Երբեմն դժվար է հասկանալ մարդկանց․ գիտեն, որ, օրինակ, կծու պղպեղ ուտեն՝ ուժեղ այրոց են զգալու, կամ եթե մտնեն «սարսափների սենյակ»՝ վախ կզգան։ Բայց իմացությունը հետ չի պահում կծուն ուտելուց կամ սարսափելի ձայներով ու կերպարներով սենյակից ադրենալին քաղելուց։ Ստացվում է՝ մեր ուղեղը կարողանում է անգամ «բացասական» զգացողություններից դրական ինչ-որ բան քաղել։
Նույնն էլ գրականության մեջ է՝ թվում է, թե բոլոր մարդիկ «պուպուշ» գրքեր պիտի սիրեին՝ դե, որ կարդան, թուլանան, կտրվեն իրականությունից ու հաճույք ստանան։ Բայց հակառակը, մեծ պոպուլյարություն են վայելում նյարդերը լարող գրքերը՝ թրիլերները, սարսափները, դետեկտիվներն ու «մերձակա» այլ ժանրերը։ Թե ինչու է այսպես՝ փորձել եմ հոգեբանի հետ ճշտել։ Արման Բեգոյանը հոգեբան ու հոգեթերապևտ է, ու հիմնականում աշխատում է տագնապային խանգարումների, վախերի, սթրեսային խանգարումների, հետտրավմատիկ սինդրոմների ու շատ այլ խնդիրների հետ։ Զրույցում ստացվեց համատեղել և՛ մասնագետին, և՛ ուղղակի ընթերցողին, ու ահա թե ինչ դուրս եկավ։
-Արման, ամենակարևոր ու կարճ հարցից սկսենք․ ինչո՞ւ են մարդիկ «վախենալու» գրքեր կարդում, ի՞նչ է դա տալիս։
-Որպես քրոնիկ ընթերցող, կարող եմ ասել, որ երբ մենք ընթերցում ենք, նպատակը միայն դրական հույզեր ստանալը չէ։ Մենք գրքերում գտնում ենք նաև որոշ այլ տեսակի հույզերի աղբյուր ու որոշ պահանջմունքների բավարարում, որոնք միշտ չէ, որ դրական են, բայց մարդն ունի դրանց կարիքը։ Օրինակ, գրքերից մենք ստանում ենք իմացական պահանջմունքի բավարարում, գրքերը նաև թույլ են տալիս տարբեր տեսակի ու գունապնակի հույզեր ապրել։ Այսինքն, գրքերի հիմնական գործառույթը շեղելն ու ուրախացնելը չէ՝ կարող է դա ևս լինել, բայց պարտադիր պայման չէ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ գրքերն էմոցիա պիտի փոխանցեն, թե ինչ էմոցիա՝ ամեն մարդ ինքն է ընտրում։
-Այսինքն, գրքերը նաև ընտրում ենք ըստ մեր՝ տվյալ պահի էմոցիոնալ պահանջի՞։
-Իհարկե։ Մենք կարող ենք այնպիսի գրքեր կարդալ, որ համահունչ լինեն մեր, օրինակ, ընկճված տրամադրությանը։ Այսպես հաճախ վարվում ենք երաժշտություն ընտրելիս՝ համապատասախանեցնելով մեր՝ տվյալ պահի զգացմունքներին։ Նման երգերն օգնում են, որ տվյալ հոգեվիճակն ավելի լավ ապրվի, ավելի լավ «մարսվի» ու ընկալվի։ Հենց դա է պատճառը, որ մարդիկ կարող են ու հաճախ կարդում են դեպրեսիվ գրականություն։ Նշանակում է, նման գրքերում կա՛մ իրենց հոգեհարազատ ինչ-որ բան են գտնում, կա՛մ ուսումնասիրողի դիտանկյունից են նայում հարցին՝ փորձում են պատկերացնել էմոցիան, այլ մարդկանց ապրումները, գործողությունները։
-Իսկ ինչ ես կարծում, հիմա՞ է, որ այս թեման հատկապես հետաքրքիր է դարձել, թե՞ միշտ էլ մարդիկ սիրել են նյարդերը խուտուտ տվող թեմաներ։
– Լավ հիշում եմ, իննսունականներին շատ պոպուլյար էին սարսափ ֆիլմերը։ Ութ-տասը տարեկան երեխա էի, ու բարձով դեմքս փակելով՝ համ ուզում էի նայել դրանք, համ՝ խուսափում էի։ Բայց քանի որ սյուժետը գրավիչ էր՝ չէի կարողանում կտրվել տեսածիցս։ Այդ ժամանակ նաև տարատեսակ միֆեր կային, որ շրջում էին Հայաստանում։ Ասենք, ինչ-որ մանյակի մասին, որը երեխաներ է ուտում, կամ այստեղ պատմում էին մեծ առնետների մասին, որոնք, իբր, ապրում են Մոսկվայի մետրոյում ու էլի ուտում են մարդկանց։ Նման պատմություններ բոլոր ժամանակներում էլ կան՝ ամեն երկրին ու քաղաքին բնորոշ մոտիվներով։ Ստացվում է՝ թեման միշտ էլ արդիական է՝ թե՛ արվեստում, թե՛ դրանից դուրս։
-Մանկությունից խոսեցիր, վարքդ շատ հետաքրքիր է․ ինչո՞ւ էիր, պայմանական, համ փակում աչքերդ, համ նայում, կարելի է ասել՝ նայում փակ աչքերով։ Հարցնում եմ, որովհետև շատ նման է թրիլեր կամ սարսափ ժանրի գիրք կարդալուն․ վախենում ես, լարվում ես, տեղ-տեղ անգամ տհաճ է, բայց մեկ է, շարունակում ես կարդալ, որ տեսնես՝ վերջն ինչ եղավ։
-Ես մտածել եմ այդ հարցի մասին, ու մի քանի կետ կարող եմ առանձնացնել՝ նման պահելաձևի համար։ Միայն ես ու դու չենք էդպիսին, դա բոլոր մարդկանց է բնորոշ։ Գիտական հոգեբանության մեջ այն անվանում են «Զեյգարնիկի էֆեկտ»․Բլյումա Զեյգարնիկն էր այն առաջին հոգեբաններից մեկը, որ խոսեց այս մասին, հետո երևույթն իր անունով էլ անվանակոչեցին։ Զեյգարնիկի էֆեկտը ցույց է տալիս, որ կիսատ թողած գործողություններն ու կոգնիտիվ պրոցեսները միտում ունեն ավարտին հասնել։ Հասարակ օրինակ բերեմ․ երբ, ասենք, մաթեմատիկայից ինչ-որ խնդիր ես ուզում լուծել, բայց չի ստացվում՝ մտքումդ անընդհատ պտտվում է խնդիրը՝ այնքան, մինչև լուծումը կգտնես։ Անգամ գուցե փորձես քո կոգնիտիվ էներգիան այլ գոծողությունների վրա ծախսել, բայց մեկ է, ինքն ինչ-որ տեղ բաց է մնում ու պարբերաբար հիշեցնում իր մասին։ Գիրքը ևս դառնում է մի «գործողություն», որն ուզում ես ավարտին հասցնել՝ հասկանալու համար, թե սյուժեն ինչպես ավարտվեց, ոնց հանգուցալուծվեցին կերպարների խնդիրները։
-Միայն «վերջը իմանալու» ցանկությո՞ւնն է մեզ ստիպում կարդալ։
-Ոչ միայն։ Մեծ է նաև իմացական պահանջմունքի դերը, որը հմուտ գրողները կարողանում են ճիշտ ներկայացնել ու դրանով գերել ընթերցողին։ Հատկապես սարսափի, թրիլերի կամ դետեկտիվի ժանրում միշտ կա առեղծված բացահայտելու տարրը։ Օրինակ, դա հաճախակի կարելի է նկատել Էդգար Պոյի մոտ, երբ ուզում ես հասկանալ՝ ինչ էր, ով էր, առհասարակ՝ ինչ էր կատարվում իր պատմվածքներում։ Այստեղ միաձուլվում է և՛ վախի զգացումը, և՛ հետաքրքրասիրությունը, և՛ դետեկտիվային որոշ նրբություններ՝ երբ փորձում են բացահայտել գործողությունների շղթան, և՛, իհարկե, տեքստում առկա է Պոյին բնորոշ տրամադրությունը՝ մռայլ, դեպրեսիվ, հնարավորինս սև։ Սրանք մասնագիտական հնարքներ են, որոնք օգնում են ընթերցողն ավելի «մանրամասն» ընկալի տեքստն ու զգա բովանդակությունը։
-Մենք բայց սովոր ենք, որ «նեգատիվ» էմոցիաները վատն են։ Վախը լավ բան չի, սարսափը՝ առավել ևս, այսինքն՝ դժվար թե աշխարհում լինի մեկը, որը երազում է վախկոտ լինել կամ սարսափի մեջ ապրել։ Հաճախ գրքերին «պարտադրում են» ուսուցողական լինել՝ ինչի հետ ինքս բացարձակ համաձայն չեմ, բայց հարցնեմ՝ ուղղակի տեսակետդ լսելու համար։ Եթե համարենք, որ, դիցուք, իսկապես բոլոր գրքերը պիտի կրթեն ու «շուշաթղթեն» մարդուն, սարսափները, թրիլերները ինչո՞վ կարող են օգտակար լինել, ի՞նչ կարող են սովորեցնել։
-Սա արդեն որպես մասնագետ կարող եմ ասել, շատ հաճախ, հատկապես փոքր տարիքում, մենք կարող ենք ֆիլմերի, գրքերի ու արվեստի այլ «բոբո» ձևերի շնորհիվ ընդառաջ գնալ մեր վախերին ու դրանց շնորհիվ լուծել դրանք։ Եթե գրողը նկարագրում է ոչ միայն սարսափելի պատկերը, այլ նաև տարբերակներ է առաջարկում, թե ինչպիսի հնարամտությամբ կամ քայլերով է իր կերպարը դուրս գալիս տվյալ իրավիճակից, սա միանշանակ հրաշալի օրինակ է դառնում ընթերցողի համար, քանի որ ընթերցողը ոչ միայն զգում է վախն ու մոռանում, այլ վերապրում է, որոշ համեմատականներ տանում իր վախերի ու տագնապների հետ, ու գուցե օգտվելով գրողի խորհուրդներից՝ ինքն էլ իրական կյանքում խնդրի լուծում գտնի։
Բնականաբար, նյութի որակից է կախված՝ այն կօգնի ու որոշ չափով հոգեթերապևտիկ ազդեցություն կթողնի՞ ընթերցողի վրա, թե՞ ուղղակի կավելացնի իր վախերից մեկը, գուցե՝ ուղղակի կմոռացվի։ Այս դեպքում, որպես ուղղակի ընթերցող, ոչ որպես հոգեբան, կարող եմ եզրակացնել, որ որպեսզի գիրքը ունենա նաև հոգեթերապևտիկ կողմ, պիտի հիմնված լինի իրական հույզերի՝ վախի ու տագնապի ռեալ գիտելիքների վրա, այսինքն գրողը պետք է տեղյակ լինի՝ ինչպես է դա աշխատում։ Որովհետև շատ ժամանակ մարդիկ ոչ միայն տեղյակ չեն, այլ անգամ չեն տարբերում իրարից վախը, տագնապը կամ խուճապը։ Գրողը պիտի լավ պատկերացնի հոգեբանական դրսևորումները, հոգեսոմատիկան՝ ճիշտ նկարագրելու համար։
-Է՞լ ինչը կարող է «հարստացնել» վախենալու գրքերը։
-Գրքում միանշանակ պիտի լինեն վարքային մոդելներ, որոնք ընթերցողը կարող է նույնականացնել իր հետ ու իրագործել՝ սրա մասին արդեն նշեցի։ Այսինքն, եթե օրինակ խոսում եմ այն մասին, որ Պողոսիկը շատ էր սիրում հեծանիվ ու վախենում էր այն քշելուց, քանի որ փոքր ժամանակ ընկել էր ու հետո զայրացել էին իր վրա՝ այսպիսով ստիպելով կոմպլեքսավորվել, տեքստում պետք է ցույց տալ, թե ինչպես է նա հետո դա հաղթահարում։ Պետք է ցույց տալ այնպես, որ վարքային մոդելը տեսանելի լինի ընթերցողին ու որ մարդ կարողանա կիրառել դա։ Այսպես գիրքը կկարողանա նաև օգտակար լինել՝ բացի ուղղակի հետաքրքիր կամ «բռնող» սյուժե ունենալուց։
-Իսկ դրա համար ի՞նչ է պետք, ամեն գրող կարո՞ղ է նման նրբանկատություն դրսևորել։
-Շատ կարևոր է, թե արդյոք գրողը կարողանում է գտնել բանալին՝ մեր ներսի պահանջմունքները բավարարող դռները բացելու համար։ Կարծում եմ՝ սա է, որ, օրինակ, Սթիվեն Քինգի կամ այլ գրողների մոտ հրաշալի է ստացվում։ Ես ամեն գրողից տարբեր էմոցիաներ եմ ակնկալում։ Օրինակ, Փամուքն ինձ համար գտել է նոստալգիայի էմոցիայի բանալին։ Գտել է էքզիստենցիալ որոշակի հարցերի իմ բանալին։ Իր նկարագրության մեջ ես տեսնում եմ իմ ապրումները՝ նրանք, որոնք ես չէի կարողանում փոխարինել ու դարձնել բառեր, բայց գտնում եմ դրանց նկարագրությունը Փամուքի բառերում։ Կամ, օրինակ, Հյուգոն՝ այնպես է նկարագրում մարդկային դժբախտությունը, որ քեզնից ակամա հուզվում ես ու ներաճում իր ստեղծած կերպարներին։ Սա է կարևոր ու սրանով է, կարծում եմ, «նեգատիվ էմոցիա պարունակող» գիրքը գրավիչ։
-Մի հարց էլ, ու ամփոփենք։ Չգիտես՝ ինչու, երբ մարդ տարված է «վախենալու» սյուժեներով, համարում են, թե ինչ-որ մենթալ խնդիր ունի։ Որպես հոգեբան ի՞նչ կասես, եթե մարդ սիրում է սարսափ ժանրը, նայում է թեմատիկ ֆիլմեր ու գրքեր է կարդում, կամ գուցե տարբեր հրեշների է նկարում ու լսում death metal, սա առի՞թ է մտածելու, որ նա հոգեկան կամ հոգեբանական որոշակի խնդիրներ ունի։
-Սա իրոք տարածված ու սխալ մտածելակերպ է, ու հարցի աբսուրդայինությունը հատկապես երևում է, երբ դերերը փոխում ես։ Նույն ձև ես կարող եմ ասել՝ մենք կարո՞ղ ենք եզրակացնել, որ ռաբիզ երաժշտություն լսող մարդիկ հոգեկան շեղումներ ունեն։ Տարօրինակ հարցադրում է, չէ՞։ Նույնն էլ այս դեպքում է։ Որոշակի տեսակ արվեստ հավանելը մարդու հոգեկան առողջության մասին ոչինչ չի կարող ասել։ Գործնականորեն, միայն մարդու ճաշակի վրա հիմնվելով հնարավոր չէ նրա հոգեկան առողջության մասին կարծիք կազմել։
Հեղինակ՝ Սյունե Սևադա
Աղբյուրը՝ Ինչո՞ւ են մարդիկ «վախենալու» գրքեր կարդում
Ինչո՞ւ են մարդիկ «վախենալու» գրքեր կարդում