Ընդհանուր առմամբ Տրիխոտիլոմանիան բնութագրվում է, որպես ազդակների վերահսկողության խանգարում և դրսևորվում է մազերը գիտակցաբար կամ անգիտակցաբար պոկելով։ Սովորաբար, պոկելուց հետո մարդն ունենում է բավարարվածության կամ հաճույքի զգացում։ Սակայն, ազդակի և մրցակցող հակազդումների վերահսկման վարքային դրսևորումները կարող են գնահատվել որպես ռիսկային իրավիճակներ, եթե վերջիններիս գոյությունը հնարավոր է փաստել ամենայն ճշգրտությամբ։
Տրիխոտիլոմանիայի թերապիայի անքակտելի մասն է կազմում իրազեկման թրեյնինգը։ Այն անհրաժեշտ է սկսել գնահատման/ախտորոշման գործընթացից անմիջապես հետո։ Իրազեկման բարձրացման կարևոր մեթոդներից է ինքնամոնիթորինգը։ Վերջինս հենվում է ոչ ցանկալի հակազդումներից (օրինակ՝ մազերը պոկելուց) անմիջապես առաջ դրսևորվող երևույթների մանրակրկիտ ուսումնասիրության գաղափարի վրա։ Ստորև բերված են ինքնամոնիթորինգի երկու տեխնիկա․
Պոկած մազերի պահպանումը։ Այս տեխնիկան առաջարկել են Ֆրանքլինն ու Թոլինը (Franklin & Tolin, 2007) մազերը պոկելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Այն կարող է ծառայել նաև որպես ստուգիչ թեստ այցելուի համար, պարզելու թե որքան ուշադիր է այցելուն իրականացնում ինքնամոնիթորինգը։ Տեխնիկան կայանում էնրանում, որ այցելուն պետք է առանձին ծրարներում պահպանի պոկած մազերը և իր հետ բերի հաջորդող թերապևտիկ սեսիային/հանդիպմանը։
Նախազգուշացնող նշաններ։ Մեծ և հեշտությամբ աչքի ընկնող պատկերավոր նշանները (օրինակ՝ “Ոչ պոկելուն – ոչ ցավին” տեքստը աշխատավայրում, կամ մեծ “STOP” նշանը ննջարանում) կարող են օգտակար լինել։ Սակայն այն դեպքերում, երբ այցելուն չի ցանկանում որ իր խնդրի մասին տեղեկանան այլ մարդիկ, հոգեթերապևտը կարող է առաջարկել կիրառել նշաններ, որոնք կարող են լինեն թվեր կամ իրեր (օրինակ՝ գլխարկ, սանր)։ Այդ նշանները պետք է լինեն այնպիսի տեղերում, որպեսզի այցելուի համար լինեն նկատելի և տեսանելի ամբողջովին։ Վերջիններս (նշանները) ծառայում են իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև, հետագայում, թերապիայի ընթացքում, կօգնեն այցելուին կիրառել սեփական տեխնիկաները ռիսկային իրավիճակներում։ Նշաններն իրենք իրենց կարող են իրականացնել նաև ազդակի վերահսկման գործառույթեր։ Օրինակ, այցելուն կարող է տեղադրել կոնկրետ նշանը ասենք հայելու մեջտեղում, եթե վերջինս հանդիսանում է մազերը պոկելու թրիգեր։
Ավելին իմանալու համար կարդացեք Բուժելով տրիխոտիլոմանիան․ իրազեկվածության թրեյնինգ և ինքնամոնիթորինգ համառոտ հոդվածը:

