Հանրության շրջանում տիրող տրամադրությունների, համավարակի օրերին և դրանից հետո ի հայտ եկող հնարավոր հոգեբանական խնդիրների ու դրանց հաղթահարման ձևերի մասին է մեր զրույցը հոգեբան, հոգեթերապևտ ԱՐՄԱՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ:
-Ինչպե՞ս է անդրադառնալու այս համավարակը միզոֆոբիա (աղտոտվելու վախ) ունեցող մարդկանց վրա: Կամ ինքնին կարո՞ղ է պատճառ դառնալ ֆոբիաների, որոնք կպահպանվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո:
-Արդեն իսկ տագնապային խանգարումների նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ նկատվում են տարաբնույթ վախեր, անհանգստություն: Մարդկանց անհանգստացնում են ոչ միայն կորոնավիրուսի հետ կապված առողջական հնարավոր խնդիրները, այլև թե կարանտինի հետևանքով ֆինանսատնտեսական ինչ վիճակներում են հայտնվելու: Կարանտինի հետևանքով տանը մնալով՝ ավելի է ամրապնդվում հարմարավետության գոտու զգացողությունը, և դրանից դուրս գալը հետագայում ավելի դժվար է լինելու: Մյուս կողմից՝ հնարավոր է, որ տագնապային խանգարումներով մարդկանց մոտ այս ժամանակահատվածում տագնապի զգացողության անհետացում լինի. երբ ռեալ են ընկալում վտանգը, տվյալ դեպքում՝ COVID19 համավարակը, տագնապային չհիմնավորված դրսևորումները կարող են երկրորդ պլան մղվել:
-Ի՞նչ պետք է անեն հոգեբանները՝ հանրությանը (անհրաժեշտության դեպքում՝ առանձին մարդկանց) անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
-Երբ հարցնում ենք՝ ի՞նչ պետք է անեն հոգեբանները, երկու դիտակետից պետք է նայենք հարցին: Ի՞նչ պետք է անի հոգեբանը որպես մասնագետ, երբ իրեն դիմում են: Իսկ կազմակերպչական տեսակետից առողջապահական համակարգը պետք է կոնսոլիդացնի հոգեկան առողջության ոլորտը, մասնավորապես՝ հոգեբանների ուժերը և ուղղորդի կոնկրետ կերպով կոնկրետ խնդիրների լուծմանը: Այսօր ու հատկապես հետհամավարակի շրջանում առաջնային անհրաժեշտություն է հոգեբանական ծառայությունների կազմակերպումը: Ինչու եմ ասում` հետվարակի շրջանում, որովհետև հիմա կան ավելի առաջնային խնդիրներ (համենայն դեպս այդպես են ընկալվում)` ֆինանսատնտեսական, ֆիզիկական առողջության պահպանման և այլն: Երբ վտանգն անցնի, մարդկանց պետք կլինի որակյալ հոգեբանական աջակցություն: Մինչ այս պահը դա անում են առանձին մասնագետներ կամ հոգեբանական ծառայություններ իրենց ռեսուրսներով:
-Մարդիկ կարծես բաժանվել են երկու խմբի՝ վարակակիրներ (այդ թվում՝ արդեն բուժվածներ) և հնարավոր վարակակիրներ: Հոգեբանական խնդիրները, ըստ այդմ՝ նաև տրամադրվող հոգեբանական օգնությունը, առանձնանու՞մ են:
-Հայաստանյան հոգեբանների այսօրվա սերունդը նման համավարակով պայմանավորված հոգեբանական խնդիրների հետ չի բախվել, ու դժվարանում եմ միանշանակ պատասխանել հարցին։ Այստեղ խնդիրը ոչ թե հենց ֆիզիկական առողջության կարգավիճակն է, այլ թե ինչպիսին է մարդու մոտեցումը երևույթին, վտանգին: Կան մարդիկ, որ զգոն են, բայց խուճապի չեն մատնվում, ոմանք հերքում են Covid-19-ի վտանգավոր լինելը ու դավադրությունների տեսությունների են հավատում, մարդիկ էլ կան, որ ծայրահեղ խուճապած են, ինչը դրսևորվում է նրանց վարքագծում ու ապագայի մասին կանխատեսումներում: Արդեն իսկ նման այցելուների հոսք կա, որ համոզված են՝ սպասվում են սով, տնտեսական ճգնաժամ և այլն: Դրա մասին (տնտեսական ճգնաժամի) խոսվում է, բայց նրանց ընկալումը մի քիչ ավելի ապոկալիպտիկ է:
-Այս օրերին հումորային գրառումների հեղեղ է սոցցանցերում: Արտակարգ դրությունը հաղթահարելու կերպը ազգային առանձնահատկության հետ կապ ունի՞: Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս ենք մենք՝ հայերս, ելք գտնում դժվար իրավիճակներում:
-Հումորը պաշտպանական մեխանիզմ է, որ բնորոշ է բոլորին, անկախ ազգային պատկանելությունից: Իրականում հումորի առկայությոնը խոսում է այն մասին, որ մարդիկ փորձում են այդ կերպ մեղմել իրենց անհանգստությունը: Նմանատիպպ հարց էլի է հնչել, ես ասել եմ, որ պատասխան չունեմ: Իմ կարծիքով, դժվար թե լինի ազգային տարբերվող գիծ: Միայն կարելի է ասել, որ վերջին տասնամյակներին անցել ենք ամենատարբեր խնդիրների միջով, որոշակի փորձառության արդյունքում կարող են ձևավորված լինել նաև կառուցողական պաշտպանական մեխանիզմներ:
–Այս օրերին անցկացվում են մշակութային տարատեսակ ֆլեշմոբեր, առցանց նախագծեր՝ համերգ, թատրոն, ընթերցանություն և այլն: Ինտելեկտուալ ժամա՞նցն է կարևորվում այս իրավիճակում, թե՞ արվեստի ուժը:
-Ես ավելի պարզ եմ տեսնում այդ ամենի բացատրությունը: Երբ մեզ համար սովորական դարձած պահանջմունքների բավարարման եղանակները չկան, մենք փորձում ենք այլընտրանքային ձևեր գտնել: Մարդիկ հոգևոր պահանջմունքներ ունեն՝ թատրոն գնալ, երաժշտություն լսել: Նույնը կարող ենք ասել այդ ամենը իրականացնողների մասին: Երաժիշտը, որ չունի հնարավորություն համերգ կազմակերպելու համապատասխան վայրերում, իրականացնում է դա առցանց: Եվ սա վերաբերում է ոչ միայն մշակույթի, այլև տարբեր ոլորտների մասնագետներին:
-Որպես հոգեբան՝ ի՞նչ դրական միտում եք նկատում այս իրավիճակում:
-Դրական է այն, որ մարդիկ հնարավորություն ունեն վերաիմաստավորելու իրենց կյանքը, վերագնահատելու հնարավորությունները, փոքրիկ ուրախությունները՝ սրճարանում նստելը, ընկերներին հանդիպելը և այլն…
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
© Irates.am
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբանական ծառայությունների կազմակերպումը՝ համավարակի ու հետհամավարակի շրջանում
“Հոգեբանական ծառայությունների կազմակերպումը՝ համավարակի ու հետհամավարակի շրջանում”․ Irates.am
