Հաճախ, նույնիսկ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների (հոգեբան, հոգեբույժ, նյարդաբան) մոտ հայտնվելով, տագնապի թե՛ հոգեկան, և թե ՛ սոմատիկ ախտանշաններով անձինք ստանում են «նևրոզ» շատ ընդհանրական ախտորոշումը։ Ինքն իրենով երևույթը կատաստրոֆիկ չէ, սակայն ցանկալի չէ նվազագույնը երկու պատճառով՝

1. «Նևրոզ» (նաև «հոգենևրոզ») եզրույթը նախկինում մի խումբ նյարդա-հոգեկան խանգարումների հավաքական անվանումն է եղել։ Այսօր «նևրոզ» և «փսիխոզ» եզրույթները հնացած են և չեն կիրառվում կլինիկական հոգեախտորոշման և հոգեկան առողջության ոլորտում ընդհանրապես, քանի որ վերջին տասնամյակներում ոլորտում տեղի ունեցած զարգացումների արդյունքում վերանայվել և մեծապես փոփոխվել են հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման սկզբունքները։

2. «Նևրոզ» եզրույթն ինքնին ընդհանրական է և ներառել է մի քանի տասնյակ իրարից երբեմն շատ տարբերվող հոգեկան և վարքային խանգարումներ (օր՝ տագնապային նևրոզ, դեպրեսիվ նևրոզ)։ Այդ իսկ պատճառով ախտորոշել այցելուի/պացիենտի մոտ «նևրոզ» գրեթե նույնն է, ինչ ասել որ վերջինիս մոտ կան հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ՝ առանց կոնկրետացնելու թե կոնկրետ ինչ խնդիր։ Իսկ հոգեախտորոշման կամ հոգեբանական գնահատման նպատակը հենց այցելուի/պացիենտի մոտ առկա խնդրի կոնկրետացումն է։

Աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց / Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։

«Նևրոզ»՝ ախտորոշել թե չախտորոշել, այս է խնդիրը
Tagged on: