Տագնապը մարդու նյարդային համակարգի բնական գործառույթներից է, էվոլյուցիայի ընթացքում ձևավորված պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է հայտնաբերել հնարավոր վտանգը և համապատասխան կերպով արձագանքել դրան։ Սակայն երբ տագնապը դառնում է չափազանց ինտենսիվ, տևական կամ դժվար վերահսկելի, այն կարող է էապես ազդել առօրյա կյանքի, հարաբերությունների, աշխատանքի, որոշումների կայացման և ընդհանուր հոգեբանական բարեկեցության վրա։

Երևանյան իմ գրասենյակում  իրականացնում եմ տագնապի և տագնապային խանգարումների հոգեթերապիա՝ ստւորկտուրավորված և ապացուցահեն մոտեցմամբ, որի առանցքում կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (ԿՎԹ) է։

Աշխատանքի նպատակը միայն ախտանշանների նվազեցումը չէ։ Կարևոր է հասկանալ և աստիճանաբար փոխել այն կոգնիտիվ, վարքային և հուզական մեխանիզմները, որոնք նպաստում են տագնապի դրսևորմանը։

իմանալ ավելին տագնապի ԿՎԹ մասին>>>

Ինչպիսի՞ տագնապային խնդիրների հետ եմ աշխատում

Հոգեթերապիան կարող է օգտակար լինել, երբ առկա են՝

  • ընդհանրացված տագնապ և անհանգստություն,
  • խուճապային գրոհներ և խուճապային խանգարումներ,
  • սոցիալական տագնապայնություն,
  • ագորաֆոբիա,
  • տարաբնույթ վախեր և ֆոբիաներ,
  • առողջության հետ կապված տագնապայնություն,
  • կատաստրոֆիզացիա,
  • վերահսկողությունը կորցնելու վախ,
  • ֆիզիկական զգացողությունների վերահսկման ձգտում,
  • տագնապ առաջացնող իրավիճակներից խուսափում,
  • պաշտպանիչ գործողություններ և շարունակական հավաստիացում փնտրելը,
  • անորոշության նկատմամբ անհանդուրժողականություն,
  • կարևոր որոշումների և կյանքի փոփոխությունների հետ կապված տագնապայնություն։

Աշխատում եմ նաև օբսեսիվ-կոմպուլսիվ ախտանշանների և այլ խնդիրների հետ, որոնց դրսևորման մեջ կարևոր դեր ունեն տագնապը և խուսափողականությունը։։

Ե՞րբ է տագնապը դառնում խնդիր

Հոգեթերապիայի նպատակը պարտադիր չէ, որ լինի տագնապի լիակատար վերացումը։

Տագնապն ինքնին կենսաբանորեն և հոգեբանորեն ադապտիվ արձագանք է։ Խնդիրը հաճախ սկսվում է այն ժամանակ, երբ ուղեղը համեմատաբար անվտանգ իրավիճակները, մտքերը, մարմնական զգացողությունները կամ անորոշությունը սկսում է մեկնաբանել որպես վտանգի ազդակներ։

Այս դեպքում կարող է ձևավորվել ինքնապաշտպանական շղթա․

ենթադրվող վտանգ → տագնապ → խուսափում կամ տագնապը վերահսկելու փորձ → ժամանակավոր թեթևացում → վտանգի հանդեպ սենզիտիվության աճ։

Աստիճանաբար մարդը կարող է իր կյանքի ավելի ու ավելի մեծ մասը կազմակերպել տագնապից խուսափելու շուրջ։

Նա կարող է խուսափել որոշակի վայրերից կամ իրավիճակներից, բազմիցս ստուգել իր ֆիզիկական զգացողությունները, ուրիշներից հավաստիացում փնտրել, հետաձգել որոշումները, անընդհատ վերլուծել հնարավոր բացասական սցենարները կամ որևէ գործողությունից առաջ փորձել հասնել լիակատար վստահության որ ամեն բան կարգին է լինելու։

Այս վարքային մոդելները կարճաժամկետ հեռանկարում կարող են թեթևացնել տագնապը, սակայն երկարաժամկետ առումով նպաստել դրա ամրապնդմանը։

Ինչպե՞ս եմ աշխատում տագնապի հետ

Իմ հոգեթերապևտիկ աշխատանքի հիմքում հիմնականում կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (ԿՎԹ) է։ Աշխատանքը կառուցվում է կոնկրետ մարդու խնդիրն ամրապնդող կոնկրետ հոգեբանական մեխանիզմների շուրջ։

Կախված իրավիճակից՝ հոգեթերապիան կարող է ներառել հետևյալ բաղադրիչները։

Տագնապի մեխանիզմի հասկացում

Առաջին կարևոր քայլերից մեկը հասկանալն է, թե կոնկրետ դեպքում ինչպես է առաջանում և ամրապնդվում տագնապը։

Ուսումնասիրում ենք տագնապը ակտիվացնող իրավիճակները/թրիգեռները, մտքերն ու մեկնաբանությունները, հուզական և սոմատիկ/մարմնական արձագանքները, խուսափողական վարքը և խնդին ամրապնդող ռազմավարությունները։

Աշխատանք տագնապային մտածողության հետ

Տագնապին հաճախ բնորոշ է հնարավոր վտանգի հավանականության կամ հետևանքների գերագնահատումը և սեփական հաղթահարման կարողությունների թերագնահատումը։

Թերապիայի ընթացքում ուսումնասիրում և վերագնահատում ենք այդ կոգնիտիվ օրինաչափությունները՝ զարգացնելով իրավիճակների ավելի ճկուն և իրատեսական ընկալում։

Նպատակը պարզապես «բացասական մտքերը դրականով փոխարինելը» չէ, այլ մտածողությունն ավելի ռացիոնալ և օբյեկտիվ դարձնելը։

Խուսափողական և անվտանգության վարքի փոփոխություն

Խուսափողականությունը հաճախ արագ նվազեցնում է տագնապը, սակայն երկարաժամկետ առումով կարող է այն ավելի կայուն դարձնել։

Այդ պատճառով, երբ դա կլինիկական տեսանկյունից նպատակահարմար է, ԿՎԹ-ն կարող է ներառել աստիճանական վարքային աշխատանք և էքսպոզիցիա՝ այն իրավիճակների, մտքերի, մարմնական զգացողությունների կամ անորոշության նկատմամբ, որոնք սկսվել են ընկալվել որպես վտանգավոր։

Այս աշխատանքը պլանավորվում է այցելուի հետ միասին և չի ենթադրում այցելուին ստիպողաբար առերեսել իր վախերին։

Աշխատանք տագնապի մարմնական դրսևորումների հետ

Տագնապը կարող է ուղեկցվել սրտխփոցով, գլխապտույտով, մկանային լարվածությամբ, շնչառության փոփոխություններով, դողով, ստամոքսաղիքային զգացողություններով, անիրականության զգացումով և այլ ֆիզիկական դրսևորումներով։

Թերապիայի կարևոր բաղադրիչներից կարող է լինել այդ արձագանքների մեխանիզմը հասկանալը և սովորական տագնապային կամ սթրեսային հակազդումների դեկատաստրոֆիզացիան։

Անորոշության նկատմամբ հանդուրժողականության զարգացում

Շատ դեպքերում տագնապը պահպանվում է այն պատճառով, որ մարդը փորձում է լիակատար վստահություն ձեռք բերել այն հարցերում, որոնցում բացարձակ վստահություն ունենալ իրականում հնարավոր չէ։

Հետևաբար հոգեթերապիայի աշխատանքներից մեկը կարող է լինել որոշումներ կայացնելու և գործելու կարողության զարգացումը՝ առանց անվերջ ստուգումների, վերլուծության կամ բոլոր հնարավոր ռիսկերը վերացնելու փորձերի։

Տագնապը, ուղեղը և վարքը

Իմ մասնագիտական և գիտական հիմնական հետաքրքրություններից մեկը տագնապի և տագնապային խանգարումների նեյրոկենսաբանությունն ու հոգեթերապիան է։

Այդ պատճառով, երբ դա օգտակար է թերապիայի համար, հոգեբանական աշխատանքը համադրում եմ վտանգի հայտնաբերման, ուսուցման, խուսափողականության և հուզական կարգավորման նեյրոկենսաբանական մեխանիզմների հասկանալի բացատրության հետ։

Մեխանիզմները հասկանալը հաճախ օգնում է տագնապը դարձնել ավելի հասկանալի և կանխատեսելի։ Սակայն միայն հասկանալը սովորաբար բավարար չէ. կայուն փոփոխության համար անհրաժեշտ է նաև նոր կոգնիտիվ և վարքային փորձառություն։

իմանալ ավելին իմ մոտեցման մասին>>>

Ի՞նչ է տեղի ունենում առաջին հանդիպման ժամանակ

Առաջին հանդիպումը հիմնականում գնահատման և խնդրի նախնական կոնցեպտուալիզացիայի հանդիպում է։

Քննարկում ենք՝

  • ինչն է այցելուին բերել հոգեթերապիայի,
  • երբ և ինչպես է ձևավորվել տագնապը,
  • ինչ իրավիճակներում է այն ուժեղանում,
  • ինչ մտքեր, հույզեր և մարմնական արձագանքներ են առաջանում,
  • ինչից եք խուսափում և ինչպես եք փորձում հաղթահարել տագնապը,
  • ինչպես է խնդիրը ազդում աշխատանքի, հարաբերությունների և առօրյայի վրա,
  • ինչ միջոցներ եք նախկինում փորձել,
  • ինչ ակնկալիքներ ունեք հոգեթերապիայից։

Այս տեղեկատվության հիման վրա ձևավորում ենք խնդրի նախնական պատկերացումը և որոշում, թե արդյոք իմ առաջարկած հոգեթերապևտիկ աշխատանքը համապատասխանում է այցելուի իրավիճակին թե ոչ։

Իմ մասնագիտական մոտեցման մասին

Հոգեբան եմ  և հոգեթերապևտ՝ Հոգեթերապիայի եվրոպական հավաստագրով (ECP)։

Իմ կլինիկական աշխատանքի հիմքում հիմնականում կոգնիտիվ-վարքաբանական թերապիան է՝ ապացուցահեն և ինտեգրատիվ մոտեցումների կիրառմամբ։

Տագնապային խանգարումների հոգեթերապիան և դրանց նեյրոկենսաբանական մեխանիզմները տարիներ շարունակ եղել են իմ կլինիկական, հետազոտական և դասավանդման հիմնական հետաքրքրություններից։

Հեղինակ և համահեղինակ եմ կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ոլորտի գրքերի ու գիտական հրապարակումների, այդ թվում՝ տագնապին և տագնապային խանգարումներին նվիրված աշխատանքների։

իմանալ ավելին իմ մասին>>>

Հանդիպումներ Երևանում և առցանց

Հոգեթերապևտիկ հանդիպումները հասանելի են՝ առկա՝ Երևանում, ինչպես նաև առցանց ձևաչափով։

Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն · անգլերեն · ռուսերեն · լեհերեն

Հոգեթերապևտիկ աշխատանքն իրականացվում է մասնագիտական սահմանների, գաղտնիության և էթիկական պատասխանատվության սկզբունքների պահպանմամբ։

Գրանցվել հանդիպման

Եթե տագնապը, մշտական անհանգստությունը, խուճապային գրոհները, խուսափումը կամ անվերջ մտավերլուծությունը էականորեն ազդում են Ձեր առօրյա կյանքի վրա, կարող եք կապվել ինձ հետ՝ քննարկելու, թե արդյոք հոգեթերապիան կարող է համապատասխան լինել Ձեր իրավիճակին։

Գրանցվել հանդիպման>>>