Ամենօրյա մտքեր ռացիոնալության, հուզական հավասարակշռության և ներքին ազատության մասին
«Ռացիոնալիստի Օրագիր»-ը պարզապես գիրք չէ, այն մեկ տարվա համար նախատեսված ներքինճամփորդություն է։ Գրքի կառուցվածքը թույլ է տալիս օրական մեկ-երկու էջի ընթերցմամբ առաջ շարժվել դեպի ավելի գիտակցված, ավելի ազատ հոգեվիճակ ու ապրելակերպ։ Այստեղ ռացիոնալիզմը աշխարհընկալում է և կենսակերպ՝ փիլիսոփայական ուսմունք լինելուց բացի։ Ստոիկ փիլիսոփայության խոհեմությունը, կոգնիտիվ-վարքային թերապիայի գործնականությունն ու նեյրոգիտության խորությունը համադրվում են յուրաքանչյուր գրառման մեջ։ Հենց այդ համադրումն էլ օգնելու է ձեզ բացահայտել ձեր ավտոմատ մտքերն ու իռացիոնալ համոզմունքները, հուզական հակազդումների նեյրոկենսաբանությունն ու ֆիզիոլոգիան, դրանց իրական պատճառները և նույնիսկ ամենաուժգին ապրումների պայմաններում ներքին կարգապահությունն ու քննադատական մտածողությունը վերականգնելու ճանապարհը։ Այս գիրքընախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել առանց պատրանքների՝ կլինեն դրանք սեփական, թե ուրիշների մտքի ստեղծածները, և նրանց, ովքեր ընտրում են ռացիոնալությունը՝ որպես հիմնասյուն։
Այս գիրքը ծնվել է անհրաժեշտությունից՝ խորհելու, հասկանալու, վերակառուցվելու։ «Ռացիոնալիստի օրագիրը» փորձ է՝ համադրելու հոգեբանությունը, փիլիսոփայությունը, հոգեթերապիան և նեյրոկենսաբանությունը՝ որպես գործիքներ՝ ուղղություն գտնելու առօրյա կյանքի երբեմն խճճված, երբեմն նաև թևաթափ անող իրավիճակներում և թեմաներում։ Մեր ժամանակների մարդը ծանրաբեռնված է ոչ միայն գործերով, այլև տեղեկատվությամբ։ Նման պայմաններում սեփական մտքերն ու ապրումները, ինչպես նաև սեփական վարքի դրդապատճառների վերլուծությունը հաճախ մղվում են հետին պլան։
Այս գրքում փորձ է արվել հնարավոր դարձնել ռացիոնալ մոտեցման և քննադատական մտածողության՝ որպես կենսական ռազմավարության, զարգացումն ու ամրապնդումը։ Հենց այդ պատճառով էլ այն անվանել եմ «Ռացիոնալիստի օրագիրը»։ Ռացիոնալ լինելը, ըստ գրքի հայեցակետի, ոչ թե չոր հաշվարկ է, այլ աուտենտիկ ապրելու կարողություն՝ ունենալով քննադատական հենք։ Ռացիոնալությունը չի հակադրվում զգացմունքայնությանը, այն դառնում է ներքին կողմնացույց՝ համադրելով հուզականությունը՝ քննադատական վերլուծության, ընտրությունը՝ գիտահենության, իսկ վարքը պատասխանատվության հետ։
Գիրքը կազմել եմ օրագրի ձևաչափով, քանի որ ժամանակակից կյանքի ռիթմը հաճախ թույլ չի տալիս ընթերցել երկար ու համակարգային տեքստեր։ Եվ սա լավ հնարավորություն է․ օրական մեկ-երկու էջ կարդալ՝ ստանալով հուշում և խթան ուղեղի համար։ Կարդալ, մտածել, սեփական կյանքի հետ համադրել, ռացիոնալ մոտեցումը վերածել պրակտիկ սովորության։ Օրագրի ամեն մի գրառում ստեղծում է տարածք, որտեղ դու ես որոշում քո դիտանկյունը։ Այս գրքում միահյուսված են իմ՝ որպես 18 և ավելի տարիների հոգեթերապևտի պրակտիկան, նեյրոգիտության վերջին տարիների բացահայտումները, հռոմեական ստոիցիզմի հիմնական գաղափարները և ամենօրյա կյանքում արձանագրված իմ փորձը։ «Ռացիոնալիստի օրագիր»-ն ուղղված է նրանց, ովքեր հոգնել են դոգմատիկ ճշմարտություններից և կեղծ գիտական պատկերացումներից, նրանց, ովքեր ցանկանում են ապրել ոչ թե ինքնախաբեության, այլ ռացիոնալության և իմաստավորվածության միջավայրում և վերջապես նրանց, ովքեր չեն վախենում հարցնելուց. «իսկ ինչու՞ եմ այդպես մտածում» կամ «ինչու՞ եմ այդպես արձագանքում»։ Եվ եթե այս էջերում տեղ գտած թեկուզ մեկ միտք դառնա գործիք ձեր ներսի մի հանգույց լուծելու համար, այդժամ երկրագնդի որևէ անկյունում լուռ կժպտա մի փոքրիկ հոգեբան։ ։)
Բեգոյան Ա.Ն. Ռացիոնալիստի օրագիրը / Ա. Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2026. – 584 էջ։
