Ինքնախնամքի մասին մի կարևոր դիտարկում եմ ուզում անել։ Տարօրինակ է հետևել, թե ինչպես են մարդիկ աշխատանք-կյանքի բալանսի (Work-Life Balance) թեմաներով քննարկումների ընթացքում հաճախ հասնում ծայրահեղությունների։ Ես հիմա չեմ խոսի այն ծայրահեղության մասին, որտեղ ինքնախնամքը ներկայացվում է այնպես, կարծես այն պետք է գերակշռի ցանկացած պատասխանատվության կամ աշխատանքի նկատմամբ։ Ավելի հետաքրքիր է մյուս ծայրահեղությունը, որտեղ մարդիկ ինքնախնամքը կամ կյանքի ու աշխատանքի բալանսի գաղափարը համարում են հիմարություն, ինչ-որ անիրատեսական ու անտրամաբանական մի բան։
Բայց հարցն այն է, որ ինքնախնամքը մոդայիկ կամ հոգեբանների կողմից հորինված կոնցեպցիա չէ։ Ինքնախնամքը շատ պարզ տրամաբանական պահանջ է, որից էլ բխում է աշխատանքի և կյանքի միջև որոշակի բալանսի անհրաժեշտությունը։
Փորձենք դիտարկել շատ պարզ օրինակով։ Մարդիկ սովորաբար ունեն մի բան, որը իրենց համար ամենակարևոր գործիքն է՝ եկամտի կամ զարգացման աղբյուրը։ Եթե մարդը զբաղվում է ուղևորափոխադրումներով, դա իր ավտոմեքենան է։ Եթե նա արվեստով կամ արհեստով է զբաղվում՝ դա իր գործիքներն են։ Մեկ ուրիշի համար կարող են լինել գրքերը կամ այլ մասնագիտական միջոցները։
Այսինքն՝ այն ամենը, ինչով մարդը աշխատում է, գումար է վաստակում և զարգանում, սովորաբար խնամքով է պահվում։ Մարդը ժամանակին անցկացնում է տեխնիկական սպասարկում, մաքրում է, նորոգում է, երբ պետք է՝ դադար է տալիս, որպեսզի «գործիքը» հանգստանա և լավ աշխատի։
Հիմա հարցը շատ պարզ է․ եթե նույնիսկ ավտոմեքենայի նկատմամբ մենք այդքան խնամքով ենք վերաբերվում, ինչո՞ւ նույն սկզբունքը չենք կիրառում մեր սեփական օրգանիզմի նկատմամբ՝ մեր մարմնի, մեր նյարդային համակարգի նկատմամբ։ Եթե ընդունելի է այն գաղափարը, որ օրգանիզմը պետք է վերականգնվի, հանգստանա, իսկ միտքը նույնպես պետք է ժամանակ ունենա վերականգնվելու, ապա ինչո՞ւ է դժվար ընդունել նաև կյանքի և աշխատանքի բալանսի անհրաժեշտությունը։ Չէ՞ որ ամենաթանկ «գործիքը», որ մենք ունենք, մեր օրգանիզմն է, մեր նյարդային համակարգը։
Իհարկե, պետք է ընդունել նաև մյուս իրականությունը։ Շատ ոլորտներում, հատկապես տեխնոլոգիական և ստարտափ միջավայրում, տարածված է մի նարատիվ, որ եթե մարդը փորձում է պահպանել աշխատանք–կյանք բալանսը, ապա երբեք մեծ հաջողության չի հասնի։ Շատ գործարարներ և ստարտափների հեղինակներ հենց այդ օրինակն են բերում, և որոշ իմաստով դա հասկանալի է։
Սակայն աշխատանք-կյանք բալանսի կոնցեպցիայի ջատագովները չեն էլ հերքում դա։ Հարցն ընդամենը այն է, թե ինչն ենք կյանքում կարևորում ամենաշատը և ինչով ենք չափում հաջողությունը։ Եթե մարդու համար կյանքի հիմնական նպատակը բիզնեսում կամ մասնագիտության մեջ հնարավորինս արագ մեծ հաջողության հասնելն է, ապա դա իր ընտրությունն է։ Այդ դեպքում նա ինքն է որոշում, թե ինչով է չափվում հաջողությունը և ինչ գին է պատրաստ վճարել դրա դիմաց։
Այստեղ ամենակարևոր հարցը հենց դա է՝ ինչ գնով և ինչի համար։
Եթե մարդու հաջողության բանաձևում ամենակարևոր բաղադրիչը միայն բիզնեսում հաջողելն է, ապա նա կարող է ընտրել ավելի ինտենսիվ և ծանր աշխատանքային ռեժիմ։ Բայց եթե այդ բանաձևի մեջ մտնում են նաև առողջությունը, երկարակեցությունը, բավարարող կամ երջանիկ անձնական կյանքը, ընտանիքի հետ կապերը, սոցիալական հարաբերությունները, ապա առանց կյանքի և աշխատանքի բալանսի դա գրեթե անհնար է։
Պատճառը շատ պարզ է։ Օրն ունի ընդամենը 24 ժամ, իսկ մեր ռեսուրսները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ նյարդային, սահմանափակ են։
Այո, նեյրոգիտությունը և նեյրոկենսաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աստիճանաբար զարգացնել մեր հնարավորությունները, ընդլայնել մեր նյարդային համակարգի կարողությունները նույնիսկ նեյրոնի մակարդակում, բայց դա արագ գործընթաց չէ և, առավել ևս, անվերջ հորիզոնով գործընթաց չէ։
Այդ տեսանկյունից վերադառնալով ինքնախնամքին՝ պետք է ասել, որ սա ոչ թե մոդայի թելադրանքէ և ոչ էլ հոգեբանների կողմից ներմուծված ու fancy փաթեթավորմամբ նոր գաղափար։ Սա անհրաժեշտություն է, որը հնարավորություն է տալիս ապրել ավելի առողջ, ավելի բավարարող և ավելի երկար կյանքով։
Ես անսահման սիրում եմ մասնագիտությունս և մեծամասամբ մեծ ոգևորությամբ եմ սկսում յուրաքանչյուր աշխատանքային օր և նախագիծ, սակայն շաբաթվա ընթացքում այցելուներ ընդունում եմ ընդամենը չորս օր և փորձում եմ հնարավորինս պահպանել այս մոդելը։ Ինձ համար կարևոր է ժամանակ ունենալ վերականգնվելու, իմ բազմաթիվ հոբբիներով զբաղվելու, ընտանիքիս և ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու համար, որպեսզի կարողանամ աշխատանքս կատարել պատշաճ որակով։
Դրա համար ժամանակ եմ հատկացնում նաև իմ հետաքրքրություններին և հոբբիներին, մասնագիտական զարգացմանը՝ գրքեր կարդալուն, աշխատարանների մասնակցելուն, փորձիփոխանակմանը և այն փոխանցելուն ավելի երիտասարդ ու սկսնակ մասնագետներին։
Այս ամենի համար նույնպես ժամանակ և էներգիա է պետք։ Այդ պատճառով էլ ես չեմ կարող չբալանսավորել կյանքն ու աշխատանքը։
Հ.Գ. լուսանկարում ես եմ՝ իմ ինքնախնամքի գործիքներից մեկի՝ մոտոցիկլետի հետ 🙂
