«Ուղեղը որպես բայեսյան մեքենա. հաշվողական կոգնիտիվ նեյրոգիտությունից մինչև հոգեթերապիա»

Կարդալ Հոդված 1. Ուղեղը որպես «բայեսյան մեքենա». անորոշություն, կանխատեսում և վերահսկողության պատրանք

2.  Էքսպոզիցիան՝ որպես Բայեսյան ուսուցում․ ինչպես է նոր փորձը փոխում ուղեղի վտանգի կանխատեսումները

2.1.     ԿՎԹ-ի, նեյրոգիտության և բայեսյան կոգնիտիվ գիտության խաչմերուկում

Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի (ԿՎԹ) ամենաարդյունավետ մեթոդներից մեկը էքսպոզիցիան (Exposure Therapy) է՝ վախ և տագնապ առաջացնող օբյեկտների, իրավիճակների, մարմնական զգացողությունների, մտքերի կամ հիշողությունների հետ վերահսկվող և նպատակային առերեսումը։

Առաջին հայացքից մեթոդի տրամաբանությունը բավական պարզ է թվում․ մարդը բազմիցս բախվում է այն իրավիճակին, որից վախենում է, և ժամանակի ընթացքում վախը նվազում է։ Տասնամյակներ շարունակ էքսպոզիցիայի թերապևտիկ ազդեցության կարևոր բացատրություններից մեկը եղել է հաբիտուացիան (Habituation)՝ վախ առաջացնող գրգռիչի կրկնվող կամ երկարատև ներկայացման պայմաններում վախային արձագանքի աստիճանական թուլացումը։ Պատմականորեն կարևոր դեր է ունեցել նաև դեսենսիտիզացիայի (Desensitization) գաղափարը՝ վախի գրգռիչի նկատմամբ ռեակտիվության աստիճանական նվազումը։ Սակայն ուսուցման ժամանակակից տեսությունը, կոգնիտիվ նեյրոգիտությունը և հաշվողական հոգեբանությունն առաջարկում են էքսպոզիցիան հասկանալու ավելի խորքային եղանակ։ Հնարավոր է՝ էքսպոզիցիայի հիմնական արժեքը ոչ այնքան այն է, որ մարդը տվյալ պահին ավելի քիչ վախ զգա, որքան այն, որ նրա ուղեղը ստանա նոր տվյալներ, որոնք հնարավորություն կտան վերանայել նախկին կանխատեսումները։ Այս տեսանկյունից էքսպոզիցիան կարելի է դիտարկելորպես Բայեսյան ուսուցման յուրահատուկ ձև։

Ուղեղն ունի կանխատեսում, իսկ միջավայրը դրսևորում է իրեն կոնկրետ կերպ։ Եթե իրականությունը չի համապատասխանում կանխատեսմանը՝ առաջանում է կանխատեսման սխալ։ Իսկ եթե այդ նոր տեղեկատվությունը ընդունվում և ինտեգրվում է ներքին մոդելի մեջ՝փոխվում է հաջորդ կանխատեսումը։

Այսինքն՝ ապրիոր հավանականություն (նախնական համոզմունք) → կանխատեսում →փորձառություն / նոր տվյալ → կանխատեսման սխալ → ապոստերիոր հավանականություն(հետին գնահատում) → նոր ապրիոր հավանականություն (նոր նախնական համոզմունք) ։

Հենց այս շղթան է կամրջում բայեսյան կոգնիտիվ գիտությունն ու ԿՎԹ-ն։

2.2.     Մենք արձագանքում ենք ոչմիայն իրականությանը, այլև մերկանխատեսումներին

Պատկերացնենք խուճապային խանգարում ունեցող մարդու, որը սրտխփոցի ժամանակ մտածում է. «Եթե սիրտս այսպես արագ է խփում, հնարավոր է՝ սրտի կաթված ստանամ»։ Մարմնական զգացողությունը ինքնին դեռևս չի ներառում «սրտի կաթված» իմաստը։ Ուղեղը փորձում է հասկանալ այդ զգացողության պատճառը։ Նախկին փորձը, համոզմունքները, բժշկական գիտելիքները կամ դրանց պակասը, նախորդ խուճապային գրոհները և մարմնական զգացողությունների նկատմամբ ուշադրությունը միասին ձևավորում են որոշակի  նախնական համոզմունք։

Պայմանականորեն ասենք՝ P(վտանգ) = 80%։

Այդ նախնական հավանականության ազդեցությամբ սրտխփոցը մեկնաբանվում է որպես վտանգի հավանական ապացույց։ Սակայն այժմ պատկերացնենք, որ թերապիայի ընթացքում իրականացվում է ինտերոցեպտիվ էքսպոզիցիա․ մարդը ֆիզիկական վարժությամբ բարձրացնում է սրտի աշխատանքի հաճախությունը և մի քանի րոպե մնում այդ վիճակում՝ առանց սովորական պաշտպանական գործողությունների։

Նրա կանխատեսումն էր՝  «Սիրտս արագ կխփի → ինչ–որ վտանգավոր բան տեղի կունենա»։

Իսկ իրական արդյունքն է՝ «Սիրտս արագ խփեց → շատ տհաճ էր → բայց աղետ տեղիչունեցավ»։

Սպասված և իրական արդյունքների միջև առաջանում է անհամապատասխանություն։

Սա սպառնալիքի կամ վտանգի կանխատեսման սխալն է։

Նոր տեղեկատվությունը հնարավորություն է տալիս վերանայել նախկին համոզմունքը։ Գուցե հաջորդ անգամ վտանգի գնահատականը լինի արդեն ոչ թե 80%, այլ 60%, հետո՝ 40%, իսկ հետո էլ՝20%։ Թվերը, իհարկե, պայմանական են։ Կարևորն այստեղ մեխանիզմի տրամաբանությունն է։ Յուրաքանչյուր նոր փորձ կարող է դառնալ հաջորդ կանխատեսումը փոխող նոր ապացույց։

2.3.     Բայեսյան ուսուցումը շարունակական է

Բայեսյան եզրահանգման ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ուսուցումն ավարտված գործողություն չէ։ Այսօրվա ապոստերիորը վաղվա ապրիորն է։ Այսինքն՝ եթե մենք այսօր նոր տեղեկատվության հիման վրա վերանայում ենք ինչ-որ համոզմունք, այդ վերանայված համոզմունքը դառնում է հաջորդ իրավիճակի մեկնարկային կանխատեսումը։

Ֆորմալ տեսանկյունից՝

Prior₁ + Evidence₁ → Posterior₁

իսկ հետո՝

Posterior₁ = Prior₂

և

Prior₂ + Evidence₂ → Posterior₂

և այդպես շարունակ։

Հենց այս պատճառով են ԿՎԹ-ում այդքան կարևոր ոչ միայն կոգնիտիվ տեխնիկաները, այլև վարքային տեխնիկաները՝ վարքային գիտափորձը, էքսպոզիցիան և իրական կյանքում կատարվող տնային աշխատանքը։

Մեր մասին կամ աշխարհի մասին համոզմունքները ձևավորվել են հարյուրավոր և հազարավոր փորձերից։ Միայն մեկ տրամաբանական փաստարկը միշտ չէ, որ բավարար է այն փոխելու համար։ Նոր մոդել ունենալու համար անհրաժեշտ են նոր ապացույցներ, այսինքն՝ առերեսման եղանակով ստացված նոր տվյալներ միջավայրի մասին։ Այդ իսկ պատճառով էլ ԿՎԹ-ի հաշվողական մեկնաբանության մեջ վարքային գիտափորձը կարելի է դիտարկել որպես տեղեկատվության նպատակային հավաքագրում, իսկ էքսպոզիցիան՝ որպես կանխատեսման սխալի վրա հիմնված ուսուցում անորոշության պայմաններում։

2.4.     Արդյո՞ք յուրաքանչյուր նոր տեղեկություն փոխում է կանխատեսումը

Այստեղ անհրաժեշտ է մի կարևոր ճշգրտում։ Բայեսյան մոտեցման տրամաբանությամբ նոր տվյալները, իհարկե, կարող են փոփոխել հետին / ապոստերիոր կանխատեսումը, սակայն մարդու մոտ ոչ բոլոր նոր փորձերն են նույն չափով փոխում համոզմունքները։

Պատկերացնենք սոցիալական տագնապային խանգարում ունեցող մարդու։ Նրա կանխատեսումն է՝ «Եթե խոսելիս սխալվեմ, մարդիկ ինձ հիմար կհամարեն»։ Նա ելույթ է ունենում, մի քանի անգամ շփոթվում է, բայց ոչ ոք չի ծիծաղում և որևէ բացասական արձագանք չի ցուցաբերում։ Թվում է, թե կատարյալ կանխատեսման սխալ է։ Սակայն ոչ միշտ է դա այդպես աշխատում. նա կարող է նաև ասել՝ «Այս անգամ պարզապես քաղաքավարի մարդիկ էին հավաքված», կամ«Նրանք հավանաբար ամեն ինչ էլ նկատեցին, պարզապես չարտահայտվեցին», կամ «Ես այնքան լավ էի վերահսկում հույզերս, որ կարողացա կանխել վատ արդյունքը»։ Նոր տեղեկատվությունը փաստորեն առկա էր, բայց վտանգի մոդելը գրեթե չփոխվեց։ Այս երևույթը հատկապես կարևոր է էքսպոզիցիան հասկանալու համար։

Prediction error ≠ prediction change

Կանխատեսման սխալը պարտադիր կերպով չի հանգեցնում կանխատեսման փոփոխության։ Անսպասելի արդյունքով փորձ ունենալը դեռ չի նշանակում, որ մարդը դրանից սովորել է։

2.5.     Կանխատեսման սխալից դեպի կանխատեսման փոփոխություն

Վերջին տարիների կլինիկական հետազոտությունները հենց այս տարբերակման կարևորությունն են ցույց տալիս։ 2023 թ.-ին Pittig և գործընկերները վերլուծեցին տագնապային խանգարում ունեցող 605 պացիենտների 8,484 էքսպոզիցիոն փորձ։

Նրանք տարբերակեցին երեք գործընթաց՝

  • Սպասման խախտում (Expectancy Violation) – որքանով իրական արդյունքը չէր համապատասխանում կանխատեսված վտանգին,
  • Սպասման փոփոխություն (Expectancy Change) – որքանով դրանից հետո փոխվեց հաջորդ վտանգի կանխատեսումը,
  • Ուսուցման գործակից (Learning Rate) – որքան արդյունավետ և արագ կանխատեսման սխալը վերածվեց նոր կանխատեսման։

Թերապիայի արդյունավետությունը կանխատեսում է ոչ այնքան կանխատեսման սխալի առկայությունը, որքան այն, թե որքանով է այդ սխալը իրականում փոխում հաջորդկանխատեսումը։

2025 թ.-ին Winkler և գործընկերները սոցիալական տագնապայնության էքսպոզիցիան մոդելավորող փորձարարական հետազոտություններում ևս բացահայտեցին, որ տագնապի մակարդակի փոփոխությունն ավելի սերտորեն կապված էր կանխատեսման փոխոխությունից և ուսուցման գործակցից, այլ ոչ թե կանխատեսման սխալի մեծությունից։

Իսկ 2026 թ.-ին Zbozinek, Rosenberg, Treanor և Craske-ն հրապարակեցին իրենց հետազոտության արդյունքները, որում 84 սոցիալական տագնապային կամ խուճապային խանգարմամբ մասնակիցներ անցել էին ինը սեսիա էքսպոզիցիոն թերապիա։ Հետազոտողները համեմատել էին էքսպոզիցիայի ընթացքում երկու փոփոխական՝ վախի նվազումը և վտանգի սպասման վերանայումը՝ սպասման թարմացումը (Expectancy Updating)։ Արդյունքում սպասման փոփոխությունը կանխատեսում էր ինչպես թերապիայի ավարտին, այնպես էլ երեք ամիս անց ախտանշանների նվազումը։ Իսկ էքսպոզիցիայի ընթացքում վախի ուղղակի նվազումը նման կանխատեսող արժեք չուներ։ Սա էքսպոզիցիայի կլինիկական իմաստը փոխող կարևոր տարբերակում է։ Հաջող էքսպոզիցիան պարտադիր չէ, որ ավարտվի «այլևս չեմ վախենում» վիճակով։ Այն կարող է ավարտվել այսպես՝ «Ես դեռ վախենում եմ, բայց այն, ինչ կանխատեսում էի, տեղի չունեցավ»։

2.6.     Հաբիտուացիա, թե ուսուցում

Հաբիտուացիայի[1] տրամաբանության շրջանակներում թերապևտը կարող է հետևել, թե որքանով է վախը նվազել էքսպոզիցիայի ընթացքում։ Օրինակ՝ խնդրել յուրաքանչյուր էքսպոզիցիայից հետո գնահատել վախի աստիճանը հարյուր բալանոց համակարգով, և համեմատել այնուհետ։

Սակայն արգելակող ուսուցուման[2] (inhibitory learning) մոտեցումն առաջարկում է այլ հարց՝ «Ի՞նչ էիք կանխատեսում, և ի՞նչ տեղի ունեցավ իրականում»։

Մարման[3] և արգելակող ուսուցման ժամանակակից մոդելները ենթադրում են, որ էքսպոզիցիայի ընթացքում վախի մասին հին հիշողությունները պարտադիր չէ որ ջնջվեն։ Փոխարենը կարող է ձևավորվել նոր՝ մրցակցող գիտելիք՝ «Այս գրգռիչը կարող է լինել անվտանգ»։ Դրա պատճառով նույնիսկ հաջող թերապիայից հետո էլ որոշակի պայմաններում հնարավոր է վերադարձ դեպի նույն դրսևորումները։ Վախի մարման նեյրոգիտական ուսումնասիրությունները նույնպես ցույց են տալիս, որ մարումը հաճախ ավելի լավ է հասկանալ որպես նոր հիշողության ստեղծում, այլ ոչ թե վախի մասին նախնական հիշողության ջնջում։

2.7.     Երկու մրցակից մոդելներ

Պատկերացնենք, որ մարդու ուղեղում նույն իրավիճակի վերաբերյալ կան երկու հնարավոր մոդելներ։

Մոդել Ա — վտանգ՝  «Շունը մոտենում է → հնարավոր է՝ ինձ կծի»,  և

Մոդել Բ — անվտանգություն՝ «Շունը կարող է մոտենալ բայց չհարձակվել»։

Էքսպոզիցիայի ընթացքում մարդը նորից ու նորից ստանում է ապացույցներ Մոդել Բ-ի օգտին։ Բայց Մոդել Ա-ն պարտադիր չէ որ անհետանա։

Բայեսյան թաքնված պատճառների մոդելները (Bayesian latent-cause models)  նույնիսկ առաջարկում են, որ պայմանավորված արձագանքի / վախի մարման ժամանակ օրգանիզմը կարող է կամ թարմացնել արդեն գոյություն ունեցող վտանգի մոդելը, կամ ստեղծել նոր «անվտանգ» թաքնված պատճառ։

Սա կարևոր տարբերակում է, քանի որ եթե անվտանգ ուսուցումը չափազանց կապված է միայն թերապևտի սենյակի հետ, ապա այլ իրավիճակում վտանգի հին մոդելը կարող է կրկին ակտիվանալ։ ԿՎԹ-ի ժամանակակից հաշվողական մոդելներն այս լատենտ պատճառի եզրահանգումը դիտարկում են որպես էքսպոզիցիայից հետո վախի արձագանքի վերադարձը հասկանալու հնարավոր մոդել (Berwian, et al., 2025):  Այստեղից էլ բխում է տարբեր միջավայրերում էքսպոզիցիան իրականացնելու, տարբեր գրգռիչներ օգտագործելու և իրական կյանքի պայմաններում ուսուցումը բազմիցս կրկնելու կարևորությունը։

2.8.     Ինչո՞ւ պաշտպանիչ գործողություն կարող է խանգարել բայեսյան թարմեցմանը

Պատկերացնենք խուճապային խանգարում ունեցող մարդու, որն ունի համոզմունք՝ «Եթե մետրոյում խուճապ սկսվի և ինձ մոտ դեղ չլինի, կկորցնեմ վերահսկողությունս»։ Նա մետրո է մտնում, բայց միայն այն պայմանով, որ գրպանում ունի դեղ, ձեռքին՝ ջուր, իսկ հեռախոսով մշտապես կապի մեջ է հարազատի հետ։ Խուճապ է առաջանում։ Աղետ տեղի չի ունենում։ Հնարավոր բայեսյան եզրահանգումը կարող էր լինել՝ «Իմ կանխատեսումը գուցե չափազանցված էր»։ Սակայն իրական եզրակացությունը կարող է լինել՝ «Չկորցրի վերահսկողությունս, որովհետև դեղը մոտս էր»։ Այս դեպքում պաշտպանիչ գործողությունը ստեղծում է այլընտրանքային բացատրություն։ Արդյունքում անվտանգ ելքը չի վերագրվում՝«իրավիճակը այնքան վտանգավոր չէր, որքան կարծում էի» հիպոթեզին, այլ վերագրվում է՝ «իմ պաշտպանիչ գործողությունն ինձ փրկեց» հիպոթեզին։ Այսպիսով վտանգի մասին նախնական համոզմունքը կարող է պահպանվել։

2.9.     Ճշգրտություն․ ինչո՞ւ են որոշ համոզմունքներ այնքան դժվար փոփոխվում

Բայեսյան մոտեցումը ևս մեկ օգտակար հասկացություն է առաջարկում՝ ճշգրտությունը։ Եթե պարզ, ապա ճշգրտությունը կարելի է ընկալել որպես այն վստահությունը, որը համակարգը տալիս է որոշակի կանխատեսման կամ ապացույցի մասով։

Երկու մարդ կարող են ունենալ նույն համոզմունքը՝ «Ես կարող եմ ուշագնաց լինել»։ Բայց մեկի մոտ դա կարող է լինել թույլ ենթադրություն։ Իսկ մյուսի մոտ՝ գրեթե անառարկելի համոզմունք։ Երկրորդ դեպքում նախնական համոզմունքը կարող է ունենալ շատ բարձր աստիճանի սուբյեկտիվ ճշգրտություն։ Այդ պատճառով նույնիսկ բազմակի հակասող փորձերը կարող են քիչ ազդեցություն ունենալ։ Նմանապես՝ անվտանգության նոր ապացույցներըը կարող են ստանալ ճշգրտության ցածր աստիճան՝ թվան ոչ բավարար արժանահավատ. «Դա պարզապես մեկ հաջող դեպք էր»։

Այսպիսով, էքսպոզիցիայի ժամանակ կարևոր է ոչ միայն այն թե որքան մեծ կանխատեսման սխալ առաջացրեցինք, այլ նաև այն, թե մարդն ինչ նշանակություն տվեց այդ նոր փորձին։

2.10.Էքսպոզիցիան և անորոշությունը

Տագնապային մարդու պահանջ-ակնկալիքը հաճախ նույնիսկ չի էլ սահմանափակվում «անվտանգ է» գաղափարով։ Ավելի ամբողջական պահանջը կարող է լինել. «Ես պետք է հաստատ իմանամ, որ անվտանգ է»։ Սակայն իրական աշխարհում նման երաշխիք գրեթե գոյություն չունի։ Շունը կարող է կծել։ Ինքնաթիռը տեսականորեն կարող է վթարի ենթարկվել։ Հանրային ելույթի ժամանակ ինչ-որ մեկը կարող է իսկապես բացասական գնահատել մեզ։ Սրտի հաճախությունը երբեմն իսկապես կարող է ունենալ առողջական պատճառ։ Ուստի հաջող ԿՎԹ-ի նպատակը մարդուն ոչ թե սովորեցնելն է, որ՝ «վտանգը հավասար է զրոյի», այլ՝ «Ես կարող եմ ավելի ճշգրիտ գնահատել վտանգի հավանականությունը և գործել նույնիսկ այն դեպքում, երբ որոշակի անորոշություն դեռ առկա է»։

Հաշվողական հոգեբանության մեջ տագնապը վերջին տարիներին ավելի ու ավելի  դիտարկվում է ոչ միայն որպես վտանգի չափազանց բարձր ակնկալիք, այլ նաև անորոշության ուսուցման, կամ անորոշության նկատմամբ հանդուրժողականության զարգացման խանգարման հնարավոր արտահայտում։ Տագնապի ավելի բարձր աստիճանը մի շարք հաշվողական ուսումնասիրություններում կապված է եղել անվտանգության մասին սովորելու և փոփոխվող միջավայրի պայմաններին ադապտացվելու դժվարությունների հետ (Brown, et al., 2023):

Այս իմաստով էքսպոզիցիան ունի երկակի նպատակ՝ սովորել, որ կանխատեսված աղետը հաճախ տեղի չի ունենում, և սովորել, որ լիարժեք վստահության բացակայությունն ինքնին վտանգ/վտանգավոր չէ։

2.11.Ի՞նչ է կատարվում ուղեղում

Էքսպոզիցիայի նեյրոկենսաբանությունը չափազանց բարդ է, և «էքսպոզիցիան ակտիվացնում է այս կամ այն կենտրոնը» տիպի պարզեցումները գիտականորեն զգուշություն են պահանջում։ Այնուամենայնիվ, վտանգի ուսուցման և մարման հետ կապված հետազոտություններում կրկնվող դեր ունեն մի շարք փոխկապակցված համակարգեր։

Ամիգդալան կամ Նշաձև մարմինը (Amygdala) ներգրավված է վտանգի ուսուցման, նշանակալիության գնահատման և վախի արտահայտման գործընթացներում։

Հիպոկամպը (Hippocampus) կարևոր է համատեքստի և հիշողության համար․ այն օգնում է տարբերակել, թե որ միջավայրում որ զուգորդությունն է արդիական։

Մեդիալ (Medial Prefrontal Cortex) և վենտրոմեդիալ (Ventromedial Prefrontal Cortex) առաջճակատային կեղևային համակարգերը ներգրավված են մարման ուսուցման, արժեքի և վտանգին հակազման կարգավորման գործընթացներում։

Զոլավոր մարմինը (Stratium), կապված է ամրապնդմամբ ուսուցման և կանխատեսման սխալով պայմանավորված ուսուցման հետ։

Դոպամիներգիկ համակարգերը նույնպես ուսումնասիրվում են կանխատեսաման սխալի ևմարման ուսուցման համատեքստում (Papalini, et al., 2020):

Ոլորտի հետազոտությունները ևս աջակցում են այն գաղափարին, որ մարդկային վախի մարման գործընթացը հիմնված է ոչ թե մեկ ուղեղային կենտրոնի, այլ ամիգդալա-հիպոկամպ-առաջճակատային կեղև և այլ ցանցերի փոխազդեցության վրա։ Միաժամանակ նեյրովեիզուալիզաիայի մեթոդներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ավելի փոփոխական են, քան երբեմն ներկայացվում է հանրամատչելի գրականության մեջ (Chen et al., 2025).

Ուստի ավելի նպատակահարմար է ասել, որ էքսպոզիցիան ստեղծում է ուսուցման պայմաններ, որոնք ներգրավում են վտանգի, հիշողության, համատեքստի  և կանխատեսման հետ կապված նեյրոնային համակարգերը։

2.12.Ինչպե՞ս կարող է այս ամենը փոխել էքսպոզիցիայի պրակտիկան

Եթե էքսպոզիցիան դիտարկենք ոչ միայն որպես վախեցնող իրավիճակում մնալու, այլև որպես կանխատեսումների ստուգման և թարմացման գործընթաց, ապա դրա կապը վարքային գիտափորձի հետ շատ ավելի ակնհայտ է դառնում։

«Տագնապամարիչ»-ում (Բեգոյան, 2020) վարքային գիտափորձը ներկայացրել ենք որպես կոգնիտիվ-արքաբանական թերապիայի մեթոդ, որի միջոցով այցելուն կարող է իրականպայմաններում ստուգել իր ենթադրությունները, համոզմունքներն ու կանխատեսումները։ Բայեսյան տեսանկյունից նույն գործընթացը կարելի է նկարագրել ավելի ճշգրիտ. մարդն ունի աշխարհի վերաբերյալ որոշակի նախնական համոզմունքներ (priors), դրանց հիման վրա կատարում է կանխատեսումներ, ապա ստացված փորձառությունը համեմատում է այդ կանխատեսումների հետև, եթե նոր տվյալները բավականաչափ համոզիչ են, թարմացնում է իր համոզմունքները։

Այս իմաստով վարքային գիտափորձը կարելի է դիտարկել որպես բայեսյան թարմացման կլինիկական գործիք։

Տագնապային խանգարումների դեպքում մարդը կարող է ունենալ բարձր վստահությամբ կամ, բայեսյան տերմինաբանությամբ, բարձր ճշգրտությամբ (precision) օժտված սպառնալիք արտացոլող նախնական համոզմունք. «Եթե փակ տարածքում մնամ և տագնապս ուժեղանա, ես կկորցնեմ վերահսկողությունս»։ Այս համոզմունքից բխում է կոնկրետ կանխատեսում։ Եթե մարդը մշտապես խուսափում է փակ տարածքներից կամ դրանցում մնում է միայն պաշտպանիչ գործողությունների օգնությամբ, ապա այդ կանխատեսումը լիարժեք փորձարկման չի ենթարկվում։ Հետևաբար համակարգը քիչ հիմք ունի իր նախնական համոզմունքը վերանայելու համար։

Այստեղ է, որ էքսպոզիցիան կարող է իրականացվել վարքային գիտափորձի տեսքով։

1. Հստակեցնել նախնական համոզմունքը և կանխատեսումը

Էքսպոզիցիայից առաջ ցանկալի է հարցնել ոչ միայն. «Որքա՞ն է տագնապի աստիճանը», այլ նաև. «Կոնկրետ ի՞նչ եք կանխատեսում, որ տեղի կունենա»։ Օրինակ՝ «Եթե հինգ րոպե մնամ փակտարածքում, 70% հավանականությամբ կխեղդվեմ կամ կկորցնեմ վերահսկողությունս»։ Այսձևով ընդհանուր վախը վերածվում է ստուգելի վարկածի։ Միաժամանակ կարելի է գնահատել ոչ միայն կանխատեսվող իրադարձության հավանականությունը, այլև այցելուի վստահությունն այդ կանխատեսման նկատմամբ։ Բայեսյան լեզվով մենք փորձում ենք պարզել, թե ինչպիսի նախնական համոզմունք (prior) է գործում տվյալ իրավիճակում և որքան մեծ ճշգրտություն (precision) է մարդը վերագրում դրան։

2. Իրականացնել վարքային գիտափորձը՝ էքսպոզիցիան

Այնուհետև այցելուն մտնում է այն իրավիճակի մեջ, որտեղ հնարավոր է ստուգել իր կանխատեսումը։ Այս փուլում նպատակը միայն տագնապ առաջացնելը կամ դրա նվազմանը սպասելը չէ։ Նպատակը իրականությունից նոր տվյալներ (evidence) ստանալն է։ Օրինակ՝ մարդը հինգ րոպե մնում է փակ տարածքում՝ հնարավորություն տալով ստուգելու իր կանխատեսումը՝ «ես կխեղդվեմ կամ կկորցնեմ վերահսկողությունս»։ Այսպիսով, էքսպոզիցիան դառնում է ոչ թեպարզապես «տագնապի հետ մնալու», այլ կանխատեսումն իրականության հետ ստուգելու փորձ։

3. Չդարձնել տագնապի նվազումը հաջողության հիմնական չափանիշ

Եթե էքսպոզիցիայի վերջում այցելուն դեռ զգում է, օրինակ, 70/100 ինտենսիվությամբ տագնապ, դաինքնին չի նշանակում, որ փորձը ձախողվել է։ Կարևոր է հարցնել՝  «Տագնապելով հանդերձ՝ ի՞նչտեղի ունեցավ իրականում»։ Մարդը կարող է ուժեղ տագնապ զգալ, բայց չկորցնել վերահսկողությունը, ուշագնաց չլինել, չխեղդվել և կարողանալ մնալ մնալ այնտեղ որտեղ որ է և/կամ շարունակել անել այն ինչ անում էր։ Հենց այս անհամապատասխանությունն է կանխատեսման և իրական արդյունքի միջև, որը կարող էառաջացնել կանխատեսման սխալ (prediction error)։ Եթե կանխատեսումն էր՝ «ես չեմ դիմանա», իսկ փաստացի փորձառությունը՝ «ես շատ ուժեղ տագնապ զգացի, բայց մնացի և դիմացա», ապա ստացված տվյալները հակասում են նախնական համոզմունքին։

4. Համեմատել կանխատեսումը փաստացի արդյունքի հետ

Փորձից հետո կարևոր է բացահայտ համադրել երկու բան՝ Կանխատեսում, «Ես կկորցնեմ վերահսկողությունս», և Փաստացի արդյունք , «Տագնապս հասավ 80/100-ի, բայց եսչկորցրի վերահսկողությունս և մնացի իրավիճակում»։ Բայեսյան տեսանկյունից նոր տվյալները համադրվում են նախնական համոզմունքի հետ։ Երբ փաստացի արդյունքը տարբերվում է կանխատեսվածից, առաջանում է կանխատեսման սխալ, որը կարող է հիմք դառնալ համոզմունքի թարմացման համար։ Սակայն կանխատեսման սխալի առկայությունը դեռ չի երաշխավորում, որ համոզմունքը կփոխվի։

5. Հետազոտել արդյունքի վերագրումն ու մեկնաբանումը

Վարքային գիտափորձից հետո հատկապես կարևոր է հարցնել՝ «Ինչո՞ւ, ձեր կարծիքով, այն, ինչ կանխատեսում էիք, տեղի չունեցավ»։ Պատկերացնենք, որ այցելուն պատասխանում է՝ «Որովհետև ամբողջ ընթացքում դեպի դուռն էի նայում և գիտեի, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ անմիջապես դուրս գալ»։ Այս դեպքում օբյեկտիվորեն աղետը տեղի չի ունեցել, սակայն մարդու ներքին մոդելը կարող է գրեթե չփոխվել։ Նա կարող է եզրակացնել ոչ թե՝ «Փակ տարածքն այնքան վտանգավոր չէ, որքան ես կարծում էի», այլ՝ «Վտանգը իրական էր, պարզապես ես կարողացա այն կանխել»։ Այսինքն՝ նոր տվյալները վերագրվել են պաշտպանիչ գործողություններին, և սպառնալիքային նախնական համոզմունքը պահպանվել է։

Բայեսյան տեսանկյունից մարդը կարող է ավելի մեծ ճշգրտություն՝ այսինքն ավելի մեծ վստահելիություն, վերագրել իր նախկին համոզմունքին, քան դրան հակասող նոր տվյալներին։ Արդյունքում կանխատեսման սխալը քիչ ազդեցություն կունենա համոզմունքի թարմացման վրա։ Հետևաբար պաշտպանիչ գործողությունների և արդյունքի մեկնաբանման ուսումնասիրությունը պարզապես լրացուցիչ քննարկում չէ. այն կարող է որոշել՝ տեղի կունենա՞ արդյոք համոզմունքի իրական թարմացում, թե ոչ։

6. Գնահատել նոր՝ հետին համոզմունքը

Փորձից հետո կարելի է նորից հարցնել՝ «Հաջորդ անգամ նույն իրավիճակում որքա՞ն հավանական եք համարում, որ կկորցնեք վերահսկողությունը»։ Եթե սկզբում գնահատականը 70% էր, իսկ փորձից հետո դարձել է, օրինակ, 30%, մենք արդեն ունենք համոզմունքի փոփոխության չափելի ցուցանիշ։

Բայեսյան տերմինաբանությամբ նախնական համոզմունքը (prior) նոր փորձառության և ստացված տվյալների ազդեցությամբ վերափոխվել է հետին համոզմունքի (posterior)։ Գործընթացը պարզեցված կարելի է ներկայացնել այսպես՝

Նախնական համոզմունք → կանխատեսում → վարքային գիտափորձ / էքսպոզիցիա → փաստացի արդյունք → կանխատեսման սխալ → արդյունքի մեկնաբանում → հետին համոզմունք

7. Հետին համոզմունքը դարձնել հաջորդ փորձի նախնական համոզմունք

Մեկ հաջողված փորձը դեռ չի նշանակում, որ մարդու սպառնալիք արտացոլող մոդելն ամբողջությամբ փոխվել է։ Մարդը կարող է մտածել՝ «Այս սենյակում ստացվեց, բայց վերելակում հաստատ չեմ կարողանա», կամ՝ «Այս անգամ ոչինչ չեղավ, որովհետև թերապևտս կողքիս էր»։ Հետևաբար վարքային գիտափորձերը և էքսպոզիցիաները նպատակահարմար է կրկնել տարբեր իրավիճակներում և տարբեր պայմաններում, որպեսզի նոր ուսուցումը չկապվի միայն մեկ կոնկրետ համատեքստի հետ։ Յուրաքանչյուր փորձից ձևավորված հետին համոզմունքը (posterior) հաջորդ փորձի ժամանակ դառնում է նոր նախնական համոզմունք (prior).

Նախնական համոզմունք₁ → նոր տվյալներ₁ → հետին համոզմունք₁ = նախնականհամոզմունք₂ → նոր տվյալներ₂ → հետին համոզմունք₂ → …

Այսպիսով, թերապիան կարելի է պատկերացնել ոչ թե որպես սխալ համոզմունքի մեկանգամյա «հերքում», այլ որպես աշխարհի վերաբերյալ մարդու հավանականային մոդելի աստիճանական թարմացում։ Այս դիտանկյունից վարքային գիտափորձի և էքսպոզիցիայի միջև սահմանը որոշ չափով պայմանական է։ Երկուսն էլ կարող են կառուցվել նույն հիմնական սկզբունքի շուրջ՝

կանխատեսում → փորձ → արդյունք → թարմացում։

Վարքային գիտափորձում սովորաբար բացահայտ ձևակերպվում և ստուգվում է որոշակի համոզմունք կամ կանխատեսում, մինչդեռ էքսպոզիցիայի ժամանակ մարդը համակարգված կերպով առերեսվում է վախ առաջացնող իրավիճակների, ազդակների կամ ներքին զգացողությունների հետ։ Սակայն երբ էքսպոզիցիան կազմակերպվում է որպես կանխատեսումների նպատակային ստուգում, այն միաժամանակ դառնում է վարքային գիտափորձ։

Այս մոտեցումը նաև օգնում է խուսափել էքսպոզիցիայի վերաբերյալ տարածված պարզեցումից՝ «պետք է մնալ իրավիճակում այնքան ժամանակ, մինչև վախը նվազի»։

Տագնապի աստիճանի նվազումը կարող է տեղի ունենալ, սակայն ուսուցման տեսանկյունից առանցքային հարցն այլ է՝ «Ի՞նչ էի կանխատեսում, ի՞նչ տեղի ունեցավ իրականում, և այդ փորձից հետո ինչպե՞ս փոխվեց իմ պատկերացումը վտանգի մասին»։ Այդ դեպքում էքսպոզիցիան այլևս պարզապես տագնապին դիմանալու տեխնիկա չէ։ Այն դառնումէ կառուցվածքային վարքային գիտափորձ, որի ընթացքում մարդը հնարավորություն է ստանում իր կանխատեսումները համեմատելու իրականությունից ստացվող տվյալների հետ, առաջացած կանխատեսման սխալի հիման վրա վերանայելու նախնական համոզմունքները և աստիճանաբար ձևավորելու նոր՝ ավելի ճշգրիտ ներքին մոդել։

Ամփոփում

Մարդու ուղեղը ստիպված է ապրել ապագայի մասին ոչ լիարժեք տեղեկատվությամբ։ Այդ պատճառով այն անընդհատ կանխատեսումներ է ստեղծում և դրանք համադրում իրականությունից ստացվող նոր տվյալների հետ։

Տագնապային խանգարումների դեպքում որոշ վտանգի կանխատեսումներ կարող են դառնալ չափազանց լայն, կոշտ կամ ոչ ճկուն։ Խուսափողականություններն ու պաշտպանիչ գործողությունները հաճախ թույլ չեն տալիս ստանալ կամ ճիշտ մեկնաբանել այդ կանխատեսումներին հակասող տեղեկատվությունը։ Էքսպոզիցիան փոխում է այս պայմանները։ Մարդը մնում է իրավիճակում այնքան, որ իրականությունը հնարավորություն ստանա պատասխանելու նրա կանխատեսմանը։

Սակայն կանխատեսման սխալը դեռ միայն հնարավորությունն է։ Իրական թերապևտիկ ուսուցումը տեղի է ունենում այն պահին, երբ մարդը կարողանում է ասել՝ «Այն, ինչ ես կանխատեսում էի, չհաստատվեց կամ հաստատվեց ոչ այնպես, ինչպես սպասում էի։ Հետևաբար հաջորդ կանխատեսումս պետք է մի փոքր տարբեր լինի»։ Հենց այդ փոքր փոփոխությունների կուտակումն է, որ ժամանակի ընթացքում կարող է վերափոխել վտանգի մոդելը։ Ուստի բայեսյան մոտեցումը էքսպոզիցիային առաջարկում է չափազանց արժեքավոր տեսանկյուն՝ հոգեթերապիայի նպատակը մարդուն երբեք չվախենալ սովորեցնելը չէ։ Այն օգնում էուղեղին ավելի ճշգրիտ սովորել սեփական փորձից։


Գրականություն

Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց / Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։

Chen, J., Fang, Z., Zhang, X., Zheng, Y., & Chen, Z. (2025). How fear memory is updated: From reconsolidation to extinction? Neuroscience Bulletin, 41, 1054–1084.

Craske, M. G., Treanor, M., Conway, C. C., Zbozinek, T., & Vervliet, B. (2014). Maximizing exposure therapy: An inhibitory learning approach. Behaviour Research and Therapy, 58, 10–23.

Berwian, I. M., Hitchock, P., Pisupati, S., Schoen, G., & Niv, Y. (2025). Using computational models of learning to advance cognitive behavioral therapy. Communications Psychology, 3(1), Article 72.

Blakey, S. M., & Abramowitz, J. S. (2016). The effects of safety behaviors during exposure therapy for anxiety: Critical analysis from an inhibitory learning perspective. Clinical Psychology Review, 49, 1–15.

Brown, V. M., Price, R., & Dombrovski, A. Y. (2023). Anxiety as a disorder of uncertainty: Implications for understanding maladaptive anxiety, anxious avoidance, and exposure therapy. Cognitive, Affective, & Behavioral Neuroscience, 23(3), 844–868.

Papalini, S., Beckers, T., & Vervliet, B. (2020). Dopamine: From prediction error to psychotherapy. Translational Psychiatry, 10(1), Article 164.

Pittig, A., et al. (2023). Change of Threat Expectancy as Mechanism of Exposure-Based Psychotherapy for Anxiety Disorders: Evidence From 8,484 Exposure Exercises of 605 Patients. Clinical Psychological Science, 11(2).

Brown, V. M., et al. (2023). Anxiety as a disorder of uncertainty: Implications for understanding maladaptive anxiety, anxious avoidance, and exposure therapy.

Winkler, C. D., Pittig, A., Phillips, L. J., & Felmingham, K. L. (2025). Associations among threat prediction error, prediction change, and anxiety during an exposure therapy analogue in adults with healthy to clinical social anxiety. Behaviour Research and Therapy, 187, 104709.

Zbozinek, T. D., Rosenberg, B. M., Treanor, M., & Craske, M. G. (2026). Expectancy updating predicts anxiety symptom reduction from exposure therapy: Predictive analyses from a randomized clinical trial. Behaviour Research and Therapy, 202, 105040.


[1] Հաբիտուացիա (habituation) – կրկնվող գրգռիչի նկատմամբ արձագանքի աստիճանական թուլացում։

[2] Արգելակող ուսուցում – նոր, անվտանգության նեյրոնային ասոցիացիայի ձևավորում, որը մրցակցում է նախկինվախի ասոցիացիայի հետ և արգելակում դրա արտահայտումը։

[3] Մարում (extinction) – վախի արձագանքի թուլացում, երբ սպասվող վտանգը չի իրականանում։

Էքսպոզիցիան՝ որպես Բայեսյան ուսուցում․ ինչպես է նոր փորձը փոխում ուղեղի վտանգի կանխատեսումները