Հոգեկան առողջության ոլորտում մեջ դեռևս կան նոոզոլագիական միավորներ, այլ կերպ ասած՝ խանգարումներ, որոնց դասակարգումը դեռևս անորոշ է, իսկ թերապևտիկ մոտեցումը դրանց՝ վիճելի։ Դրանցից մեկն է` ռեզիստենտ կամ դեղակայուն դեպրեսիան (Treatment Resistant Depression), այսինքն դեպրեսիվ խանգարում, որը չի տրվում կամ մասամբ է տրվում դեղորայքային բուժման։
Այսօր դեպրեսիվ խանգարումները, ինչպես և տագնապային խանգարումները, ամենատարածվածներից են։ Հիմա առավել քան երբևե հաճախ է հնչում այն տեսակետը, որ դեպրեսիվ խանգարումների զարգացման մեջ մեծ ներդրում կարող է ունենալ ժառանգական նախատրամադրվածությունը (Fava & Kendler, 2000)։ Ժամանակակից տվյալների համաձայն մարդկանց 16%-ը գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է դեպրեսիվ էպիզոդ (Kessler et al., 2005): Այս ամենին գումարվում է նաև այն փաստը, որ ոչ բոլոր դեպքերում է որ դեպրեսիվ խանգարումը հնարավոր է հաղթահարել։ Հայտնի է որ դեպրեսիայով այցելուների 1/3-ի դեպքում հակադեպրեսանտների առաջին նշանակումը անարդյունք է լինում՝ անկախ ընտրված պրեպարատից (Berlim & Turecki, 2007), իսկ այցելուների մյուս 1/3-ի պարագայում միայն մասամբ են ազդում հակադեպրեսանտները՝ անկախ ընտրված պրեպարատից: Համաձայն որոշ տվյալների, այցելուների 15-33%-ը ընդհանրապես ռեզիստենտ են մնում երկու և ավելի թերապևտիկ, այդ թվում և ոչ դեղորաքային, միջամտությունների նկատմամբ։ Արդյունքում այցելուների 20%-ը, անկախ առկա ընթացիկ բուժմանը, շարունակում են ունենալ դեպրեսիա՝ նաև խանգարման մեկնարկին հաջորդող երկու տարիների ընթացքում (Fava, 2003)։ Այս տեսանկյունից ստացվում է, որ մոտավորապես այցելուների 20-30%-ի դեպքում է որ հակադեպրեսանտների շնորհիվ հնարավոր է դառնում հասնել ամբողջական ռեմիսիայի՝ առաջին իսկ անգամից: Նմանատիպ վիճակագրության հիման վրա էլ դեռևս անցած դարի 70-ականներին ներմուծվեց «ռեզիստենտ դեպրեսիա» հասկացությունը։
Գոյություն ունեն ռեզիստենտ դեպրեսիայի ամենատարբեր դասակարգումներ, որոնք հիմնվում են վերջինիս ծագումնաբանության, ընթացքի և այլ առանձնահատկությունների վրա, սակայն դեռևս գոյություն չունի վերջինիս մեկ միասնական թե՛ դասակարգում, և թե՛ մոտեցում։
Սակայն, լավ լուրն այն է, որ այնուամենայնիվ դեպրեսիվ խանգարումների հաղթահարման/բուժման արդյունավետությունը մեծապես ավելանում է զուգահեռ իրականացվող հոգեթերապիայի պարագայում։ Ավելին, միայն հոգեթերապևտիկ միջամտության դեպքում է հնարավոր [ոչ էնդոգեն կամ ոչ ռեկուրենտ, այսինքն կրկնվող] դեպրեսիվ խանգարումների կաուզալ (պատճառային) բուժումը: Համաձայն մի շարք փորձարարական և մետա-վերլուծական հետազոտությունների, ռեզիստենտ դեպրեսիայի բուժման գործընթացում շատ բարձր է, մասնավորապես, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի արդյունավետությունը (օր՝ Wiles et al., 2013; Nakagawa, 2017; Li et al., 2018; Zakhour et al., 2020):
Օգտագործված գրականություն
- Berlim, M.T. & Turecki, (2007). Definition, assessment, and staging of treatment-resistent refractory major depression: a review of current concepts and methods. Can J Psychiatry. 52(1): 46-54.
- Fava, M. (2003). Diagnosis and definition of treatment-resistant depression. Biol Psychiatry. 53(8): 649-659.
- Fava, M. & Kendler, K.S. (2000). Major depressive disorder. Neuron. 28(2): 335-341.
- Kessler, D. et al. (2005). Screening for depression in primary care. Br J Gen Pract. 55(518): 659-660.
- Li, J. et al. (2018). Cognitive behavioral therapy for treatment-resistant depression: A systematic review and meta-analysis. Psychiatry Res., 268: 243-250.
- Nakagawa, A. (2017). Effectiveness of Suplementary Cognitive-Behavioral Therapy for Pharmacology-Resistant Depression: A Randomized Controlled Trial. J Clin Psychiatry, 78(8): 1126-1135.
- Wiles, N. et al. (2013). Cognitive behavioural therapy as an adjunct to pharmacotherapy for primary care based patients with treatment resistant depression: results of the CoBalT randomized controlled trial. Lancet, 381(9864): 375-384.
- Zakhour, S. et al. (2020). Cognitive-behavioral therapy for treatment-resistant depression in adults and adolescents: a systematic review. Trends Psychiatry Psychother., 42(1): 92-101.