Առցանց հոգեթերապիան հնարավորություն է տալիս հոգեթերապևտի հետ աշխատել ձեզ հարմար և ապահով վայրից՝ առանց հոգեբանական կենտրոն կամ գրասենյակ այցելելու անհրաժեշտության։
Իրականացնում եմ առցանց հոգեթերապիա տագնապի, հուզական և վարքային խնդիրների, հարաբերությունների դժվարությունների, խաղամոլության և հոգեբանական այլ խնդիրների դեպքում։
Իմ կլինիկական աշխատանքը ստրուկտուրավորված է և ապացուցահեն։ Հիմնական հոգեթերապևտիկ մոտեցումը կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (ԿՎԹ) է՝ անհրաժեշտության դեպքում այլ մոտեցումների ինտեգրմամբ։
Առցանց հոգեթերապիան իրականացնում եմ հայերեն, անգլերեն, ռուսերեն և լեհերեն։
Արդյո՞ք առցանց հոգեթերապիան լիարժեք հոգեթերապիա է
Այո։
Առցանց հոգեթերապիան պարզապես տեսազանգով հոգեբանական խորհուրդներ տալը չէ։ Այն իրականացվում է նույն հիմնական մասնագիտական սկզբունքներով, ինչ առկա հոգեթերապիան։
Այն կարող է ներառել՝
- խնդրի գնահատում,
- անհատական դեպքի կոնցեպտուալիզացիա,
- հոգեթերապիայի նպատակների սահմանում,
- կառուցվածքային հոգեթերապևտիկ միջամտություններ,
- փոփոխությունների գնահատում,
- տնային աշխատանք սեսիաների միջև,
- գաղտնիության և մասնագիտական սահմանների պահպանում։
Առկա և առցանց հոգեթերապիայի հիմնական տարբերությունը հաղորդակցության ձևն է, այլ ոչ թե հոգեթերապևտիկ աշխատանքի հիմնական սկզբունքները։
Ո՞ւմ համար կարող է հարմար լինել առցանց հոգեթերապիան
Առցանց ձևաչափը հատկապես հարմար կարող է լինել մարդկանց համար, ովքեր՝
- բնակվում են Երևանից դուրս,
- սահմանափակ ժամանակ ունեն ճանապարհի համար,
- հաճախ են ճանապարհորդում,
- նախընտրում են հոգեթերապիան իրականացնել տնից կամ այլ ծանոթ միջավայրից,
- ունեն տեղաշարժման դժվարություններ,
- ցանկանում են հոգեթերապիա ստանալ որոշակի լեզվով,
- ցանկանում են հոգեթերապիան ավելի հեշտ համադրել աշխատանքային կամ ընտանեկան գրաֆիկի հետ։
Այնուամենայնիվ, հարմարավետությունը միակ չափանիշը չէ։
Կարևոր է գնահատել՝ արդյոք առցանց աշխատանքը կլինիկական առումով համապատասխանում է տվյալ մարդու խնդրին և իրավիճակին։
Ի՞նչ խնդիրների հետ եմ աշխատում առցանց
Կախված նախնական գնահատումից՝ առցանց հոգեթերապիան կարող է կիրառվել՝
- տագնապի և տագնապային խանգարումների,
- խուճապային գրոհների,
- սոցիալական տագնապայնության,
- վախերի, ֆոբիաների և ագորաֆոբիայի,
- օբսեսիվ-կոմպուլսիվ ախտանշանների,
- շարունակական անհանգստության և մտավերլուծության,
- առողջության հետ կապված տագնապայնության,
- դեպրեսիվ ախտանշանների,
- զայրույթի և հուզական ինքնակարգավորման դժվարությունների,
- խաղամոլության խանգարման,
- սթրեսի հետ կապված խնդիրների,
- հարաբերությունների և միջանձնային խնդիրների,
- պերֆեկցիոնիստական և խուսափողական վարքային դրսևորումների,
- անորոշությունը հանդուրժելու և որոշումներ կայացնելու դժվարությունների դեպքում։
Նույն ախտանշանները տարբեր մարդկանց մոտ կարող են ունենալ տարբեր հոգեբանական մեխանիզմներ։
Այդ պատճառով աշխատանքի ձևը որոշվում է ոչ միայն ախտորոշմամբ, այլև անհատական գնահատմամբ և խնդրի կոնցեպտուալիզացիայով։
Ինչպե՞ս է իրականացվում առցանց հոգեթերապիան
Առաջին հանդիպում
Առաջին հանդիպումը հիմնականում նվիրված է խնդիրը հասկանալուն։
Քննարկում ենք՝
- ինչն է ձեզ բերել հոգեթերապիայի,
- երբ և ինչպես է ձևավորվել խնդիրը,
- ինչ իրավիճակներում է այն ուժգնանում,
- ինչ մտքեր, հույզեր և մարմնական արձագանքներ են առաջանում,
- ինչպես եք փորձում հաղթահարել խնդիրը,
- ինչպես է այն ազդում առօրյա կյանքի վրա,
- ինչ միջոցներ եք նախկինում փորձել,
- ինչ եք ցանկանում փոխել։
Դրա հիման վրա ձևավորում ենք խնդրի նախնական կոնցեպտուալիզացիան և գնահատում առցանց աշխատանքի նպատակահարմարությունը։
Հոգեթերապիայի նպատակները
Հոգեթերապիան ավելի կառուցվածքային է, երբ հասկանալի է, թե ինչ փոփոխությունների ենք ձգտում։
Նպատակները կարող են լինել, օրինակ՝
- խուսափողական վարքի նվազեցումը,
- տագնապին այլ կերպ արձագանքելը,
- կայուն վարքային օրինաչափությունների փոփոխությունը,
- ավելի ճկուն մտածողության զարգացումը,
- հուզական ինքնակարգավորման բարելավումը,
- կոմպուլսիվ կամ խաղային վարքի նվազեցումը,
- հարաբերություններում կրկնվող օրինաչափությունների փոփոխությունը,
- որոշումների կայացման ավելի մեծ ճկունությունը։
Աշխատանք սեսիայի ընթացքում
Կախված խնդրից՝ հոգեթերապևտիկ աշխատանքը կարող է ներառել կոգնիտիվ տեխնիկաներ, վարքային տեխնիկաներ, հմտությունների զարգացում, էքսպոզիցիայի պլանավորում, վարքային փորձարկումների վերլուծություն, հոգեկրթություն և այլ մեթոդներ։
Առցանց հոգեթերապիան չպետք է վերածվի պարզապես շաբաթական զրույցի՝ անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Այն շարունակում է մնալ ակտիվ հոգեթերապևտիկ գործընթաց։
Աշխատանք սեսիաների միջև
Անհրաժեշտության դեպքում աշխատանքը շարունակվում է նաև հանդիպումների միջև։
Այն կարող է ներառել՝
- կոնկրետ իրավիճակների դիտարկում,
- կառուցվածքային քննարկումներ,
- վարքային փորձարկումներ,
- էքսպոզիցիոն աշխատանք,
- առօրյա վարքային մոդելների փոփոխություններ,
- նոր հմտությունների զարգացում։
Նպատակը հոգեթերապևտիկ փոփոխությունները առօրյա կյանք տեղափոխելն է։
ԿՎԹ-ն առցանց ձևաչափում
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան իմ կլինիկական աշխատանքի հիմնական շրջանակն է։
ԿՎԹ-ն հատկապես հարմար է կառուցվածքային առցանց աշխատանքի համար, քանի որ դրա կարևոր բաղադրիչները՝ խնդրի կոնցեպտուալիզացիան, մտածողական օրինաչափությունների ուսումնասիրությունը, վարքային պլանավորումը, ինքնադիտարկումը և վարքային փորձարկումները, հնարավոր է արդյունավետ իրականացնել նաև հեռավար ձևաչափով։
ԿՎԹ-ի պարզեցված մոդելը կարելի է ներկայացնել այսպես․
իրավիճակ → մեկնաբանություն → հուզական և մարմնական արձագանք → վարք → հետևանքներ
Հոգեթերապիայի ընթացքում փորձում ենք հասկանալ, թե այս համակարգը ինչպես է գործում կոնկրետ մարդու դեպքում և որտեղ կարելի է հասնել փոփոխության։
Առցանց ձևաչափը չի նշանակում, որ ամբողջ հոգեթերապիան տեղի է ունենում էկրանի առջև։ ԿՎԹ-ի կարևոր մասը վերաբերում է նրան, թե ինչ է մարդը անում առօրյա կյանքում՝ սեսիաների միջև։
Գաղտնիություն և անձնական տարածք
Առցանց հոգեթերապիայի դեպքում գաղտնիության ապահովմանը մասնակցում են և հոգեթերապևտը, և այցելուն։
Խորհուրդ է տրվում հանդիպմանը մասնակցել այնպիսի վայրից, որտեղ կարող եք ազատ խոսել և որտեղ քիչ հավանական է, որ ձեզ ընդհատեն կամ լսեն։
Անհրաժեշտության դեպքում ականջակալների օգտագործումը կարող է լրացուցիչ գաղտնիություն ապահովել։
Իմ մասնագիտական աշխատանքն իրականացվում է գաղտնիության, մասնագիտական սահմանների և էթիկական պատասխանատվության սկզբունքներով։
Ինչպե՞ս պատրաստվել առցանց հանդիպմանը
Ավելի արդյունավետ աշխատանքի համար ցանկալի է՝
- ընտրել հնարավորինս հանգիստ և անձնական տարածք,
- ապահովել կայուն ինտերնետային կապ,
- օգտագործել աշխատող տեսախցիկ և խոսափող ունեցող սարք,
- ցանկալի է օգտագործել ականջակալներ,
- հանդիպումից առաջ և հետո ունենալ բավարար ժամանակ։
Իդեալական պայմաններ անհրաժեշտ չեն։ Կարևոր է, որ միջավայրը թույլ տա բավարար ուշադրությամբ և գաղտնիությամբ մասնակցել աշխատանքին։
Ե՞րբ առցանց հոգեթերապիան կարող է հարմար չլինել
Առցանց հոգեթերապիան կիրառելի է բազմաթիվ խնդիրների դեպքում, սակայն այն ավտոմատ կերպով լավագույն տարբերակը չէ յուրաքանչյուր իրավիճակում։
Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել հոգեբուժական կամ բժշկական անհետաձգելի գնահատում, ինտենսիվ բուժում, ճգնաժամային միջամտություն կամ այլ մասնագիտացված օգնություն։
Հետևաբար նախնական գնահատման ընթացքում կարևոր է հասկանալ ոչ միայն խնդիրը, այլև՝ արդյոք առցանց ձևաչափն անվտանգ և կլինիկական առումով նպատակահարմար է տվյալ իրավիճակում։
Անհրաժեշտության դեպքում կարող եմ առաջարկել դիմել համապատասխան այլ մասնագետի կամ ծառայության։
Առցանց հոգեթերապիան ինքնօգնության տարատեսակ չէ
Հոգեբանական գրքեր, հավելվածներ կամ ինքնօգնության վարժություններ օգտագործելը կարող է օգտակար լինել, սակայն դրանք չեն փոխարինում անհատական հոգեթերապիան։
Հոգեթերապիայի դեպքում մեթոդներն ընտրվում են տվյալ մարդու խնդիրը պահպանող հոգեբանական մեխանիզմների հիման վրա։
Երկու մարդ կարող են, օրինակ, երկուսն էլ ասել, որ ունեն «տագնապ», բայց այդ տագնապն ամրապնդող մեխանիզմները կարող են էականորեն տարբեր լինել։
Անհատական կոնցեպտուալիզացիան հնարավորություն է տալիս աշխատանքը հարմարեցնել մարդուն, այլ ոչ թե բոլորին առաջարկել նույն խորհուրդները։
Իմ մասնագիտական մոտեցման մասին
Հոգեբան եմ և հոգեթերապևտ՝ Հոգեթերապիայի եվրոպական վկայականով (ECP)։
Իմ կլինիկական աշխատանքի հիմնական ուղղությունը կոգնիտիվ-վարքաբանական թերապիան է՝ անհրաժեշտության դեպքում գիտական տվյալների վրա հիմնված այլ մոտեցումների ինտեգրմամբ։
Մասնագիտական և հետազոտական հիմնական հետաքրքրություններս ներառում են տագնապային խանգարումների հոգեթերապիան և նեյրոկենսաբանությունը, խաղամոլության խանգարումը, կոգնիտիվ գիտությունը և ԿՎԹ-ի ու նեյրոգիտության ինտեգրումը։
Հոգեթերապիայի իրականացման լեզուները
Առցանց հոգեթերապիան իրականացնում եմ՝ հայերեն · անգլերեն · ռուսերեն · լեհերեն
Հոգեթերապիայի ընթացքում այն լեզվով աշխատելը, որով մարդը կարող է բնականորեն նկարագրել իր մտքերը, հույզերն ու փորձառությունը, կարող է հատկապես կարևոր լինել։
Առցանց և առկա հանդիպումներ
Գրասենյակս գտնվում է Երևանում, և հնարավոր է ընտրել՝ առցանց հանդիպում կամ առկա հանդիպում Երևանում։
Անհրաժեշտության և պայմանավորվածության դեպքում հնարավոր է նաև համադրել երկու ձևաչափերը։
Գրանցվել առցանց հանդիպման
Եթե դիտարկում եք առցանց հոգեթերապիայի հնարավորությունը, կարող եք գրանցվել նախնական հանդիպման՝ քննարկելու խնդիրը, Ձեր նպատակները և գնահատելու, թե արդյոք առցանց ձևաչափը համապատասխանում է Ձեր իրավիճակին։
