Հոգեբանության մեջ հույզերի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր և երբեմն էլ նույնիսկ հակասական պատկերացումներ, սակայն հույզերի հոգեբանության բոլոր այն տեսաբաններն ովքեր ընդունում են բազային հույզերի գոյությունը, այնուամենայնիվ, վախը համարում են դրանցից մեկը[1]։ Որպես մեր հուզական բնույթի մի մաս, վախը դրսևորվում է որպես հակազդում մեր կյանքին կամ առողջությանը սպառնացող ցանկացած վտանգի։ Այն զգուշացնում է մեզ վտանգի և դրանից պաշտպանվելու անհրաժեշտության մասին[2]։ Փաստացի, կենդանի օրգանիզմների համար, մասնավորապես մարդու համար վախը պաշտպանական, ադապտիվ (հարմարողական) գործառույթ ունի։ Սակայն վերջինս կարող է կրել նաև ոչ ադապտիվ բնույթ, երբ դրսևորվում է այն ժամանակ երբ չկա անհատին սպառնոցող իրական վտանգ կամ էլ երբ այն շատ չնչին է։ Եվ սա էլ հենց ցանկացած տագնապի տեսության ամենակարևոր հարցերից մեկն է՝ ինչպես տարանջատել միմյանցից վախն ու տագնապը, և ինչպես սահմանել թե որտեղ են վերջանում վախի նորմալ դրսևորումները, հակազդումները և սկսվում ոչ նորմալները կամ ախտաբանականները։
Տագնապի սուբյեկտիվ փորձը նկարագրելու համար հայերենում շատ բառեր կան ինչպիսիք են օրինակ՝ «ահ», «երկյուղ», «սարսափ», «զարհուրանք», «երկյուղ», «անհանգստություն»[3]: Սովորաբար արդի հայերենում «վախ» և «տագնապ» հասկացություններն օգտագործվում են որպես միմյանց իմաստային փոխարինող բառեր և հոմանիշներ, սակայն վերջիններիս հստակ սահմանազատումն ու ձևակերպումը ոչ միայն զուտ տեսական այլև գործնական խնդիր է՝ բխող ժամանակակից նեյրոկենսաբանության և կոգնիտիվ գիտության հետազոտական ձեռքբերումներից։
Տագնապային խանգարումներին նվիրված իր աշխատանքներից մեկում Բարլոուն սահմանում է վախը, որպես «պրիմիտիվ ահազանգ ի հակազդում առկա վտանգի, որը բնորոշվում է ուժեղ գրգռվածությամբ և գործողությունների միտվածությամբ»[4]։ Իսկ տագնապն էլ մյուս կողմից սահմանում է որպես «ապագայակենտրոն հույզ, որը բնութագրվում է՝ պոտենցիալ անհանգստություն պատճառող իրադարձությունների անվերահսկվողականության ու անկանխատեսելիության ընկալումներով/զգացողություններով, և պոտենցիալ վտանգավոր իրադարձություն կամ այդ իսկ իրադարձությանը տրված սեփական աֆֆեկտիվ հակազդումների վրա ուշադրության կտրուկ տեղափոխմամբ» [5]։
Բեքը, Էմերին ու Գրինբերգն իրենց հերթին առաջարկում են վախի և տագնապի ինչ-որ չափով տարբերվող դասակարգում։ Նրանք սահմանում են վախը որպես «տրված իրավիճակում առկա կամ պոտենցիալ վտանգի գնահատական» ներառող կոգնիտիվ (իմացական, ճանաչողական) գործընթաց[6]։ Իսկ տագնապը վախով խթանված հուզական հակազդում է։ Հետևաբար վախը «վտանգի գնահատականն է, իսկ տագնապը՝ վախի ակտիվացման արդյունքում առաջացած տհաճ զգացումն է»[7]։ Եվ Բարլոուն, և Բեքը դիտարկում են վախը որպես դիսկրետ (ընդհատուն), հիմքային կառույց մինչդեռ տագնապը որպես ավելի ընդհանրացված սուբյեկտիվ հակազդում։ Մինչդեռ Բեքը շեշտադրում է կատարում վախի կոգնիտիվ բնույթի վրա, Բարլոուն կենտրոնանում է ավելի շատ կառույցի նեյրոկենսաբանական և վարքային առանձնահատկությունների վրա։
Հետևաբար, կարելի է ասել, որ վախը ազդանշանային տարրական ավտոմատ նեյրոֆիզիոլոգիական վիճակ է որը ներառում է անմիջական իրավիճակի վտանգավորության կամ վնասակարության կոգնիտիվ գնահատական, իսկ տագնապը՝ համալիր կոգնիտիվ, աֆեկտիվ (հուզական), ֆիզիոլոգիական և վարքային հակազդման համակարգ է, որն ակտիվանում է այն ժամանակ, երբ սպասվելիք իրադրությունները, իրավիճակները կամ հանգամանքները թվում/գնահատվում են որպես ծայրահեղ անընդունելի կամ անտանելի քանի որ ընկալվում են որպես անկանխատեսելի, անվերահսկելի և/հետևաբար կարող են մեծ վտանգ ներկայացնել անհատի կենսական շահերի, կյանքի և առողջության համար։
Վախը, որպես վտանգի հիմնական ավտոմատ գնահատական, բոլոր տագնապային խանգարումների կարևորագույն և հիմնարար բաղադրիչն է։ Դա բավականին լավ տեսանելի է խուճապային գրոհների և սուր տագնապայնության դեպքերում։ Մյուս կողմից էլ տագնապը կարելի է նկարագրել, որպես վտանգի առավել կայուն վիճակ կամ տագնապային մտահոգվածություն/մտավախություն որն էլ իր հերթին ներառում է իր մեջ վախը լրացնող այլ կոգնիտիվ գործոններ,ինչպիսիք են օրինակ անհեդոնիան, անվերահսկելիությունը, անորոշությունը, անօգնականությունը, անկարողությունը և ցանկալի արդյունքներին հասնելու անկարողությունը[8]։ Եվ ինչպես արդեն խոսվել է ամենասկզբում, թե վախը և թե տագնապը ներառում են ապագայակենտրոնություն, որն էլ արտահայտվում է «բա որ» հարցադրումով («իսկ ի՞նչ եթե․․․», «կարո՞ղ ա․․․»), օրինակ՝ «բա որ հյուրերի ներկայությամբ վատանամ», «իսկ ի՞նչ կլինի եթե հանկարծ սիրտս սկսի արագ աշխատել», «կարո՞ղ ա նստեմ ավտոբուս ու օդը չհերիքի, ուշագնաց լինեմ», և այլն։
Վախի և տագնապի միջև եղած տարբերությունը կարելի է նկարագրել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ մարդու օրինակով (ում պայմանականորեն կանվանենք Աննա), ով աղտոտվելու վախից դրդված կպչուն կերպով, հաճախակի և երկար, ձեռքերն է լվանում։ Աննան գերզգոն է հնարավոր «վտանգավոր» աղտոտող նյութերի և իրերի նկատմամբ, այդ իսկ պատճառով ամեն կերպ խուսափում է վերջիններիցս։ Աննան մշտապես գտնվում է գերգրգռվածության մեջ և ունի սուբյեկտիվ նյարդայնության զգացում՝ աղտոտվելու վերաբերյալ շարունակական մտավախություններ ունենալու պատճառով (օր․՝ «բա՞ որ աղտոտվեմ», «բա՞ որ ինչ-որ բան անցնի՞ ինձ»)։ Հենց այս կոգնիտիվ-վարքային-ֆիզիոլոգիական վիճակն էլ անվանում ենք տագնապ։
Եթե, օրինակ, Աննան դիպչում է կեղտոտ իրի (օրինակ՝ հանրային վայրի դռան բռնակի), ապա միանգամից մոտը վախ է առաջանում, որն էլ ինքնին անխուսափելի վտանգի ընկալումն է (օր․՝ «Ես դիպչեցի այս կեղտոտ բռնակին։ Քաղցկեղով որևէ մեկն ինձնից առաջ նույնպես կարող էր այս բռնակին դիպչած լինել։ Ուրեմն ես կարող եմ քաղցկեղ ձեռք բերել ու մահանալ։»)։ Բռնակին դիպչելու հետ կապված Աննայի այս անհապաղ հակազդումն անվանում ենք «վախ», իսկ դրանով պայմանավորված ու դրան հաջորդող շարունակական բացասական հուզական վիճակը՝ «տագնապ»։
- [1] Öhman, A., & Wiens, S. (2004). The Concept of an Evolved Fear Module and Cognitive Theories of Anxiety. In A. S. R. Manstead, N. Frijda, & A. Fischer (Eds.), Studies in emotion and social interaction. Feelings and emotions: The Amsterdam symposium (p. 58–80). Cambridge University Press.
- [2] Beck, A. T., & Greenberg, R. L. (1988). Cognitive therapy of panic disorder. In R. E. Hales & A. J. Frances (Eds.), Review of psychiatry (Vol. 7, pp. 571–583).
- [3] Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 427; Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976։ ; Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 2009։
- [4] Barlow, D. H. (2002). Anxiety and its disorders: The nature and treatment of anxiety and panic (2nd ed.). Guilford Press.; էջ 104։
- [5] Barlow, D. H. (2002). Anxiety and its disorders: The nature and treatment of anxiety and panic (2nd ed.). Guilford Press.; էջ 104։
- [6] Beck, A., Emery, G., & Greenberg, R. (1985). Anxiety Disorders and Phobias. A Cognitive Perspective․ New York: Basic Books․; էջ 8։
- [7] Beck, A., Emery, G., & Greenberg, R. (1985). Anxiety Disorders and Phobias. A Cognitive Perspective․ New York: Basic Books․; էջ 9։
- [8] Barlow, D. H. (2002). Anxiety and its disorders: The nature and treatment of anxiety and panic (2nd ed.). Guilford Press.; էջ 104։
Նյութի աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց / Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։