ, ինչպես, օրինակ՝ պատուհանագոգի վրայով մատները սահեցնելով կամ թերթն աչքի անցկացնելով ու փնտրելով այն թեման, որի մասին կխուսափեինք լսել կամ կարդալ։
Աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց /Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։