Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) «Հիվանդությունների միջազգային դասակարգման» մեջ դասվում է Սթրեսի հետ ասոցացված խանգարումների (Disorders Specifically Associated With Stress) շարքին, իսկ «Հոգեկան խանգարումների դիագնոստիկական և վիճակագրական ուղեցույց»-ում Տրավմա և սթրես[որներ]ով պայմանավորված խանգարումների (Trauma and Stressor-Related Disorders) շարքին։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն (այսուհետ՝ ՀՏՍԽ) առաջանում է, որպես մնացորդային կամ երկարաձգված հակազդում՝ տրավմատիկ, սթրեսային իրադարձությանը կամ իրավիճակին։
ՀՏՍԽ կարող է զարգանալ պատերազմական և ահաբեկչական գործողությունների մասնակից և ականատես, աղետներից տուժած, դժբախտ պատահարների մասնակից կամ ականատես, ֆիզիկական և/կամ սեռական բռնության ենթարկված անձանց մոտ։
ՀՏՍԽ բնորոշ առանձնահատկություններից են տրավմայի շարունակական վերապրումը՝ կպչուն հիշողությունների, մղձավանջների տեսքով, հարազատներից և ազգականներից օտարացվածությունը, անհեդոնիան։
Սովորաբար, ՀՏՍԽ-ով անձը վախենում և խուսափում է այն ամենից, ինչը կարող է հիշեցնել իրեն տրավմատիկ իրադարձության կամ իրավիճակի մասին։ Երբեմն կարող է ունենալ վախի կամ խուճապի գրոհներ և ագրեսիայի պոռթկումներ։
Նշված ախտանշանների հետ մեկտեղ, դրսևորվում են նաև տագնապ և դեպրեսիա, ինքնավնասման և ինքնասպանության մտքեր, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահում։
Հիմնական ախտանշանները
- Կրկնվող, ոչ կամածին և կպչուն սթրեսածին հիշողություններ՝ տրավմատիկ իրադարձությունների մասին, որոնք պատահել են անձի հետ կամ որոնց ականատես է եղել անձը։
- Կրկնվող սթրեսածին երազատեսություններ՝ անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունների մասին։
- Դիսոցիատիվ հակազդումներ (օրինակ՝ հանկարծակի առաջացող մտապատկերներ), որոնց ժամանակ անձն այնպես է իրեն զգում և պահում, կարծես տրավմատիկ իրադարձությունը կրկնվում է։
- Ինտենսիվ կամ երկարատև հոգեբանական դիսթրես՝ տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող կամ մարմնավորող իրերի կամ իրավիճակների հետ առնչվելիս։
- Ակնհայտ ֆիզիոլոգիական հակազդումներ՝ տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող կամ մարմնավորող իրերի կամ իրավիճակների հետ առնչվելիս։
- Կայուն խուսափում՝ տրավմատիկ իրադարձությունների մասին հիշեցնող ազդակներից։
- Ճանաչողական գործառույթների և տրամադրության բացասական փոփոխություններ, որոնք դրսևորվում են՝ տրավմատիկ իրադարձության կարևոր ասպեկտները վերհիշելու անկարողությամբ; սեփական անձի կամ այլոց, աշխարհի վերաբերյալ կայուն և չափազանցված գնահատականների առկայությամբ (օրինակ՝ «ես վատն եմ», «ոչ ոքի չարժէ վստահել», «այս աշխարհը շատ վտանգավոր վայր է»); տրավմատիկ իրադարձության պատճառների և հետևանքների վերաբերյալ կայուն, աղճատված պատկերացումների առկայությամբ; կայուն բացասական հուզական վիճակի առկայությամբ (օրինակ՝ վախ, սարսափ, մեղավորության զգացում, զայրույթ, ամոթ); մարդկանցից օտարացման զգացողություն; դրական հույզեր ապրելու անկարողություն։
- Գրգռվածություն և նյարդայնություն։
- Քնի խանգարումներ։
- Գերզգոնություն։
- Ապակառուցողական վերաբերմունք սեփական անձի նկատմամամբ։
- Կենտրոնացման խնդիրներ։
- Դեպերսոնալիզացիա կամ դերեալիզացիա։
Այս խանգարման դրսևորումները, որպես կանոն, նկատելի են դառնում վերջինիս լատենտ (քողարկված) փուլի ավարտից հետո, որը կարող է տևել միքանի շաբաթից մինչև ամիսներ։ Սովորաբար խանգարումը հաղթահարվում է ամբողջովին, սակայն դեպքերի մի մասը կարող է ընդունել քրոնիկ բնույթ և բերել անձի կայուն բացասական փոփոխությունների։
Հոգեթերապիան
ՀՏՍԽ հոգեթերապիան կարող է իրականացվել կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի հիմնական կոգնիտիվ և վարքային տեխնիկաներով, որոնց միջոցով վեր են հանվում դիսֆունկցիոնալ/խորքային պատկերացումները և վիճարկվում, ինչպես նաև խուսափողականությունների գծով իրականացվում է բացահայտման թերապիա և վարքային գիտափորձ ըստ անհրաժեշտության։ Սակայն առաջնային կամ զուգահեռ նշանակություն ունեն նաև տրավմատիկ փորձի երկարաձգված էքսպոզիցիան կամ բացահայտումը (Prolonged Exposure), կոգնիտիվ մշակումը (Cognitive Processing Therapy) և գրավոր բացահայտման թերապիան (Written Exposure Therapy), և ինքնավստահության և պաշտպանվածության զգացումի ամրապնդումը։
Առավելագույն արդյունքի հնարավոր է հասնել կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի և Աչքերի շարժումներով դեսենսիտիզացիա և վերամշակում մեթոդը (EMDR – Eye Movement Desensitization and Reprocessing) համադրելով։ Սակայն ի տարբերություն կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի, EMDR-ն ինքնուրույն իրականացնել հնարավոր չէ։ Այս նպատակի համար անհրաժեշտ է ընտրել հոգեկան առողջության ոլորտի մասնագետի ով տիրապետում է մեթոդին։
Հոգեթերապիայի թե՛ սկզբնական և թե՛ հաջորդող փուլերում կարող են կիրառվել ռելաքսացիայի, հողակցման և գիտակցվածության զանազան տեխնիկաներ։
***